ardi.am Ազդագիր

«Պարույր Սևակը երգերում» նոտաների ժողովածուի շնորհանդեսը

13.12.2024

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Պարույր Սևակը երգերում» նոտաների ժողովածուի շնորհանդեսը, ինչպես նաև ներկայացվեցին Պ. Սևակի խոսքերով գրված երգերից։ Ժողովածուն կազմել է ԵՊԿ պրոֆեսոր, դաշնակահար Մարգարիտ Սարգսյանը, ով իր խոսքում նշեց. «Պարույր Սևակի բանաստեղծությունների հիման վրա գրված երաժշտական ստեղծագործությունները այդքան էլ շատ չեն։ Հավանաբար հիմնական պատճառներից մեկը Սևակի բանաստեղծությունների կառուցվածքն է։ Նա չշարունակեց Ա․ Իսահակյանի, Հ․ Թումանյանի, Վ․ Տերյանի «երգայնությունը», այլ իր ոճով առավելապես մոտեցավ Վ․ Մայակովսկուն, Ու․ Ուիթմենին, Պ․ Էլյուարին, ինչն արդեն պահանջում էր կոմպոզիտորներից երաժշտական, մեղեդային նոր որոնումներ և լուծումներ, արտահայտման այլ միջոցներ, բառի հանդեպ առանձնահատուկ մոտեցում։ Հաջորդ պատճառի մասին գրել է հենց ինքը՝ Պ․ Սևակը՝ ասելով, որ «արդի բանաստեղծությանը չպիտի նայել իբրև սովորական միաձայն երգի, որ ժամանակն է երգային մտածողության փոխարեն մենք նույնիսկ 5–10 տողանոց բանաստեղծության մեջ ունենանք սիմֆոնիկ մտածողություն և միաձայնության փոխարեն՝ բազմաձայնություն»։

Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն իր խոսքում կարևորեց այսօրինակ ժողովածուի ստեղծումը, քանի որ «երգիչների և երաժիշտների կողմից մշտապես փնտրված այս գործերը առավել հասանելի կլինեն՝ հանրահռչակելով Պարույր Սևակի սիրային, հայրենաշունչ և անչափ հուզական ստեղծագործությունները, որոնք երգ են դարձել և տասնամյակներ շարունակ թևածում են»։


Հանդիսության ընթացքում Պ. Սևակի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված երգերը ներկայացրին Մարիցա Թիլիկյանը, Լուսինե Օրդուխանյանը և Դիանա Հարությունյանը։ Նվագակցում էր Մարգարիտ Սարգսյանը։ Թատերականացված ընթերցումներով հանդես եկան Տարածաշրանային թիվ 1 քոլեջի սաները։ Ասմունքող Գայանե Սամվելյանը կարդաց Պ. Սևակի բանաստեղծություններից:

Ժողովածուն ներկայացվեց նաև Պարույր Սևակի տուն-թանգարանում, բացման խոսքով հանդես եկավ տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը, ով կարևորեց  ժողովածուի տպագրությունը, նշելով, որ Սևակի երգերը պահանջված են երաժիշտների շրջանում, սակայն այն հավաքական ժողովածուով մինչ օրս չէր ներկայացվել։

«Պարույր Սևակը երգերում» ժողովածուն հրատարակվել է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ։