ardi.am Կինո

     Ամփոփելով կինոտարին

23.12.2025

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տան «Բուխարու սրահում» Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանի մասնակցությամբ կայացավ մամուլի ասուլիս։

Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ հայկական կինոյի համար աննախադեպ իրադարձությանը՝ 2 ամիս Ֆրանսիայում, «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կայացած՝ կինոռեժիսոր, վավերագրող Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրության նախագծին, և որպես այդ իրադարձության արդյունք՝ վավերագրական կինոյի ֆրանսիական և միջազգային հեղինակավոր մի շարք ընկերությունների կողմից արված առաջարկին՝ «1001 վավերագրական ֆիլմերի հավաքածու» նախագծում, որն առաջխաղացվում է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության ռեգիստրում» ընդգրկվելու նախագիծ, ներառել նաև Հարություն Խաչատրյանի «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմը։

Ամփոփվեց նաև 2025 թ․ կինոտարին, անդրադարձ եղավ կինոյի ոլորտում իրականացվելիք նախագծերին և ընթացող բարեփոխումներին։

Համաշխարհային հեղինակավոր կինոմեդիայի կարևորագույն ամսագրերից մեկում՝ CAHIERS DU CINEMA-ում հրապարակվել է «Հարություն Խաչատրյան, Անհանգիստ Հայաստան» հոդվածը, որը Հ․ Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրության փաստի և ռեժիսորի կինովերլուծության ամփոփ արտացուլումն է։

Մամուլի ասուլիսի ընթացքում Հ․ Խաչատրյանը խոսեց ոչ միայն իր ստեղծագործական ծրագրերի, այլև կինոարվեստի ոլորտում սպասվող կարևոր իրադարձությունների մասին։ «Տիկին նախարարի հետ ունենք պայմանավորվածություն նոր կինոդպրոց ստեղծելու վերաբերյալ։ Դպրոցը կունենա հայ, գուցե նաև արտասահմանցի ուսանողներ, սակայն այն հիմնականում հայերի, Հայաստանի համար է։ Ես միշտ կրկնում եմ, որ կինոն ամենաուժեղ զենքերից մեկն է ազգի, երկրի, մեր տեսակի։ Մենք կինոյի միջոցով շատ մեծ ճանապարհներ կարող ենք անցնել, կարող ենք պատմել մեր անցյալի մասին, մեր դժվարությունների մասին, մեր դժբախտությունների մասին, մեր հաջողությունների մասին, մեր ուժի մասին։ Կարծում եմ, որ մինչև մյուս տարեվերջ կսկսենք այս աշխատանքները։»,- ասաց նա մասնավորապես։

Բանախոսները նկատեցին, որ եկել է ժամանակը բազմակողմանիորեն ներկայացնելու հայ կինոն միջազգային հարթակներում, մանավանդ որ դրանով հպարտանալու առիթներ արդեն եղել են Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրության շրջանակներում։

Նշենք, որ հայկական կինոն կհարստանա ևս մեկ գոհարով․ Հարություն Խաչատրյանը պատրաստվում է նկարել իր հերթական ֆիլմը՝ նվիրված հայ գրականության ամենամեծ լիրիկին՝ Վահան Տերյանին։ «Այս ֆիլմը շատ ավելի վաղ պետք է նկարվեր, որովհետև Վահան Տերյանի նման անձ, հանճար քիչ կա աշխարհում։ Վահան Տերյանին նվիրված ֆիլմի ստեղծագործական կազմն արդեն հավաքված է։ Ֆիլմը կունենա երկու օպերատոր՝ Վահագն Տեր-Հակոբյանը և լեգենդար Ֆրեդ Քելեմանը։ Ֆինանսավորման առաջին մասն արդեն կատարվել է։ Հունվարի 14-ին կմեկնենք նկարահանումների Ջավախք՝ Տերյանի գյուղը, ապա նկարահանումներ կլինեն Օրենբուրգում, Մոսկվայում, Թբիլիսիում, Էջմիածնում։ Շատ մեծ ու ծանր աշխատանք է սպասվում»,- տեղեկացրեց ռեժիսորը։

Ardi.am