(Վիպակ)
Սկիզբը՝ այստեղ
Ծնկաչափ շողք
Ճանապարհը փախչում է լուսամուտից՝ մնացիր անհայտության մեջ, անարև օտարությունը քեզ վերցրեց իր խորթ տարածության խտիտը: Պոկվեցիր ուրախալի թվացող կյանքից, տեսա՞ր: Մորդ միապաղաղ կշտամբանքներն էլ էին քեզ համար երջանկություն: Իրիկունը՝ հարբած, ուրիշ մարդ դարձած գալիս է տուն, նախաշեմի կարպետին՝ կոշիկներն առանց ձեռ տալ թափահարում՝ դեն նետում, դուռը բացում՝ ներս մտնում: «Ի՞նչ գործ ունեի: Ես ո՜ւր…»: Նոր գործած սվիտերն է հագել առավոտ, դե՛ն կացեք: Անտրամադիր է, բայց գիշերն իր հետ տարավ քանի օրվա ջղայնությունը: Կայտառ ու տխուր մարդ է լույսը բացվելու հետ: Տխուր, նկատի ունես՝ դեռ քնաթաթախ: Վառարանի մոտ, մի էս՝ մեկնված, քնկոտ կատվի աչքերի՛ն նայիր: Վահագը կարեկցանք տեսավ վարպետ շողոքորթի աչքերում: Մուռլիկը գիշերը զառանցում էր ու ցնցվում, ամա՜ն: Ա՛խ, դո՛ւ, երևակայության աճպարա՛ր, հերի՛ք է քեզ: Բայց Մուռլիկը, իսկապես, զառանցում էր ու դողում, ի՞նչ է պատահել աստծո սիրեցյալին: Կրակը բռնկել ճտճտում է, թեյնիկն էլ հաճելի մզմզում դամ է պահում սենայկում: Առավոտի երանությունը բաց ես թողնում, դժբախտաբար, հարկավոր չէ մտածել: Նա շուտով լեռան թիկունքից աշխարհի երես եկող լույսն ու իր խաղաղ օրը կթողնի ու կհեռանա: Սիրելու համը՝ ֆեյսբուքում ու սրճարաններում են հանել: Ե՛կ էս երկիրը, մաստեր-կլաս ստացի՛ր ու գնա՛:
Մայրն ուշ է պառկել, բուրդը լվացել, ցանցի վրա հոնի ճիպոտով թակել է, գզել-մանել, մի շաբաթ իրենց դարպասի ամեհի որձաքարի վրա նստած՝ հարևանուհու հետ իլիկ է տվել, հետն էլ՝ ով իրենց առաջով անցել է՝ քննարկել են: Սվիտերը պատրաստ է՝ հաստ, բկավոր, իսկական Հեմինգուեյի շոր՝ հանդի համուհոտ մեջը: Ճաղից նոր իջած մորդ նվեր շորն ա՛ռ հագիր, շո՛ւտ արա, ավտոբուսը եկավ-գնաց, անհամբեր ու ժլատ շանորդի է Կըզի Մուրադը, պիտի հասցնի էս ցեխուցուրտ օրը դեռ Սեյդիշեն-Ղշլաղ էլ բոլորին վերցնի: Հլը մի տես կանգնած տեղ է լինելու՝ քեզ տանի քաղաք: Չի սիրել Վահագն էդ քաղաքը երեխա ժամանակից, ամեն անգամ մեկնելու հետ մռայլվել է: Լենանցն է իրենը՝ սեպտեմբերի հոնենին ծամքած, Պտկահոլն է՝ նոյեմբերի մամխոտը պրպրված, Թախտասարն է՝ Մանվելը զանգի, թե «արի՛, ուրբաթ իրիկուն, մի ղուրուլթու եմ տեսել Քաշքածակ, դուրս գանք, ռե՛յդ անենք»:
Թվային դարդ թող սպասի:
Առանց հանգամանքների չես ապրի, բանտն էլ է մարդու համար: Քո ձևով մի հուո՛ւ արա, բռունցքներդ ցավելու չափ հուպ տուր ու առաջ գնա, հակառակ դեպքում՝ քեզ ողջ-ողջ կուլ են տալու: Ամենահեշտ կռիվը ավտոմատով կռիվն է: Խաղաղ ժամանակ ենք տանուլ տալիս, դատարկ բռունցքով՝ եթե փորձես պատվիդ տեր կանգնել, կասեն՝ հանցագործ ես, պիտի նստես: Երկիրն իրենցն է, կռիվը՝ մերը: «Բայց էս իմ խոսելն ա, ես հարմարվողը չեմ, գնալու եմ մտնեմ Սռնատոն ու դուրս չեմ գալու, ոչ մեկը ոչ իմ ետևից գալու է, ոչ էլ մտքովն անցնի, թե խեղճ արարածը քարե դարի շվաքում փակվել ա: Հը՛մ, չե՞ք հավատում, չէ՞: Մայրս ա ինձ խեղճացնում…»…
Ավտոկայան նա իջավ, աչքից չքացել է ամեն ինչ: Մայթը քեզ տանում է ուղիղ բանտի դարպասը, կոճակը շուտ սեղմիր՝ բացեն, որ հանկարծ ռաստ չգա ծանոթ մեկդ՝ ամոթ ավելացնես: Քաղաքը լիքն է ճանաչ երեսով: Ամո՞թ, մեկ՝ բանտը տղամարդու համար է, մեկ էլ թե՝ առաջդ ծանոթ դուրս գա՝ շուռ գաս, իբր չես նկատել իրեն: Լավ չէ՞ միանգամից ասֆալտը ծակես մտնես: Զայրանալի քամելեոնությամբ Ժամանակը փոխվում է: Երկու-երեք տարի առաջ կամավորագրվելուն հատուկենտ մեկը դուրս գար մարդամեջ, տապուռ կացած բոլորը, հիմա՝ սրանք, տանն անպայման փակվելու խրատը, չգիտես ինչու, հլու-հնազանդ ընդունող զինապարտները՝ դռնապանի էլ կհամաձայնեն, տնտեսական աշխատակից՝ անպայման, մենակ ճակատ չգնան: Միջիդ մտածմունքներն են, ե՞րբ ես դու բարձր խոսել էդ հարցերի մասին: Նախ, չէիր խոսի, հետո էլ մի՛ փորձիր խոսել՝ հում-հում կուլ տան քեզ:
Արդար օրենքը ընդհանուրի ուժը հաստատուն է սարքում: Օրենքը թղթի վրա է, սատանան գիտի, ով-ինչու է ընդունում, կարգն էսպես է՝ ծանոթ, հեռու բարեկամի, էսինչի զանգով ամեն ինչ իր տեղը դիր: Կաթ-կաթ ջուրը ծով է դառնում, կաթ-կաթ ջղայնությունը ռումբ է դառնում, դուք խելագա՞ր եք, թե՞ սնանկ ու խելքից գրիպ:
Ամառ էր, եկել էր քաղաք՝ տեղեկանքի, էս մայթի հանդիպակաց կողմին բանտի երկրորդ հարկի մեծ լուսամուտներն են բացվում, հաշվապահ Օնիկի աղջկան տեսավ՝ աչքերը շեղ ներկած, Չինգիզխանի սիրուհին է Առանից եկել, ու՝ հեզ, մազերը պսպղուն, պիրկ ու հավաք, փորձեց հետը զրուցել, բարևել գոնե, գրո՛ղը տանի, բռնի ու դեպի իրեն չնայի: Մեկ-մեկ շշմում ես աղջիկ ասածի մարմնից, մի պատիժ էլ սա է աստված տվել, կողքից նայիր աստծո կին արարչությանը ու շաղինքդ կուլ տուր