Արամ Ավետիս. ԵՎ ԱՅԼՆԻ մարգարեն
Եթե ես ուզում եմ որ իսկական էքզիստենցիան շնչի ու անընդմեջ մահանալով հավերժ ապրի իմ մեջ ուրեմն պետք է գրեմ այսպես
«ՉԵՄ ՀԻՇՈՒՄ ՎԱՂՆ ԷՐ ԹԵ ՎԱՂԸ ՉԷ ՄՅՈՒՍ ՕՐԸ ՄԱՅՐՍ ՄԱՀԱՑԱՎ»։
Ամեն օր առավոտյան ես մտնում եմ միանգամից լոգարան որպեսզի ջնջեմ գիշերվա ընթացքում իմ մեջ աճած անքնության արթուն սաղարթը իսկ հետո երեկոյան երբ նորից պառկում եմ ամբողջ գիշերը անկողնուս մեջ կաթիլ առ կաթիլ վերապրում եմ անքնությանս մաքրումը։
Երանի այն խեղված սրբերին ովքեր բաց ու բորբոսնած աչքերով էլ չեն հավատա անքնությանը։
Ու անանուրջ ու տանջված Սիզիփոսը նորից ծանր քնաբեր է գլորում դեպի իր աներախտապարտ ու պարտված բիբի երախը։
Կանգառում կողքիս նստած գեղեցիկ կինը դանդաղ հորանջում է ու այդ պահին նրա բերանի վարդագույն ծաղկի ճարտարապետությունը փլուզվում է ու ուզվում է սուզվել իմ սիրտը նրա լեզվի հուզող զմրուխտում։
Ու ես հիշում եմ մի անծանոթ սևամորթ կնոջ ով իր ձյութե հյութեղ շրթունքները թեղեց ու թաղեց իմ մեջ իր շնչահեղձ ու չաղ ձյունը դաջեց իմ ջահել ցնորքին ու դրա համար ես մինչև հիմա երբեմն գիշերը անլույս խավարում (քանզի միայն իսկական խավարում են շոշափվում սև համբույրները) իմ լեզվի քարավանով անցնում եմ իմ շրթունքների ճարպոտ անապատով ու փորձում փնտրել նրանց վրա քո սև ծաղկի հղիությունը։
Իսկ հիմա ստինքիդ տեսիլքները լիքն են կաթնագույն լքվածությամբ։
Եթե մարդ որևէ բանի հավաքումով է զբաղվում նրան ասում են հավաքորդ։ Իսկ ինչ կասեն ինձ եթե ես զբաղվում եմ նրանով որ իմ եսի վատնումն եմ հավաքում։ Երևի Վատնորդ կամ ավելորդ ավետող մի սուրբ Մնացորդ որից մնաց միայն իր վերքերի մերկ կոլեկցիան։
Ինչ է իմ պես մարգարեի անունը երբեմն մտածում եմ ես ու հասկանում որ իմ անունը այն բացարձակ անզորություն արտահայտող բառն է որ միշտ հայտնվում է այն պահին երբ տառը բախվում է սպիտակ թղթին ու էլ չի կարողանում որպես բառ կայանալ թղթի վրա ու որպեսզի շուտ ավարտվեն իր տանջանքները ասում է իմ անունը ու բազմակետ դնում այսինքն ԵՎ ԱՅԼՆ ու ….։
Ես «ԵՎ ԱՅԼՆ» մարգարեն եմ ես անիծված ու ծավալուն այլայլվածություն։
Նումիզմատ Հուդան երեսուն արծաթը դնում է իր հավաքածուի պատվավոր տեղում իսկ Քրիստոսը փակում է իր կյանքի արյունոտ ու հետաքրքրաշարժ գիրքը այն միամիտ հույսով որ մի օր նորից կվերընթերցի այն քանզի նա հավատում է որ ՎԵՐԸՆԹԵՐՑՈՒՄԸ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ Է։
