Հերոս քաղաք Տուլան՝ 146 կմ² մակերեսով, գտնվում է Ռուսաստանի դաշնությունում՝ Մոսկվայից 180 կմ դեպի հարավ։ Տեղակայված է Ուպա գետի ափին՝ Միջին Ռուսական լեռնաշխարհում։ Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 16-րդ դարում, Նիկոնովյան տարեգրությունում։ Տարեգիրը նկարագրում է 1146 թվականի պատերազմական գործողությունները և իր տարեգրությունում հաղորդում քաղաքի վերաբերյալ կարևոր մանրամասներ։ Տուլայի տարածքում գտնվող մշակութային կոթողները թանկարժեք են, դրանք համաշխարհային մշակույթի անբաժանելի մաս են կազմում։ Այստեղ կան ավելի քան 300 մշակութային կոթողներ, որոնք ճարտարապետության և քաղաքաշինության, պատմության, մոնումոնտալ արվեստի հնագիտական հուշարձաններ են։ Տուլան համարվում է ինքնաեռների և մեղրահացի (пряник) քաղաք։ Այտեղ գործում են զենքի, ինքնաեռների, բլիթների և այլ թանգարաններ, որոնք տեղակայված են Մետաղագործների փողոցում՝ Թանգարանային թաղամասում։
Քաղաքի այցեքարտերից է Տուլայի Կրեմլը, որը XVI դարի ճարտարապետական հուշարձան է։ Այն կրկնում է Մոսկովյան Կրեմլը՝ զիջելով իր չափերով։ Կրեմլի պարիսպների եզրերը նմանեցված են ծիծեռնակի մկրատաձև պոչիկին, ինչպես Մոսկվայում։ Աշտարակներից յուրաքանչյուրն ունեցել է իր գործառույթն ու նշանակությունը, որոնց մասին հետաքրքիր, նաև սարսափազդու պատմություններ են ներկայացնում քաղաքի զբոսավարները։ Սարսափազդուն վերաբերում է հատկապես աշտարակներից մեկին, որը ծառայել է իբրև տանջարան՝ խոշտանգումների կանոնակարգված մեթոդներով ու կիրառությամբ։ Սակայն այսօր այդտեղ տիրող խաղաղ մթնոլորտն ու ակնահաճո տեսարաններն օգնում են թոթափելու աշտարակի պատմության թողած մռայլ տպավորությունն ու զմայլվել ժամանակակից Տուլայի զվարթ-ջերմ դիմագծով։
Տուլան գիտական և մշակութային կենտրոն է, կարևոր երկաթուղային հանգույց։
Մետաղագործների փողոց-համալիրում գործող թանգարաններում ներկայացված են քաղաքի մշակույթը, կենցաղն ու տարեգրության կարևոր փաստերը։
Ժամանակակից քաղաքը, ի տարբերություն խորհրդային կայսրության շատ այլ բնակավայրերի, պահպանել և ներկայացնում է Խորհրդային Միության բազմաթիվ վկայություններ՝ հուշարձանների, շենք-շինությունների տեսքով։ Օրինակ՝ այստեղ կարելի է տեսնել Լենինի, Մարքսի արձանները։ Սակայն նորօրյա մարդուն Տուլան առավելապես գրավում է իր խնամված, մշակույթով հագեցած քաղաքային գողտրիկ հատվածներով, հումորով, մտերմությամբ, պարզ այցելուին հրապուրող մի շարք այլ գործոններով։ Այստեղ կարելի է տեսնել Ինքնաեռին նվիրված արձանախումբ, քաղաքի մետաղագործներին նվիրված քանդակներ, երազանքներ իրականացնող բրոնզե Ոզնուն՝ շրջապատված սնկերով։ Առհասարակ, բոլոր արձաններն ունեն փայլուն քթեր․ ըստ տեղի բնակիչների սնահավատության՝ եթե բռնում ես արձանի քիթն ու ցանկություն պահում, ապա այն անպայման իրականանում է, և Ոզնու քանդակն այդ իմաստով եզակի կերպար չէ Տուլայի տեսարժան հատվածներում գտնվող հուշարձանների հերոսների մեջ։
Այստեղ գործում են շատ ինքնատիպ թանգարաններ, որոնք պատմում են առանձին վերցված սովորույթների, մասնագիտությունների, անգամ գրական հերոսների մասին։ Զորօրինակ՝ կարելի է թանգարանների շարքում տեսնել Ինքնաեռների թանգարանը, Թեյախմության թանգարանը, Տուլայի տրանսպորտի միջոցների մասին պատմող թանգարանը, Նիկոլայ Լեսկովի (1831-1895) «Ձախլիկը» վիպակի հերոս Լուին նվիրված թանգարանը։
Տուլայից դեպի հարավ-արևելք՝ 14 կմ հեռավորության վրա գտնվում է Լ. Ն. Տոլստոյի «Յասնայա Պոլյանա» տուն-թանգարանը, որը Ռուսաստանի պատմական և մշակութային կյանքի եզակի կենտրոն է։
Տուլա քաղաքի ուշագրավ հատվածներից, շինություններից մի քանիսի լուսանկաները ներկայացնում ենք ստորև։
Հարթաքանդակ՝ Տուլայի այբուբենը
Կրեմլի աշտարակները
Կրեմլյան համալիրի տաճարը
Կրեմլի պարիսպը
Կրեմլի մուտքը
Ինքնաեռների թանգարան
Ինքնաեռի արձանախումբը
Ցանկություններ կատարող Ոզնին․ արձանախումբ
Տուլայի մետաղագործ վարպետներին նվիրված մանրաքանդակ
Տուլայի մեղարահացերի տեսականի
Տուլայի վարչական շենքը՝ Լենինի արձանով
Տուլայի պաշտպաններին նվիրված հուշակոթող
Մարքսի կիսանդրին
Թանգարանային թաղամաս․ Մետաղագործների փողոց
Թանգարանային թաղամաս․ Մետաղագործների փողոց
Թեյախմության թանգարան
Թանգարան՝ Լեսկով, Լու
Կիրառական արվեստի նմուշներ
Հեռախոսի գյուտին նվիրված ցուցադրություն
Տրանսպորտային միջոցները ներկայացնող ցուցադրություն
Կարինե Ռաֆայելյան
Լուսանկարները՝ հեղինակի