Երկխոսություն՝ առանց երկրորդի
(հատված «Հողանցում» անտիպ վեպից)
Հիմա կասես՝ գնացել արտասահմաններում կորել ես, ինձ լրիվ մոռացել։ Չէ՛, էդպես չի։ Ուր էլ գնամ, հոգիս էստեղ է, Սաթենի հետ ու քո շիրմի։ Մի քիչ էլ՝ Ելենի։ Եթե մինչև վերջ անկեղծանամ՝ նաև Մարոյի։ Արյունն արյուն, բայց ես հո գիտեմ, որ իմ ճակատագրի ինժեները Մարոն է եղել։ Էդպիսի հոգի ունենալը մեծ բացառություն է էս աննորմալ աշխարհում։ Քանի որ վստահ չեմ, թե երկրային կյանքում անսեր ապրած ամուսինները հանդիպում են երկնայինում, ստիպված եմ ինքս գուժել դժբախտության մասին։ Մարոյին երկու շաբաթ առաջ հանձնեցինք հողին, իր ցանկությամբ՝ հոր ու մոր կողքին։ Չորս օրվա հիվանդ էր եղել։ Սրտի սուր նոպայով հասցրել էին հիվանդանոց։ Բժիշկներն առաջարկել էին վիրահատել։ Շողիկը զանգել, Գարոյից փող էր ուզել։ Ասել էր՝ չունեմ։ Շողիկն ասել էր՝ մեկից պարտք վերցրու։ Նա թե՝ ումի՞ց վերցնեմ, չաշխատող մարդուն պարտք տվող չի լինում։
-Բա ինչի՞ չես աշխատում, մի հարմար գործ չկա՞ էդ ծովափնյա աշխույժ քաղաքում,- հարցրել էր մորաքույրը։
-Համբալի գործ միշտ էլ կա, բայց ես համբալություն անող չեմ։
-Իսկ չես կարո՞ղ գոնե մեկ ամիս համբալություն անել, մորդ կյանքը փրկել, հետո էլի թագավոր կաշխատես, թագավո՛րն ապրած կենա,- կատաղել էր Շողիկն ու ավարտել խոսակցությունը։
Ինձ անմեղ-մեղավոր եմ զգում. դե էդ իմ ամենաբնական վիճակն է։ Ցավում եմ, որ ես ոչինչ չեմ իմացել։ Մարոյի անուղղելի հպարտությունը թույլ չի տվել անհանգստացնել օտար մարդուն։ Ես իրեն հարյուր անգամ եմ ասել, որ մենք մի ընտանիք ենք, որ ես էլ, Սաթենն էլ նրան մեր հարազատն ենք համարում, որ հարազատությունը միայն արյամբ չի որոշվում։ Բայց չէ՛, նա էդպես էլ չկարողացավ ամբողջովին հաղթահարել մեր միջև, ավելի ճիշտ՝ քո և իր միջև նախկինում եղած լարվածությունը։ Ինչ խոսք, դու քո մահով, ինչպես արդեն ասել եմ, կարծես հաշտեցրիր մեզ իրար հետ։ Մարմինդ հողը դրեցինք, ու դու հողանցիչի նման մի բան դարձար մեր արանքում: Գոնե իմ, Սաթենի, Մարոյի, Շողիկի հարաբերություններում եղած վտագավոր լարումը թուլացավ։ Սիրտս ցավում է, որ քո կենդանության օրոք չհաջողվեց կոտրել մեր մեջ եղած կարծր սառույցը։ Հոգուդ վրա ծանրացած՝ հետդ տարար քո նոր աշխարհ։
Քո մահից հետո Սաթենն ու Մարոն, նաև Շողիկն ընկերուհիների նման մի բան էին դարձել, նստում, իրար հետ իմ ու Գարոյի ճակատագիրն էին գծում իրենց երևակայական հաշվարկներով։
Սաթենն ասում է, որ Մարոն միշտ ինձ օրինակ էր բերում Գարոյին, բայց կարծում եմ՝ դա նրան ավելի է գրգռել իմ դեմ։ Ինձ թվում է՝ իմ ու Գարոյի դեպքում ժխտվում են կենսաբանության և ֆիզիկայի օրենքները. հա՛մ արյունն է ջուր դառնում, հա՛մ էլ հողանցումը կարճմիացումային ճայթյուններից չի ապահովագրում:
Ես փորձում եմ ինչ-որ կերպ օգտակար լինել։ Գիտեմ, որ Գարոյի ամենասիրելի արժեքը փողն է կյանքում: Ինչ դադարել է Արմենի հյուրանոցում աշխատելուց, Սաթենի անունից փող եմ ուղարկում։ Բայց կարծում եմ՝ նրա համար շարունակում եմ մնալ անցանկալի ինքնակոչ եղբայր։ Թեև մեկ-մեկ ինձ անակնկալի է բերում վերջերս: Լինում են պահեր, որ մտածում եմ՝ սա ուրիշ Գարո է, որին երբեք չեմ ճանաչել: Եսի՞մ…
***
Գնացել-գտել եմ Ելենի… հա՛, Ելենի գերեզմանը: Եվս մի հողանցում։ Էս ինչքա՜ն ցավ է պարտակում հողն իր մեջ։ Չեմ կարողանում ու երևի երբեք էլ չեմ կարողանա նրան իբրև մայր ընկալել. Սաթենը տեղ չի թողել դրա համար։
Թվում է՝ մանրուք է, բայց ո՞նց է մանրուք։ Իմ ու Սաթենի ընտանեկան բառապաշարից «մայր» բառը դուրս է գրված։ Ո՛չ ես մայր ասելու, ո՛չ Սաթենը լսելու բախտն ունեցանք, չնայած ինձնից ու Սաթենից լավ մայր ու որդի շատ քիչ կգտնվի էս աշխարհում։
Մարոյի թաղմանը տարօրինակ զգացողության մեջ էի, նայում էի Գարոյին ու մտածում՝ Ելենին թաղող եղե՞լ է։ Երևի շատ բարձրաձայն էի մտածել։ Մի քանի օր անց Սաթենն ասաց.
-Հայրդ քեզ տուն բերելուց հետո գնացել է հիվանդանոց, ուզեցել է Ելենի թաղման հարցերով զբաղվել։ Պարզվել է՝ արդեն թաղել են Սովետաշանի գերեզմանոցի՝ անտեր մեռելների համար առանձնացված հատվածում։ Գնացել-գտել է տեղը, վրան քար քաշել։ Երևի կկարողանաս գտնել։
Չհարցրի էլ, թե ինչի է որոշել ինձ էդ մասին ասել։ Ամեն ինչ պարզ էր երկուսիս համար էլ․ մենք վաղուց ենք սովորել իրար առանց բառերի հասկանալ, լսել էն, ինչ կա լռությունից անդին։ Հարցուփորձով ձեր հին հարևաններից էր իմացել։ Դրան Արեշ կասեն, էնտեղ մենակ պատերը չէ, գերեզմանաքարերն էլ ականջ ունեն։
Հույս չունեի, թե կգտնեմ շիրիմը, երեսուն տարուց ավելի էր անցել։ Բայց գերեզմանի պահակը ծանոթացրեց մի ծեր գերեզմանափորի հետ, որից էլ իմացա եղելությունը: Տեր չունեցող հանգուցյալները միատեսակ շիրմներ ունեն՝ անանուն հողաթմբեր, քամուց ու անձրևից գրեթե տափակած, հարթված: Դրանց մեջ մեկումեջ առանձնանում են առավել բախտավորներինը, որ շիրմաքար կամ անվանական տապանասալիկներ ունեն: Էդպիսիներին, քանի որ շատ չեն, ծեր գերեզմանափորը հիշում է հականե-հանվանե: Եվ իհարկե, հիշում է դրանց տերերին, որոնք հոգացել են, որ իրենց հանգուցյալները քիչ թե շատ մարդավայել գերեզման ունենան: Պատմեց, որ Ելենին թաղելուց մի քանի օր հետո եկել է մի տղամարդ, փող տվել ու պատվիրել, որ երբ հողը նստի, քար քաշեն վրան, անուն-ազգանուն, ծննդյան-մահվան տարեթվեր գրեն:
-Մի կես տարուց էկավ, համոզվեց, որ ասածը տեղը տեղին արել եմ: Նորից փող տվեց, արաղ, ուտելիք։ Աղա տղա էր։ Էդ էր, դրանից հետո էլ էկող-գնացող չի էղել,- պատմեց:
Ելենի տապանաքարը թեքված էր. սահող հողեր են Սովետաշենում: Ասացի, որ հնարավորինս բարեկարգի:
-Աչքիս վրա,- ասաց,- դու էլ ես աղա տղա, կարաս էլ չգաս, ինչ ասիր, կանեմ։
-Ես էլի կգամ, բայց ոչ թե քեզ ստուգելու համար, այլ…
-Քո ի՞նչն ա:
-Ելենը:
Բան չհասկացավ ասածիցս: Կասկածանքով նայեց:
-Բա առաջ խի՞ չէիր գալիս:
-Սպասում էի՝ ժամանակը գա:
Խեղճ մարդն ավելի խճճվեց: Բայց էլ ոչինչ չասացի. ինքս էի խճճվել իմ ու իմ արանքում:
***
Քո երբեմնի սխալն ուղղել եմ, հետ եմ գնել Գարեգին պապիս կառուցած տունը։ Հիմա Գարոն կարող է հանգիստ վաճառել Սաթենի հանրակացարանային սենյակն ու փողը քոռուփուչ անել։ Փա՛ռք Աստծո, Սաթենի ներկա երջանկության մեջ էդ սենյակը որևէ կերպ չի տեղավորվում: Ու քանի որ ինքը երջանիկ է, անսահման է նաև իմ երջանկությունը։ Չգիտեմ՝ որքանով ես հասցրել ճանաչել քեզանից տունը գնած ընտանիքը: Ես ոչ միայն ճանաչեցի, այլև սիրեցի նրանց: Արևմտյան Հայաստանից Կիպրոս գաղթած, 50-ականներին հայրենադարձված պատկառելի մարդիկ են. արդեն հագուցյալ, տարօրինակ ու համակրելի Խորեն պապը, նրա ոսկերիչ որդի Արտոն ու Սոսի չքնաղ թոռնուհին։ Սոսին ճակատագրով ինձ է նման. մայրը մահացել է նրան ծննդաբերելիս։ Տատն է պահել։ Հայրը չի ամուսնացել, որ դուստրը խորթ մոր ձեռքի տակ չմեծանա։ Տասնութ տարեկան է եղել, երբ մահացել է տատը, ու Սոսին իր վրա է վերցրել պապի, հոր, տան խնամքը, դրա հետ մեկտեղ սովորել։ Հետաքրքիր մասնագիտություն ունի, ոճաբան է։ Մասնագիտական գյուտերը հենց իր վրա է փորձարկում:
-Ինքս իմ գովազդային պաստառն եմ,- ասում է իրեն բնորոշ հումորով:
Պապը շատ էր վախենում, որ Սոսին կամուսնա, ինքն ու Արտոն կմնան անտեր: Բոլոր հնարավոր փեսացուների առաջ փնովում էր, որ հիասթափվեն, ձեռք քաշեն իրենց տան հույս ու ապավեն թոռնուհուց…
***
Տեսնում եմ, որ քո գերեզմանն էլ խնամքի կարիք ունի։ Ժամանակ կգտնեմ, եզրաքարերը կփոխեմ, նոր թփեր կտնկեմ։ Հիմա մեր տան հոգսերով եմ զբաղված։ Այգու մեջ փոքր արվեստանոց եմ կառուցել։ Վաղուց էի երազում էդպիսի մի անկյուն ունենալու մասին։ Դրանից է, թե ինչ՝ սկսել եմ վառվռուն գույներով նկարել։ Հիշո՞ւմ ես՝ ինչ մռայլ էին առաջվա նկարներս։ Ստեղծագործական կյանքումս նոր շրջան է սկսվել, ապագայի արվեստագետները մի անհեթեթ անուն կկպցնեն երևի: Բայց ինձ համար հիմա ո՛չ միայն ստեղծագործական նոր շրջան է:
***
Գլխի ընկար, չէ՞, որ Սոսիի մասին ավելի շատ լռեցի, քան խոսեցի… Դեռ լռության տարածություն կա, որում չեմ կարողնում անհրաժեշտ բառերը տեղավորել։ Ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք…
Հաջորդ անգամ Սաթենին էլ կբերեմ, շատ է ուզում գալ։ Էդ օրը ես լուռ կլինեմ, թող ինքը քեզ պատմի իր անպատմելի երջանկության մասին։ Չմտածես, քեզ չի դատապարտելու։ Ուզում է ուրախացնել ու շնարհակալ լինել քեզնից ինձ համար։ Ինքն իր նման Սաթեն։
Կարինե Ռաֆայելյան






