Սամվել Թավադյան

Վասն երաժշտության և մահվան

Վասն երաժշտության և մահվան

Ոսկե քնար, ո՛վ ընդհանուր հարստություն Ապոլոնի

Ու թխահեր մուսաների, քեզ է լսում շարժումը՝

                                                 սկիզբն ուրախության,

Երգիչները ենթարկվում են քո նշանին, 

Երբ, ցնցվելով, դու շուրջպարը ղեկավարող

                                   նախերգանքի մուտքն ես հնչում․․․

․․․զի նետերդ

Կախարդում են աստվածների հոգին անգամ՝

ճարտարությամբ Լետոյածնի ու լիակուրծք մուսաների։

Պինդարոս, «Ներբողներ»

***

Երաժշտությունը երկու աշխարհների միջև է` լեզվի և լռության, կյանքի և մահվան… այն թափանցում է հոգու խորքը, ուղեկցում է անդրաշխարհ` օրհնյալ պտուղներով սկահակ  պարզելով մեռյալներին…

Musik, musique, music, musica… լատիներեն musicа բառը առաջացել է հին հունարեն μουσική -ից,  μουσικὴ τέχνη — մուսաների արվեստ։  Մուսաները Զևսի և տիտանուհի Մնեմոսինեի դուստրերն են։ Ինը գիշեր Զևսը կենակցել է Մնեմոսինեի հետ.

Պիերիայում, Կրոնիոն հոր հետ մերձենալով, ծնեց նրանց 

Մնեմոսինեն, որ իշխում է Էլևթերի բարձունքներին, 

Ծնեց իբրև վշտի դարման ու չարիքի մոռացություն…

Հերմեսը, քնարի լարերին զարկելով, առաջինը երգով պատվում է Մնեմոսինեին։ Մնեմոսինեն հիշողության աստվածուհին է, հիշողության անձնավորումը։ Պլատոնի խոսքերով` հիշողությունը   բացակայի ներկայությունն է։ Այդու Մնեմոսինեն և երաժշտությունը նույնանում են, քանզի Երաժշտություն ունկնդրելիս անցյալը հոսում է առ ներկան։  Երաժշտությունը ևս լեզու է` անկարող արտահայտելու անմիջականը։ 

Աստվածներին անծանոթ չէ  տառապանքը։ Անտառների աստված Պանը հաճախ էր սիրահետում նիմֆաներին, բայց նիմֆա Սիրինքսը  թաքնվել էր նրա սիրահետումներից և վերածվել եղեգնի։ Մինչ Պանը հառաչում էր, եղեգնուտում փչող քամուց մեղմահնչյուն մի ձայն լսվեց, որը  նման էր  գանգատի: Անտառների աստվածը հմայվեց արտասովոր այդ արվեստով և ասաց․ «Մեր զրույցը հավերժ ինձ հետ պիտի մնա»: Ապա մոմով իրար կպցրեց անհավասար եղեգները՝ հայտնագործելով սրինգը։

Ֆլեյտան մեզ հայտնի ամենահին երաժշտական գործիքն է։ Հարավային Գերմանիայում  հայտնաբերվել են անգղի, կարապի և մամոնտի ոսկորներից  պատրաստված  ֆլեյտաներ, որոնք թվագրվում են  35000 — 43000 տարվա վաղեմությամբ։

***

Երաժշտական հնչյունները մահվան հնչյուններն են։  

Զևսի հետ մերձենալով` Լետոն ծնեց  Արտեմիսին և Ապոլոնին։ Արտեմիսը նվիրվում է որսորդությանը.  «Որսորդություն վայելելով` իր աղեղը ոսկե ճկում, արձակում է ցավոտ նետեր…»։ Նորածին Ապոլոնը իրեն սիրելի է  հայտարարում աղեղը և կիթառը։ 

Ապոլոնը և՛ կիթառահար է, և՛ աղեղնաձիգ։ Հեռահար Ապոլոնը նետահարում է Տիփոն վիշապին,  Տիտիոսին, Նիոբեի զավակներին, իսկ երաժշտական մրցույթում հաղթում է Պանին և Մարսիասին։ Վերջինիս Ապոլոնը կախում է սոճուց և մաշկազերծում։  

Հերակլիտոսը գրում է. «Աղեղի անունը կյանք է (βίος), իսկ  գործը՝ մահ»։ βίος («կյանք») և βιός («աղեղ»)։ βίος բառը երկակի իմաստ ունի, և հենց այդ երկիմաստությամբ էլ արտահայտում է մահաբեր կյանքի էությունը։

Ապոլոնի  կիթառի հնչյունները  մահվան հնչյուններն են։ Աղեղի  թրթռացող  լարը  երգում է  մահվան  երգը: Գետնին տապալվող որսը աղեղնալարի թրթիռին կապված է այնպես, ինչպես կայծակը` որոտի ձայնին։ «Ռիգվեդայում» աղեղի հնչեղ լարը մահ է բերում` երգելով որդուն կրծքին սեղմած մոր նման։ 

Ձայնային տեսիլները թափառում են տարածության մեջ՝ իրենց դիակների, մորթիների, եղջյուրների, ոսկորների վերևում։

Պինդարոսը գրում է․ 

Արդ, առաքի՜ր մի թևավոր Քաղցր սլաք դեպի Պիթոն

զի, զարկելով քնարը քո, չես հնչելու 

Հռչակավոր Օպուսի և ըմբշամարտիկ այրի մասին․․․

Աղեղը — հեռվից հասնող մահն է, անմեկնելի   մահ: Ավելի  ճիշտ`  այդ  մահը  նույնքան  անտեսանելի  է,  որքան  ձայնը: Քնարի  լարը, աղեղի  լարը  ծագում  են  մեռած  կենդանու  ջլից  կամ աղիքից,  որն  անտեսանելի  ձայն  է  արձակում  և  հեռվից սպանում։ Լարային  գործիքների  լարերը`  մահ-քնարի լարերն  են:   Քնարը  և  կիթառը   հին  աղեղներ  են, որ մեղեդիներ են առաքում աստվածներին (նետահարում գազաններին):

Հայերեն քնար և հունարեն χορδή — աղիներ բառերը  «Նավումի մարգարեության» թարգմանությունում  համարժեք են․ 

Բաժի՛ն պատրաստիր, քնա՛ր (ջնար) լարիր, Ովնի՜ բաժնեմաս.

նա, որ բնակվում է գետերի մեջ, և ջրերը շրջապատել են նրան,

որի սկիզբը ծովն է,

և ջրերը՝ նրա պարիսպը:

Հունարեն ` ἑτοίμασαι μερίδα, ἅρμοσαι χορδήν… բաժին պատրաստիր, քնա՛ր լարիր…

Այստեղ հայերեն «ջնար/քնար»-ը համապատասխանում է հունարեն χορδή բառին, որը նշանակում է՝ «աղիքներ, փորոտիք», «այն, ինչ պատրաստված է աղիքից. աղիքե լար, «քնարի կամ տավիղի լար», «երաժշտական հնչյուն»:

***

Երաժշտությունը  ուղեկցում է անդրաշխարհ: Օրփեոսը անցնում է Ստիքս գետը, անցնում է սահմանը,  քնարի նվագով սանձահարում է ագահ ստվերներին…

Երգո՜ւմ է Օրփեոսը… ժամն է հապաղման` կանգնել է անիվն Իքսիոնի․․․ Սիզիփոսը նստել է իր քարին։ Ահեղ շունը  հմայված է նրա նվագով, հիշում է թրթիռը աղեղնալարի…

Եվրիդիկեի ստվերը արձագանքում է իր անվան վանկերին` Եվ-րի-դի-կե… 

Եվրիդիկեն հետևում է իր սիրեցյալին, բայց նա հետ է շրջվում… հնչեղ տեսիլները նման են երազների, նրանք պահանջում են փակ կոպեր և գիշեր…

***

Αυλός-ավլոսը (երկփող սրինգը) հայտնագործել է Աթենասը։ Ավլոսը Հռոմում հայտնի էր tibia (սնամեջ սրունքոսկր) անունով։ 

Հայտնի է, որ Ալկիբիադեսը հրաժարվել է սրինգ նվագելուց. «Պլեկտրը և քնարը ամենևին չեն աղավաղում ազատ մարդուն վայել կերպարանքը, մինչդեռ սրնգահարի դեմքը դառնում է անճանաչելի անգամ մերձավորների համար։ Այնինչ քնարի նվագը կարելի է զուգակցել երգով։  Հետևաբար, թող սրինգ նվագեն թեբեացիների երեխաները. նրանք, միևնույն է, խոսել չգիտեն։ Մեզ՝ աթենացիներիս, ինչպես ասում են նախնիք, առաջնորդում է Աթենան/սը/, և հովանավորում`  Ապոլոնը,   առաջինը  նետեց իր սրինգը, իսկ երկրորդը մաշկազերծեց  սրնգահարին»։

Եփրեմ Ասորին հիշատակում է  սրուիլ երաժշտական գործիքը։ Հրաչ Մարտիրոսյանը առաջարկում է այս բառը դիտարկել որպես իրանական «եղջյուր» բառի և -իլ/ղ ածանցի  բաղադրություն։ Որպես այլընտրանք  առաջարկվում է *sru- «սրունք, սրունքոսկր» արմատը։

***

Միշել Տուրինեի «Ուրբաթը կամ Խաղաղօվկիանոսյան լիմբոսը» վեպում Ուրբաթը բացականչում է.

-Մեծ նոխազը մեռած է, սակայն շուտով ես նրան թռչել ու երգել կստիպեմ…

Ուրբաթը չինարի փայտից երկու անհավասար երկարությամբ չորսու տաշեց։ Դրանցից երկարի վրա երկու անցք բացեց, որոնք հագցրեց երկու պոզերի ծայրերին՝ դրանք միավորելով։ Ավելի կարճ ձողը զուգահեռ ամրացրեց առաջինին՝ մռութի կես բարձրության վրա։ Մոտ մեկ մատնաչափ ավելի վերև, ակնախոռոչների արանքում, սոճու շերտաձողիկ դրեց, որի վերին եզրաշերտի վրա տասներկու նեղ փոսորակ էր արել: Վերջապես պոկեց Անդոարի աղիքները, որ դեռ ծառի ճյուղերից կախված ճոճվում էին՝ դառնալով արևից դաբաղված նեղ ու չոր շերտիկներ, և մոտ երեք ոտնաչափ երկարությամբ հավասար հատվածների բաժանեց: Այդպես, Ռոբինզոնի աչքի առաջ նա օրեր շարունակ երկու ձողիկների արանքում սռնիների օգնությամբ տասներկու աղիքներն էր ձգում, որոնք լարեր դարձան Անդոարի գանգի մեջ։ Դա քնար չէր կամ կիթառ, որն ինքն էր նվագելու, այլ տարերքների մի գործիք, էոլյան տավիղ, որի միակ կատարողը քամին էր լինելու։ Ակնախոռոչները ձայնադարձային անցքերի դեր էին կատարում: Որպեսզի ամենաթույլ քամու շունչն իսկ լարերի վրա ընկնի, Ուրբաթը գանգի երկու կողմերում փակցրեց անգղի թևեր։ Այնուհետև էոլյան տավիղը տեղ գտավ չորացած նոճու ճյուղերի արանքում, որի նիհարիկ ուրվագիծը խոյանում էր քարակույտի մեջտեղում, քամիների վարդի սրտում։ Ի դեպ, հազիվ տեղադրված, այն անմիջապես մեղեդային ձայն հանեց, բարակ և բողոքող, թեև միանգամայն հանդարտ եղանակ էր։ 

Դա իրապես տարերքների նախաստեղծ, անմարդկային երաժշտություն էր՝ հողի մռայլ կանչը, երկնային ոլորտների ներդաշնակությունը և զոհաբերված մեծ նոխազի թախծալի հառաչը։ 

Սամվել Թավադյան