(Սկիզբը՝ այստեղ)
Տարրալուծվող աղջամուղջ
-Չգիտեմ՝ ինձ ինչքան է մնացել ապրելու, բայց ուզում եմ տունս և ունեցածս գումարը թողնել արժանի մեկին: Օրինակ՝ ձեր կազմակերպությանը, քեզ անձամբ:
-Ես և մեր կազմակերպությունը Ձեր տան և գումարի կարիքը չունենք: Այլ հասեցատեր գտեք:
-Հասցեատերն արհամարհում է, հրաժարվում:
-Ինչո՞ւ: Եվ ո՞վ է նա,- անտեղյակ ձևացավ Վահեն:
Մութաֆյանը, առանց մանրամասնությունների մեջ խորանալու, կրկնեց Գոհարին պատմածը:
-Ձեր դուստրը բարի, մեծահոգի մարդ է թվում,- ասաց Վահե-Գագիկը:
-Այնքան բարի ու մեծահոգի, որ ինձ թողել է օտար բարեգործների հույսին: Թեև ես քեզանից ու քո կազմակերպությունից շնորհակալ եմ, բողոքելու տեղ չունեմ:
-Իսկ Ձեր աղջիկն ընտանիք չունի՞: Կարող եք նրա երեխաներին թողնել Ձեր ունեցվածքը,- իբրև անտարբերորեն հարցրեց Վահեն՝ դժվարությամբ սանձելով ներքին խռովքը:
-Չէ՜, ի՞նչ ընտանիք ու երեխա: Մի անգամ գրեցի՝ ամուսնացա՞ծ ես: Պատասխանեց՝ ո՛չ, դու սպանել ես իմ սերը:
-Մա՞րդ եք սպանել:
-Ես նմա՞ն եմ մարդասպանի: Դուրս է տալիս, էլի: Իբր նա կարող էր մարդ սիրել, որ ես էլ սպանեի: Աշխարհից խռոված ապրում էր: Չեմ էլ հասկանում՝ ինչպես է կարողացել երկրից երկիր գնալ, բանի տեր դառնալ:
-Կուզե՞ք տարբերակ հուշեմ:
-Կա՞ տարբերակ:
-Ասացեք Ձեր դստերը, որ ինքն անձամբ պիտի ներկայանա նոտարական գրասենյակ, ստորագրի իր հասանելիք ժառանգությունից հրաժաշվելու փաստաթուղթը, որպեսզի Դուք կարողանաք զոհվածի երեխայի կտակել այս բնակարանը: Կգա, Ձեզ կտեսնի, ներսի սառույցը կհալվի…
-Խելոք բան ես ասում: Այդ դեպքում երևի թե գա: Կմտածեմ…
***
-Պարո՛ն գնդապետ, մի ուշացած խուսակցություն ունեմ Ձեզ հետ, բայց չգիտեմ՝ ինչից սկսել:
-Սկսիր՝ առանց նախաբանի: Քեզ հետ պատրաստ եմ խոսել ամեն ինչի մասին: Կարծում ես՝ չե՞մ հասկացել՝ ինչ մարդ ես: Այն գիշերվա քայլդ արդեն բավական էր քեզ ճանաչելու համար: Իսկ փրկածդ զինվորի աչքում ուղղակի կիսաստված էիր դարձել,- ժպտաց Սարոյանը:
-Շնորհակալ եմ, քաջալերեցիք: Ես Սրբուհի Ազատյանի ուսանողն եմ եղել, նա է ինձ պատմել Ձեր մասին տարիներ առաջ: Գուցե կհիշեք. իմ խնդրանքով տիկին Ազատյանը Ձեզանից տեղեկություններ էր իմացել Ձեր համակուրսեցի Գայանեի մասին:
-Իհարկե, հիշում եմ: Նաև Գայանեի աղջկան եմ հիշում, որ Ազատյանի հետ խոսելուց հետո եկել-գտել էր ինձ, երկար հարցուփորձ էր անում մոր մասին: Բայց ես ավելին չգիտեի, քան ասել էի Ազատյանին:
