ԳրաԴաշտ Վարդան Ֆերեշեթյան

Դիլըն Թոմաս․ Ծառը 

Դիլըն Թոմաս․ Ծառը 

                            

           Տան վերևում, որից հեռվում երևում էին Ջարվիսի բլուրները, բարձրանում էր մի աշտարակ, որտեղ ցերեկային թռչունները կարող էին բներ հյուսել, իսկ բվերը՝ գիշերները թռչել շուրջը։ Գյուղից նայելիս աշտարակի պատուհանի լույսը կայծոռիկի պես էր վառվում, բայց ճնճղուկների բների տակ գտնվող սենյակում հազվադեպ էին լույս վառում․ չներկված առաստաղը ամբողջովին պատված էր սարդոստայնով։ Այստեղից կարելի էր քսան մղոն շրջակայքում տեսնել բլրապատ տեղանքը, իսկ անկյուններում կուտակված փոշին պահպանում էր ճանկերի հետքերի գաղտնիքը։

            Երեխան տունը գիտեր տանիքից մինչև նկուղ, գիտեր անկանոն ձևի մարգագետինը և այգեպանի խրճիթը, որտեղ վայրի աճած ծաղիկները դուրս էին պոռթկում իրենց ծաղկամաններից, բայց նրան չէր հաջողվում գտնել աշտարակի դռան բանալին։

            Տունը փոխվում էր՝ կախված նրա տրամադրությունից, իսկ նրա ցանկությամբ մարգագետինը կարող էր դառնալ ծով կամ երկինք՝ ինչ ասես։ Երբ մարգագետինը դառնում էր մի մղոն երկարությամբ մռայլ ջրատարածք, և նա ծաղկից պոկած առագաստով ալիքների վրայով նավարկում էր, այգեպանն էլ երբեմն դուրս էր գալիս իր խրճիթից։ Նա նույնպես կոտրում էր մի ճյուղիկ և առագաստ էր պարզում։ Այգու ցախավելը հեծնելով՝ նա թռչում էր այնտեղ, ուր երեխան կցանկանար։ Նա գիտեր աշխարհի արարչագործությունից ի վեր եղած բոլոր պատմությունները։

            — Սկզբում,- ասում էր նա,- ծառ կար։

            — Ի՞նչ ծառ։

            — Այն ծառը, որի վրա սև կեռնեխը սուլում է։

            — Բազե՛, բազե՛,- գոռում էր երեխան։

            Երբեմն այգեպանը վեր էր նայում ծառին և ճյուղի վրա տեսնում հսկայական բազե կամ օդային հոսանքի վրա սավառնող արծիվ։

            Այգեպանը սիրում էր Աստվածաշունչը։ Երբ արևը մայր էր մտնում, և այգին լցվում էր մարդկանցով, նա նստում էր իր խրճիթում՝ մոմի լույսի տակ, և կարդում առաջին սիրո մասին, հիանում խնձորների ու օձերի լեգենդներով։ Բայց ամենից շատ նա սիրում էր Քրիստոսի՝ խաչափայտի վրա մահվան պատմությունը։ Ծառերը նրա շուրջը ցանկապատ էին կազմել, և տարվա եղանակների փոփոխության մասին նա դատում էր կեղևի երանգներից ու հողի տակ ծածկված արմատներով բարձրացող ավիշի ընթացքից։ Նրա աշխարհը շարժվում ու փոխվում էր գարնան կենսահյութի հոսքի հետ՝ ճյուղերով վեր բարձրանալով և նրանց մերկությունը վերացնելով։ Նրա Աստված աճում էր ծառի պես՝ խնձորի նման կլորավուն հողից՝ ծաղկունք պարգևելով իր զավակներին և թույլ տալով ձմեռային քամիներին պոկել իր զավակներին նրանց տեղերից․ ձմեռն ու մահը նույն քամու վրա էին գալիս։ Երբեմն նա նստում էր իր խրճիթում և կարդում խաչելության մասին՝ հայացքը ձմեռային գիշերների մեջ ուղղելով՝ ծաղկամաններով լեցուն պատուհանագոգի վրայով։ Այդպիսի գիշերներին, մտածում էր նա, սերը մարում է, և նրա շատ զավակներ անհետանում են։

            Երեխան իր խաղով կերպարանափոխում էր քամիներից խառնաշփոթ դարձած մարգագետինները։ Այգեպանը նրան մոր անունով էր կոչում, նստեցնում էր ծնկներին և պատմում Երուսաղեմի հրաշքների ու մսուրում ծնվելու մասին։

