ԳրաԴաշտ Գրիգոր Ֆերեշեթյան

Իվան Բունին․ պատմվածքներ

Իվան Բունին․ պատմվածքներ

                               

Թեմիր Ակսակ-Խան    

            -Ա՜- ա՜- ա՜, Թեմիր-Ակսակ-Խան,- վայրենորեն ողբում է գեղգեղուն, կրքոտորեն ու անհուսորեն թախծալի ձայնը ղրիմյան գյուղական սրճարանում։

            Գարնանային գիշերը մութ է ու խոնավ, լեռնային զառիթափերի սև պատը հազիվ է նշմարվում։ Ժայռակիպ սրճարանի մոտ, խճուղում, սպիտակ ցեխի մեջ բաց մեքենա է կանգնած, և նրա սարսափելի, կուրացուցիչ աչքերից ձգվում են առաջ՝ մթության մեջ, վառ ծխի երկու երկար սյուներ։ Հեռվից, ներքևից, հասնում է անտեսանելի ծովի շառաչը, բոլոր կողմերից փչում է մթությունից տամուկ անհանգիստ քամին։ 

            Սրճարանում թանձր ծխապատ է, այն աղոտ լուսավորված է առաստաղից կախված թիթեղյա լամպով և տաքացված է անկյունի վառարանում կարմրատակող շիկացած հրաշեղջով։ Մուրացիկը, որ իսկույն սկսեց Թեմիր-Ակսակ-Խանի մասին երգը տանջալից ճիչով, նստած է կավե հատակին։ Դա հարյուրամյա կապիկ է՝ ոչխարենու բաճկոնով և գառնենու փրչոտ փափախով՝ անձրևից, արևից, ժամանակից կարմրագորշ։ Ծնկներին փայտե կոշտ քնարի պես ինչ-որ բան է։ Նա կռացել է․ ունկնդիրներին տեսանելի չէ նրա դեմքը, երևում են լոկ փափախի տակից ցցված շագանակագույն ականջները։ Մերթընդմերթ լարերից կտրուկ ձայներ կորզելով՝ նա ողբում է անտանելի, հուսահատ վշտով։ 

            Վառարանի մոտ, աթոռակին՝ կանացիորեն լիքը, բարետես թաթար էր՝ սրճարանի տերը։ Նա սկզբից ժպտում էր՝ ոչ այն է փաղաքուշ ու փոքր-ինչ տրտում, ոչ այն է ներողամիտ ու ծաղրալի։ Հետո այդպես էլ քարացավ վերցից թարթիչներով և տառապալիի ու տարակուսելիի վերածված ժպիտով։ 

            Պատուհանիկի տակ նստարանին ծխում էր հաջին՝ բարձրահասակ, վտիտ թիակներով, ճերմակամորուս, սև խալաթով ու սպիտակ գլխափաթթոցով, որը հրաշալիորեն ընդգծում էր նրա դեմքի մուգ թխությունը։ Հիմա նա մոռացել էր ծխամորճի մասին, գլուխը հետ էր գցել պատին, փակել աչքերը։ Մի ոտքը՝ զոլավոր բրդե գուլպաներով, ծնկածալ, նստարանին է, մյուսը՝ կիսակոշիկով՝ կախված։ 

            Իսկ սեղանի առջև հաջիի մոտ նստած են այն անցորդները, որոնց մտքով անցել է կանգնեցնել ավտոմեքենան և գյուղական սրճարանում մի-մի գավաթ անպետք սուրճ խմել․ կատելոկով, անջրանցիկ անգլիական վերարկուով մի հաղթանդամ պարոն ու գեղեցիկ երիտասարդ մի կին՝ ուշադրությունից և հուզմունքից գունատ։ Նա հարավուհի է, հասկանում է թաթարերեն, հասկանում է երգի բառերը․․․ Ա՜-ա՜-ա՜, Թեմիր-Ակսակ-Խան։ 

            Չի եղել Տիեզերքում Թեմիր-Ակսակ-Խանից ավելի փառապանծ խան։ Ամբողջ երկրային աշխարհը դողում էր նրա առաջ, և աշխարհի սքանչելիագույն կանայք ու աղջիկները պատրաստ էին մահանալու հանուն թեկուզ մի ակնթարթ նրա ստրուկը լինելու երջանկության։ Բայց վախճանից առաջ նստած էր Թեմիր-Ակսակ-Խանը փոշու և շուկայի քարերի մեջ ու համբուրում էր անցնող հաշմանդամների ու մուրացիկների ցնցոտիները՝ ասելով նրանց․

            -Հանեք հոգիս, հաշմանդամներ ու մուրացիկներ, քանզի չկա նրանում այլևս անգամ ցանկանալու ցանկություն։  

            Եվ երբ Աստված գթաց վերջապես նրան ու ազատեց ունայն փառքից երկրային ու ունայն երկրային հաճույքներից, շուտով փլուզվեցին նրա բոլոր թագավորությունները, ամայության մատնվեցին քաղաքներն ու պալատները, և ավազների փոշին ծածկեց նրանց ավերակները թանկարժեք ջնարակի պես հավերժ կապույտ երկնքի և դժոխքի կրակի պես հավերժ հուրհրատող արևի տակ․․․ Ա՜- ա՜- ա՜, Թեմիր-Ակսակ-Խան։ Ո՞ւր են օրերն ու գործերը քո։ Ո՞ւր են ճակատամարտերն ու հաղթանակները։ Ո՞ւր են այն պարմանուհիները, նրբենիները, խանդոտները, որ սիրում էին քեզ, ո՞ւր են աչքերը՝ սև արևների պեսմահճումդ շողացող։ 

            Բոլորը լռում են, բոլորը գերված են երգով։ Բայց տարօրինակ է․ այն հուսահատ վիշտը, այն դառը կշտամբանքը, որից այդպես հոգեմաշ է լինում նա, ավելի քաղցր է ամենամեծ, ամենակրքոտ հաճույքից։ 

            Անցնող պարոնը սևեռուն նայում է սեղանին ու թունդ կպցնում սիգարը։ Նրա տիկինը լայն բացել է աչքերը, և այտերով հոսում են արցունքները։ 

            Որոշ ժամանակ նստելով ընդարմացման մեջ՝ նրանք ելնում են սրճարանի շեմ։ Մուրացիկն ավարտեց երգն ու սկսեց ծամել, պոկել պինդ լոշիկից, որ տվել էր նրան տերը։ Բայց թվում է, թե երգը դեռ տևում է, թե դրան վերջ չկա ու չի լինի։

            Տիկինը, հեռանալիս, մուրացիկի ձեռքը մի ամբողջ ոսկեդրամ խոթեց, բայց անհանգստությամբ մտածում է, որ քիչ է, ուզում էր վերադառնալ և ևս մեկը նրան տալ՝ չէ, երկուսը, երեքը, կամ էլ բոլորի ներկայությամբ համբուրել նրա կոշտ ձեռքը։ Աչքերը նրա այրվում են արցունքներից, նա այնպիսի զգացում ունի, որ երբեք ինքն ավելի երջանիկ չի եղել, քան այդ րոպեին, երգից հետո այն մասին, որ ամենը ունայնություն ու վիշտ է արևի տակ, այդ մթին ու տամուկ գիշերը՝ անտեսանելի ծովի հեռավոր շառաչով, գարնանային անձրևի հոտով, անհանգիստ, մինչև հոգու ամենախորքը թափանցող քամիով։ 

            Վարորդը, կիսապառկած կառքի մեջ, փութով դուրս է թռչում դրանից, կռանում է դեպի լապտերների լույսը, ինչ-որ բան անում՝ ասես աստառի կողմը շրջած իր մուշտակով նման գազանի, և մեքենան հանկարծ կենդանանում է՝ դռռալով, անհամբերությունից դողալով։ Պարոնը օգնում է կնոջը մտնել, նստում է կողքին՝ շալով ծածկելով ծնկները, նա մտացիր շնորհակալություն է հայտնում նրան։ Ավտոմեքենան խճուղու թեքությամբ սլանում է վար, խոյանում վերելքն ի վեր՝ լուսե սյուներով դեմ առնելով ինչ-որ մացառուտի, և նորից դրանք մի կողմ է գցում, նետում նոր վայրէջքի մթության մեջ։ Բարձունքում, հազիվ նշմարվող լեռների ուրվագծերի, վիթխարի թվացող, վերևում առկայծում են նոսր ամպերում աստղերը, հեռու առջևում ալեբախությամբ փոքր-ինչ ճերմակին է տալիս ծովածոցի գալարը, քամին մեղմորեն ու ուժգին հարվածում է դեմքին․․․ 

            Օ՜, Թեմիր-Ակսակ-Խան, ասում էր երգը, չի եղել երկրի վրա քեզնից ավելի խիզախ, ավելի երջանիկ ու ավելի փառապանծ․ թխադեմ, հրաչ՝ վճիտ ու բարեգութ, ինչպես Գաբրիելը, իմաստուն ու պերճաշուք, ինչպես արքա Սուլեյմանը։ 

            Դրախտային սաղարթից ավելի վառ ու ավելի կանաչ էր չալմայիդ մետաքսը, և յոթնագույն աստղահրով թրթռում ու երփներփում էր նրա ադամանդե փետուրը, և թուխ ու նեղ ձեռքին քո, պատված հնդկական մատանիներով, շուրթերի ծայրով հպվելու երջանկության համար պատրաստ էին մահանալու աշխարհի սքանչելիագույն արքայադստրերն ու ստրկուհիները։Բայց,ցմրուր ըմպելով երկնային հաճույքների գավաթը, փոշու մեջ, շուկայում նստում էիր դու, Թեմիր-Ակսակ-Խան, և որսում, համբուրում անցնող հաշմանդամների ցնցոտին․

            -Հանեք տառապող հոգիս, հաշմանդամներ։ 

            Եվ դարերը սուրացին մոռացված գերեզմանիդ վրայով, և ավազները ծածկեցին մզկիթներիդ ու պալատներիդ ավերակները հավերժ կապույտ երկնքի և անգթորեն ուրախ արևի տակ, և վայրի մասրենին ծլարձակեց դամբարանի լազուր հախճապակիների մնացորդների միջից, որպեսզի ամեն նոր գարնան հետ նորիցնոր տոչորվեն նրա վրա, տակնուվրա լինեն տանջա- քաղցրալից երգերից, անասելի երջանկության կարոտից սոխակների սրտերը․․․ Ա՜-ա՜-ա, ՜Թեմիր-Ակսակ-Խան։ Ո՞ւր է այն՝ դառը իմաստությունը քո։ Ո՞ւր են հոգու տանջանքները քո՝ արցունքներով ու լեղիով դուրս ժայթքող երկրային գայթակղությունների մեղրը։ 

            Լեռները հեռացան, հետ քաշվեցին, խճուղու կողքով սուրում է արդեն ծովը՝ աղմուկով ու խեցգետնու հոտով առ ափի սպիտակ մանրախիճը ելնող։ Հեռու առջևում, մութ ցածրավայրում, ցրված են կարմիր ու սպիտակ կրակներ, կեցած է քաղաքի վարդագույն հրացոլքը, և գիշերը նրա և ծովածոցի վրա սև է ու փափուկ, ինչպես մրուր։ 

                                                         Ուշ գիշերով

            Արդյոք դա երա՞զ էր, թե՞ խորհրդավոր կյանքի գիշերաժամ, որն այնքան նման է երազատեսության։ Ինձ թվում էր, որ աշնանային տրտում մահիկն արդեն վաղուց ի վեր լողում է երկրի վրա, որ վրա է հասել ամբողջ ստից ու օրվա ունայնությունից հանգստի ժամը։ Թվում էր, որ արդեն ամբողջովին, մինչև վերջին չքավոր անկյունը քուն է մտել Փարիզը։ Երկար էի քնել ես, և վերջապես դանդաղորեն հեռանում էր ինձնից քունը, ինչպես հոգատար ու անշտապ բժիշկ, որ արել է իր գործն ու թողել հիվանդին արդեն այնժամ, երբ նա շնչեց լիակուրծք և, աչքերը բացելով, ժպտաց առ կյանքը վերադարձի ամաչկոտ  ու ուրախ ժպիտով։ Արթնանալով, աչքերս բացելով, ես տեսա ինձ գիշերվա լուռ ու պայծառ արքայությունում։ 

            Ես կամացուկ քայլում էի գորգի վրայով հինգերորդ հարկի սենյակումս և մոտեցա պատուհաններից մեկին։ Ես նայում էի մե՛կ սենյակին՝ մեծ և լի թեթև աղջամուղջով, մե՛կ պատուհանի վերևի ապակուց՝ մահիկին։ Մահիկն այդժամ ողողում էր ինձ լույսով, և, աչքերս վեր հառելով, ես երկար նայում էի նրա դեմքին։ Մահիկի լույսը, անցնելով վարագույրների ճերմակավուն ժանյակների միջով, մեղմում էր աղջամուղջը տան խորքում։ Այստեղից մահիկը չէր երևում։ Բայց բոլոր չորս պատուհանները, ինչպես և այն, ինչ դրանց շուրջն էր, լուսավորված էին պայծառ։ Մահիկի լույսն ընկնում էր պատուհաններից դալկակապույտ, արծաթադալուկ կամարներով, և դրանցից յուրաքանչյուրում ծխագույն ստվերախաչ էր, որ մեղմորեն բեկբեկվում էր լուսավորված թիկնաթոռների և աթոռների վրայով։ Եվ ամենածայրի պատուհանի թիկնաթոռին նստած էր նա, ում ես սիրում էի՝ ամբողջովին սպիտակի մեջ, նման աղջկա, դալուկ ու սքանչելի, հոգնած այն ամենից, ինչ մենք վերապրել ենք, և ինչը այդքան հաճախ մեզ կատաղի ու անողոք թշնամիներ էր դարձնում։ 

            Ինչո՞ւ նա էլ չէր քնում այդ գիշեր։ 

            Խուսափելով նրան նայելուց, ես նստեցի պատուհանի մոտ, նրա կողքին․․․  Դե, ուշ է՝ հանդիպակաց տների ամբողջ հինգհարկանի պատը մութ է։ Պատուհաններն այնտեղ կույր աչքերի պես սևանում են։ Ես նայեցի վար՝ փողոցի նեղ ու խոր միջանցքը նույնպես մութ ու դատարկ է։ Եվ այդպես ամբողջ քաղաքում։ Լոկ դալկաշող լուսինը, փոքր-ինչ խոնարհված, գլորվում է և միաժամանակ անշարժ մնում ծխամած արագասահ ամպերի մեջ, միայնակ հսկելով քաղաքի վրա։ Նա նայում էր ուղիղ աչքերիս, պայծառ, բայց փոքր-ինչ մարող և դրանից՝ տրտում։ Ամպերը ծխի պես լողում էին նրա կողքով։ Մահիկի շուրջը դրանք պայծառ էին ու հալչում էին, հետո՝ թանձրանում, իսկ կտուրների կատարներից այն կողմ անցնում էին արդեն լրիվ մռայլ ու ծանր շղթայով․․․ 

            Վաղուց ես լուսնյակ գիշեր չէի տեսել։ Եվ ահա մտքերս նորից վերադարձան հեռավոր, գրեթե մոռացված աշնանային գիշերներին, որոնք տեսել եմ ես մի ժամանակ մանկությանս օրերին, միջին Ռուսաստանի բլրավետ ու աղքատիկ տափաստաններում։ Այնտեղ լուսինը նայում էր հարազատ կտուրիս տակ, և այնտեղ առաջին անգամ ճանաչեցի և սիրեցի նրա հեզահամբույր ու դալուկ դեմքը։ Ես մտովի լքեցի Փարիզը, և մի ակնթարթ աչքիս երևաց ամբողջ Ռուսաստանը՝ ասես բարձրավայրից ես նայում էի վիթխարի ցածրավայրին։ Ահա Բալթյան ծովի ոսկեշող անապատային լայնարձակությունը։ Ահա դեպի արևմուտք աղջամուղջի մեջ թաղվող մռայլ երկրները, ահա հազվագյուտ անտառները, անապատներն ու միջանտառակները, որոնց ներքևում, դեպի հարավ, սկսվում են անծայրածիր դաշտերն ու հարթավայրերը։ Հարյուր վերստի վրա անտառներով սահում են երկաթուղիների ռելսերը՝ աղոտ փայլփլելով մահիկի ներքո։ Քնկոտ երփներանգ կայծերը առկայծում են ճանապարհների երկայնությամբ և մեկը մյուսի հետևից փախչում իմ հայրենիք։ Առջևումս թեթևակի բլրավոր դաշտեր են, իսկ դրանց մեջ՝ հին, մոխրագույն  կալվածատիրական տուն՝ հնախարխուլ ու հեզաբարո՝ մահիկի լույսի տակ․․․ Մի՞թե սա այն նույն մահիկն է, որը նայում էր մի ժամանակ մանկական սենյակիս, որը տեսել է ինձ հետո պատանի և որը տրտմում է հիմա ինձ հետ չստացված երիտասարդությանս համար։ Այդ նա հանգստացրեց ինձ գիշերվա պայծառ արքայությունում․․․  

            -Ինչո՞ւ դու չես քնում,- լսեցի ես վեհերոտ ձայնը։ 

            Եվ այն, որ նա առաջինը դիմեց ինձ տևական ու համառ լռությունից հետո, սաստիկ ու քաղցր խոցեց սիրտս։ Ես կամացուկ պատասխանեցի․

            -Չգիտեմ․․․ Իսկ դո՞ւ։ 

            Եվ նորից մենք երկար լռում էինք։ Մահիկը նկատելիորեն իջել էր դեպի կտուրները և արդեն խորապես նայում էր մեր սենյակից ներս։ 

            -Կներես,- ասացի՝ մոտենալով նրան։ Նա չպատասխանեց և ձեռքերով աչքերը ծածկեց։ 

            Ես բռնեցի նրա ձեռքերն ու հեռացրի դրանք աչքերից։ Նրա այտերով հոսում էին արցունքները, իսկ հոնքերը վերցից էին և դողում էին, ինչպես երեխայինը։ Եվ ես նրա ոտքերի մոտ ծնկի իջա, դեմքով սեղմվեցի նրան ՝ չզսպելով ո՛չ իմ, ո՛չ նրա արցունքները։ 

            -Բայց մի՞թե դու մեղավոր ես,- շշնջում էր նա շփոթված։ -Մի՞թե ես չեմ ամեն ինչում մեղավոր։ 

            Եվ ժպտում էր արցունքների միջից ուրախ ու դառը ժպիտով։ 

            Իսկ ես ասում էի նրան, որ մենք երկուսս էլ մեղավոր ենք, քանի որ երկուսս էլ խախտել ենք ուրախության պատգամը, որի համար մենք պետք է ապրենք երկրի վրա։ Մենք նորից սիրում էինք իրար՝ ինչպես կարող են սիրել լոկ նրանք, ովքեր իրար հետ տառապել, իրար հետ մոլորվել են, բայց փոխարենը իրար հետ դիմավորել են և ճշմարտության հազվադեպ պահեր։ Եվ լոկ դալուկ, տրտում մահիկն էր տեսնում մեր երջանկությունը․․․

                                                           Սրբազանը

            Երկու հարյուր տարի առաջ, մի ձմեռային օր, սրբազանը, որ օթևանել էր ինչ-որ հինավուրց վանքում, իրեն առանձնակի տկար ու խանդաղատալի էր զգում։            Երեկոյան իր ննջարանում, բազմաթիվ ու սքանչելի պատկերների առաջ, վառվում էին կանթեղները, հախճաղյուսե վառարանի ջերմությունն ու հատակը ծածկող թաղիքները քաղցրանուշ հարմարավետություն էին հաղորդում։ Եվ սրբազանը, պառկելաթախտին նստած ու ջերմանալով, մեղմորեն քաշեց զանգը։Կամացուկ մտավ ու լուռ խոնարհվեց մոնթը։                                                                           —

-Սիրելի եղբայր, կանչիր ինձ մոտ երգասացներին,- ասաց սրբազանը։- Աստված կների ինձ, անարժանին, որ ես անհանգստացնում եմ նրանց անպատեհ ժամի։                                                                                                                                               Եվ շուտով սրբազանի ննջարանը լցվեց երիտասարդ վանականներով, որոնք մտան միայն բրդե գուլպաններով․ ոտնամանները հանեցին նախքան մտնելը։

            Եվ սրբազանը ասաց ի պատասխան նրանց երկրային թափառումի։ 

            – Սիրելի՛ եղբայրներ, կցանկանայի լսել իմ պատանեկան երգասացությունները՝ ի փառս մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ մեր անճառելի Գեղեցկության անարատ Ծննդյան։ 

            Եվ նրանք սկսեցին կիսաձայն երգել այն երգասացությունները, որոնք սրբազանը ստեղծել էր իր վաղ երիտասարդության տարիներին։       

            Իսկ նա լսում էր՝ հաճախ արտասվելով ու ձեռքով փակելով աչքերը։ 

            Իսկ երբ նրանք արձակուրդ ստացան և, խոնարհվելով, սկսեցին մեկը մյուսի հետևից դուրս գալ, սրբազանը պահեց նրանցից մեկին, ամենասիրելիին, և նրա հետ երկար անշտապ զրույց ծավալեց։ 

            Նա պատմեց նրան իր ամբողջ կյանքը։ 

            Նա խոսում էր իր մանկության, պատանեկության մասին, իր պատանեկության հոգսերի ու երազանքների մասին, աղոթելու իր առաջին, ամենաքաղցր զմայլանքների մասին։ 

            Իսկ կեսգիշերվա մոտ նրան հրաժեշտ տալիս համբուրեց տենդագին-շողացող հայացքով ու մինչև գետին խոնարհվեց նրա առաջ։ 

            Եվ դա սրբազանի վերջին ձմեռային գիշերն էր․ լուսածագին գտան նրան հանգուցյալ, երկեղջյուր գավազանը ձեռքին ծնկած էր նա պատկերակալի առաջ՝ հետ գցած իր նուրբ ու դալուկ դեմքը՝ արդեն պաղ ու անբարբառ։  

            Այդպես էլ պատկերված է նա մի հին պատկերում։ Եվ այդ պատկերը ամենանվիրականն էր մի սրբի՝ գրեթե մեր ժամանակակից, պարզ տամբովյան ռամիկի համար։ Եվ, աղոթելով նրա առաջ, այսպես դիմեց նա մեծ և պանծալի սրբազանին․

            -Միտյուշկա, սիրելիս։ 

            Լոկ Աստված գիտի ռուսական հոգու անասելի գեղեցկության չափը։

Ռուսերենից թարգմանեց Գրիգոր Ֆերեշեթյանը