-Հաստա՞տ ավելին չեք ասել նրան:
-Թերևս, միայն այն, որ ինստիտուտում սովորելու տարիներին Գայանեի հետ էքսկուրսիաների էր գալիս նրա քույրը՝ Սոնան: Ծնողները վաղ էին մահացել, և նրանք երկուսով էին ապրում: Միշտ ասում էր, որ ինքը շատ ունի մեծի կարիք, որ իրեն անպաշտպան է զգում առաց ծնողի: Կարծում եմ՝ հենց դա էր պատճառը, որ ամուսնացավ իրենից բավական մեծ տղամարդու հետ:
-Եվ հայտնվեց դժոխքում:
-Այո՛: Շատ դաժան ճակատագիր ունեցավ մեր կուրսի ամենախելացի աղջիկը:
-Իսկ Սոնա՞ն:
-Երբ Գայանեն եկել էր Արցախ, ծանր մարտերի շրջան էր: Խոսելու ժամանակ գրեթե չէինք ունենում: Հաճախ տարբեր տեղերում էինք լինում: Ընդամենը հասցրեց պատմել, որ Սոնան ինչ-որ միջազգային կազմակերպությունից աշխատանքի հրավեր է ստացել, մեկնել Լեհաստան՝ Լոձ: Նա կինոքննադատ էր: Գայանեն էլ էր ցանկացել գնալ քրոջ մոտ երեխայի հետ, բայց ամուսինն իմացել էր, խլել երեխային, ու նա հրաժարվել էր Հայաստանը լքելու մտքից:
-Գայանեի աղջկան ուրիշ ի՞նչ էր հետաքրքրում: Գուցե աննշան թվացող մի բան եք ասել: Խնդրում եմ՝ փորձեք հիշել:
-Էդ երեխան շատ հուզված էր, խոսում էր կցկտուր, մեղադրում հորը, որ նա կործանում է իր բոլոր սիրելիների կյանքը, որ ինքը շատ կցանկանար գտնել Սոնային, բայց վախենում է՝ հայրը նրան էլ կործանի…
-Սոնայի մասին էլ ի՞նչ եք ասել նրան:
-Ոչի՛նչ: Ես ավելին չգիտեի, քան քեզ ասացի… Հա՛, հարցրեց ազգանունը: Խեղճ երեխան մոր ազգանունն էլ չի իմացել:
-Ասել է թե՝ Հասմիկը գիտեր մորաքրոջ անուն-ազգանունը և բնակության վայրը: Համակարգչին, թվային հաղորդակցության միջոցներին նրա նման տիրապետող մեկի համար դժվար չէր լինի գտնել Սոնային, եթե իհարկե, Սոնան ինքը չխուսափեր. Մութաֆյանի հետ շփումը, մեղմ ասած, ցանկալի բան չէ նրան ճանաչողների համար:
-Շատ ջերմ քույրեր էին: Չի բացառվում, որ Գայանեի մահից հետո թաքուն հետաքրքված լինի երեխայով: Ի՞նչ իմանաս:
-Հիշո՞ւմ եք Սոնայի ազգանունը:
-Հիշում եմ Գայանեի ազգանունը: Ամուսնությունից հետո նա Մութաֆյան էր, իսկ ուսանող տարիներին՝ Հարությունյան:
-Ասել է թե՝ պետք է փնտրել կինոգետ Սոնա Հարությունյանին Լոձում: Հուսամ՝ չի փոխել ազգանունն ու բնակության վայրը:
-Սպասի՜ր, Ազատյանն ասում էր, որ Գայանեի աղջկա փեսացուի խնդրանքով է հետաքրքրվում նրա մասին: Փաստորեն, դո՞ւ ես էդ փեսացուն:
-Էի՛: Ազատյանի և Ձեզ հետ խոսելուց հետո Հասմիկն անհետացել է:
-Էդ աղջիկը խելք չունի: Բա քեզ նման տղայից կփախչե՞ն:
-Երևի կփախչեն: Համենայնդեպս, մեկին դա հաջողվել է:
-Ուրեմն քեզ արժանի չէ: Մի՛ էլ փնտրիր:
-Եթե ամեն բան այդքան պարզ լինե՜ր…
-Ներիր: Չէի ուզում որևէ մեկին վիրավորել: Մանավանդ որ, շատ խոհուն ու դժբախտ մարդ թվաց ինձ էդ երեխան: Կարծես Գայանեի կրկնօրինակը լիներ՝ թե՛ արտաքինով, թե՛ էությամբ: Երևի լուրջ պատճառներ է ունեցել անհետանալու համար: Էնպիսի՜ տխրություն կար աչքերում:
-Այո՜: Եվ կյանքն այդ պահին ինձ զրկել էր նրա տխրությունը փարատելու հնարավորությունից: Դեռ հարց է՝ ի՞նքն է ինձ թողել, թե՞ ես՝ իրեն:
-Հա՛, մի բան էլ՝ Հասմիկին նաև ասել եմ Գայանեի փրկած տղայի անունն ու հասցեն:
-Կարո՞ղ եք ինձ էլ փոխանցել:
-Բժբախտանար, ո՛չ: Էն ժամանակ գրանցված էր հաշմանդամություն ունեցողների ցուցակում, պարբերաբար գալիս էր հետազոտվելու: Բայց արդեն վաղո՜ւց տեղեկություն չունեմ նրանից:
-Հենց մի թույլ հույս է մեջս արթնանում, իսկույն չքվում-անէանում է: Իսկական կախարդանք է:
-Վահե, ակամա քեզ ցավ պատճառեցի: Ինչպե՞ս քավեմ մեղքս:
-Կյանքն է ինձ ցավեցրել: Հասմիկին՝ նույնպես: Իսկ Դուք գուցե փրկօղակի նման մի բան եք նետել, որը չի կարելի ձեռքից բաց թողնել…
***
-Ո՞ւր ես, ա՛յ մարդ: Հենց պետք ես լինում, չքանում ես:
-Ի՞նչ է եղել:
-Մենակ չբզկտես: Ասելիքս շատ լուրջ է:
-Քեզնից՝ լուրջ ասելի՞ք: Հիմա մի էշություն դուրս կտաս: Արի ներս,- խեթեց Վահեն՝ բացելով աշխատասենյակի դուռը:
-Ծուղակում եմ:
-Դու միշտ էլ քո խելապակասությունների ծուղակում ես:
-Էս անգամ՝ հաստատ:
-Բա մնացած անգամնե՞րը:
-Մնացած անգամներ չկան: Էս լրիվ ուրիշ պատմություն է: Քաշվել եմ, Վահե՛:
-Խոսի՛ր: Ի՞նչ է եղել:
-Լարիսան հղի է: Ես կգժվեմ: Իբր բուժաշխատող է, մի անգրագետ կնոջ չափ էլ չկա, որ անցանկալի հղիությունից պաշտպանվի:
-Աչքդ լո՛ւյս: Վերջապես կյանքումդ մի նորմալ բան կատարվեց: Էդ անցանկալի՞ն ինչից վերցրիր: Մարդը սիրահարված է, ուզում է էդ սիրուց երեխա ծնվի: Կարգին, խելքը գլխին կին:
-Մի քանի ամիս առաջ դու չէի՞ր դրան կոչում դատարկ-աննման: Հիմա կարգին, խելքը գլխին կին դարձա՞վ:
-Մի քանի ամիս առաջ ես իմ բաժնի անբարեխիղճ աշխատողին էի կոչում դատարկ-աննման: Հիմա խոսքը ընկերոջս երեխային կրող կնոջ մասին է: Տարբերությունն զգացի՞ր:
-Ի՞նչ երեխա, ի՞նչ բան… Խելքդ թռցրի՞ր: Ասել եմ՝ ազատվիր պտղից, ինձնից էլ ձեռք քաշիր:
-Քանի մռութդ չեմ ջարդել, դուրս կորիր սենյակիցս: Մանավանդ որ, հիմա հեչ քո գլուխը չունեմ:
-Բա՞ն է պատահել,- ընկերոջ շփոթ վիճակին նոր անդրադարձավ Մանուկը:- Հա՛, էլի: Քեզ նման չես:
Վահեն առանց հուզականության, ասես իմիջիայլոց, շուտասելուկի պես պատմեց Մութաֆյանի, Հրաչյա Սարոյանի, Հասմիկին իր տանը մի քանի ամիս ապաստան տված մայոր Գաբրիելյանի՝ Գայանեի փրկած զինվորականի, Հակոբին ու Շուշանին, ապա նրանց օգնությամբ Սոնային գտնելու ու էլի ինչ-որ բաների մասին, որոնք կատարյալ խառնաշփոթ առաջացրին Մանուկի՝ առանց այն էլ խառնաշփոթ գլխում:
-Էդքանը ո՞նց ես հասցրել իմանալ էս կարճ ժամանակամիջոցում:
-Տասնվեց տարին կա՞րճ ժամանակամիջոց է:
«Շավղից դուրս կյանքի տասնվեց տարի»,- լռեց Մանուկը:
Ամենադժվարը մայոր Գաբրիելյանի ցասումին դիմակայելն էր եղել: Հենց լսել էր Հասմիկի անունը, փրփրել էր, զենքն ուղղել Վահեի վրա.
-Ես էդ գործ տվող դիրեկտորին ասել եմ՝ մի անգամ էլ դու կամ քո կողմից մեկնումեկը մոտս էկաք ու հետաքրքրվեցիք Հասմիկով, ատրճանակս վրեքդ կդատարկեմ: Հասմիկն իմ աղջիկն ա, հասկացա՞ր: Հիմի կորի աչքիցս էնպես, որ ինչքան էլ ման գամ, չգտնեմ…
Մանուկը լսում ու չէր հասցնում մարսել ընկերոջ ասածները: Նա իր արկածաշատ կյանքում այսպիսի «շքեղ» արկածապատում չէր ունեցել: Այն խաղաղ, անտարբեր հնչերանգը, որով Վահեն խոսում էր իր անձնական կյանքի ամենադրամատիկ իրադարձության մասին, անհամատեղելի էր նրա հոգեվիճակի հետ: Մանուկը գիտեր՝ Հասմիկը չավարտվող ցավ էր, մշտաներկա չգոյություն Վահեի կյանքում: Եվ ո՜նց կարող էր նա այդպես սառնասրտորեն վիրահատել իր ախոյանին, մի մարդու, որի զոհն էր ոչ միայն ինքը, այլև, վերջին հաշվով, Սիրարփին. նրա համար որդու հետ պատահած ողբերգությունը կյանք արժեցավ… Այն չարաբաստիկ գիշերվանից հետո հրեշտակային լռությամբ ու համբերությամբ տառապեց երեք տարի ու հրեշտակի նման էլ հանգավ՝ մի օր ուղղակի չարթնանալով քնից: Եվ էս խելոքը կաշվից դուրս եկավ, որ փրկի էդ ճիվաղին: Լինելո՞ւ բան է… Թեև սրան Վահե կասեն, սա թշնամու վարձկան դիպուկահարին էլ է նույն սառնասրտությամբ վիրահատել ու ճամփել նոր «սխրանքների»… Հետն էլ բանաձևել է իր արարքը. «Ես վիրահատական սեղանին պառկած մարդուն ատելու ժամանակ չունեմ, կա՛մ սիրում եմ, կա՛մ էլ թքած ունեմ: Ու եթե թքած ունեմ, ավելի քիչ եմ լարվում ու ավելի ճիշտ եմ աշխատում»:
