Ադամն ու Եվան դրախտում անմեղ երեխաների պես էին, անսեռ հրեշտակների պես, մինչև որ չարքը նրանց ցույց տվեց ԳԻՏԵԼԻՔԻ ԾԱՌՆ ու հյուրասիրեց պտուղը նրա։ Նրանք չգիտեին իրենց․․․ սեռականությունն՝ իր «ատրիբուտներով» և իմանալուց հետո այդ «ատրիբուտները» ծածկեցին թզան տերևով — դա արդեն․․․ պոեզիա էր, ինչպես որ Սողոմոնն ու արևելյան այլ տիրակալներն էին «շղարշապատում» իրենց բյուրավոր կանանց ու պարուհիների մարմինները, ամենքից լավ իմանալով սակայն, թե դրա շղարշի տակ ինչ կա, որպեսզի․․․ սեռականության ԳԻՏԵԼԻՔԸ որոշ չափով բթանա, «մեղմանա», չվնասի, չայլասերի մարդկային հոգևորը․․․ Ինչպես Նիցշեն է ասում ՝ նրանք «օգտվում էին «արվեստից, որպեսզի չմեռնեն ճշմարտությունից․․․Այդպիսով, Ադամն ու Եվան զրկվեցին իրենց «մանկականությունից», իրենց ներսի Արքայությունից – կապ կա սրա և Հիսուսի այն խոսքերի միջև, որ ասում է՝ եղեք երեխաների պես՝ այլապես Արքայություն չեք մտնի (կամ ՝ կվռնդվեք Արքայությունից –Զ․ Բ․)։ Ասում է՝ թողեք (մի արգելեք) երեխաները մոտենան ինձ։ Միայն, զուտ գիտելիքը սպանում է, ասում է՝ եղեք օձի պես խորագետ, բայց աղավնու պես միամիտ։ Ես ագնոստիցիզմի, հակագիտելիքի քարո՞զ եմ անում — ամենևին, ես ասում եմ ՝ գիտելիքը նյութական աշխարհինն է, այդ ոլորտում գործունեության համար անհրաժեշտ է, բայց կա նրանից բարձրը, ինչպես որ հոգին է մարմնից բարձր։ Ես դիտմամբ կվկայակոչեմ ֆիզիկոս, մաթեմատիկոս կարկառունների, որոնք ֆիզիկական տիեզերքի ուղնուծուծը իմանալով հանդերձ իրենց ՝ գիտնականի սևեռուն հայացքն Աստծո վրա են պահել — Նյուտոն, Պասկալ, Էյնշտեյն․․․ Էլի՞ թվարկեմ․․․ Գերագույն «հակագիտելիքը», Արքայությանը մերձը պոեզիան է։ Նիցշեն սկզբնական շրջանում պոետ էր, «Այսպես խոսեց Զրադաշտը» -ի Նիցշեն։ Այնուհետև ընկավ նարցիսականության, ինքնահավանության, սնապարծության ոլորտները, խրվեց փիլիսոփայական գիտելիքի մեջ․․․ և գրեց «Հակաքրիստոսը», որտեղ մի տեղ էլ ծաղրում, նենգափոխում է Հիսուսի խոսքերը՝ թե թողեք երեխաները մոտենան ինձ, մի տեսակ պեդոֆիլիայի, մանկապղծության մութ ակնարկներ է անում (մեղա, Տեր)․․․ Իր այդ տեսակ գիտելիքը պատժեց նրան, նշված աշխատությունը նրա կարապի, ոչ․․․նեռի երգը եղավ ու նա խելագարվեց․․․
Ապոլլոնի և Դիոնիսիոսի ոլորտները սահմանազատված են։ Ապոլլոնը աստվածային ըմպելիք՝ ամբրոս է խմում, քնար նվագել է սովորեցնում կենտավրոս Քիրոնին, որ սրա մեջ մարդկայի՛նը վեր բարձրանա անասնականից, «ձիականից», ո՛չ միայն մարմնով։ Դիոնիսիոսի մոտ հակառակն է, նա լա՜վ գիտի երկրայինը, որթատունկի անդաստանները, սրա մզվածքը՝ գինին և սույնով հարբեցնում, աղետալի երթագնաց է դարձնում սիլենական-ուժայրականներին․․․ Թեև կա նաև սրանց «միաձուլվածքն», օրինակ․․․ մեծ պոետ Դիլըն Թոմասը, որ խրոնիկական հարբեցողության որոշ պահերի․․․ կվադրոբերաբար քայլում էր չորեքթաթ և կծում շրջապատի մարդկանց ոտքերը․․․
Կան գիտելիքի ժամկետանց և վաղաժամկետ տեսակներ։ Մի զվարճալի, բայց գուցե անպատեհ պատմություն եմ ուզում պատմել, որի համար կանխավ ներողություն եմ խնդրում։
Իմ հովիվ պապ Ավետիքը տարվա մի սեզոնի հոտի խոյերի որովայնի «համապատասխան մի մասը» ծածկում էր բրեզենտյա փաթթոցներով, որպեսզի․․․ ոչխարները չբեղմնավորվեն գառնածինի համար անհարմար ժամանակների համար, այսինքն դրանով «ընտրում» էր գառների ծինի՝ իր համար նպատակահարմար ժամանակը։ Երեխա էի՝ հարցրեցի նրան՝ թե դա ինչու՞ է։ Նա նախ շփոթվեց ոնց որ, ապա ասաց՝ կմեծանաս՝ կիմանաս։ Ժամանակակից մանկավարժության տեսակետից, եթե պապս ինձ տար այդ գիտելիքը՝ չէ՞ր սպանելու իմ մեջ երեխային, ինչպես որ արգելված պտուղը՝ գիտելիքը սպանեց «դրախտաբնակների»՝ Ադամի ու Եվայի անմեղությունն ու․․․ «կարիերան»․․․ Դա «վաղաժամկետ» գիտելիք կլիներ։ Իսկ ժամկետանց գիտելիքի տեսակներ են, օրինակ, սոցիալիստական ռեալիզմը, գիտական կոմունիզմը, Լենինի 55 հատորները և այլն․․․
Ամենալավ «հակագիտելիքը», Արքայությանը մերձը, մանկական-զվարթնականը բանաստեղծությունն է։ Պրագմատիկ գիտելիքի այս դարում այն հետին պլան է մղվում։ Բանաստեղծություններիս նոր լույս տեսած ժողովածուն առաջարկում եմ գրավաճառներին՝ հուշտ են լինում, քիչ է մնում ծունր իջնեմ իրենց ու աշխարհի առջև և ․․․ ներողություն խնդրեմ, որ բանաստեղծություն եմ գրում․․․ Դա մի ահեղ կանխանշան չէ՞, որ աշխարհն ինչ-որ վատ բանի շեմի է։ Բանաստեղծության «շղարշը» դեն նետել՝ նշանակում է վնգստալ մերկ աշխարհի պորտապարից և միջուկային մարտագլխիկ-խնձորներ նետել նրա գիրկը, որ նա՝ Երկիրը, շեղվի իր ուղեծրից և արտաքսվի, հեռանա արեգակնային համակարգության դրախտից ու արքայությունից։ Այնպես է հասկացվում, թե պոեզիան գեղեցիկ սուտ, թմրամիջո՞ց է։ Ոչ, պոեզիան գիտելիքից բարձր մի այլ կարևոր, աստվածամերձեցնող, աշխարհաճանաչողական միջոց է։ Պետք է կարդալ ոչ միայն Աստվածաշունչ, պետք է կարդալ նաև Նարեկացու «Մատյանը», Հեսսեի «Սիթհարթան», Թագորի «Գիթանջալին», Թումանյանի քառյակները և այլն, և այլն․․․