Ի սկզբանե Կալիբանն էր։
Մարդկանց բացակայությունը միս ու արյուն է ու ես ամեն օր ապրում եմ թանձր պակասության մեջ ու ամայությունը բեղուն մայրություն է։
Ու ես ինքս ինձ ներում եմ իմ ներսում անսպառ լույս ունենալու համար ու տալիս եմ ինձ Կանթողություն։
Եվ երբ Մովսեսը հարցրեց աստծուն ինչ պատասխանի մարդկանց եթե նրանք հարցնեն իր աստծո անունը աստված պատասխանեց Մովսեսին «ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ»։ Ու ես իմ Եմը լինելը գտա հենց լինելուն հակառակ լինելու մեջ այսինքն չլինելում ու ՄԵնության մեջ գտա իմ անհատականությունը ու ներկա եղա իմ երակահատմանը ու հետո դարձա այն ինչ պիտի դառնայի մի փառահեղ անուն վերցրեցի վրաս ու անվանեցի ինձ «ԵՍ ԵՄ ՈՐ ԷԻ» ու երազեցի այլևս չլինելու մասին ու այդ օրից ես ԷԻ այնքան որքան անապատությունը կարող է կուլ տալ։
Եվ երբ իմ եսը հարցրեց ինձ ինչ պատասխանի մարդկանց եթե նրանք հարցնեն թե ով եմ ես իմ անձը պատասխանեց եսիս «ԵՍ ԱՅՆ ԵՄ ԻՆՉ ԴԵՌ ՉԻ ԼԻՆԻ»։
Քայլելով քաղաքի փողոցներով ու հայացքս այս ու այն կողմ անփութորեն շպրտելով ես անընդհատ գովազդ-աղոթքի պես հիշեցնում եմ ինձ «ԱՅՍՏԵՂ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՁԵՐ ՄԱՀԸ»։
Իսկ մահացած ընձուղտի ստվերը ես դեմ չեմ թող լինի ճիչ-լիճ։
Լուսամուտից դուրս երևում է ամեն ինչ բացի այն լուսամուտից որից ես նայում եմ լուսամուտից դուրս երևում է նույնիսկ այս լուսամուտի բեկորները որից ես նայում եմ
բայց միթե բեկորները լուսամուտ են այս լուսամուտից դուրս երևում են նաև իմ բեկորները շաղ տված գետնին բայց միթե իմ բեկորները լուսամուտ են կամ նույնիսկ լուսամուտի բեկոր ես դրա մասին ինձ նույնիսկ չեմ թողնի երազել
այս լուսամուտից երևում է իմ ու քո աշխարհի բոլոր զսպված երազանքները բայց միթե այն ինչ զսպված է կարող է իրեն լուսամուտ համարել միթե սահմանը լույսի մուտքն է կամ միթե լույսը սահմաններ ունի այս լուսամուտից երևում են մեր միթեներն ու կասկածները բայց միթե լուսամուտը կասկածի տեղիք է տալիս իսկ նրանից ցատկելու տեղիք ես ամեն վայրկյան ունեմ բավական է միայն լուսամուտից դուրս նայեմ։
Ամեն վայրկյանը դա լուսամուտ է։
Ու ներսիս բեկորների տակ ես միամիտ գտնում եմ թռչունների որոնք ճախրում են անլուսամուտ ու հուսահատ։