            — Սկզբում մի գյուղ կար՝ Բեթղեհեմը,- շշնջում էր նա երեխայի ականջին, նախքան թանձրացող մթությունից թեյի հրավիրող զանգի ձայնը կհնչեր։

            — Որտե՞ղ է Բեթղեհեմը։

            — Հեռու,- ասում էր այգեպանը,- արևելքում։ Արևելքում էին բարձրանում Ջարվիսի բլուրները, որոնք ծածկում էին արևը, իսկ ծառերը խոտերի միջից վեր էին ձգում լուսինը։

            Երեխան պառկած էր անկողնում։ Նա նայում էր ճոճվող ձիուկին․ ուզում էր, որ նրան թևեր աճեին, որ, հեծնելով նրան, կարողանար սլանալ դեպի արաբական երկինքը։ Բայց վարագույրները ճոճում էին Ուելսի քամիները, իսկ պատուհանի տակ չհավաքված բակում ճռճռում էին ծղրիդները։ Խաղալիքները մեռած էին։ Նա լաց եղավ, հետո դադարեց՝ չիմանալով, թե ինչու է լաց լինում։ Գիշերը քամոտ ու ցուրտ էր, իսկ վերմակի տակ նա տաք էր․ գիշերը հսկայական էր՝ լեռան չափ, իսկ ինքը՝ մի տղա իր փոքրիկ անկողնում։

            Փակելով աչքերը՝ նա ուշադիր նայում էր պտտվող խավարին՝ ավելի խոր, քան պարտեզի խավարը, որտեղ միայնակ կանգնած էր առաջին ծառը։ Նրա վրա երևակայական թռչուններ էին թառած, իսկ ծառը կրակի մեջ էր։ Նա մտածում էր առաջին ծառի մասին, որ այնքան մոտ էր տնկված իրեն, կարծես իր ընկերը լիներ և բնակվեր պարտեզում, և կոպերի տակ նրա աչքերը կրկին լցվեցին արցունքներով։ Նա զգուշորեն դուրս սողաց անկողնուց և ոտնաթաթերի վրա մոտեցավ դռանը։ Ճոճվող ձին հանկարծ առաջ թռավ իր փայտե սահնակների վրա՝ վախեցնելով երեխային, այնպես, որ նա անաղմուկ վազեց հետ՝ դեպի անկողինը։ Երեխան նայեց ձիուն․ այժմ այն հանգիստ կանգնած էր։ Կրկին ոտնաթաթերի վրա քայլելով գորգի վրայով՝ նա մոտեցավ դռանը, պտտեց բռնակը և դուրս վազեց։

            Կուրորեն, շոշափելով ճանապարհը՝ նա հասավ աստիճաններին և նայեց վերից վար։ Նա տեսավ, թե ինչպես ստվերների բազմությունը ծփաց անկյուններում, լսեց նրանց խուլ, տատանվող ձայները, երևակայության մեջ նկարեց նրանց ակնախոռոչներն ու նիհար ձեռքերը։ Բայց նրանք փոքր էին, խորհրդավոր ու անարյուն, անտեսանելի զրահի մեջ փակված չէին, այլ փաթաթված էին սարդոստայնի պես բարակ կտորներով։ Քանի դեռ նա իջնելու էր, նրանք իրար մեջ շշնջալու էին, դիպչելու էին նրա ուսին ու սուլելու էին ականջում՝ «շըշշ»։ Նա իջավ աստիճաններով՝ ձեռքը առաջ պարզած, ափով թփթփացնելով դատարկությունը և սպասելով, որ մատների տակ, կարծես գաղտագողի, կհայտնվի չոր, թավշյա մի գլուխ, և մառախուղի պես կխճճվի եղունգների տակ։ Բայց այնտեղ ոչինչ չկար։ Նա բացեց դուռը, և ստվերները սահեցին դեպի պարտեզ։

            Երբ նա հայտնվեց արահետում, վախերը լքեցին նրան։ Լուսինն արդեն պառկած էր չքաղհանված մահճակալների վրա, իսկ սառնամանիքը ծածկել էր խոտը։ Վերջապես նա մոտեցավ խճաքարով պատված ճանապարհի հեռավոր ծայրում լուսավորված ծառին՝ նույնիսկ այնպիսի հրաշքից, ինչպիսին լույսն է, ավելի հին ծառին։ Նրա կեղևի տակ փայտոջիլներ էին քնած, իսկ ճյուղերը բնի երկու կողմերից դուրս էին ցցվել՝ կնոջ քարացած ձեռքերի նման։ Երեխան դիպավ ծառին․ այն խոնարհվեց կարծես նրա հպումից։ Նա տեսավ, որ երկնքի ամենապայծառ աստղը համաչափ լույս է սփռում թռչունների համար նախատեսված առաջին աշտարակի վրա՝ փայլելով միայն անտերև ճյուղերի, բնի և տարածվող արմատների վրա։