Բանաստեղծությունն՝ Աստծո լեզուն ու ինքնարտահայտելիքը խլացնում են, արհամարհվածության դարակներին են դնում և մեջտեղ են բերում Աստծո իրենց պրագմատիկ, նենգափոխված ընկալումը։ Ստեղծում են կրոնապետություններ, որոնք ոչ թե ի պաշտպանություն մարդու և աստվածայինի են, այլ իրենց հոգևոր դասի, ընտրախավի իշխանության սատարն են։ Բռնաբարում են, թալանում են և ձեռքի հետ եկեղեցիներ են կառուցում, արձաններ են վեր խոյացնում — հավատա՞նք զղջումին, ապաշխարհությանը ( ականջիս ՁԱՅՆԸ շշնջում է՝ մի դատիր, որ չդատվես․․․)։
Աշխարհիս ամենաչքնաղ ու ամենախորհրդավոր բանաստեղծություններից է Մանդելշտամի հետևյալը․
* * *
Տեսքդ տանջող, անորոշ էր այնպես –
Չհասցրի մուժում զանազանել։
«Տե՜ր Աստված»,- սխալմամբ ասացի ես –
Չուզենալով խոսքն այդ արտասանել։
Աստծո անունը, հանց հսկա հավքն է թևում,
Կրծքիս միջից դուրս թռավ ու գնաց։
Մառախուղը թանձրացավ առջևում,
Ետևում ՝ մի դատարկ վանդակ մնաց ․․․
Թարգմ․ Հրաչյա Բեյլերյան
Ես այս բանաստեղծությունն այսպես եմ հասկանում։ — Աստված՝ ԽՈՐՀՐԴԱՎՈՐԸ, ում անվանում են բազմաթիվ անուններով կամ առհասարակ խուսափում են որևէ անուն տալուց, կամ Սեն-Ժոն Պերսի պես այլայլված բացականչում են ․ «Եվ էլի՜, էլի՜, էլի ի՞նչ ես դու․․․»․․․ Հրեաները, մեր Տեր Հիսուս նույն են ասում՝ Էլի՛։ Աստված Իր համար բնական, միայն պոետիկ-քննելի «վիճակում» է։ Մանդելշտամի բանաստեղծական հայացքը մի պահ փորձում է Աստծուն ընկալել ոչ ներհայեցողաբար, «շղարշազերծ», գիտելիքո՛վ (անվանելով), և ստացվում է․․․անվանեցիր՝ վանեցի՛ր ուրեմն․․․»։ Չուզենալով խոսքն այդ արտասանել» — երևի նորից Փորձիչն է դրդել․․․» Աստծո անունը, հանց հսկա հավքն է թևում․․․»։ Այն՝ այդ հավքը պետք է պահել․․․վերնաշապիկի տակ, սրտին մոտ հատվածում, աղավնագող, «ղուշբազ»՝ իմա․․․ աղավնասեր պատանու պես։ Դա ավելի լավ չեմ կարող ասել, քան իմ հետևյալ բանաստեղծությամբ․
* * *
Չարչարանքնե՜ր ըստ ուշ նոյեմբերի — թեև
եղյամապատ սիրտը շողշողում է
ադամանդի հանգույն․․․Նվիրականը՝
աղավնագող պատանու պես, որ գողոնը
վերնաշապիկի տակ է պահում, կրծքին մոտ, նվիրականը
չենք անվանում — թող աստղը
ցոլցլա այդ մասին՝ կեսգիշերվա
խորանների մոտ ծնկած, թող ջրվեժը
շառաչի այդ մասին՝ այլևս անզուսպ
մի մոլուցքով բռնված, թող հովը
այդ մասին շշնջա երեկոյան,
բարդու սաղարթի մեջ՝ իբրև
մխիթարություն անպտղության, թող․․․
Չարչարանքնե՜ր ըստ ուշ նոյեմբերի — թեև
եղյամապատ սիրտը շողշողում է
ադամանդի հանգույն, հանգչում
ինքնամոռացության մեջ երանելի․․․
«Մենավոր աստղի տակ» ժողովածու, 2017թ․