Թատրոն

«Փոքրիկ իշխանը»՝ նորովի

«Փոքրիկ իշխանը»՝ նորովի

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը կներկայացնի ամենաուշագրավ ու սիրված ստեղծագործություններից մեկը՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»՝ բոլորովին նոր մոտեցմամբ։ Ընտանեկան ներկայացման պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 26-ին։ 

Աշխարհում, որտեղ տեխնոլոգիաները հաճախ դուրս են մղում էմոցիաները, «Փոքրիկ իշխանը» ներկայացումը հրավիրում է հանդիսատեսին նոր տեսակի հուզական իմաստալից փորձառության։ Այս գործը կոչված է վերհանելու յուրաքանչյուրիս մեջ պարզ, բայց մեծ նշանակություն ունեցող երևույթները՝ սեր, պատասխանատվություն, ընկերություն, անձնական արժեքներ։ Ներկայացումը չի սահմանափակվում միայն մանկական տեսանկյունով. այն բացում է երկխոսություն երեխայի և մեծահասակի միջև։ Իմերսիվ սարքավորումների, անիմացիոն պատկերների և թատերական տեխնիկաների միջոցով հանդիսատեսը հայտնվում է Փոքրիկ իշխանի լուսավոր, երազային աշխարհում։ 

Ներկայացման ստեղծագործական թիմում ընդգրկված են արվեստագետներ, անիմատորներ, դիզայներներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Այս համադրության արդյունքում ստեղծվել են բարձրորակ ինովացիոն լուծումներ։

Ստեղծագործության բեմականացման հեղինակը և բեմադրիչը Գրիգոր Խաչատրյանն է։ Ներկայացման ռեժիսորական հայացքը ձևավորվել է մի պարզ, բայց առանցքային գաղափարից՝ Փոքրիկ իշխանը ոչ թե տարիքի մասին է, այլ էներգիայի։ Այն ներքին լույսն է, որը կրում է մարդը՝ անկախ նրանից՝ փոքր է, թե մեծ։ 

«Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ամենաուշագրավ և սիրված ստեղծագործություններից է։ Հայաստանում «Փոքրիկ իշխանը» բազմիցս թարգմանվել ու վերատպվել է և շարունակում է մնալ ամենասիրված գրքերից մեկը թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների շրջանում։ Ներկայացումը ստեղծում է նոր հնարավորություն՝ այդ մոգական աշխարհը տեսնելու թատրոնի բեմից։ Մեր ներկայացման մեջ Փոքրիկ իշխանը խոսում է առանց «մանկականացնելու» իր ձայնը, այլ՝ իրական, խորքային տոնով, որը հուզում է և՛ երեխային, և՛ մեծահասակին։ Դերասանի խաղը կառուցված է ոչ միայն խոսքի, այլ շարժման, հայացքի, լռության և էներգետիկ շեշտադրումների վրա։ Մենք հերոսին դուրս ենք բերում պարզեցված, կաղապարային պատկերացումներից և ներկայացնում է որպես լուսավոր, խոնարհ, բայց ուժեղ հոգի։ Այսպիսով, ստեղծվում է մի կերպար, որը ժամանակակից հանդիսատեսի հետ խոսում է կորցրած մանկության, բաց թողած հարցերի, մեծանալու ցավի, բայց նաև մաքուր սիրո լեզվով»,-նշում է Գրիգոր Խաչատրյանը։ 

Ներկայացման գլխավոր պրոդյուսեր՝ Էդվարդ Մխիթարյան, համապրոդյուսեր՝ Նարեկ Քթոյան։ Նկարչական ձևավորումը և զգեստները՝ Իզաբելլա Թչիխոնսկայի։ Նախագիծն իրականացվում է ism. մեդիա-փրոդաքշն ընկերության հետ համագործակցությամբ։