«Աշնան արևը» իմ արու զավակն է…
Անահիտ Ղուկասյանը Ահնիձորում էր։ Հիսուն տարի առաջ այստեղ դերասանուհին կերպավորում էր իր լավագույն դերերը․ Աղուն էր «Աշնան արև»-ում, Ռոստոմի կինը՝ «Տերը» ֆիլմում։ Անահիտ Ղուկասյանն ասում է, որ այն ժամանակ Ահնիձոր գալը շատ դժվար էր, հիմա ասֆալտապատել են ճանապարհները, բայց հիմա էլ իր համար է դժվար…
-Ձեզ հե՞շտ տրվեցին Աղունի և Ռոստոմի կնոջ կերպարները։ Ի՞նչ դժվարություններ կային,- հարցնում եմ։
-Ես ոչ մի դժվարություն չեմ ունեցել, որովհետև իմ դիմաց երկու հզոր մարդիկ էին` Հրանտ Մաթևոսյանն ու Բագրատ Հովհաննիսյանը։ Բագրատ Հովհաննիսյանը այդ ֆիլմերի ռեժիսորն էր, Հրանտ Մաթևոսյանը՝ խոսքի վարպետը։ Նա հզոր էր, խոսքի հետ խաղում էր, շատ սիրով էր գրում յուրաքանչյուր բառը….
Յուրաքանչյուր կերպարի մեջ դու հոգի, կյանք ես դնում. հենց այնպես ոչինչ չի լինում։ Խաղացածդ կերպարը քեզ համար կյանք է։ Այդ առումով ինձ համար բոլոր կերպարներն էլ և՛ հեշտ են, և՛ դժվար։
-Արդիակա՞ն է այսօր Աղունի կերպարը։
-Կինը, հայ կինը հատկապես, միշտ և բոլոր ժամանակներում պետք է արարող լինի։ Ես հույս ունեմ, որ այդպիսի կանայք դեռ կան, որովհետև նրանց վրա է հենվում կյանքը։ Նրանք են կառուցում տունը, ընտանիքը։
-Տիկին Անահիտ, հարյուրից ավելի կերպարներ եք մարմնավորել։ Տարիների հեռվից կարո՞ղ եք ասել՝ ո՛րն է Ձեր ամենահաջողված դերը։
-Չեմ կարող ասել` ո՛րն է ամենից հաջողվածը, բայց ինձ համար ամենան, ես ասում եմ` արու զավակը, իմ «Աշնան արև»-ն է։ Որովհետև իմ նկարահանումները կինոյում սկսվել են «Աշնան արևից»։
-Ինչպե՞ս եղավ Ձեր մուտքը կինո։
-Ընկերներով սրճարանում նստած պաղպաղակ էինք ուտում, մի մարդ մոտեցավ ու ասաց, որ անպայման վաղը գնամ ֆոտոնկարահանման փորձի, ասացի` չեմ գա, ընկերներս գրեթե ուժով տարան։ Աղունի կերպարի համար քառասունից ավելի դերասան կար, բայց ինձ ընտրեցին։ Հետո զանգեցին ասացին` Դուք եք անցել, այսինչ օրը պատրաստ կլինեք` կգանք Ձեզ կտանենք նկարահանելու։

-Հետո Ձեզ առաջարկվեց «Տերը» ֆիլմո՞ւմ խաղալ։
-Այդ Ռոստոմի կնոջ դերն ինձ համար էր։ Ես գիտեի, որ պիտի խաղամ։
-Ես ճանաչում էի այդ մարդկանց` և՛ Թափտղին էի ճանաչում, և՛ նրա կնոջը։ Շատ լավ կին էր ու շատ խեղճ մարդ։ Ինչո՞ւ եմ ասում` խեղճ։ Որովհետև ես նույն վիճակում եմ եղել. ես էլ երեխա չեմ ունեցել, և ես շատ լավ էի հասկանում նրան։
-Ի՞նչ հետաքրքիր դրվագներ եք հիշում նկարահանումներից։
-Ամենահետաքրքիրը Խորեն Աբրահամյանի աշխատասիրությունն էր։ Շշմելու աշխատասեր էր։ Ոչ մի անգամ չէր տրտնջում, թե քանի անգամ այդ նույն գերանը ուսին կարող էր գնալ-գալ… Գյուղից դուրս` սարի դոշին սպիտակ ձիով գալիս էր։ Ձիու մի ոտքի պայտն ընկել էր, ձին կաղում էր։ Մի անգամ բարձրացավ-իջավ և ասաց` մեղք է ձին, ես չեմ նստի… Նորից պայտեցին ձիուն։ Իսկ ամենահետաքրքիրը «Անճոռնի»-ի կերպարը խաղացող գեր երեխան էր (չգիտեմ` որտեղից էին բերել նկարահանման), որը բոլորովին չէր սիրումԽորիկին, ասում էր. «Իմ աչքերը քոր են գալիս, որ տեսնում եմ»։ Խորիկն էլ այդ երեխային չէր սիրում, ասում էր. «Չեմ հասկանում` էդ ինչ կերպար է»։ Իրար չէին սիրում ու անընդհատ նկարվում էին։
-Ինչպիսի՞ն էր այն ժամանակվա Ահնիձորը, ի՞նչ է փոխվել հիմա։
-Գյուղը փակ էր, ճանապարհ չկար ոչ մի ուղղությամբ։ Ասես մոռացված լիներ։ Թվում է՝ ոչ ոք չգիտեր, որ նման գյուղ կա։ Անգամ ռադիո չկար։
Ահնիձոր գալը շատ դժվար էր, հիմա ասֆալտապատել են ճանապարհները, բայց հիմա էլ ինձ համար է դժվար գալը։ Նոր շինություններ կան գյուղում, բայց տխուր եմ, որովհետև հին, ծանոթ շինությունները, որտեղ արվել են նկարահանումները, հիմա կիսաավեր են, գյուղն էլ ասես դատարկված լինի։
Զրուցեց Մարինե Թաթոյանը
Գլխավոր լուսանկարի աղբյուրը՝ Վիքիպեդիա