զմայլանքից: Սուտի էլ չնայեց մի կեսաչքով, տատիս ասած՝ ծակծկոտվե՛ս դու, զարգացել է հաշվապահի «միսս Քարահունջը», Վահագ կասեն, իբր ինքն էլ նրան չի նկատել, շուռ գա, կուզիկ-մուզիկ մի ալևոր էր անցնում Ազատամարտիկներով՝ թևը մտնի թոռնաբար, օգնի՝ կարտոֆիլի սայլակը քարշ տա փողոցի էն մի ափ: Նրա սիրտը տապտապում էր, տաք-տաք քամին երեսովն էր տալիս իր մազափունջը, ու դեմի կոոպերատիվ համալսարանի երրորդ հարկից մի աղջիկ, գրչի կոթունը բերանը՝ իր ճակատին է նայում: Գայանի համալսարանն է, ինքը մենակ նրան գիտի, իրեն՝ երևի շատ-շատերը, «я так думаю»: Հետաքրքիր է լինում, երբ դու չես ճանաչում, բայց քեզ գիտեն, բարեհամբույր են քո մասին խոսում՝ իբր մոտիկից են հետդ ծանոթ: Հինգ-վեց աղջիկ աչք ունեին նրա վրա, մի կարգին չգիտեր ոչ մեկին, քաղաքում՝ երկու ամիսը մի անգամ լինի, կամ չլինի: Դժվար ինքդ քո մասին կարծիք կազմես: Եթե դու քեզ ճանաչելու մասին խորանաս մտքերիդ մեջ՝ ողջամտությունդ կկորչի: Սովորական տղա, երեսունն արդեն անց, մենակ մոր հետ տանը, մի կատու ունեն, մի ձի, քսանի մոտ հավ, մի ջանավար որձակ, երեք սագ ու ամենակարևորը — նրան է էդպես թվում — հարգանք ու պատիվ: Ոմանք ասում են՝ Գաբրիելյանը չարաշահում է Վահագին: Ինքը համաձայն չէ: Հարյուր անգամ օգնել է նրան: Կինը… կինը մի ոսկե անձնավորություն. խոտը բերելուց ասել է. «Վահա՛գ, էս սեղանը, մորթած հավը, հոնի արաղը՝ հաշիվ չեն, էս շապիկը քեզ նվեր եմ անում, թող Մարջանը չասի՝ երեխայիս ձրի բանեցնում են»:
-Տիկին Մարջան, վերջին նախադասությամբ քաքմեջ արեցիր ոտանավորդ, ափսո՛ս,-կատակել է նա:
-Մաքուր սրտով եմ քեզ տալիս, ադյա, որպես իմ տղա Վլադիկ, ութ տարի է Ստավրոպրոպոլ, դու ամեն աստծո հարայի ձեռ ես հասցնում մեզ, հալալ լինի քո կերած կաթը:
Իսկ շահի համա՞ր ենք իրար հետ նստում-վեր կենում, օգուտ պիտի լինի՞ անպայման, որ գա ձեր դուռը: Ո՛չ: Աշխարհի հերը մի՛ անիծեք: Ամեն ինչ հացով չի, մի ամբողջ իրիկուն չարչարվում է, ձեռքերը ուսերից պոկվում են, բայց սիրտը հովանում է, որ ձեզ մի բանով օգնել է, նեանդերթալցի են ասել՝ իզու՞ր:
Ծանոթ մի ձայն Վահագ կանչեց: Նա էս ու էն կողմ նայեց, իսկույն գլխի ընկավ, որ ճաղերի ետևից փողոցի կողմն են նայել՝ իրեն ճանաչել, ով է, ով չէ, երևի ծանոթ է:
-Վահագ, ես եմ՝ Նորիկը, ախպեր, էդ ո՞ւր, վայ թե շեն ես գնալու:
-Հա,- պատասխանեց Վահագը չիմանալով՝ ում:
-Մերոնք ո՞նց են, հո չե՞ս տեսել նոր:
-Չե՞ն գալիս տեսակցության:
-Մի շաբաթ առաջ էր քույրս եկել:
-Ի՞նչ կա փոխանցելու:
-Ոչ մի բան, թող գիրք ուղարկեն:
-Ի՞նչ, ի՞նչ…
«Տո՛ւնդ շինվի, պարապ է, դեռ չեն դատել, գիրք պիտի կարդա մարդու տղան»:
-Հիշու՞մ ես, մի անգամ «Կնքահայրը» հինգ օրով ինձ տվեցիր:
-Իմը չէր, դրա համար հինգ օրով էի տվել, Դավիթինն էր Մուսայելյան:
-Երկրորդ հատորը…
-Չէ, խոստանալ չեմ կարող, բայց ձերոնց կասեմ:
-Իմացա՞ր ով եմ:
-Չէ՛, չիմացա, ցեղդ վերանա շաշ…
Մարդ հոգեպես պատրաստ է գող դառնալ, գողանալը ջիղի մեջ է: Տխրե՞ս, թե՞ ծիծաղես: Տրամադրությունը անորոշ էր տուն եկել, մի կաթ բան չխմեց էդ օրը, անձրև, թուխպ ու թաց օրվա մեկուսի լինելու տրամադրություն: Պառկել են, ինքն իր տեղը՝ շուշաբանդից դեպի հոլիվուդյան կինոյի խաղաղ երեկո բացվող հորիզոնը, մայրը՝ ներսի սենյակում: Առավոտ Վիտիսանց Մուխանը անասուն պիտի քշի տան դեմով՝ մարդու զահլա տանի, քնահարամ անի: Շուտ են պառկել, իբր ծագի հետ ոտի վրա են լինելու՝ դուրս գան քարվան կտրելու:
-Շան տղու շենում լրիվ գող են,- վերմակի մեջ կոլոլվեց ու մտմտաց Վահագը:
-Ջագա Մանվելը՝ հատկապես…
-Մամա, շուլուղ չեմ անում, Ջագան գոնե ամեն անգամ դմբոյի նման բռնվել՝ գնացել ա նստել: Փորսուղների մասին ա խոսքս, արյուն խմող փորսուղների:
-Դու ձեռքը շուռ մարդու նկատի ունես, հասկացա:
-Վոտ իմեննը, ասում եմ, մեկը չկա՝ ուրիշի ունեցվածքին աչք չդնի՝ ճանկը գցի:
-Դու էգուց բոստան չունե՞ս քոլքից մաքրելու, քնի, ի՞նչ գործ ունես գող-ավազակի հետ:
-Արի՛ էն վերին թաղից գանք. Ալյոշը՝ գող, քանի՞ անգամ ա ուրիշի ձիու համար ղալամաղալի մեջ ընկել: Դո՛ւ ասա:
-Վայ, աստվա՜ծ, ադյա, ջանավարներին թողած՝ էն խեղճ կաղլիկից ես բռնել: Լավ, սո՛ւս, քնի՛: Հիասթափեցրիր դաստի ինձ, դետեկտիվ Հաբեթնակի որդի՛, քնի՛, վաղը հերոսական աշխատանք ունես անելու:
-Ալոշն անցի դեպի Անդրի, ասե՞մ, թե՞…
-Հա, էդ հեչ, կինը խանութ չի թողել, որտեղ գործի ա մտել՝ դատախազով են հանել՝ պակասացում, պակասացում: Անդրին հանցակից ա, մարդն ա, չէ՞, վերջապես:
-Կարմենը… ա՛յ, բան չասես, իր քրտինքին, առաջ թուրքերն ա գնացել, հիմա Վանքից բռնած Հադրութ՝ մի տուն կա՞, որ ինքը չի տանիք կանգնեցրել:
-Ը՛մ, տունդ շինվի, հերու օգոստոսին ո՞ւմ են Պլպլանին սեփական խամբար թալանելիս հոպ-ստոպ արել:
-Աստված Քրիստո՜ս: Իսկապե՞ս: Չեմ լսել…
-Գրիգորյան Արմենից խոսե՞մ, թե՞…
-Էդ թաղվածից պիտի սկսեիր, մի խուրջին խամբար տուն բերողն ու մեժդունարոդնի մաֆիոզին իրար կողքի ես դրել, խի՛ղճ ունեցի… դուր չեկան քո մասնագիտական մոտեցումները, ազնիվ խոսք:
-Լա՛վ, արի փորձի համար էս թաղեցոց հանգիստ թողնենք, Դոլերից սկսենք: Ուրեմն, Սարոյի դաստան՝ գո՛ղ, Հայադի էմիգրանտները… որից բռնես՝ ղուլդուր, Մնացականանք՝ թալանչի…
-Մի րոպե, մատաղ լինեմ քեզ, Վահա՛գ:
-Չէ՛, գիտեմ՝ ինչ ես ասելու, չեմ ուզում:
-Հը՞…
-Ես ուրիշի ապրանք վերցրած չկամ: Որպեսզի մենակ չլինեմ, արի ձորից էն կողմ Աղբալանց խալխին էլ հալալ ծծկերների ցուցակում գրենք:
-Լա՛վ, լա՛վ, հենց ապրես, քնի, քանի գաղափարական սուր տարաձայնությունները մեզ չեն կռվցրել էս օթի գիշերը, քնի՛, ի սեր աստծո…
-Տնազում ես, էլի, աբուռ ունեցի, մեծ կնիկ ես…
«Աշխարհի վերջը ոսկորը քերող կնոջ կշտամբանքից է վրա հասնելու»
Մեքենան տանում է ձեր տանից քեզ: Սուրալու հետ քամին տալիս է երեսիդ՝ սիրտ մթնեցնում: ինձ ե՛տ տար մեր բակ, շո՛ւտ արա, ա՛յ մաշին, ա՛յ գառնաքարեցի Սումբիկի բեռնատար ճախարակ: Քեզ հետ մի վերադառնալու հույս է մնում: Տարածությունը քո սիրածից որպես կտրիճ է որոշել քեզ տանելու հեռուները: Վերադառնալու կանխավայելումը սքանչություն է Վահագի համար: Գայանն ամեն րոպե մտքերի մեջ, կարոտը հաց ու ջուր է: Ե՞րբ էր, որ բարձրացավ Կարապետի խամհատ, իր խրտնիկ, լիրբ մատակին գտավ, մի ուզեց, թե ճապկե ճիպոտով ոսկորները կոտրատի, հետո թքեց ու ետ կանգնեց մտքից, սիգարետ վառեց ու նստեց տամուկ խաշամի վրա: Կարգին, տնական անասուն է կարծել, « թո՛ւ, թքեմ երեսիդ, մի որձն ինչ ա, որ ետևից հասել ես Չլդրանա ծմակը, դե անձրևի տակ մեղավոր աչքերդ կախի՛ ու սատկի՛, անամոթ շո՛ւն ես դու, Քուռկիկ Ջալալի: Ե՞ս եմ դրել էդ անունը քեզ, ղալաթ եմ արել, բա դու արժա՞ն ես էդ անվանը, հը՞, հիմա մահակը ձեռս առնե՜մ, կողերդ կակղեցնե՞մ, որ հասկանաս, այ քեզ ձի ասողի մամա՛ն …»: Ուզեց մահակը վրա բերի, բայց մի կողմ նետեց ու գրկեց ձիու թաց վիզը: Նա սրտոտեց, որ գտել է Քուռկիկին: Երկիրը ոտքի տակ է տվել, եկել էս ճահճոտ խամհատի ստերջ սզնոտի մեջ գտել: Մատակից կարոտ ես ուզել, միամի՛տ Վահագ, իսկի եղբայրը չէ եղբորը կարոտում: Մարդիկ նույնն են: Մարդուց մարդ վիթխարի տարբերություն կա, երեխա չկենաս: Հեռու լինելու հանգամանքն իսկույն անձկության մեջ է դնում քեզ, իսկ կարոտն ապրուստ է:
Ավտոկայանից ձգվող մայթի վրա առաջին քայլերից տխրությունը հյուծեց նրան, ու՝ փորձեց պինդ լինել: Ընդունարանը բավական արձակ է, քանի ճակատագիր ու նեղսրտություն է եկել էստեղ, անցուդարձը՝ մարդաշատ, փաստաթղթի ետևից են գալիս, անձնագիր են ստանում, կալանախուց՝ ժամկետ մարող հարազատի տեսակցություն: Կրունկներ կտկտացին, պիրկ կրծկալ-շրջազգեստով աղջիկները՝ զիլ-զռռան շրթներկը շրթունքին, գրասենյակից գրասենյակ թղթապանակ են տանում:
Նա ձախ կողմի պատուհանիկից բարևեց հերթապահին. «Ինձ կանչել են, ո՞ւմ պիտի դիմեմ»:
-Անուն-ազգանունդ,- առանց գլուխ բարձրացնել՝ խոսեց ոստիկանը:
-Վահագն, Աբրահամյան:
-Ե՞րբ եք բացատրություն գրել:
-Ամսի վեցին՝ ուրբաթ օրը:
-Սպասե՛ք: Կկանչեն:
Դուրս եկավ շքամուտք ծխելու: Ծանոթ դեմքով կարմիր բերետավոր էր գալիս հանդիպակաց: Իրար մի քանի վայրկյան նայեցին ու՝ գրկախառնվեցին:
-Կարծեմ, լոռեցի ես, բայց անունդ չեմ հիշում:
-Ես էլ չեմ հիշում ձեր անունը:
-Հա, տեղը բերեցի, հակատանկայինից ես, կարծեմ, Արտուրի բատալյոնից,- զվարթացավ բերետավորը:
-Հիշեցիք, ուրեմն ես էլ չեմ սխալվում, էդ օրը մեր տանը մինչև լուսանալ նստեցինք:
-Հո բան չի՞ պատահել, ի՞նչ հարց կա, օգնելու հարց,- ընկերաբար հարցրեց լոռեցին:
-Չէ, մերսի, լա՛վ եղեք, հենց էնպես, թղթերի ետևից եմ եկել,- ստեց Վահագը:
Գրկախառնվելը կինոյի էն դրվագն էր՝ «…а кто такая тетя Нина из Тбилиси, не знаешь?», դեմքով ծանոթ, կռվին՝ թե որտեղ են միասին մարտի մեջ մտել…
Ապակեպատ ընդունարանից քիչ հետո փոս ընկած թշերով մի լեյտենանտ ձեռքով ներս մտնելու նշան արեց Վահագին:
-Հանե՛ք՝ գոտի, ոտնամանի քուղ, կարգն էդպես ա,- քաղաքավարի դիմեց նա: Վահագն իրեն ազատեց քուղերից, մի ձեռքով տաբատը պահած՝ չընկնի իրենից, հետո անձնագիրը հանձնեց ու հետևեց նիհար ոստիկանին: Աստիճանները ցած են տանում, ձախի վրա՝ երկար միջանցք, դուռը դռան կալանախցեր, իսկ աջի վրա՝ հանդերձարաններ ու ինչ-որ աշխատասենյակներ: Մինչև լեյտենանտի ետևից կհասներ, նա բանալին խրել էր արդեն սողնակի մեջ, շրխկոցով բացեց առաջին խցի դուռը, հետո՝ կրկնադուռը, վերացած, գործնական դեմքով գլխով արեց՝ ներս մտնել: Մինչև Վահագը ներս մտնի, հերթապահը դիմեց հատակի վրա պառկածին.
