Դեղձանիկները
«Թանկագինս: Ես ստիպված եմ ընդհատել խոստացված լռությունը և քեզ նամակ գրել: Ընդամենը մեկ։
Բանն այն է, որ ես այլևս ի վիճակի չեմ խնամելու դեղձանիկներին, որոնք դու ինձ էիր նվիրել անցյալ տարի: Այս ամբողջ ընթացքում նրանց հոգ էր տանում կինս: Իսկ ինձ մնում էր նայել, թե նա ինչպես է դա անում: Ես դիտում և հիշում էի քեզ։
Հիշում ես, դու ասում էիր` դու կին ունես, իսկ ես` ամուսին, այնպես որ արի բաժանվենք: Իսկ այ, եթե դու ամուսնացած չլինեիր, ահա այդ ժամանակ։ Դե, և այլն: Եվ նվիրեցիր ինձ ի հուշ երկու դեղձանիկ: Թե թռչուններն այդ ամուսիններ են: Ահա բռնեց թռչնորսը մի արուի և մի էգի, դե, ու դրել էր նրանց նույն վանդակը: Իսկ թռչնակներն այդ երբեք չէին մտածել, որ միասին կլինեն: Ասում էիր՝ նայիր նրանց և հիշիր ինձ: Թեպետ այնքան տարօրինակ է թռչնակներ նվիրելը, դե թող որ նրանցում ապրի հուշը մեր մասին: Իհարկե, նրանք երբևէ կմահանան: Ահա այդպես էլ թող և մեր հիշողությունը մահանա, երբ ժամանակը գա: Ահա թե ինչ էիր դու ասում։
Իսկ հիմա ես տեսնում եմ, որ դեղձանիկները շուտով կմեռնեն: Որովհետև մահացել է այն մարդը, որը խնամում էր նրանց: Չէ՞ որ դու գիտես` ես չքավոր ու անպատասխանատու արվեստագետ եմ: Քմահաճ թռչնակներից ես գլուխ չեմ հանի: Ավելի պարզ ասեմ` մահացել է կինս, և հիմա դեղձանիկներին էլ վիճակված է մահանալ: Ահա և ստացվում է, թանկագինս, որ հուշը քո մասին պահպանում էր կինն իմ:
Ես մտադիր էի դեղձանիկներին ազատ արձակել: Սակայն կնոջս մահից հետո նրանք էլ ինչ-որ թուլացան: Բացի այդ, նրանք չգիտեն, թե ինչ է երկինքը: Դե, մոտակա անտառում էլ դեղձանիկներ չկան, չկա մեկը, որին միանաս: Իսկ եթե, չգիտես ինչու, նրանց վիճակվի բաժանվել, նրանք մեկուսի կկործանվեն: Թեպետ դու ասում էիր, որ ահա բռնեց թռչնորսը մի արուի և մի էգի և դրեց նրանց մի վանդակի մեջ։
Նրանց խանութի՞ն ծախել: Դա ինձ դուր չի գալիս: Չէ՞որ քո նվերն է: Նրանց քե՞զ վերադարձնել: Նույնպես լավ չէ: Նրանց կերակրել է կինս, իսկ դու գուցե նրանց մասին լրիվ մոռացել ես: Նրանք քեզ վրա բեռ կդառնան:
Կրկնում եմ մի անգամ ևս: Թռչնակները ողջ են այն պատճառով, որ ողջ էր կինս: Թեպետ դեղձանիկները հուշ են քո մասին: Այդ պատճառով, սիրելիս, ես ուզում եմ, որ նրանք հետևեն կնոջս: Բանը միայն հուշը չէ: Ինչո՞ւ մենք միմյանց սիրելու հնարավորություն ունեցանք: Որովհետև ես կին ունեի: Հենց նա էր ազատում ինձ կենցաղի ամենօրյա ծանրությունից, և ես կարող էի մտածել քո մասին: Հակառակ դեպքում, քեզ հետ հանդիպելիս ես ստիպված կլինեի աչքերս փախցնել:
Այնպես որ, սիրելիս, քեզ խնդրանքով եմ դիմում: Կարո՞ղ եմ արդյոք սպանել այս թռչնակներին և թաղել կնոջս հետ նույն գերեզմանում:
Լուսանկարը
Ոմն այլանդակ դեմքով, կներեք, իհարկե, այս խոսքի համար, տղամարդ (ի դեպ, հատկապես անճոռնիությունն էր նրան բանաստեղծ դարձրել) պատմում էր.
