Հրաչյա Մաթևոյան-Հրաչօն՝ իր արթուն սրտացավությամբ
Տասը տարի առաջ՝ 2016 թ․ հունիսի 29-ին, երկրայիններիս աշխարհը թողեց Հրաչօ-Հրաչյա Մաթևոսյանը։ Նա ապրեց ու հանգավ իր երկրի, ժողովրդի ուրախությունների, (որ այնքան էլ շատ չէին) և չամոքվող ցավերի տրոփը սրտում, մտքում, գալիքի տեսիլքներում։ Տարիներ շարունակ հանդիպել ու զրուցել եմ ազգի զգայուն նյարդն իր նյարդին ներհյուսած բացառիկ մտավորականի հետ և ամբարել նրա իմաստուն խոհի պատառիկներն իմ անձնական պահոցում։ Կարդում եմ «Իրատես» լրատվականում 2008 և 2010 թթ․ արված հրապարակումներս՝ հարցազրույցներ Հրաչյա Մաթևոյանի հետ, ու արձանագրում, որ Հրաչօն այսօր էլ խոսում է մեզ հետ՝ իր արթուն սրտացավությամբ։
Ի մի բերած նրա մտքերից մի փունջ՝ ներկայացնում ենք Ardi.am-ի ընթերցողներին՝ ոգեկոչելով նրա ֆիզիկական բացակայության և հոգևոր ներկայության տասը տարիների հետագիծը։
2008 թ․
***
Մեր հասարակության դիմանկարը, դիմագիրը հենց ճակատագիրն է: Իսկ մենք մեր ճակատագիրը, այսինքն՝ դիմագիրը վաղուց կորցրել ենք: Մենք մեր ճակատագրի տերը չենք, աղավաղված ենք: Մենք ենք մեզ աղավաղել: Եվ ես երբեմն կասկածում եմ՝ մենք մե՞նք ենք, թե՞ մենք մենք չենք: Այնպիսի բաներ ենք անում, որ թվում է՝ մեկ ուրիշն է մեր ներսից մեր տունը քանդում, մեր էությունից մեզ հեռացնում, մեր գոյամարտը դարձնում կասկածելի: Անկախ նրանից, թե ով ինչ է ասում խորհրդային կարգերի մասին, մենք խորհրդային կարգերի փրկածն ենք՝ Չարենցով, Աճառյանով, Թամանյանով, Մյասնիկյանով… Մենք, իրո՛ք, մոխիրներից հառնեցինք, երկիր ստեղծեցինք, ճանաչեցինք ինքներս մեզ: Բայց նաև կա մի ճշմարտություն. հենց մեր աչքի առջև հոշոտվեց Հայաստանի մայրաքաղաք Երևանը: Դա արդեն ազգային խայտառակություն է: Թշնամի ենք դարձել կանաչ տարածություններին: Հայ ժողովրդի համար կանաչը, խոտը, ծաղիկը մնացին մանկական բանաստեղծություններում: Թթվածին գոյություն չունի Երևանում. ոչ միայն մտածողության թթվածին, այլև իսկական թթվածին, որովհետև մենք դարձանք ծառ ու ծաղկի թշնամի: Ոչնչացրինք, հոշոտեցինք և՛ Մոնումենտը, և՛ Զանգվի ձորը, և՛ մեր այգիներն ու պուրակները:
***
Բարոյականությունն էռոզիայի է ենթարկվում ամեն քայլափոխի: Եթե եղան նախարարներ, և դեռ կան, որոնք կարողացան հոշոտել բնությունը, ոսկու և այլ թանկարժեք մետաղների հանքեր նվիրել իրենց ընտանիքի անդամներին, սիրուհիներին և ոչ մի պատիժ չկրեցին, ավելին՝ դարձան ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ապա ես իրավունք չունեմ հավատալու ոչ մի իշխանավորի և Ազգային ժողովի ոչ մի պատգամավորի:
