ardi.am Թանգարան

Փարաջանովյան տարին ու վերականգնված այցելությունները

03.01.2022

Սերգեյ Փարաջանովի թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մարիաննա Մանուչարյանի հետ զրուցել ենք անցյալ տարվա թանգարանային անցուդարձից և առաջիկա ծրագրերից։


70 տոկոսով վերականգնվել է այցելությունը


2021 թվականին այցելությունը թանգարան բավական հուսադրող էր։ Ունեցել ենք  ավելի քան 14000 այցելու։ 2020 թվականին, համավարակով և պատերազմով պայմանավորված,  այցելուներ գրեթե չունեինք։ Հույս էլ չունեինք, որ թեկուզ տասը տոկոսով կվերականգնվի հասարակություն-թանգարան կապը։ Համեմատության համար ասեմ, որ 2019 թվականին  թանգարան է այցելել 25 հազար մարդ։ Կարելի է ասել՝  70 տոկոսով վերականգնվել է այցելությունը։ Առհասարակ,  2019-ը ամենաակտիվ տարին է եղել, զբոսաշրջային ընկերությունները նույնպես փաստում են, որ, համեմատած այլ տարիների հետ, զբոսաշրջային հոսքը երկիր շատ մեծ է եղել։ Դրանով  է նաև պայմանավորված, որ 2019-ը և՛ ֆինանսական, և՛ մարդկային հոսքի առումով թանգարանի ակտիվ տարիներից մեկն էր, եթե ոչ՝ ամենաակտիվը։

Անվտանգության խնդիրը

2020-ին ամեն ինչ գլխիվայր շրջվեց։

Կորոնավիրուսից մահացավ  թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանը։
Պատերազմը թանգարաններին ստիպեց վերանայել անվտանգության խնդիրը,  ունենալ համապատասխան տուփեր, էվակուացիոն անվտանգ տարածքներ։ Գիտակցեցինք, որ ցուցանմուշները ինչպես հարկն է պաշտպանված չեն։ Վերազինվելու մեծ անհրաժեշտություն կա՝ վտանգի դեպքում առաջին անհրաժեշտության առարկաները  թանգարանից դուրս բերելու համար։ Սա 2022 թվականի մեր առաջնային խնդիրներից է։

Փարաջանովի սենյակն ու չցուցադրված նմուշները 

2021 թվականը հոբելյանական էր։ Թանգարանը բացվել է 1991-ի հուլիսի 27-ին։ Թանգարանի 30-ամյակի առթիվ պարոն Սարգսյանը շատ ծրագրեր ուներ, ցավոք, անավարտ մնացին։ Մի մասը փորձեցինք իրականացնել, մյուս մասն էլ, հուսանք, կիրականացնենք։ Առանձնացնեմ մի քանիսը։ Հոբելյանական տարվա առիթով Հանրային հեռուստատեսության հետ համատեղ նկարահանեցինք «Խոստովանություն» ֆիլմը։ Հրատարակեցինք Զավեն Սարգսյանի կազմած հուշերի գիրքը Փարաջանովի մասին։ 

«Երևան» հյուրանոցում բացվեց Փարաջանովի սենյակը, ներկայացվեցին երբևէ չցուցադրված թանգարանային երեսուն ցուցանմուշներ։ Քանի որ 2020-ին ացելուներ գրեթե չունեինք, կարողացանք ժամանակ հատկացնել  թանգարանային ֆոնդի գիտական ուսումնասիրությանը։ Սա, կարելի է ասել, համավարակի դրական կողմն էր։ 

«Փարաջանովը տանը»


2022-ի առաջին ամիսներին նախատեսում ենք Փարաջանովի ձևավորումով գիրք հրատարակել։ Այն մանկական գրքի վերածելու գաղափարը ծնվեց  2020-ի պրպտումների արդյունքում։ Փարաջանովն այն ձևավորել է մի աղջնակի համար, որոնց տանը  ուսանողական տարիներին վարձով է ապրել:
Հունվարի 9-ին թանգարանի վերջին սրահում, որը պայմանականորեն անվանում ենք «բանտի սրահ»,  ինստալյացիա կարվի, ինչի արդյունքում, այսպես ասած՝ «կկենդանանա» Փարաջանովը։ Ծրագիրը կոչվում է «Փարաջանովը տանը»։ Այն կիրականացվի Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակից Դավիթ Բարոնյանի նախագծի հիման վրա,  «Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Ժամանակին այդ ծրագրի համար երաշխավորագիր է տվել պարոն Սարգսյանը։ 

Տպագրելու ենք Սայաթ-Նովա կատալոգը, որտեղ տեղ են գտնելու ֆիլմի կադրերն ու դրանց բացատրությունները։ Կադրերն ընտրել էր Զավեն Սարգսյանը, տեքստային մասը հանձն է առել  ազգագրագետ Լևոն Աբրահամյանը։ Ի դեպ, Լևոն Աբրահամյանը նաև «Նռան գույնի» դերակատարներից է։

Ardi.am


No Comments

Leave a Reply