Վահեն, ասես քննություն հանձնող ուսանող, սպառեց թեման ու լռեց: Ուսերը հետ տարավ, հենվեց բազկաթոռի թիկնակին, փակեց աչքերը:
-Լսի՛ր, ես մեկ-մեկ ափսոսում եմ, որ անտրոպոլոգ չեմ դարձել: Քեզ նման բացառիկ նմուշի վրա դոկտորական կպաշտպանեի, թե չէ լռվել-մնացել եմ թեկնածուի աստիճանին:
-Գործիդ գնա, քո հավեսը չունեմ,- հեգեց Վահեն ու գլխով ցույց տվեց դուռը:
«Գողգոթա, որ ձգվեց մինչև Հիսուսի տարիքը…»,- ինքն իր մեջ խոսեց Մանուկն ու դուրս եկավ, հնարավոր է, մոռացած, թե ինչի համար էր մտել Վահեի մոտ:
***
-Եթե ընդհատես հղիությունդ, կազատեմ աշխատանքից: Այս անգամ՝ հաստա՛տ: Մանուկի ասածներին նշանակություն մի տուր: Հիմա ցայտնոտի մեջ է, շուտով ուշքի կգա, ամեն բան տեղը կընկնի: Ոչ մի աբո՛րտ: Հակասացա՞ր:
-Ես չէի էլ պատրաստվում,- Վահեի անմիջականությունից շփոթված՝ կմկմաց Լարիսան:- Մանուկի հետ, թե առանց Մանուկի՝ երեխան ծնվելու է: Իմ հղիանալը պատահականություն չէ:
-Ապրե՛ս: Գոնե մեկը ձեր ընտանիքում պիտի խելքը գլխին լինի:
-Ընտանիքո՞ւմ: Մանուկն ու ընտանիքն անհամատեղելի բաներ են:
-Զբաղվիր քո գործով ու հենց այսօրվանից հետևիր հղիությանդ ընթացքին: Ինքս կզանգահարեմ գինեկոլոգիական բաժանմունք և կզգուշացնեմ, որ առավելագույնս հոգատար լինեն Մանուկի ապագա երեխայի նկատմամբ:
Լարիսան փորձում էր ընկալել միշտ քչախոս, մեկուսի, իր ենթականերին բացառապես Դուք-ով դիմող գլխավորի տնավարի պահվածքը: Մի՞թե սա իր ճանաչած Վահե Սերոբովիչն է:
Վահեն չնկատեց կամ չնկատելու տվեց Լարիսայի շփոթմունքը, հանեց խալաթն ու սպասողական նայեց կնոջը:
***
Օդանավի վայրէջքից քսան րոպե անց շարժասանդուղքին երևացին առաջին ուղևորները: Գործնական ոճի հագուկապով, բարետես կնոջ ցանուցիր հայացքից չվրիպեց բոցագույն վարդերի հսկա փունջը: Երբ նա հավասարվեց փուջը գրկած տղամարդուն, վերջինս նրբագեղ շարժումով մեկնեց այն կնոջը…
***
Տարրալուծվող աղջամուղջի միջով իր տարիքին ոչ բնորոշ ինքնավստահ քայլքով Եռաբլուր էր բարձրանում մի տղուկ՝ թեթև կաղացող տղամարդու և արևագույն շրջազգեստով կնոջ ձեռքերը բռնած: Հայացքով շոյելով պանթեոնի բազմապատկված մասունքադարանները՝ հասան 44-օրյայի նահատակ-հերոս Սեթ Մամիկոնյանի շիրմին:
-Դուք հայրիկիս ընկերնե՞րն եք:
«Այո»-ն և «ոչ»-ը հնչեցին միաժամանակ…
-…Ես ընկերուհին եմ,- շտապեց ինքն իրեն ուղղել Հասմիկը՝ մինչ փոքրիկը կհասցներ տարակուսել:
Եվ հնգամյա Հակոբն առաջին անգամ Եռաբլուրում ժպտաց:
No Comments