***
Հայաստանում օրենք չունենք: Եթե մարդու արժանապատվությունը, մարդու իրավունքները վիրավորվում են ամեն քայլափոխի, ապա մենք խաբված ենք: Անկախությունը մեզ վրա չեկավ: Հարյուրամյակներով պետականություն չենք ունեցել և երազել ենք անկախության մասին, բայց այսօր այդ անկախության տերը չենք, և անկախությունը Հայաստանում, հայ մարդու մեջ չգտավ իր հասցեն: Մեր անկախությունը դեռ թափառում է և միայն խոսք է, բառ է, ուրիշ ոչինչ:
***
Եթե իշխանովորներ կան, որոնց ունեցվածքն ավելի շատ է, քան Հայաստանի ողորմելի բյուջեն, զարմանալուց և հիասթափվելուց բացի ուրիշ ոչինչ չի մնում ինձ անել: Էսօր պարզվում է, որ անգամ Արցախում ծնված առաջատար իշխանավորները հեռու են Արցախի հարցից: Գայթակղվում ենք ամեն մեկս մի բանով. մեկը՝ կնոջով, մեկը՝ փողով, մեկը՝ չգիտես ինչով: Բայց էս իշխանական գայթակղությունը, նախագահ դառնալու գայթակղությունը, պատգամավոր դառնալու գայթակղությունը ազգային խայտառակություն է: «Մենակ մեկ Հայաստան կա, ան ալ հոս է»,- ասել է Սարոյանը: Լեոնիդ Ազգալդյանի խոսքն է. «Սա Հայաստան է, ու վե՛րջ»: Մենք հեռացել ենք այդ մտայնությունից: Պիտի ամաչենք Մոնթեից, Լոնիդ Ազգալդյանից, Ալեքսանդր Թամանյանի թոռ Շուրայից, իմ հպարտություն Գագիկ Գինոսյանից, Արցախում և Հայաստանում ապրող մեր մանուկներից: Ապրում ենք ավատատիրական կարգերում: Ես էդ ավատատիրությունից եմ վախենում: Մենք մեր ձեռին, աշխարհի ձեռին ճորտ ենք դառնում: Հայաստանի հողն է մեր ոտքի տակից փախչում: Ես դրանից եմ վախենում: Մենք պիտի ունենանք երեք հզոր նախարար՝ պաշտպանության, ներքին գործերի, մշակույթի: Մենք մշակույթով հաղթած ժողովուրդ ենք աշխարհում, այսօր պիտի մշակույթով ճանաչվենք:
2010 թ․
***
Վաղուց արդեն հոգնել ենք բարոյական հաղթանակներից: Ո՞վ հնարեց էդ խայտառակ խոսքը: Էնքան ասացինք էդ խոսքը, որ վրա տվեց բարոյական պարտությունը: Ու էսօր արդեն հնարավոր չէ բարոյական պարտություններից խուսափել, որովհետև գտնվում ենք անասելի դաժան իրավիճակում:
***
Էս ժողովուրդը եկել-հասել է 21-րդ դար, որ կորցնի՞ իր դիմագիծը: Մենք էն վիճակում ենք, որ մեզ էս պահին չեն կարող փրկել անգամ Թումանյանն ու Նժդեհը` միասին:
***
Ամեն հարցում ուշացած ենք մտածում: Ոչինչ հայի խելքով չենք անում: Ուրիշի խելքով նստում ենք զրույցի, ուրիշի ցավով նստում ենք խորհրդի, ուրիշի բերանին ենք նայում:
