Դերենիկ Դեմիրճյանի «Հովնան մեծատուն» դրամայի այս հրապարակումը վերջինն է, այն եզրափակում է դասականի նորատիպ թատերգության՝ շարունակաբար ներկայացված հատվածները: Արժեքավոր այս երկը հանրայնացնելու նպատակն ունենալով իբրև առաջնային՝ մենք նաև փայփայում ենք այն որևէ բեմադրիչի ուշադրության դաշտում հայտնվելու հույսը: Հավատացած ենք, որ մեզ համար մշտապես տրոփուն Հայոց ցեղասպանության թեման ու դրա դեմիրճյանական անսպասելի մեկնաբանությունը չեն կարող անտարբեր թողնել լուրջ հանդիսատեսին:
Կարինե Ռաֆայելյան
Դրամա 4 արարով
Սկիզբը՝ այստեղ
(Զապտիաները մոտենում են և բռնում Հերիքին: Նազեն, վեր թռչելով, մոտենում է, որ օգնի Հերիքին):
Նազե — Թողե՛ք:
Հովնան — (Նազեին) Քաշվի՛ր, անզգա՛մ:
(Զապտիաներից մեկը բռնում է Նազեին, մյուսը Հովնանի հետ քաշում է Հերիքին դեպի վրանը: Հերիքը դիմադարում է, բայց նրան տանում են վրանը):
Նազե — Ամա՜ն, օգնեցե՜ք, տարա՜վ, էս մե՜կն էլ տարավ:
(Նազեն գնում է Հերիքի հետևից, բայց զապտիան նրան հետ է մղում: Նազեն ընկնում է երեսի վրա և մնում այդ դիրքում):
Ջնդո — Սրանք իրենց կյանքն ազատեցին, մենք մնացինք դրսի շուն: Մի կտոր հաց տային, մնացածը՝ ջհանդամը:
Զապտիա — (Պառկածներին) Դե՛ , քաշվեցե՛ք:
(Նազեն, Ջնդոն և Զարդարը քաշվում են դեպի աջ և դուրս ելնում):
Հովնան — (Վրանում) Ահա՛ , Հասա՛ն բեյ, ահա՛ քո պահուստը:
Հասան բեյ — (Զննելով Հերիքին) Ուշացել ես, Հովնա՛ն էֆենդի, թառամել է վարդը:
Հովնան — (Սարսափած) Ուշացե՜լ եմ… կյանքի՜ց ուշացել եմ:
Բ հյուր — (Ուզելով օգնել Հովնանին) Տա՛ր աղջիկը, տա՛ր:
Հովնան — Ամեն բան այսպես փտա՞ծ պիտի լինի: Ինչ բանի ձեռ եմ գցում, չոթռում է, պատռվում: Ի՞նչ ծախեմ հիմի, ի՞նչը գին ունի, որ ծախեմ: Աստված փարա չարժե:
Բ հյուր — Տա՛ր սրան, տա՛ր:
Ա հյուր — Չէ՛, սպասիր, կարծեմ՝ գեշը չէ: Բեր, ես կառնեմ:
Հովնան — (Ուրախացած): Հա՞, բերե՞մ: Կազատե՞ս:
Ա հյուր — (Մյուսներին աչքով անելով) Կազատեմ:
Հովնան — Դե՛,աղջի՛կս, գնա՛: Կազատի:
Հերիք — (Ընդդիմանալով) Թո՛ղ հայրիկ: Տե՛ս, խաբում է, չի ազատի, թո՛ղ:
Հովնան — Գնա՜:
Հերիք — Ա՜խ, հայրի՛կ, ի՞նչ ես դառել: Մեղք ես, թո՛ղ:
Ա հյուր — (Զապտիային) Տար այս աղջիկը մյուսների մոտ:
(Զապտիան Հերիքին զորով տանում է դեպի ձախ):
Ա հյուր — (Հովնանին) Դե՛, դու էլ քաշվիր:
Հովնան — Բե՜յ…
(Զապտիան Հովնանին հրում է դուրս):
Հովնան — (Ընդդիմանալով) Բեյե՜ր, բեյե՜ր… գեղեցիկ աղջիկներ կբերեմ ձեզ համար…
Գ հյուր — (Առաջ գալով) Կարո՞ղ ես…
Հովնան — Արար աշխարհք կհավաքեմ, կբերեմ: Խնայեցե՜ք խեղճ ծերուկիս:
Հյուրեր — Դե գնա բեր:
Հովնան — Հա՜, բախտս բանեց: (Վազում է դեպի դուրս): Ա՛յդ ասեք, դա ի՛մ բանն է:
Չավուշ — (Զապտիային) Վրանի թևը իջեցնենք, արևը թեքվեց:
(Երկուսով իջեցնում են վրանի թևն այնպես, որ այլևս ոչին չի երևում: Միայն երբեմն լսվում է սրնգահարի և դափ ածողի նվագը: Գերիները կամաց-կամաց վերադառնում են իրենց նախկին տեղը: Երևում է Հովնանը, նրա հետևից՝ Նազեն, Ջնդոն, Զարդարը, Եղոն, Սահակը):
Նազե — (Հովնանին) Տարա՞ր, շո՛ւն, տարա՞ր, կշտացա՞ր:
Հովնան — Տարա և էլի կտանեմ:
Նազե — Կտանե՜ս, շո՛ւն, կտանե՜ս:
Հովնան — Կտանեմ ու կբարձրանամ:
Նազե — Դո՞ւ, շո՛ւն, դո՞ւ պիտի բարձրանաս…
Հովնան — Շատ պիտի բարձրանամ: Ամենքից վեր պիտի նստեմ: Ապա ինչո՞ւ ընկա, որ չպիտի բարձրանամ: Կեցիր՝ գնամ դատի՜…
Նազե — Կգնա՜ս… սատկածդ պիտի տեսնեմ էգուց… կգնա՜ս…
Հովնան — Աստված երկնքից վար կիջեցնեմ, դատի կքաշեմ: Ինձ նայի՞ր. ամեն բան ծախեցի, քեզ էլ կծախեմ, կբարձրանա՜մ:
Նազե — (Ձայնը ատամների մեջ խեղդելով, չար) Կծախե՜ս, ամե՛ն բան կծախես:
Հովնան — Աստվա՛ծ կծախեմ, կբարձրանամ: (Որոնելով գերիների մեջ) Բերե՛ք, ու՞ր են աղջիկները: Վերևում ուզում են:
Բոլորը — (Խլրտում): Դե՜… Դե՜… մարդ չե՞ս, ազնվություն չունե՞ս:
Հովնան — Թքեցե՛ք, ոչնչացրե՛ք… Էլ չկա հին մարդկությունը, մեռա՜վ, փտե՜ց: Բերե՛ք աղջիկները: Տեսեք՝ սրբություն չկա՜, փտե՜ց: Տեսեք ի՜նչ քեֆ է չորս դին: Թաղում են աշխարհը: (Վրանից լսվում են ծափի, սրնգի, դափի ձայներ՝ հռհռոցի հետ): Թաղեցե՜ք, այդպե՜ս թաղեցեք ամեն ինչ… դուք՝ այդտեղ, սրանք՝ այստեղ: Ոչինչ չմնաց, մեկ եք բոլորդ՝ աղա, ծառա, մաքուր, աղտոտ, խորթ, հարազատ… բոլորդ էլ ինձ պես եք՝ խնջույքից վռնդված կամ խնջույքից վռնդվելիք քոսոտ շուն: Հա՛, հա՛, հա՛, հա՛: Վե՛րջ, վե՛րջ, վե՛րջ… Բերե՛ք աղջիկները:
Ձայներ — Աստված անիծի քեզ:
Հովնան — (Պարելով այս ու այն կողմ է վազում, պրպտում: Ապա կանգ է առնում): Ազնվությո՞ւն եք պահում: Վերջացրե՛ք: Ի՞նչ եք կորցնելու: Ոչի՛նչ, ոչի՛նչ, ոչի՛նչ: Եկեք ինձ հետ, ես նոր աշխարհք եմ գտել, նոր մարդկություն, նոր Աստված: Եկեք գնանք նրա մոտ, և դուք կտեսնեք արդարությունը՝ կայծակ ու փոթորիկ:
Եղո — Էդպիսի Աստված չկա:
Հովնան — Լինել կտամ, մեջը կանիծեմ:
Ջնդո — Գնա քեզ պես խենթերին ճանաչել տուր էդ Աստվածդ:
Հովնան — Այն ժամանակ՝ սատկեցեք… մեկի տեղ՝ միլիոն: Իմ Աստվածը չկա՞, ապա ո՞վ պիտի ասի, որ Հովնանն արդար էր: (Լացակումելով): Նա՛ պիտի ասի, որ ես արդար եմ: Հա՛, հա՛… թե չէ ձեր Աստվածն ու արդարությունը դեն ածելու աղբ են:
Ձայներ — Դե՜…
Ջնդո — Դու ի՞նչ շուն ես՝ Աստծու դեմ հաչում ես:
Հովնան — Սատկելի՛քդ սատկիր: Տեսանք՝ ուր հասցրեց ձեր Աստվածը: (Ցույց տալով ամբոխը) Ահա՛, կերե՛ք ձեր Աստվածը:
Ձայներ — Դե հերի՛ք եղավ, անզգա՛մ:
(Ամբոխը վեր է կենում և հավաքվում Հովնանի շուրջը):
Ջնդո — Ինչո՞ւ ես կատաղել, ինչո՞ւ ես հայհոյում:
Հովնան — Շան պես կբռնեմ քո այդ Աստծու բկից ու կխեղդեմ:
Ջնդո — Ծո՛, զարկե՛ք էս շանը: (Վերցնելով մի քար և հարձակվելով Հովնանի վրա) Անհավա՛տ մարդ:
Նազե — Ամա՛ն, զարկե՛ք, ազատեցե՛ք ինձ էդ Աստծու ցասումից:
Հովնան — Աստված՝ անարդար, մարդն՝ արդարացի: (Ամբոխը քարեր է նետում և հարձակվում Հովնանի վրա, որ հետ-հետ է գնում): Չեք մեռցնի, բոլորդ կմեռնեք, ես կմնամ:
Զարդար — Թողե՛ք, խենթ է:
Ջնդո — Զարկե՛ք:
Հովնան — Ո՞ւմ եք քարկոծում, ձե՜զ եք քարկոծում, ձեր անարդար Աստծո՜ւն, ողորմելինե՜ր:
(Վրանից անհանգիստ ձայներ են լսվում: Լսվում է ատրճանակի կրակոց: Ամբոխը քարերը վայր է թափում և կարկամում: Ձախ կողմից ջարդարարներն ու գերիները լցվում է վրան):
Ձայներ — (Ձախից) Բռնեցե՛ք, բռնեցե՛ք:
(Ներս է ընկնում Հերիքը՝ ատրճանակը ձեռքին: Նա կատաղի աչքեր ունի, հերարձակ է, զգեստը պատառոտված):
Նազե — (Դեմ վազելով) Ամա՜ն, ի՞նչ է…
Հերիք — (Խուլ): Բան չկա… (Շփոթված է, տեղ է որոնում բեռների մեջ): Զարկի շանը:
Նազե — Բեյի՞ն:
Հերիք — Զարկի՛…
(Հերիքը շփոթված դես ու դեն է նայում, ուզում է մտնել մի բեռան տակ: Ատրճանակը վայր է գցում):
Հովնան — (Քշելով Հերիքին) Հեռացի՛ր մեզանից:
Ջնդո — (Արգելելով Հերիքին) Կորի՛ր, անզգա՛մ:
Սահակ, Զարդար, Եղո — Գնա՛, հեռացի՛ր…
Ա զապտիա — (Աջ կողմից ներս մտնելով և հեռվում՝ խմբերի մեջ որոնելով) Ո՞ւր է շան աղջիկը:
Բ զապտիա — Էստե՛ղ փախավ:
(Ա զապտիան վազում է նրա հետևից, ջարդարար ամբոխ է լցվում աջ կողմից: Բ զապտիան մոտենում է Նազեին):
Նազե — (Իրեն մոտեցող Բ զապտիային) Էստեղ աղջիկ չկա՛:
Ա զապտիա — (Հրելով Նազեին) Սուտ էլ ես խոսո՞ւմ, անզգա՛մ… Ասին, որ էստեղ է… (Ամբոխին) Բեյին զարկող աղջկա հորը բռնեցեք:
Ջնդո – Էստե՛ղ է:
Աբրո — (Հրելով Ջնդոյին) Ձենդ կտրի՛ր, շո՛ւն:
(Ամբոխը խառնվում է, որոնում են Հովնանին ու Նազեին):
Ամբոխից մեկը — (Դուրս քաշելով ամբոխի միջից Հերիքին) Ա՛յ որտեղ է, արի՛, ցո՛ւյց տուր ծնողքդ:
Երկրորդը ամբոխից — (Մոտենալով Հովնանին) Դո՞ւ ես աղջկա հայրը:
Հովնան — Ո՛չ:
Երրորդը ամբոխից — Դո՛ւ ես: (Մտածելով) Ապա ո՞վ է սրա հայրը:
Աբրո — (Առաջ գալով) Ե՛ս եմ…
Չորրորդը ամբոխից — Թե դու Հովնանն ես, Հովնանը թոռ ունի, ո՞ւր է թոռը: (Հովնանին) Ո՞ւր է Հովնանի թոռը:
Հովնան — (Ցույց է տալիս Նազեի հետևը թաքնված Հայկին): Ահա՛, այստե՛ղ է:
Ամբոխից մեկը — (Նազեի հետևում թաքնված Հայկին նկատելով) Ահա՛ տղան, բռնեցե՛ք:
Երկրորդը ամբոխից — (Բռնում է Հայկին): Զարկե՛ք տղին:
Հայկ — (Ճչում է): Մարե՜…
Ջնդո — (Որ չի կարողանում ճեղքել ամբոխը): Աղա՛ զապտիա, ես ցույց կտամ իսկական հորը:
Հովնան — (Բռնելով Ջնդոյին, որ առաջ չգնա): Կա՛ց:
Ա զապտիա — (Նազեին) Դո՞ւ ես աղջկան մայրը:
Նազե — (Խիստ) Ե՛ս եմ… տղին ձեռ չտաք. ճամփին գտած որբ է, իմը չէ՛…
Ամբոխից մեկը — Չորսին էլ մեջտեղ բերեք:
(Աբրոյին, Նազեին, Հերիքին և Հայկին քշում են առաջ: Հերիքը դիմադրում է, իսկ Նազեն աշխատում է իրենից պոկել Հայկին, որ սարսափած կպչում է նրան):
Ամբոխից մեկը — Տարե՛ք:
Ամբոխից երկրորդը — Զարկե՛ք:
(Լսվում են ատրճանակի ձայներ, և աղմուկը հանկարծ դադարում է: Լռություն):
Հովնան — (Այլայլված փետում է մազերը, հետո փորձում ամբոխի կողմն անցնել, բայց սարսափահար կանգ է առնում): Կացե՛ք, կացե՛ք, ե՛ս եմ հայրը…
(Հովնանը հետ է նայում):
Ջնդո — (Բռնել է Ա զապտիայի ձեռքից և քաշում է դեպի Հովնանը): Ա՛յ, սա՛ է այն անզգամի հայրը:
(Ամբոխ է խմբվում Հովնանի դեմ: Հովնանը սարսափահար նայում է զապտիային և Ջնդոյին):
Հովնան — Դուք խենթացած Աստված եք:
Ա զապտիա — (Ամբոխին) Մի կո՛ղմ քաշվեք…
Բ զապտիա — (Ամբոխը քշում է մի կողմ և բացում մի շրջան, որում փռված են անշունչ Նազեն, Հայկը, Հերիքը և Աբրոն: Դիմելով Հովնանին) Դու սրանցը չե՞ս, անասո՛ւն:
Հովնան — (Սարսափած նայելով դիակներին) Ե՜ս… (Կարկամում է և խելագար մոլուցքով չոքում Աբրոյի դիակի առջև: Ցույց տալով դիակը) Ահա այս մարդը դո՛ւ ես, Աստվա՛ծ… Քո արդարության առջև` ես հող և մոխիր…
(Հովնանը կաթվածահար ընկնում է Աբրոյի դիակի վրա):
Վարագույր
Բնագիրը վերծանեց և հրատարակության պատրաստեց Կարինե Ռաֆայելյանը
No Comments