Կարինե Ռաֆայելյան Կինո

Մեկնարկեց «Ոսկե ծիրանի» 23-րդ տոնահանդեսը

Մեկնարկեց «Ոսկե ծիրանի» 23-րդ տոնահանդեսը

Հուլիսի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվեց Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը: Այն կներկայացնի մրցութային և արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև հեղինակավոր միջազգային կինոփառատոններում ցուցադրված ֆիլմեր: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին պետական և մշակութային գործիչներ, հայ և համաշխարհային կինոյի նշանավոր դեմքեր և, իհարկե, կինոարվեստի նվիրյալ հանդիսատես։ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն իր ելույթում ի մասնավորի ընդգծեց «Ոսկե ծիրանի» համաշխարհային ճանաչումը. «Տարեցտարի «Ոսկե ծիրանը» գրանցում է նոր ձեռքբերումներ։ Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ավելի քան 5000 կինոփառատոնների շարքում «Ոսկե ծիրանը» աշխարհի լավագույն 50 փառատոններից մեկն է, և սա իսկապես կարևոր նվաճում է»։

Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը վերհիշեց և դահլիճում գտնվողերին ներկայացրեց փառատոնի ստեղծման դժվար ուղին, որը ծայր է առել հեռավոր 2004 թվականին, իրականություն դարձել իր ու իր հավատարիմ ընկերների՝ կինոգետներ Միքայել Ստամբոլցյանի, Սուսաննա Հարությունյանի աննահանջ ջանքով: Նա նշեց, որ միջազգային կինոփառատոնը դարձել է հայկական կինոյի և մշակույթի կարևոր հարթակ և խթանել հայ կինոյի վերածնունդը, նպաստել նոր ռեժիսորների սերնդի ի հայտ գալուն, որոնք նկարում են նորօրյա կինոյի չափանիշներին հարիր բազմաթիվ ֆիլմեր:  

Հարություն Խաչատրյանը «Վարպետ» մրցանակը հանձնեց կինոփառատոնի այս տարվա Միջազգային ժյուրիի նախագահ, անվանի ավստրիացի ռեժիսոր Ջեսիկա Հաուսներին։

Չխախտելով ավանդույթը՝ Հարություն Խարատրյանը բեմ հրավիրեց իր ընկերներին և երեք համահիմնադիրներն ազդարարեցին 23-րդ «Ոսկե ծիրանի» բացումը:  

Սուսաննա Հարությունյանը «Փարաջանովյան թալեր» մրցանակ հանձնեց ֆրանսիացի անվանի օպերատոր Բրունո Դելբոնելին՝ համաշխարհային կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար։ Դելբոնելը համեստորեն խոստովանեց, որ երբ նայում է այն մարդկանց անուններին, որոնք արդեն արժանացել են «Փարաջանովյան թալերի», մտածում է, որ ինքը սխալմամբ է հայտնվել այդ ցանկում:

Բացման արարողության կարևոր իրադարձություններից էր աշխարհահռչակ շեփորահար, դաշնակահար և կոմպոզիտոր Իբրահիմ Մաալուֆի ելույթը՝ 100-ամյա «Նամուս» ֆիլմի թեմաներով արված իմպրովիզացիայով։

«Ոսկե ծիրանի» գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանը խոսեց այս տարվա պաստառը ձևավորած «Be a Poem» ուղերձի մասին, որը նաև առնչվում է Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» բացման ֆիլմի թեմային: Ըստ Կ. Ավետիսյանի՝ պոեզիան դիտվել է որպես աշխարհը զգալու, ընկալելու և վերաիմաստավորելու յուրահատուկ ձև: «Այս տարվա պաստառով կինոփառատոնը հանդիսատեսին հրավիրում է ոչ միայն դիտելու արվեստը, այլև ապրելու դրա ներսում, դառնալու կինոյի պոետիկ տարածության մի մասը»,- նշեց Կարեն Ավետիսյանը:

Փառատոնը բացվեց Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմով։ Ֆիլմի ցուցադրությանը նախորդած իր ելույթում Թամարա Ստեփանյանը խոստովանեց, որ իր համար առանձնահատուկ կարևություն ունի հարազատ քաղաքում, իր սիրելի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը ներկայանալ ֆիլմով, որ զգացողություններն էապես տարբեվում են Լոկառնոյի կինոփառատոնի բացմանն ունեցածներից:

«Այս ֆիլմը սիրո նամակ է իմ հայրենիքին, մեր կինոյին, մեր վերքերին, մեր կորցրած հողերին։ Այդ սիրո նամակը փորձեցի վերածել ֆիլմի»,- նշեց Թամարա Ստեփանյանը և առաջարկեց ցուցադրությունը նվիրել իր հոր, լուսահոգի Վիգեն Ստեփանյանի հիշատակին։ Ֆիլմը յուրահատուկ հայեցակետով երևակում էր մեր հայրենիքի կենացումահու պատերազմի հետցնցումների ուրվագիծը, որի կենտրոնում ֆրանսուհին էր՝ դասալիք Արտո Սարյան-Սանթրոսյանի այրին: Վերջինս եկել էր Գյումրի՝ հասկանալու համար, թե որտեղից են սկիզբ առել իր կողակցի, իր երկու զավակների հայր Արտոյի արմատները: Սպասումների, հույսերի, հիասթափությունների միջով նրա անցած ուղին կինոհանդիսատեսին պահեց լարվածության, նաև հակասական ընկալումների ծիրում և հանգուցալուծվեց՝ թողնելով բազմաթիվ հարցականների ու կախման կետերի ճնշող թնջուկում. ինչպիսին որ կյանքն է՝ իր առավել հաճախ առաջարկած անհասկանալի, անընդունելի լուծումներով:

Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 19-ը՝ ներկայացնելով խաղարկային, վավերագրական, կարճամետրաժ ֆիլմերի հարուստ ծրագիր: Ինչպես ամեն տարի՝ կլինեն հանդիպումներ համաշխարհային կինոգործիչների հետ, վարպետության դասեր, մասնագիտական քննարկումներ:

Կարինե Ռաֆայելյան

Նախորդ գրառումը