ԳրաԴաշտ Կարինե Ռաֆայելյան

Փրկօղակ՝ փրկվել չջանացողին

Փրկօղակ՝ փրկվել չջանացողին

ատված «Հողանցում» անտիպ վեպից)

-Ախպերս, ես ու դու ուժեղ տղերք ենք: Ինչքան էլ մեզ կյանքը գցել ա քացու տակ, չենք կոտրվել, ոտքի ենք կանգնել, հետևներիցս էլ ուրիշներին ենք քաշել-հանել նեղ տեղերից: Գարոն մեզ նման չի: Գլխովն անցածը էդ տղուն խեղճացրել, սատկացրել ա: Հասկանո՞ւմ ես: Էդ ստից ձև ա բռնել, թե ինքը լավ տղա ա, թե մեջքը ծռող չի սրա-նրա առաջ: Իրականում շատ դժբախտ մարդ ա: Հորս արև, մեղքս գալիս ա էդ տղուն: Դրա փիքստուլ պահվածքն ու հագուկապը շիրմա ա, իբր՝ տեսեք-տեսեք: Հաստատ բան եմ ասում՝ ջարդուփշուր եղած մարդ ա: Ու թեկուզ ինձ շատ ա քաշել, թեկուզ ինքն ինձ համար ոչ ոք ա, ուզում եմ ասել՝ ո՛չ ախպեր ա, ո՛չ ընկեր, բայց սիրտս ցավում ա: Արի մի բան մտածենք, էդ տղուն փրկենք: Հա՛, փրկե՛նք, որովհետև լրիվ կորած-մոլորված ա իրա ախմախ խելքից:

-Արմե՛ն, կարծում ես՝ չե՞մ մտածել էդ մասին: Բայց ո՞նց փրկենք մի մարդու, որ ինքն է իր առաջ փակել բոլոր դռները: Փրկության կարիք ունեցողը պիտի կառչի նետված փրկօղակից, իսկ Գարոն չի ուզում դա անել:

-Արի պսակենք էդ անբանին: Մի կարգին, ուժեղ կնիկ գտնենք, դրան բուռը հավաքի, գործի դնի, նորմալ մարդ շինի:

-Արմեն ջան, ո՞ւմ հետ պսակենք: Դրան ո՞վ կուզի: Հո թանկ հագուստի ու լոպպազ խոսելու համար չե՞ն ամուսնանալու հետը: Ախր հե՛չ ընտանիքի բան չի:

-Լսի, իմ ռեստորանի հաշվապահ Անուշը գժվում ա Գարոյի համար: Մատով կանչի, վազեվազ գիրկը կընկնի: Բայց ո՛չ Սոչիում տուն-տեղ ունի, ո՛չ հոր տունը պահեց: Արի երկուսով մի տուն առնենք էդ անխելքի համար, բայց թղթերը սարքենք իմ ու քո անունով: Անուշը կխաբի, թե իրա տունն ա: Թող ապրեն մի քանի տարի: Տեսնենք՝ ինչ կստացվի: Եթե խելքի եկավ, ընտանիքի մարդ դարձավ, նվիրատվություն կանենք, եթե չէ, թող էլի ապրի, բայց թղթերը մնան մեր անունով, որ չկարողանա հոր տան նման ծախել, քոռուփուչ անել: Թե չէ, էս վիճակ չի: Սոչիում մի պադվալ ա վարձել, իբր ապրելու տեղ ունի, էստեղ գալիս քո ու Սաթեն հորքուրի կյանքն ա հարամում: Լավ ա էն հանրակացարանի սենյակում էլ արցախցիք են մնում, թե չէ դրա գլուխն էլ էր արդեն կերել:

-Էդ որ՝ հաստատ:

-Դե մտածի ասածներիս մասին, ես հենց էնպես խոսքերս քամուն տվող չեմ, ասածս արած ա:

-Չմտածես, թե իմ սիրտը չի ցավում: Վերջիվերջո, եղբայրս է: Բացի այդ, Սաթենի ախուվախը չի թողնի՝ անտարբեր մնամ: Եթե էդ տեսակը չլիներ, իմ արհեստանոցի նման մի անկյուն էլ պապիս տան բակում իր համար կսարքեի, թող գար, ապրեր: Բայց գալու է ու հարամի մեր կյանքը: Գարոյին պետք է, որ փող տան, ինքն աննպատակ վատնի: Էդքան բան։

-Չէ-չէ՜, քո տուն տանելը խելքին մոտ բան չի: Կյանքդ կհարամվի: Բայց Անուշը կազմակերպված, բայեվոյ աղջիկ ա: Վայ թե դրա հախից մենակ նա գա: Մանավանդ որ թունդ սիրահարված ա ախպորդ: Կուզե՞ս փորձենք:

-Փորձենք, բայց դու տնից գործ չունես, ես կգնեմ: Մի քանի ամսից փող կլինի ձեռքիս, ես էդ հարցը կլուծեմ:

-Ա՛յ ախպեր, Երևանում կես տան գինն իմ համար ի՞նչ ա: Իմ կնիկը մենակ Դյութի ֆրիներից էդքանի առևտուր ա անում ամեն տամոժնյա անցնելուց: Վրաստանի սահմանին նայեմ՝ պասպորտս չկա: Խառնվեցի իրար: Կնիկս թե՝ մոտս ա քո պասպորտը, հանգստացի: Ասում եմ՝ ա՛յ կնիկ, ինչ էլ հանգստացնելու ձև գտար: Տուր ըստեղ, թե չէ հեսա ոտի վրա նոր վարկ ես ձևակերպելու:  «Էս սահմանի բերանին ի՞նչ վարկ պիտի ձևակերպեմ»,- նեղանում ա: Վա՜հ, տնաշեն,- խնդում եմ,- խի էդ քո համար պրոբլե՞մ ա, օրինակ՝ Դյութի ֆրի վարկ:

-Արմե՜ն, քո հումորն անտանելի է: Ի՞նչ ես կպել էդ խեղճ կնոջից: Քեզ նման փող բերող, ուտող-խմող ամուսին ունի, վարկի եղածն ի՞նչ է, որ չձևակերպի:

-Ախպերս, հումոր չես տեսել: Մի քանի օր առաջ քելեխի համար ռեստորանս վարձել էին: Էնքան շատ ժողովուրդ էր, որ դրսից էլ մի քանի աֆիցիանտ ու ճաշ եփող կանչեցի: Էն լուրջ բաժակաճառերի պահին, էն որ սաղի դեմքից դուդուկի ձեն ա գալիս, աշխատողս դրանցից մեկին ասում ա՝ մի հատ տարելկա բեր: Սա էլ դինջ-դինջ, առանց էմոցիայի՝ լիտայուշչի՞, թե՞ սովորական: Էս խոսքի վրա փռթկացինք բոլորս: Մի ծիծաղ ա բռնել, մի քրքրջում ենք: Ես փախա դուրս, մյուսները փորները բռնած՝ խեղդվում են: Լուրջ դեմք էր մեռնողը: Որ տերերը լսեին՝ ոնց ենք հռհռում, մեծ բազառ էր դառնալու:

-Արմե՛ն, դե Սոչին ուրախ քաղաք է, դուք էլ էդպես թեթև, ծափ ու ծիծաղով թաղումներ եք անում:

-Հրա՛յր, իսկ դու տեսե՞լ ես, թե ինչ սև ու մութ ա իմ ներսը: Ես էդ զավզակություններով ինձ ու շրջապատիս եմ խաբում, որ մեր ազգի ցավից չոռնամ ու խելքս չթռցնեմ:

-Գիտեմ, Արմե՛ն: Քեզ առաջին օրը չեմ ճանաչում, եղբա՛յր:

 ***

Գարոն ու Անուշն ամուսնացան առանց աղմուկ-աղաղակի, առանց հարս ու փեսա խաղալու: Ուղղակի Գարոն մի օր եկավ Երևան ու հայտարարեց, որ պսակվել է Անուշի հետ, որը հորաքրոջ տուն ունի Երևանում: Իրենք պիտի էնտեղ ապրեն:

Անուշի ուժեղ ձեռքի տակ Գարոն կամաց-կամաց սկսեց հղկել իր վարքուբարքը, իբր Անուշի խնայողություններով, բայց իրականում Հրայրի ու Արմենի փողերով մեքենա գնեց, տաքսի վարելու թույլտվություն ստացավ: Քիչ-քիչ տուն պահելու Անուշի գործառույթը թեթևացավ, մանավանդ որ Երևանի հյորանոցներից և ոչ մեկում Անուշն իրեն Արմենի նման առատաձեռնորեն վարձատրող գործատու չէր գտել ու հազիվ էր իր և սիրելի ամուսնու գոյությունը պահելու միջոց հայթայթում: Եթե չլիներ Հրայրի ու Արմենի թաքուն օժանդակությունը, վաղո՜ւց թողած-գնացած կլիներ իր Սոչին: Մինչև մեկ-երկու, Անուշը հղիացավ: Էս նորությունն ամենաշատը Հրայրին ու Արմենին ուրախացրեց. Գարոն ընտանիքի տեր էր դառնում, իրենց անբան-աննպատակ-թափառական Գարոն, ձախողակ-մոլորված-մարդախույս Գարոն, որ կարծես թե այս անգամ հաջողեցրել էր որսալ իրեն նետված փրկօղակը: Էսպես որ գնար, հեռու չէր էն օրը, երբ երկու ընդհատակյա մեկենասները Գարոյի ու Անուշի ձեռքը կտային նրանց տան սեփականության վկայականը:

Կարինե Ռաֆայելյան