***
Մի բան հաստատ է. Ղարաբաղը պիտի մնա։ Ղարաբաղը դուռ է, Ղարաբաղը ճանապարհ է, Ղարաբաղը ողջ հայության փրկության հույս ու հավատն է: Ես մեծ վտանգներ եմ տեսնում: Ղարաբաղ-Ղարաբաղ ենք ասում, բայց էսօր հենց բուն Հայաստանն ենք կորցնում: Կորցնում ենք Հայոց աշխարհը, մեր անցյալը, մեր այսօրը, և վաղվա օրն արդեն չի երևում:
***
Էսօր մեզ մոտ ճորտատիրություն է: Ճորտատիրությունը վատ բան չէ, եթե նկատի ունենանք, որ Չարենցն իր գործի ճորտն էր: Նույնքան հրաշալի է, որ ժողովուրդն էլ լինի իր գործի ճորտը: Բայց էսօր չես հասկանում, թե ինչ է կատարվում: Նույնիսկ ճորտատիրության ժամանակներում հայ ժողովուրդը չի եղել էսքան ստորացված, էսքան ճորտ: Դրա համար էլ էս ժողովրդով հնարավոր չէ այլևս պայքար մղել:
***
Սիրտս ցավում է: Հայաստանն է դատարկվում: Իմ ցավը դա է: Դատարկվող Հայաստան կլինի՞: Հայաստան ասելով` ժողովուրդ եմ հասկանում: Հայաստանը միայն լեռ ու դաշտ չէ: Հայաստանը ապրող ժողովուրդն է: Բայց էսօր սահմանամերձ գյուղերում երկու տղամարդ չեն մնացել, որ գոնե երկու ժամ իրենց կռիվը տան սեփական տան շեմին ու հետո հանգչեն իրենց դռան առջև: Դատարկվում են գյուղերը: Ո՞ւմ պետքն է: Ո՛չ մեկի: Դրա համար էլ էսօր մարդուն ենք կորցնում` ճանապարհի մարդուն, գյուղի մարդուն, խորհող մարդուն, իր հացի, իր ապրուստի մասին մտածող մարդուն: Դատարկվում է ոչ միայն եզերքը, այլև Արարատյան դաշտավայրը, հենց Երևանը: Սիրտս նեղվում է:
***
Դարեր շարունակ սերունդներ ենք դաստիարակել Վարդան Մամիկոնյանի ու նրա նմանների օրինակով, էսօր Շուշիի հերոսին ձերբակալո՞ւմ ենք: Սրանով դատարկում ենք էն մտածողության ամբարը, թե հայրենիքի համար կռվել-արյուն թափելը հերոսություն է, հարգանքի, մեծարանքի է արժանի: Մեր հերոսները կռվեցին, զոհվեցին, եռաբլուրվեցին, բայց էսօր նրանց ընտանիքները քաղցած են, անտուն են: Ես ամաչում եմ բոլոր զոհվածների երեխաների համար, որովհետև նրանք իրենց հացը չունեն, իրենց ճանապարհը չունեն: Ամաչում եմ ուսուցիչների համար, որ չեն կարողանում` իրենց հացը գտնեն, իրենց խոսքը գտնեն, նոր սերունդ դաստիարակեն: Ինչպե՞ս դաստիարակեն: Ով ինչ ուզում է, թող ասի, ես մի բան գիտեմ. էս երկրում էսօր իշխում են գողերը: Առաջ պաշտոն էին ստանում, նոր դառնում գող, բայց էսօր հանրահայտ գողը դառնում է պաշտոնավոր, պատգամավոր: Դառնում է, որպեսզի պաշտպանի իր ունեցվածքը: Սա խայտառակություն է և թելադրված է դրսից: Առանց դրսի հովանավորչության հնարավոր չէր էսպիսի թալան անել, երկիրը բաժան-բաժան անել: Էս հողի իսկական զավակներն էսօր խորթ են, անտեր են: Էս երկրում իրենց տեր չեն զգում: Եվ բոլոր խոսքերը սին ու դատարկ են: Մենք իրավունք չունենք խաբելու ժողովրդին, բայց խաբում ենք ամեն ելույթով, ամեն հանրահավաքով, ամեն ճառով:
***
Հա՜րկ են ուզում: Միլիարդատերերից, միլիոնատերերից չեն ուզում, խեղճուկրակ գործ անողներից են ուզում: Մի վախ պիտի լինի՞, թե՝ չէ: Ընկած մանր դրամներն եք հավաքում: Մարդուն զրկում եք հացից, երեխային զրկում եք ապագայից, իսկ կողքին ուրիշները միլիարդատերեր են դառնում էս աղքատ հողի վրա, էս իրեն չգտնող երկրի մեջ: Հարկեր եք հավաքում, հա՞:
***
Ես նորից ուզում եմ հավատալ հայ ընտանիքին, հայերեն խոսքին: Ուզում եմ լավ բան ասել, լավ բան տեսնել: Ուզում եմ լույսը բարին բացվի: Բայց չեմ կարողանում հավատալ: Արդեն հնարավոր չէ հավատալ: Վատ եմ զգում․․․․ Ուզում եմ կերպարներ գտնել։ Ուզում եմ, որ մեր թատրոններից մեկը բեմադրի էսօրվա ողբերգությունները, և էդ իշխանավորները, էդ «կյանքի հերոսները» գան ու տեսեն իրենց բեմից, ինչպես որ եղել է Սունդուկյանի ժամանակ: Մենք ոչինչ չենք անում, գիրը կորցնում է իր ուժը: Ո՞ւր ես, Պարույր Սևակ, ո՞ւր ես, Մուշեղ Գալշոյան, ո՞ւր ես, Հրանտ Մաթևոսյան, ո՞ւր ես, Չարենց, ո՞ւր ես, Հովհաննես Թումանյան, ո՞ւր ես, Նժդեհ, ո՞ւր ես, զորավար Անդրանիկ… Մենք անընդհատ մեր երկիր ենք ասում, «Քելե՜, լաո՛» ենք ասում, բայց մեր ոտքի տակի հողն ենք կորցնում: Եվ ուրեմն, կարողանանք պահել հայ ընտանիքը, հայ դպրոցը և մտածել, որ վաղը կարողանալու ենք նորից ասել. «Իմ նո՛ր հայրենիք, հզո՛ր հայրենիք»: Էս նոր և հզոր հայրենիքի կարոտով էլ մաղթում եմ բոլորիս հավատ, ներշնչանք և հողի վրա տիրոջ իրավունքով քայլելու, արևին նայելու, սարերին նայելու մեր երազած երջանկությունը:
***
Մեր մեծ մարգարեն, մեծ հավատացողը, տեսանողը, համբերողը` Հովհաննես Թումանյանը, Լոռու ձորը ու մեր աշխարհը լցրել է իմաստասիրությամբ: Մեր մեծ ըմբոստը` Գարեգին Նժդեհը, Խուստուփից ավելի բարձր, Զանգեզուրի անդունդներից ավելի խոր մտքեր ունի: Մեր հին ու նոր վշտերը, դարդ ու ցավերը փորձենք բալասանել մերմեծերի բուժիչ ու սթափեցնող խոսքերով: Ականջենք Չարենցին: Էսօր մեր դեմ կանգնած են մի-մի Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա, Վան ու Ուրֆա, Մուսա լեռ…
***
Ժողովուրդը պետք է իր հոգևոր զավակներով, իր առաջնորդներով նորից ավարայրվի ու նորից սարդարապատվի: Ավելի լուսավոր բան չեմ տեսնում, քան ժողովրդի միասնությունն է լինելու: Լուսավոր բա՜ն: Ահա.
Երթամ, տեսնեմ զիմ Կիլիկիա,
Աշխարհ, որ ինձ ե’տուր արև…
Եկող սերունդներից չենք ամաչելու, նրանց լուսավոր, զորավոր Հայաստան ենք թողնելու` Արցախով, Ջավախքով…
Կարինե Ռաֆայելյան