-Դիմավորի խուցընկերոջդ, Արմի՛կ, երկուսով աշխույժ ա լինելու:
Ասաց՝ ու նույն գլխապատառ շրախկութրախկով դրսից կողպեց դռները: Առանձնահատուկ հանցագործ Վահագը վերջապես մեկուսացվեց: Դրսի չարակամները երևի խոր շունչ քաշեցին:
Փորի վրա հատակին պառկածը անդրդվելի մնաց: Արմունկի լայնության քառակուսի պատուհանից լույս է հորդում, մաշված պատեր, որոնց վրա տարբեր ժամանակներում բանտարկյալները իրենց հուզական պոռթկումները կլաուստրաֆոբիայից տոչորված փորագրել են: Միգուցե դրսում էդ պահին հեռու շենքի երկրորդ հարկի ռեստորանից ռետրոսպեկտիվ երաժշտության ձայն է հասել խուց, ասենք, «Zodiac»: Իրենց մնացյալ օրերը բանտարկուները դառնագին հաշվել են միշտ ու հերթական խազը նշմարել, կողքը՝ փոքր ու մեծ Մասիս փորոտել, մայրական սիրո մասին՝ ռուսերեն շեղագիր երկտող թողել: Չորս-հինգ քայլ արա ձախից աջ, կամ դռան կողմից եկ դեպի փոքրիկ լուսատու պատուհան, Ճռռանահարդդ կարող ես մտիցդ հանել անորոշ ժամանակով, աշխարհդ երեքով երեք է, լավագույն դեպքում:: Թե ինչու է լուռ էս ժամին հատակի կծիկ դառած անծանոթը, Վահագը ուր որ է կփորձի հասկանալ: Միակ մարդկայինն ու գեղագիտականն էստեղ՝ էս փորձության զնդանում, շագանակագույն հատակն է:
-Ողջո՜ւյն, եղբա՛յր, քնա՞ծ եք, թե՞ զարթուն,- անծանոթի իրավունքով հարցրեց Վահագը:
Դադարը փիլիսոփայական ստացվեց: Խցակիցը աչքերը բացեց, թարթեց՝ ի նշան պատասխանի, նորից անհաղորդ խորացավ իր բազմախորհուրդ պատի մեջ: Քնա՞տ է ձևանում, թե՞ թմրել է ամբողջ օրը քնելուց, մտածեց անլուր նորեկը: Լուռ իմաստասերի երեսին մեկ շաբաթվա թրաշ կար, հոնքերը՝ ալիքաձև: Չէ, սա սնոտի ֆուտբոլիստ է, սպասում է՝ հաջորդ խաղը հաղթելուց հետո թրաշվի: Երեսը կոկիկ գա դաշտ, ֆիասկոյի ենթարկվի թիմը՝ մըզմըզ մարզիչը գցելու է նրանով, թե դու ես մեղավոր, ինչու ես թրաշվել մինչև խաղը: Մի թեթև առատ միրուք ունենար՝ Սենեկան կլիներ: Վահագին նրա խոժոռությունը շինծու թվաց, ինչ-որ բան էն չէ: Սպասիր, դեռ նոր ես, թևերդ էլ են թառամելու, մի՛ շտապիր: Անիմաստ համարեց խանգարել վաստակաշատ բանտարկուին, շուռ տված ներքնակներից մեկի մաքրությունը տնտղեց ու ծալը ետ տարավ, որ ինքն էլ պառկի: Թե ինչու հատակին պիտի պառկեին, խուցը՝ տկլոր, կարելի էր ընդամենը ենթադրել:
Երկու-երեք երկարուձիգ ժամ նստած կալանավորը շտապել էր ու իր պինդ լինելու մեջ համոզվել: Քեզ պատժել են՝ զրկելով աշխարհը տեսնել, քոնը չորս պատն է, երկտակ որոտացող երկաթյա դուռն ու ծնկան լայնության օդանցքը: Սովորական մարդուն առանց դատ ու դատաստան պատժեն՝ մենակ թողնելով, հը՛, ընկերը համր է, գոնե զրուցեին՝ գորշությունը փարատվեր: Քեզ պատժել են՝ ստիպելով մտածել: Էս թվին մտածելը պատիժ չէ, չարիք է: Ե՞րբ էիր դու մենակ մնացել ու՝ մտածել, հանդի՝ կանչած տեղն աշխատել ես, Գայանի թշերից ու շուրթերից պաչել ես, նրա մոմե սրունքներով ու կարճոտ շրջազգեստով հիացել, բլոտ ես խաղացել պարապ ցերեկներին, Գաբրիելյանի հետ ձկան ես իջել գետը՝ ծանր կռանը ձեռքիդ՝ ձյուն-ձմեռ, դու երբ ես մտածել: Ա՛յ, հիմա իմացիր, որ երկրային արարածի միակ պատիժը՝ նրան մենակ թողնելն է: Իսկույն մտածմունքի մեջ ես ընկնում՝ դրանից սահմռկելի պատի՞ժ: Չէ՛, չէ՛, դու տանն էլ ես մորդ հետ միշտ համարյա մենակ, բայց որպեսզի խելքդ չթռցնես, բնական իրավունք ունես, վեր ես կենում, վազում իսկույն կլուբը՝ երկու շիշ խմիչքով բիլիարդ ես խաղալու: Ինչքան էլ վարիչ Մելան ձենը գցի Ճոթերը, թե՝ «փող ու արաղով խաղ չտեսնեմ պետական ժամանցի վայրում»: Խմած ես, հաշիվ չէ, թե տեղդ պառկած մենակ ես, աշխարհդ նախշո՜ւն… «Քանի՞ շիշ կուլ տվեցիք, ադյա, ի՞նչ օրեր եմ քաշել, մինչև քեզ մարդ եմ սարքել…»՝ մայրդ կողբա: Դրսում մտածելը երջանկություն է, էն որ Քուռկիկին անձրևի տակ խտտեցիր , մեղա եկար բռնանալու համար ու տամուկ ճղներ տվեցիր նրան՝ անլեզու, թախիծն աչքերի մեջ խորամանկին: Քո բարի սիրտը անասունն էլ է չարաշահում, այ Վահագ: Ապագա աներոջդ վրա ձեռք թափ տվեցիր, ասացիր՝ շուն ա, կհաչի, քարվանը կգնա: Գաբրիելյանի խոստում դրժելը՝ ասացիր՝ մերն ա, է՜, լա՛վ, նեղ օրը իր դուռն ենք վազում դաստի, հո չեմ փոխելու էդ մարդուն: Մորդ նայեցիր լվացք անելիս՝ սիրտդ կտոր-կտոր եղավ, որ մեքենա չունեք, բոլորն ունեն, դուք չունեք: Էս նեղսիրտ ու անբան մտածմունքները երջանկության ապրումներ են: Ջհանդամի՝ օտար քաղաք տեղը, չորս պատի արանքում, դու ուրիշ մարդ ես դառնալու, բա՛ց թողեք թռչուն Վահագիս, դե գոռա՛, սթա՛փ մնացած ծաղրածու: Երկու բաժակ բան էր խմել, հարայ հրոց արել, արդարություն է պահանջում, «…տանիք նորոգելու վրա շան որդիքդ միլիարդ են կերել: Տո՛, դու ներկա՞ ես եղել, կամ քո ի՞նչ գործն ա… թե մենակ տանի՞քն է, երկիրն են կերել՝ թուրքը Սարսանգի տակ կանգնած: Դու դպրոցո՛ւմ կուտես, նա՝ էլեկտրոցանցո՛ւմ, էն մեկը՝ ծմակի փայտո՛ւմ, մի ուրիշը՝ հիմնարկի սովորական մաքուր թուղթ առնելու մե՛ջ, ու դու ուզում ես՝ վաղվա օրդ խաղաղ բացվի: Խմած ես հարայ հրոց անում, այո՛, ինչ մեղքս թաքցնեմ, քանի որ սթափ իսպառ խելքս թռնում է ինձանից, չգիտեմ՝ որը որի ետևից է: Դուք գռփում եք ամեն ինչ՝ սիրելու ժամանակ չունեք, ես էլ սիրում եմ երկիրն ու՝ պակաս-պակասավոր»: Ու իրեղեն ապացույց չունի ինքը: Ասած, գոռգոռացածը՝ քամին տարել է, բայց, որպեսզի կատու սարքեն քեզ, տեղիք էլ տվել ես, գնա նստի՛ր, հասարակական կարգ խախտող անբա՛ն:
Դուռը շրխկաց ու բացվեց: Վահագը ծալապատիկ նստած էր դեռ ներքնակի վրա: Դռների մեջ հանկարծ, ծիծաղկոտ երեսով մի ծանոթ դեմք երևաց՝ Պարգևն է, երկու-երկուսուկես տարի էստեղ շարքային է աշխատում: Ճարպիկ բնավորություն ունի, մարդամոտ է, թեժ տարիներին միասին դիրքում են եղել՝ մի ափսեից հաց կերել:
-Ինչ կա պակաս, ինչ բերեմ՝ ծխելիք, ուտելիք, խմելիք: Ի՞նչ ա պատահել, ինչի համար ես ընկել էստեղ…
No Comments