ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվող Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հանդես կգա լեգենդար Պլասիդո Դոմինգոն: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։
Հոկտեմբերի 8-ին ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում Պլասիդո Դոմինգոն հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուար Թոփչյանի ղեկավարությամբ:
Համերգը տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի գլխավոր աջակցությամբ։
Բացառիկ երեկոյի ընթացքում լեգենդար Դոմինգոյի կողքին հանդես կգա հայազգի սոպրանո, Operalia 2022 համաշխարհային մրցույթի (Operalia 2022 World Opera Competition) առաջին մրցանակակիր Ջուլիանա Գրիգորյանը:
Համերգին կհնչեն արիաներ, դուետներ և նախերգանքներ հայտնի օպերաներից, սարսուելաներից, ինչպես նաև սիրված համաշխարհային մեղեդիներ:
«Հայաստանում բնակվող իմ սիրելի ընկերներ, երջանիկ եմ ձեր գեղեցիկ երկիր վերադառնալու և ձեզ համար երգելու յուրահատուկ հնարավորության համար: Այս անգամ հանդես եմ գալու Ջուլիանա Գրիգորյանի՝ հայազգի լավագույն երգչուհիներից մեկի հետ: Անհամբեր սպասում եմ բոլորիդ այս գեղեցիկ երեկոյին, որտեղ կրկին միասին կվայելենք հրաշալի երաժշտություն՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Կհանդիպենք շուտով՝ Երևանում››,- իր ուղերձում նշել է Պլասիդո Դոմինգոն:
Էդուարդ Թոփչյանը նշում է, որ նման մեծության աստղի մասնակցությունը Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնին նշանակալի իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային երաժշտական հանրության համար: Նա վստահեցնում է, որ համերգն իր վրա է սևեռել հանդիսատեսի ուշադրությունն աշխարհի տարբեր կետերից: Այդ օրն իսկական միջազգային մշակութային հրավառություն է սպասվում:
Սա Պլասիդո Դոմինգոյի երկրորդ այցելությունն է Հայաստան: Առաջին անգամ նա համերգով հանդես է եկել 2010 թ.-ի դեկտեմբերի 3-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: Համերգը կրկին ղեկավարում էր Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: