Երևանի Տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի «Ուրիշ» թատրոնն առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում ինքնատիպ ուսանողական ներկայացումով։ Այս անգամ նույն քոլեջի դասախոս, ռեժիսոր Հարություն Բեգ-Վանյանն է հանդես եկել համարձակ բեմադրությամբ՝ ձեռք մեկնելով մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններին և բեմադրելով «Տարօրինակ է…» ներկայացումը։ Ի՞նչն է գրավել ռեժիսորին։ Հարցին մի քանի տեսանկյունից կարելի է պատասխանել, բայց, մեր կարծիքով, միայն ու միայն Սարոյանի ստեղծագործությունների պոետիկան, պատմությունների ու կերպարների տարօրինակությունը։ Դրան էլ գումարվում է ուսանող-դերասանների խաղի թեթևությունն ու խենթ մտքեր ունեցող բեմադրիչի թատերական մտածողությունը։
Ընդհանրապես Վիլյամ Սարոյանի գրականությունը խոր սեր է տածում մարդկության հանդեպ, անսասան հավատ՝ սովորական մարդու բարության նկատմամբ, և կյանքը փառաբանելու մշտական ձգտում՝ իր ամբողջական ու փխրուն գեղեցկությամբ։ Մեծ գրողը հավատում էր, որ յուրաքանչյուր մարդ ունի պատմություն, որն արժե պատմել, կյանքի պատմություն՝ լի կարոտով, պայքարով և հույսով։ Սա է նրա ստեղծագործության գլխավոր մարդասիրական ուժը։ Նրա արձակը յուրահատուկ ռիթմով ու երաժշտականությամբ է հոսում՝ գրեթե միապաղաղ կամ ջազային իմպրովիզացիայի պես։ Նա հաճախ խախտում է դասական պատմողական կառուցվածքը՝ փոխարենը ընտրելով մտորումներ, փիլիսոփայական շեղումներ և երկխոսություններ, որոնք բացահայտում են ներքին ճշմարտություններ։ Այդ ամենը ստեղծում է մի անկեղծ, անմիջական էներգիա, ասես պատմությունը ծնվում է հենց սրտից։

Ռեժիսոր Հարություն Բեգ-Վանյանի բեմադրած Սարոյանի ստեղծագործությունները՝ «Ճանապարհորդություն դեպի Հանֆորդ», «Մրջյունները», «Հանճարը», «Վարսավիրը, որի քեռու գլուխը կրծեց կրկեսի վագրը», կառուցված է յուրօրինակ դրամատուրգիական տրամաբանությամբ։ Ընտրված պատմությունները Բեգ-Վանյանը միավորել է բեմադրական միևնույն հյուսվածքի մեջ՝ ստեղծելով մտածողության հոսքի բազմատարրություն։ Բեմադրության ժամանակային կառուցվածքը չի հենվում պատմողական հարթության վրա, այլ մտքի, լեզվի և զգացողության կոլաժային հոսքի: Իսկ բեմական ու լուսային ձևավորումներն այստեղ չեն ծառայում միայն որպես տրամադրություն փոխանցողներ։ Դրանք հանդիսանում են խաղի տարածության անմիջական մասնակիցը։
Ինչպես ստեղծագործության շրջանակում, այնպես էլ բեմադրության մեջ «Ճանապարհորդություն դեպի Հանֆորդ»-ում մենք հանդիպում ենք Սարոյանին բնորոշ ողբերգահումորային կերպարների, որոնց ճամփորդությունը ֆիզիկական չէ միայն, այլ՝ ներքին որոնումների, անհավատալի դարձող իրականության և չիրականացած երազների ուղեգիծ։ Իսկ «Մրջյունները» սյուրռեալ հնչերանգներ ունեցող պատմություն է՝ մարդու և աշխարհի հարաբերության խորհրդանշական մեկնաբանությամբ, իսկ «Հանճարը» դիտարկում է ստեղծագործող անհատի ողբերգությունը հասարակության բախման համատեքստում։ «Վարսավիրը, որի քեռու գլուխը կրծեց կրկեսի վագրը» վերածվում է գրոտեսկի հասնող կերպարային կոնստրուկցիայի, որտեղ սարսափն ու ծիծաղը մեկտեղ են։Ընդգծենք, որ ներկայացման մեջ Սարոյանի պատմություններն ընկալվում են ոչ թե սյուժեներում առկա գործողությունների խտությամբ, այլ՝ տպավորություններով, մթնոլորտով, որոնց միջոցով հեղինակային խռովքն ու զարմանքն են տեղաշարժվում բեմական տարածության սահմաններում։
«Տարօրինակ է…» ներկայացման մեջ ներգրավված ուսանող-դերասանների խաղում նկատելի է խանդավառություն, ազնիվ մղում՝ հաղորդակից դառնալու Սարոյանի աշխարհին։ Թեև երբեմն նրանց գերխաղը խախտում է կերպարային նրբության պահանջը, ընդհանուր առմամբ կերպարի ստեղծման ու ներկայացման ուղղությամբ տարված ահռելի աշխատանքն ակնհայտ է:

Նաև անհրաժեշտ է նշել, որ որոշ տեսարաններ ձգձգված են և կարիք ունեն ռիթմիկ վերաշարադրման։ Սարոյանի տեքստերն այնքան ներքին հոսք ունեն, որ երբեմն բեմում այդ հոսքը եթե անգամ մեկ վայրկյան ընդհատվում է, գեղարվեստականության կորստի վտանգ է առաջանում: Այնուամենայնիվ, հաջողված ներկայացման հիմքում երկարատև աշխատանքն է ու Սարոյանի ստեղծագործության մեջ նորը բացահայտելը: Կարծում ենք՝ Վիլյամ Սարոյանի ստեղծագործության յուրահատկությունն այն է, որ նա կարողացավ միահյուսել պոետիկը և իրականը, հումորը և ողբերգությունը, խորը անձնականը և համամարդկայինը։ Նա պատմողական մի տարածք ստեղծեց, որտեղ մոռացվածները ու մերժվածները դարձան հերոսներ, և հենց ապրելը՝ իր բոլոր թերություններով ու գեղեցկությամբ, դարձավ պատմելու արժանի ամենամեծ պատմությունը։ Իսկ այսօր ապրելու մասին պատմում են Երևանի Տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի ուսանողները: Պատմում են վստահ ու մտածելով…
Վովա Արզումանյան