Հայաստանի նկարիչների միությունն ունի իր պարբերականը՝ «Արվեստանոց»։ Անդրանիկ համարն արդեն լույս է տեսել։ Հրատարակվելու է տարին չորս անգամ՝ գարնանը, ամռանը, աշնանը, ձմռանը։ Այս մասին Ardi.am-ին ասաց Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։ «Արվեստանոցը» ամփոփում է միությունում տեղի ունեցած ցուցահանդեսները և պատմում հայ ժամանակակից նկարիչների մասին։ Ընթերցողը կծանոթանա նաև նկարիչների միության անցուդարձին, կտեղեկանա ոլորտի միջազգային նորություններին, իսկ «Արվեստանոց» կոչվող բաժինը ենթադրում է այցելություններ նկարիչների, քանդակագործների արվեստանոցներ և նրանց արվեստի լուսաբանում։ Ամսագիրը տարածվելու է անվճար, ցանկացողները կարող են ձեռք բերել նկարիչների միությունից և մշակութային մի շարք հաստատություններից։
Ardi.am-ի հարցին՝ ի՞նչ փոփոխություններ են սպասվում նկարիչների միությունում պատերազմից հետո, մեր զրուցակիցն ասաց, որ փորձում են ջանք ու եռանդ չխնայել՝ միության մշակութային կյանքն ակտիվ պահելու համար։ Կազմակերպում են տարատեսակ ցուցահանդեսներ, հասարակությանը մատուցում բարձրարժեք արվեստ։
Վերջին շրջանի ծանրագույն իրադարձություններն իրենց արտացոլումն են գտնում նաև արվեստի գործերում, սակայն, միության նախագահի խոսքով, դրանք ոչ թե հուսահատություն են արտահայտում, այլ դեպի ապագա ուղղված արվեստի հայացքը։ «Մշակույթը կարևոր դեր է կատարում, մշակութային գործիչները պարտավոր են ակտիվ լինել, բազում ծրագրեր իրականացնել, որպեսզի մշակույթի, արվեստի շնորհիվ կարողանանք հաղթահարել մեզ շրջապատող դժվարությունները»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Հետաքրքրվեցինք՝ կա՞ն արդյոք ծրագրեր, որոնցում ընդգրկված են Արցախի ու ՀՀ մարզերի, հատկապես սահմանամերձ շրջանների արվեստագետները։
«Իհարկե կան, պարզապես համավարակը թույլ չի տալիս մեծամասշտաբ ծրագրեր իրականացնել։ Փորձելու ենք ամեն բան անել, որ դրանք կյանքի կոչվեն, Արցախի, ՀՀ մարզերի մշակույթի գործիչները ևս ներգրավվելու են այդ նախագծերում»,- ասաց Սուրեն Սաֆարյանը։
Ardi.am
Գլխավոր լուսանկարը՝ նկարիչների միության ֆեյսբուքյան էջից
No Comments