Ազդագիր

«Նոթեյշնս» փառատոնը Երևանում

«Նոթեյշնս» փառատոնը Երևանում

Օգոստոսի 1-2-ը Երևանը կհյուրընկալի «Նոթեյշնս» (Notations) միջազգային երաժշտական փառատոնը, որը երկու օրով քաղաքը կվերածի ժամանակակից երաժշտության, ձայնային արվեստի և միջդիսցիպլինար ստեղծարարության միջազգային հարթակի։ Փառատոնին կմասնակցեն 111 արվեստագետ, երաժիշտ, կատարող և հետազոտող աշխարհի 27 երկրից՝ ներկայացնելով նորարարական նախագծեր, համերգներ, պերֆորմանսներ և համագործակցություններ, որոնց զգալի մասը կցուցադրվի առաջին անգամ։

Փառատոնի ցերեկային ծրագիրը կանցկացվի Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում և Հայաստանի ազգային պատկերասրահում, իսկ երեկոյան և գիշերային միջոցառումները՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում:

Այս տարվա միջազգային ծրագրի առանցքային հյուրերից է գերմանական հայտնի էլեկտրոնային Brandt Brauer Frick տրիոն, որի ելույթը Հայաստանում բացառիկ հնարավորություն է ժամանակակից էլեկտրոնային երաժշտության սիրահարների համար։ Փառատոնին կներկայանան նաև Hogh Arthun, MOCT, ПЭУ, DIGSTORE, Rambalkoshe, Cyberfolk, հայկական ինդի բեմի showcase-ը և բազմաթիվ այլ երաժիշտներ ու ստեղծագործական համայնքներ՝ ձևավորելով բազմաժանր և բազմամշակութային ծրագիր։

«Նոթեյշնս»-ը պարզապես երաժշտական փառատոն չէ, այլ միջազգային հանդիպման վայր, որտեղ հատվում են տարբեր մշակույթներ, երաժշտական լեզուներ և ստեղծագործական մոտեցումներ։ Երկու օր շարունակ Երևանը կհյուրընկալի աշխարհի տարբեր երկրներից ժամանած արվեստագետների՝ ստեղծելով համագործակցության, փորձարարության և նոր գաղափարների տարածք։ Մեզ համար կարևոր էր ստեղծել ոչ թե հերթական համերգային ծրագիր, այլ մի միջավայր, որտեղ միջազգային և հայկական արվեստագետները կարող են հանդիպել, ստեղծագործել և ներկայացնել այնպիսի նախագծեր, որոնք հնարավոր չէ տեսնել որևէ այլ բեմում։ «Նոթեյշնս»-ը հենց այդպիսի տարածք է՝ կենդանի, համարձակ և բաց նոր համագործակցությունների համար»,- նշում են փառատոնի կազմակերպիչ hosq հիմնադրամից։

Փառատոնի առանձնահատկությունն այն է, որ ներկայացվող ծրագրի զգալի մասը ստեղծվել է հենց «Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիայի ընթացքում։ Այս տարի լաբորատորիան արժանացել է աննախադեպ միջազգային հետաքրքրության․ մասնակցության համար դիմել էր գրեթե 250 արվեստագետ և հետազոտող աշխարհի ավելի քան 38 երկրներից, որոնցից ընտրվել են 111 մասնակից։