Արմինե Սարգսյան ԳրաԴաշտ Կրեատիվ

Գրականությունը միշտ մարդու մասին է

Գրականությունը միշտ մարդու մասին է

Իսպանաբնակ գրող, երաժիշտ և մանկավարժ Աղավնի Գրիգորյանի գործունեության շրջանակը լայն է։ Հայերենն ու հայկական իրականությունը անբաժանելի են նրա գրական ու երաժշտական աշխարհից։ Զրուցել ենք ինքնության, զավակների հետ հայերեն խոսելու, իսպանացիներին հայերեն սովորեցնելու, թարգմանությունների, ինչպես նաև սպասվելիք հեքիաթների հեղինակային ժողովածուի մասին։ 

-Գրում եք տարբեր ժանրերով։ Աղավնի Գրիգորյանը առաջին հերթին պոե՞տ է, արձակագի՞ր, թե՞ մանկագիր։

-Գրում եմ այնպես, ինչպես այդ պահին զգում եմ ասելիքս: 

Բանաստեղծություններս իմ ու աշխարհի երկխոսություններն են, փակ կամ բաց աչքերով երազներս են: Փնտրտուքն է լույսի՝ ամեն արևամուտի ու ամեն լուսաբացի: 

Որպես արձակագիր չափազանց պատասխանատու եմ գրածս յուրաքանչյուր տեքստի համար, այդ պատճառով նաև 2020-ից հետո ավելի հաճախ լռում եմ:

 Սիրում եմ աշխարհի բոլոր երեխաներին, իմ ներսի երեխային ևս, որ հավատում է ո՛չ թե հեքիաթի կախարդական փայտիկին, այլ նրանում ապրող վարակիչ բարությանը: 

-Հայերե՞ն եք հիմնականում գրում։ 

-Ունեմ ռուսերեն և իսպաներեն չափածո գործեր (Իսպանիա տեղափոխվելու սկզբնական շրջանում են գրվել), հետո միայն հայերեն սկսեցի գրել: Փոխարենը սկսեցի թարգմանել ռուսերենից և իսպաներենից՝ այլ հեղինակների: Անցյալ տարի առաջին իսպաներեն պատմվածքը գրեցի (մրցութային պահանջ էր), պատերազմով անցած մոր մասին է՝ 44-օրյա պատերազմում անմահացած բոլոր որդիների հիշատակին, ավելի սիմվոլիկ ու այլաբանական պատմվածք է: 

-Իրականությունը, որ դառնում է նյութ, կարելի՞ է ասել, որ հայկական է։

-Պատմվածքներիս՝ «Դաշնամուր» ժողովածուի առաջին բաժինը հայկական իրականությունն է, մյուս բաժիններում՝ զուգահեռ իրականություններ, որտեղ ազգությունը պարտադիր գործոն ու պայման չէ: Սիրում եմ իրերի, երևույթների աշխարհը: Այդ գիծը հիմա էլ առանցքայիններից է, գուցե դրա համար վերջին շրջանում ավելի շատ հեքիաթներ եմ գրում:

Իսպանական իրականությունը դեռ ուսումնասիրում եմ: Այն դեռևս ավելի շոշափելի է չափածո տողերումս, արձակում էլ կլինի՝ ոչ որպես երանգավորող ենթաշերտ, բայց դրա համար ժամանակ է պետք:

-Իսպանական միջավայրն ի՞նչ է տվել Ձեզ։ Օտար երկիրն ի՞նչ գզացողություններ է առաջացնում՝ ավելի ազատ ես, անկշիռ, գուցե ավելի մենակ, կամ գուցե մենակ լինում են միայն տանը, հայրենիքում։

-Աշխարհն ավելի լայն պատուհանից տեսնելու հնարավորություն ես ստանում, ինքդ քեզ ես նորից ճանաչում, աշխարհն էլ ես նորովի ճանաչում: Ոլորանները շատ են, կարևորը ինքդ քեզ չկորցնես:

Ազատությունը հարաբերական է, ժամանակակից աշխարհն ունի այդ թվացյալ ազատության վրա ներազդելու լավ մշակված մեխանիզմներ, որ անխափան գործում են, միշտ: Վառ օրինակներից է քովիդյան ժամանակաշրջանը, երբ բոլորիս ակնհայտորեն ցույց տվեցին, որ ճաղերն ավելի նեղ են, քան պատկերացնում էինք: Առհասարակ, աշխարհը փոխվեց դրանից հետո: Այսօր բոլորովին ուրիշ՝ նոր աշխարհում ենք ապրում, որ թակարդներ ունի ամեն հաջորդ օրվա համար դարանած: 

Ազատ ես, այնուամենայնիվ, քանի որ ստեղծագործելն արդեն իսկ ազատություն է՝ հոգու և մտքի: 

Գուցե ավելի մենակ ես, բայց և ինչ-որ պահից հասկանում ես, որ բոլորս ու միշտ մենակ ենք: Սկսում ես գնահատել ժամանակը, երբ ինքդ քեզ հետ ես: Աղմուկը մնում է պատուհանից այն կողմ: 

-Ո՞րն է օտար հողում ինքնությունը պահպանելու գրավականը։ Մեր օրերում։ 

-Ցավոք, եթե իրատես լինենք, պիտի ասեմ, որ օտար երկրում չափազանց արագ ձուլվում ենք: Շատ տարբեր էր ցեղասպանությունից մազապուրծ ու օտար ափերում ծվարած հայի ինքնապահպանական բնազդը: Հիմա Հայաստանից դուրս ապրողի հոգեբանությունն ու կենցաղը այլ են: Որևէ մեկին չեմ մեղադրում, դրա իրավունքն էլ չունեմ: Ամեն մեկս մեր բաժին հայրենիքը կրում ենք մեր մեջ ու մեր ձևով ենք սիրում:

Սիրել քո ինքնությունը, որտեղ էլ՝ ապրես, սիրել լեզուդ, խոսել զավակիդ հետ քո լեզվով. այս խնդիրը, գուցե տարօրինակ հնչի, Հայաստանում էլ կա: 

-Ի՞նչը Ձեզ տարավ հեքիաթների աշխարհ։ Շատ հաճախ մանկագիրների համար լավագույն հումքը երեխաների կամ թոռնիկների համար հորինած պատմություններն են։

-Առաջին երգերն ու սցենարները գրել եմ հայաստանյան երգչախմբիս համար շատ տարիներ առաջ, իսկ հորինածս հեքիաթները զավակներիս էի պատմում: Երեխաների հետ ամենօրյա շփումը ևս անմիջական կապ ունի հեքիաթի ծնունդի հետ. ունեմ հերոսներ, որոնց նախատիպերը աշակերտներս են, հերոսներ, որոնք եկել են հեքիաթ, ապրում են հեքիաթում կամ պատմվածքում, հետո իրենց գտել եմ իրական կյանքում՝ ինձ հիացած աչքերով նայելիս ու Պեպենիկի պես ճտճտալիս: Թոռնիկներիս համար էլ ունեմ գրած հեքիաթներ. փոքրիկ Լուսինի համար ավելի շատ երգում եմ դեռ… Ամենաբարի հեքիաթներից մեկը թոռնիկիս՝ Արեգի հետ ենք գրել. ինքը պատմել է, ես գրի եմ առել:

-Իսպաներենից հայերեն եք թարգմանում ժամանակակից գրականություն։ Ինչպե՞ս եք ընտրում գործերը, որ պետք է ներկայացնել։

-Մշտապես փնտրում եմ գեղեցիկը, արժանավորին… ոչ միայն գրականության ոլորտում: Նոբելյան մրցանակակիրները վստահաբար թարգմանիչների պակաս չունեն, ես փորձում եմ ներկայացնել մեր կողքին և այս պահին ապրող ստեղծագործողին: Վերջին թարգմանությունները այս տարի Մադրիդի գրքի փառատոնի տաղավարներից ձեռք բերած գրքերից են: Հեղինակներ կան, որոնց հետ ծանոթացել եմ տարբեր գրական միջոցառումների ժամանակ: Եթե տողերը սրտիս դիպչում են, աշխատում եմ հեղինակի խոսքը հասցնել հայ ընթերցողին:

-Հայ և իսպանալեզու գրականության ամենաակնառու տարբերությունը՝ ըստ Ձեզ։

-Շատ բարդ կլինի համեմատել կամ նույն հարթության մեջ դիտարկել. երկու տարբեր աշխարհներ են ու դրանց արտացոլումը: 

Մենք շատ ավելի մզզացող կոշտուկներ ունենք, որքան էլ ցավալի է՝ հաճախ պարզապես անտեսանելի ենք աշխարհին: Իրենք շատ ավելի հանգիստ, խաղաղ են ապրում, ստեղծագործում, ավելի քիչ ապացուցելու բան ունեն թե´ իրենք իրենց, թե´ աշխարհին: Ապրում են ներկայով (երբեք չմոռանալով անցյալի դասերը), ու յուրաքանչյուրն իր փոքրիկ մարդկային բեռն է կրում՝ իր մաշկի չափով: Մենք դեռ անընդհատ հետ ենք նայում ու միշտ ուզում ենք ամբողջ աշխարհի բեռն ուսած տանել ու փրկել, երբեմն՝ գերճիգով: 

Թվարկածները իսպանացի ու հայ մարդու՝ կյանքը տեսնելու, զգալու, ապրելու տարբերություններ են, իսկ գրականությունը միշտ մարդու մասին է: 

-Դուք գրական մրցույթների հանձնախմբերի կազմում եք լինում։ Ամիսներ առաջ, օրինակ, ամփոփվեցին «Տոնապետի» արդյունքները։ Ի՞նչ տպավորություն ունեք։ 

-Վերջին տարիներին մրցույթի հանձնախմբի կազմում լինելով՝ հասցրել եմ կարդալ մի քանի հարյուր պատմվածք: Ուրախ եմ, որ կա այս մրցույթը, որ հանրահռչակում է պատմվածքի ժանրն ու հայ հեղինակին:

Ունենք շնորհալի արձակագիրներ, որոնք ուղղակի իրենց ընթերցողին են սպասում: Ընթեցողը ևս պիտի քայլ անի՝ փնտրի հեղինակներին, հատկապես ժամանակակիցներին, գտնի ու կարդա նրանց. ոչ միայն առցանց, այլ հենց թղթից, գիրք կարդա:

-Երաժշտական գործունեությունը նույնպես լայն է։ Երգում եք, ստեղծագործում, դասավանդում․․․ Եթե չեմ սխալվում՝ նաև երգչախումբ եք հիմնադրել։ Ի՞նչը կառանձնացնեիք։ 

-Երգն անմրցելի է ինձ համար: Բեմը շատ սիրում եմ, բայց ավելի ինքս եմ օգնում, ուղղորդում, որպեսզի բեմ բարձրանան: Այս տարին խորհրդանշական էր. լրացավ մանկավարժական գործունեությանս երեսուն տարին: Այսօր իսպանացի աշակերտներս, ուսանողներս ելույթ են ունենում տարբեր բեմերից, երգի հեղինակավոր փոփ մրցույթների մասնակից ու դափնեկիրներ են: Թե՛ Հայաստանում, թե՛ Իսպանիայում աշակերտներիցս մի քանիսն արդեն դասավանդում են տարբեր երաժշտական հաստատություններում: Ուրախություն է, երբ տեսնում եմ նրանց սաների հաջողությունները:

 Երգչախումբը կյանքիս շատ կարևոր մասն է մանկուց. սկսած առաջին դպրոցական երգչախմբից մինչև ղեկավարածս երգչախմբերը՝ Հայաստանում և Իսպանիայում: Այն թեման է, որի մասին չեմ կարող մի քանի բառով խոսել, հուսամ՝ դեռ առիթներ կլինեն, մասնագիտական այս ուղղության մասին ավելի ծավալուն զրուցելու:

-Ստեղծագործական, մշակութային ու հասարակական գործունեություն ծավալող անհատները դառնո՞ւմ են յուրօրինակ կամուրջ օտար երկրի ու հայրենիքի միջև։

-Դրսում ապրող յուրաքանչյուր հայ իր երկրի, ազգի յուրօրինակ դեսպանն է: Իսկ երբ դու մշակութային գործունեություն ես ծավալում, այդ գիտակցումը, պատասխանատվությունը մեծանում է: Դու ոչ միայն կամուրջ ես, հաճախ պարզապես առաջին հայն ես, որին ճանաչում են, քեզնից է արդեն կախված՝ մարդ տեսակդ ճանաչելուց հետո՝ կուզե՞ն ճանաչել նաև քո երկիրը, քո մշակույթը: 

Մենք ունենք հզորագույն ցանց՝ աշխարհասփյուռ հայությունը, եթե մեր այդ ռեսուրսը ճիշտ օգտագործենք, այնքա՜ն բան կարելի է փոխել դեպի մեր երկիրը, մեր երկրում:

-Գրել էիք «Այս ամիսների ընթացքում ուսանողներս ճանաչեցին ու սիրեցին Հայաստանն ու հային։ Ինչպես և ի սկզբանե մտածել էի, դասերը զուտ լեզվի ուսուցում չէին լինելու, յուրաքանչյուր դաս նախ և առաջ մշակութային ծանոթություն էր, զուգահեռ արդեն` քերականական գիտելիքներ և թեմատիկ բառապաշար»։ Կբացե՞ք փակագծերը։ Դուք հայերե՞ն եք սովորեցնում օտարազգի ուսանողներին։ 

-Այս տարի բացառիկ հնարավորություն ունեցա Մադրիդի հեղինակավոր Կոմպլուտենսե համալսարանում «Հայոց լեզու» դասավանդելու: Համալսարանի հայագիտական ամբիոնի հետ համագործակցում եմ բացման օրից: Նախագիծը հեղինակային է ու մինչև օրս եղած ամենաբարդ մարտահրավերներից է ինձ համար: Տարիներ առաջ, երբ տեղափոխվում էի Իսպանիա, մտքովս չէր անցնի, թե հայերեն կդասավանդեմ իսպանացիներին: Իսկ այսօր կարող եմ փաստել, որ ուսանողներիս հայատառ ձեռագիրը իրական հրաշքներից է, որ տեսել եմ: Ուսանողներիս գրած հայերեն ամեն տառը, բառը կարդալիս հուզվել եմ անասելի…

Յուրաքանչյուր դասին նաև մշակութային էքսկուրս ենք ունեցել դեպի Հայաստան, միասին երգել ու պարել ենք հայերեն, իսկ դասընթացի ավարտին ներկա եղանք հայկական ձեռագիր մատյանների ցուցադրությանը (այս տարի Մատենադարանի ձեռագրերն առաջին անգամ ցուցադրվում էին Մադրիդի Ազգային գրադարանում):

-Մենք դժվար ժամանակներ ենք ապրում, երբևէ ունեցե՞լ եք հայրենիք չունենալու, վերջնականապես կորցնելու վախ, մտահոգություն։ 

-Ամեն օր կա այդ մտահոգությունը, օրս սկսվում ու ավարտվում է Հայաստանի լուրերով: 

-Ո՞րն է Ձեր ուժը։

-Չգիտեմ՝ ուժն է, թե թուլությունը. այն համառությունը, որով շարունակում եմ սիրածս գործով զբաղվելու շռայլությունը ինձ թույլ տալ:

-Ի՞նչ եք անում վախերի հետ։

-Բոլորս ունենք մեր մեծ ու փոքր վախերը. մի մասը հալչում է կյանքի ընթացքին զուգահեռ, մի մասն էլ դառնում է կյանքիդ ուղեկից:  Ինձ համար տարածությունն է, որ բաժանում է սիրելիներից, և ժամանակը, որ այդ տարածությունը երբեմն անհաղթահարելի է դարձնում: 

-Ի՞նչ նորություններ են սպասվում առաջիկայում։

-Շուտով կտպագրվի «Հին ու նոր հեքիաթ» հեքիաթների հեղինակային ժողովածուն (ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Անտարես» հրատարակչություն):

 Շատ երկար ենք աշխատել գրքի վրա: Նկարազարդումները արել է աղջիկս՝ Մարիամ Համբարձումյանը: Գունեղ, բարի ու հետաքրքիր պատմություններ կկարդաք գրքում: Գիրքը նախատեսված է դպրոցական տարիքի երեխաների, ընտանեկան ընթերցանության համար, նաև այն բոլոր մարդկանց համար, որոնք հավատում են հեքիաթի աշխարհին: 

Զրուցեց Արմինե Սարգսյանը