Իմ տաք սուրճը ճղվում ու հրճվում է երբ դու քո կույր ու կարմիր մանիկյուրով խառնում ես նրան ու ես խմում եմ այդ հեղուկը ու վանգոգյան ներկերի գանգերի ալիքը խփվում է լեզու-կղզուս փրթած բայց թրծված ափերին։
ԻՄ ՀՈԳԻՆ ԱՆՀԱՆԳ ՊԱՏՈՒՀԱՆ Է։
Իմ ընկերը իմ հուղարկավորության տեքստն է ինձ կարդում իսկ ես լսում եմ նրան
իսկ ես ԿԱՅՈՒՆ ՈՒՐՎԱԿԱՆ-ՆԵՐԿ ԵՄ իսկ ես ՀԱՄԵՍՏ ԵՐԿԻՆՔ ԵՄ
որ իր մեջ անտրտունջ տանում է բոլոր մեծ մեռյալների համար սգացող կիսատ մոմերի երամը
իսկ ես ԺԱՆԳՈՏ ՈՒ ԱԺԴԱՀԱ ՄԻՐԱԺ ԵՄ իսկ ես խորհրդավոր ընթրիքին մատուցվող ԱԼՅՈՒՐԻ ՄՈՒԼՅԱԺ իսկ ես ԴԵԳԵՆԵՐԱՏ ԳԵՀԵՆ-ԳՐԱԴԱՐԱՆ իսկ ես ՀԻՊԵՐՏՈՆԻԿ ԹԵՎ ու ԹՄՐԱՄՈԼ ՊՐՈՄԵԹԵՎՍ ու վերջիվերջո իմ լեզուն ՏԱՆԻՔՆԵՐԻ ԸՆՏՐԱՆԻ Է։
Ու աչքերս փակվում են ու ծանր կոպերիս փողոցներում վանգոգյան անգո արևածաղիկներն են ծերանում։
ԻՄ ՀՈԳԻՆ ԱՆԿԱՆԳ ՈՒ ԱՆՀԱՆԳ ՄԱՀԱԴԻՄԱԿ։
Իսկ լեզվիս շեմին մեկ զույգ կոշիկ նրանց համար ովքեր դեռ պիտի վերադառնան դեպի փոշին։
Ու ես թեքվում եմ դեպի գեղեցկությունը ու ոչինչ չեմ գտնում ստվերից բացի։
Ու ես թեքվում եմ դեպի հայելին ու կնճիռների քարտեզում գտնում ՀԱՏԸՆՏԻՐ ՀԱՏԱԿ։
ՔԱՂԱՔԸ ՀԱԶ Է ԼՍՈՒՄ։
Ծաղկավաճառ խելագար կինը աչքերը փակել է որպեսզի ինձ չտեսնի ու խնդրում է որ ես շուտ հեռանամ իր ծաղիկների դիմացից իսկ ես քեզ հետ եմ շփվում աչքի պոչով նայելով ծաղիկներին որոնք խնդրում են քեզ չհեռանալ որպեսզի ևս մի քանի վայրկյան նրանց ներսում խելագարունն ապրի բայց դու հեռանում ես ու հաղթված ծաղկունք ամենուրեք։
Իսկ ես քայլում եմ դեպի կանգառը իմ ներսում տեսակավորելով իմ վերքերն ու սև կրծքալդ ու կրծքիդ արևի խավարումը իմ բերանում ու բերանիս նայող բերանդ ու որոշում եմ այլևս չթեքվել դեպի գեղեցկության կողմը ու լինել թափված աղիքներով արևածաղիկ ու թող իմ կյանքի մասին գրված գիրքը վերնագրվի այսպես «ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» իսկ մինչ այդ լռենք ու թույլ տանք որպեզի մեռնողի ձայնը հասնի այս քաղաքի բետոնե խուլ ականջին։
ՔԱՂԱՔԸ ՀԱԶ Է ԼՍՈՒՄ։
Ու ես թեքվում եմ դեպի այդ ձայնը ու կնճիռների քառ քարտեզում գտնում «Անտանիք կտտանքների կտակարանը»։
Ու տանում է երթուղայինը ինձ մարդու ով իր ներսում ԿԱՏԱՐՅԱԼ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ՀԱՏԱԿ է։
Սպիտակ թուղթն ինձ համար իսկական ԱՆՀԱՅՏ ԶԻՆՎՈՐԻ արձանն է։
Հիանալով իմ հանճարի անեզրական հմայքով դուք մոռացաք տեսնել իմ անձ-նավը որ խորտակվեց իր իսկ վայրենի առագաստների ալիքներում։
Օ Նավապետ իմ անձնասպան Նավապետ։