«Լուսանկարներ ես չեմ սիրում,և ինքս էլ աշխատում եմ կադրում չհայտնվել: Բայց ահա մի հինգ տարի առաջ ստիպված եղա համաձայնել սեփական նշանդրեքիս: Այդ աղջիկն ինձ համար առանձնապես թանկ է: Քանի որ այդպիսիերկրորդը մինչև ի մահ ես չեմ ունենա: Իսկ հիմա նրանից սոսկ լուսանկարներն էլ մնացել են: Իհարկե, հաճելի է հիշելը։
Անցյալ տարի ամսագրերից մեկում կամեցան տեղադրել իմ դիմանկարը: Ես վերցրի այն լուսանկարը, որտեղ մենք երեքով ենք` հարսի և նրա քրոջ հետ, իմը կտրեցի, դրեցի ծրարի մեջ, ուղարկեցի: Իսկ օրերս եկավ լրագրողը, թե՝ տուր քո լուսանկարը: Ես փոքր-ինչ տատանվեցի, բայց կտրեցի նրա այն կեսը, որտեղ մենք հարսի հետ երկուսով ենք կանգնած: Նրան ասացի, որ անպայման վերադարձնի, բայց երևի թե ինձ չհասնի: Դե լավ, ինչոր է:
Լավ, դե լավ, միայն թե նայելն այն կեսին, որտեղ նա միայնակ է մնացել, ինձ համար տարօրինակ էր: Դա նա՞ է, թե՞ ոչ: Պետք է ասել, որ նա շատ գեղեցիկ էր: Ինչքան չլինի, տասնյոթ տարեկան է, սիրահարված: Բայց ահա վերցնում եմ ես այն կեսը, որտեղ նա միայնակ է մնացել, նայում և չեմ կարողանում հավատալ` այս ինչ հրեշ է: Բայց չէ՞ որ հենց այս լուսանկարում, որտեղ մենք երկուսով ենք, նա ինձ այնպիսի գեղեցկուհի էր թվում: Թո՜ւ։ Ասես երջանիկ երազից մղձավանջի մեջ եմ գայթել: Ահա գանձ կար, և ահա չկա»:
Բանաստեղծի ձայնը դողաց. «Եվ ես հիմա մտածում եմ` կտեսնի նա ինձ թերթում և նույնը կասի: Թե ահա դժբախտ եմ, ինչպիսի այլանդակի եմ ես այն ժամանակ սիրել: Իսկ եթե ասի, դա արդեն վերջն է:
Իսկ այ, եթե նա տեսներ թերթում այն լուսանկարը, որտեղ մենք երկուսով ենք, թերևս այն ժամանակ նա սիրո թևերով դեպ ինձ կթռչեր: Չէ՞ որ այն ժամանակ նա կհասկանար»:
Արևի լույսը
Իմ կյանքի քսանչորսերորդ աշունը նշանավորվեց նրանով, որ մերձծովյան հյուրանոցում հանդիպեցի մի աղջկա: Մենք միմյանց դուր եկանք:
Գլուխը չհակելով՝ նա ծածկվեց իր կիմոնոյի թևքով:
Այդ տեսնելով՝ ես արդեն որերորդ անգամ մտածեցի, որ հարկ է ազատվել իմ գեշ սովորությունից:
-Միևնույն է, ես քեզ տեսնում եմ: Բայց չէ՞ որ ոչ ամբողջովին:
Նրա ձայնը նուրբ էր և խաղացկուն: Ես թեթևություն զգացի:
– Ինչ-որ բան այնպես չէ՞:
– Ոչ, ամեն ինչ կարգին է: Իրոք, ամեն բան կարգին է:
Նա թևքն իջեցրեց․ նրա լարված դեմքը վկայում էր որոշ ճիգի մասին, որը պետք եղավ նրան, որպեսզի աչքերով ինձ հանդիպի: Ես շրջվեցի. իմ առջև օվկիանոսն էր:
Ես հիմար սովորություն ունեի` նայել ուղիղ մարդու աչքերին: Շատերը դրանից անհարմարություն էին զգում: Ես կուզենայի ազատվել այդ վարվելակերպից, բայց ես տեղս չէի գտնում, եթե չէի տեսնում զրուցակցիս դեմքը: Սակայն ես ամեն անգամ սարսափելի ամոթ էի զգում, երբ պարզում էի, որ իմ սովորությունն ինձ հետ է մնացել: Ես արդարանում էի նրանով, որ այդ սովորությունը ձեռք է բերվել հավանաբար այն բանից հետո, երբ ծնողներս մահացան, և ես ստիպված եղա ապրել այլոց մոտ, և այդ պատճառով իմ արածն այն էր, որ ես ջանում էի հասկանալ, թե ինչ են ինձ սպառնում այդ անծանոթ դեմքերը:
Մի անգամ ես խորհրդածելով խորամուխ եղա առ այն, թե ամեն դեպքում երբ էր իմ մեջ հայտնվել այդ սովորությունը: Կամ այն ժամանակ, երբ ես դեռ ապրում էի իմ տանը, կամ էլ այն ժամանակ, երբ ստիպված էի ապրել մարդկանց մեջ: Պատասխան գտնել չկարողացա:
Ես շրջվեցի աղջկանից: Օվկիանոսի ափը լուսավորված էր աշնանային արևով: Այդ լույսն իմ մեջ մանկական հուշեր արթնացրեց:
Ծնողներիս մահից հետո ես պապիս հետ գյուղում ապրեցի համարյա ինը տարի: Պապս կույր էր: Բազում տարիներ նա նստած էր միևնույն սենյակում, միևնույն տեղում: Նրա առջև դրված էր ածուխով թավան․ նա մրսում էր: Պապս նստում էր` դեմքը դեպի արևելք դարձրած: Հետզհետե շրջվում էր դեպի հարավ: Եվ երբեք` հյուսիս: Այն բանից հետո, երբ ես ուշք դարձրի նրա՝ միայն մեկ ուղղությամբ թեքվելու սովորությանը, ես իսկական անհանգստություն զգացի: Ես ժամերով նստում էի պապիս կողքը, բայց երբեք չեմ տեսել, որ նա շրջվի հյուսիսի կողմը: Ասես էլեկտրական տիկնիկ, որին վիճակված է հինգ րոպեն մեկ շրջվել միայն դեպի աջ, պապս նայում էր միայն հարավ: Դա փոքր-ինչ տաղտկալի էր և փոքր-ինչ սարսափելի: Հարավը լույս է: Եվ նույնիսկ կույրին հարավը փոքր-ինչ լուսավոր է թվում:
Հետո ես մոռացա պապիս մասին, իսկ հիմա դարձյալ հիշեցի` ինչպես էր նա արևի կողմը դառնում:
Ես ուզում էի, որ պապս գեթ մեկ անգամ շրջվեր դեպի հյուսիս, և այդ պատճառով, չէ՞ որ նա կույր էր, այնպես ստացվեց, որ ես ամենայն ճիգով նայում էի նրա լուսագար աչքերին: Եվ եզրակացրի, որ աչքերի մեջ նայելու սովորությունը սկիզբ էր առնում այն օրերից, երբ ես դեռ ապրում էի հարազատ տանը: Ես այն ձեռք բերեցի այն ժամանակ, որի մասին չէի կամենա հիշել: Հիմա ես կարող էի միանգամայն հանգիստ խղճալ ինձ` ահա ևամենը: Հայտնագործությունն ինձ բերկրանքով համակեց․ ես պատրաստ էի թռչկոտել: Առավել ևս, որ ես այդ պահին այնպես էի ուզում ներկայանալ այն աղջկան առավելագույնս բարեպատեհ:
«Ես արդեն վարժվել եմ, բայց,միևնույն է, փոքր-ինչ ամաչում եմ»:
Այդ բառերը հնչեցին որպես նորից նրան նայելու թույլտվություն: Երևինա կամենում էր նաև ասել, որ սկզբում իմ վարվելակերպը փոքր-ինչ տարօրինակ թվաց:
Այժմ ես կարող էի նայել նրան պայծառացած հայացքով: Աղջիկը թեթևակի շիկնեց, նրա աչքերը խորամանկ էին: «Հիմա իմ դեմքն օրեցօր քեզ առավել ծանոթ կթվա, այնպես որ անհանգստանալու բան չկա»,- ասաց նա մանկաբար:
Ես ծիծաղեցի: Եվ քնքշության հորդում զգացի: Նա և պապս մի ամբողջություն կազմեցին: Ես կամեցա ելնել առ արևածածկ օվկիանոսի ափը:
Ռուսերենից թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը






