Երվանդ Քոչարի թատերգության հիման վրա ֆիլմ է նկարահանվում: Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը, ասաց, որ Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են. «Քոչարն ունի 1-2 պիես, որոնցից մեկը «Կալիոստրան» է։ Դա փորձեցի ֆիլմի վերածել, կուզենայի մինչև ծննդյան օրը հանդիսատեսի դատին հանձնել»: Ի դեպ, մտադիր են եղել նաև ներկայացում բեմադրելու՝ Քոչարի թատերգության հիման վրա: Որդին վստահ է՝ ինքնատիպ կլինեն և՛ ներկայացումը, և՛ մոտեցումը. ի վերջո, խոսքը Քոչար դրամատուրգի մասին է, ինչը նորություն է:
Առայժմ սպասում ենք ֆիլմին, որտեղ նկարահանվել են դերասաններ Հովհաննես Բաբախանյանը, Արսեն Խաչատրյանը, Վահագն Գասպարյանը։
Հարկ է նշել, որ լրանում է քանդակագործ, գեղանկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը: Օրերս «Գրանդ հոթել Երևան»-ի թիվ 329 սենյակը կոչվեց Երվանդ Քոչարի անվամբ՝ «Քոչարի սենյակ» («Kochar room»): 1926-ին հիմնադրված նախկին «Ինտուրիստ» կոչվող հյուրանոցում Երվանդ Քոչարն ապրել է Փարիզից Խորհրդային Միություն վերադառնալուց հետո՝ 1936-1940թթ.: Համարը ձևավորված է Քոչարի ստեղծագործությունների վերատպություններով:
Տեղի է ունեցել նաև «Անտարես» հրատարակչության լույս ընծայած «Մաէստրո Քոչարը հուշերի անդրադարձում» գրքի շնորհանդեսը: Գիրքը կազմել և խմբագրել են Անատոլի Հովհաննիսյանը և Լալա Մարտիրոսյան-Քոչարը:
Արմինե Սարգսյան
No Comments