Առաջին բարաթը
Գաբրիել Սունդուկյանը «Պեպոն» գրել է 1870 թ․։ Առաջին բեմադրությունը կայացել է Թիֆլիսում, 1871 թ․։
Ինչպես նշել ենք մեր նախորդ հրապարակումներում, Պեպոյի առաջին դերակատարը եղել է Գևորգ Չմշկյանը։ Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվող Գաբրիել Սունդուկյանի ֆոնդում պահպանվում է «Պեպոյի» առաջին ներկայացման բեմական բարաթը, որի վրա մանրակրկիտ ու գեղեցիկ ձեռագրով գրված է հետևյալ տեքստը․
«Բարաթ։
Ես իներքոյ ստորայգրեայլս Արիւթին Զիմզիմովս պարտեմ հազար ռուբլի լոպիանենց Բաղդասարին իրան շահով։
Արութին Զիմզիմով։
1871 = թիւ
ապրիլի : 5 = Թիֆլիզ»։
Բարաթի անկյունում նաև դրված է այն ժամանակներին բնորոշ կնիք։
Պեպոյի բարաթը

Սա խոսուն վկայությունն է այն բանի, թե ինչպիսի բծախնդրությամբ են այն ժամանակ բեմադրել ներկայացումները։ «Թեկուզ որ դահլիճում գտնվող որևէ հանդիսական չէր տեսնելու, ավելին՝ չէր կարդալու այդ փոքրիկ թերթիկի վրա գրված տեքստը, այդուհանդերձ բեմադրիչը չէր զլացել հատուկ ուշադրության արժանացնելու այդ փոքրիկ դետալը»,- իրավացիորեն նկատում է ԳԱԹ Արվեստի բաժնի ղեկավար, թատերագետ Նաիրա Շահվալադյանը։ Ի դեպ, վերջինս «Պեպոյին» նվիրված ժամանակավոր ցուցադրությունն անելիս ներկայացրել էր ժամանակակիցների հիշողությունների հենքով վերականգնված՝ «Պեպոյի» առաջին ներկայացման մակետը։
«Պեպոյի» առաջին մակետը

«Պեպո» ներկայացմանն առնչվող ցուցանմուշների կարելի է հանդիպել նաև ԳԱԹ այլ ֆոնդերում։
«Պեպոն»՝ ռուսերեն

Օրինակ՝ Վահան Տերյանի ֆոնդում պահպանվում է «Պեպոյի»՝ նրա արած ռուսերեն թարգմանությունը, որը խմբագրել է Մաքսիմ Գորկին։ Գորկու նշումները ևս պահպանվում են այդ օրինակի վրա։
Գ․ Սունդուկյանի ֆոնդի տպավորիչ ցուցանմուշներից են նրա գրենական պիտույքները, որոնցով գրվել են մեծ դրամատուրգի երկերը, և որոնք այսօր էլ կարող են շատ ստեղծագործողների նախանձը շարժել, թերևս։
Կարինե Ռաֆայելյան
ԳԱԹ ցուցանմուշների լուսանկարները՝ հեղինակի
Գլխավոր նկարում՝ Գ․Սունդուկյանի գրենական պիտույքները






