Անի Անտոնյան Թանգարան

Նախնիների ստվերները շունչ են առնում

09.01.2022

Հունվարի 9-ին կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը դարձավ 98 տարեկան։ Անհնար է բառերով նկարագրել այն սերը, որով նա զգում էր կյանքը, մարդկանց։ «Հմայիչ, բայց անտանելի»՝ այսպես էր նրան բնութագրում կինը՝ Սվետլանա Շչերբատյուկը։ 

Փարաջանովի տաղանդն ու բազմաշերտությունն անհերքելի են։ Պոետիկ ֆիլմերը, կոլաժները, ասամբլյաժները, խճանկարները, ինստալյացիաները և այլ գեղարվեստական «հնարքները» ստեղծում են զուգահեռ իրականություն՝ միաժամանակ մոտ և հեռավոր։ 

Սերգեյ Փարաջանովի թանգարան առաջին անգամ ոտք դնողը կերպափոխվում է հոգեպես․ նախնիների ստվերները շունչ են առնում, խենթերը շուրջդ պար են գալիս, նռան հյութը ծորում է շուրթերովդ, իսկ դու սանրում ես անդեմ ու դիմավոր տիկնիկներին,  հմայվում փետրավոր գլխարկներով, լողում քարե ու ապակե ձկների հետ, մանկանում։ «Ինձ համար անընդունելի է մանկությունից հեռանալը։ Առհասարակ՝ ցանկացած բանից փախուստն ու օտարացումը»,- ասում էր մեծ արվեստագետը։ 

Նրա 98-րդ հոբելյանին թանգարանի վերջին սրահում, որը պայմանականորեն անվանում են «բանտի սրահ», առաջին անգամ ներկայացվեց 8 մասից բաղկացած վիդեոինստալյացիա՝ ռեժիսորի բանտային առօրյայի, ապրումների ու աշխատանքների մասին։ Ծրագիրը կոչվում է «Փարաջանովը տանը»։ Հեղինակներն Ամստերդամում բնակվող Դավիթ Բարոնյանն ու Աշեր Քիրիդելն են։ 

«Փարաջանովը մի խոսք ուներ՝ նույնիսկ եթե իրեն ֆիզիկապես արգելեն ֆիլմեր նկարել, միևնույն է՝ հոգին կողպել չեն կարող։ Նա մեզ համար ոգեշնչում է․ մարտահրավեր էր  նրա ոճը պահպանելը, քանի որ մեր մոտեցումները տարբեր են։ Փարաջանովի ամեն դրվագը, ամեն կոլաժն ինքնին խտացված պատմություն է․ մենք փորձել ենք խառնել զգացողությունները նրա ապրածին՝ ցույց տալով անազատության մեջ գտնվող արվեստի մարդու հոգեվիճակը»,- նշում է ռեժիսոր Դավիթ Բարոնյանը։

Ինստալյացիայի համար հաշվի են առնվել սենյակի գոգավորությունները, ճարտարապետական առանձնահատկությունները։ Արդյունքում պատկերները տեղավորվում են իրենց հատուկ անկյուններում։ 

Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը հավելում է՝ թանգարանային ոլորտը նորագույն տեխնոլոգիաների ներդրումից անմասն չի մնում։ Թանգարանները պիտի կարողանան ներկայացնել 21-րդ դարի քաղաքացու հետաքրքրություններին համահունչ արտադրանք։ Սակայն այստեղ այլ խնդիրներ են առաջ գալիս․ օրինակ՝ կրթական, մշակութային և ժամանցային միջոցառումների կազմակերպման համար Փարաջանովի թանգարանի տարածքը չի բավարարում։ Այս ինստալյացիան կյանքի  է կոչվել սրահի ցուցանմուշները տեղափոխելու հաշվին։ Ֆոնդում կան առարկաներ, որոնք չեն ցուցադրվում։ Տնօրենի խոսքով՝ ավելի ընդարձակ տարածքը թանգարանին նոր շունչ կտա, կիրագործվեն շատ ծրագրեր։ 

Անի Անտոնյան
Լուսանկարներն ու տեսանյութը՝ հեղինակի

No Comments

Leave a Reply