            Երեխան չկասկածեց ծառին։ Նա աղոթքներ կարդաց նրա համար՝ ծնկաչոք կանգնած սևացած ճյուղերի վրա, որոնք գիշերային քամին նետել էր գետնին։ Սիրուց ու ցրտից դողալով՝ նա վազեց մարգագետնի վրայով՝ տուն վերադառնալու։

            Գավառի արևելյան մասում ապրում էր մի ապուշ, որը թափառում էր շրջակայքում՝ ողորմություն խնդրելով։ Նա հաց էր խնդրում՝ մեկ ագարակոում, մեկ այրի կնոջ տանը։ Ծխական քահանան նրան կոստյում էր տվել, և այն կախված էր նրա սոված կողերից ու ուսերից՝ քամու տակ ծածանվելով, երբ նա դաշտերով ծանրաքայլ առաջ էր գնում։ Բայց նրա աչքերն այնքան լայնաբաց էին, իսկ պարանոցն այնքան մաքուր էր գյուղական կեղտից, որ ոչ ոք չէր մերժում նրա խնդրանքները։ Եվ երբ նա ջուր էր խնդրում, նրան կաթ էին տալիս։

            — Դու որտեղի՞ց ես։

            — Արևելքից,- ասում էր նա։

            Այսպիսով նրանք հասկանում էին, որ նա ապուշ է, և ուտելու բան էին տալիս՝ բակը մաքրելու դիմաց։

            Երբ փոցխը ձեռքին կռանում էր գոմաղբի ու տրորված հացահատիկի կույտի վրա, նա լսում էր, թե ինչպես իր սրտում ձայն է հնչում։ Անասունների համար նախատեսված խոտի մեջ ձեռքը մտցնելով՝ նա բռնում էր մկանը, շոյում նրա դունչը ձեռքով և բաց էր թողնում։

            Ամբողջ օրը ծառի մասին միտքը չէր լքում երեխային․ ամբողջ գիշեր այն կեցած էր նրա երազներում, ինչպես աստղն էր կեցած իր բացատում։ Մի առավոտ, մոտավորապես դեկտեմբերի կեսերին, երբ տան շուրջը քամին փչում էր ամենահեռավոր բլուրներից, իսկ մութ ժամերի ձյունը չէր հեռանում մարգագետիններից ու տանիքներից, նա վազեց դեպի այգեպանի տնակը։ Այգեպանը նորոգում էր իր գտած փոցխը։ Ոչ մի բառ չասելով՝ երեխան նստեց նրա ոտքերի մոտ՝ սերմերի արկղի վրա, և սկսեց նայել, թե ինչպես է նա մետաղալարով կապում ատամները՝ հասկանալով, որ այդպես, միևնույն է, դրանք չես կարող ամրացնել։ Նա նայեց այգեպանի ձյունից թրջված կոշիկներին, նրա տաբատի ծնկների կարկատաններին, բաճկոնի չկոճկված կոճակներին, կարկատաններով ֆլանելե վերնաշապիկի տակից երևացող որովայնի ծալքերին։ Նա նայեց նրա ձեռքերին, որոնք աշխատում էին մետաղալարի ոսկեգույն հանգույցների վրա․ դրանք կոշտ, արևայրուքով ձեռքեր էին՝ կոտրված եղունգների տակ կեղտի հետքերով և մատների ծայրերին՝ ծխախոտի բծերով։ Մինչ նա նորից ու նորից կապում էր երկաթե ատամները, թեև հասկանում էր, որ դրանք ամուր չեն նստում, բռնակի վրա դողում են ու պոկվում, այգեպանի դեմքի դիմագծերը վճռական արտահայտություն ստացան։          Երեխան վախեցավ ծերունու ուժից, նրա կեղտից, բայց նայելով նրա երկար, խիտ մորուքին, որը առանց որևէ բծի, բրդի պես սպիտակ էր, շուտով հանգստացավ։ Մորուքը առաքյալի մորուք էր։

            — Ես աղոթեցի ծառին,- ասաց երեխան։

            — Միշտ աղոթիր ծառին,- ասաց այգեպանը՝ մտածելով Գողգոթայի և դրախտի մասին։

            — Ես ամեն գիշեր աղոթում եմ ծառին։

            — Աղոթիր ծառին։ Մետաղալարը կտրվեց։

            Ջերմոցի ծաղիկների վրայից երեխան ցույց էր տալիս ծառը՝ այգու միակ ծառը, որի վրա ոչ մի ձյան փաթիլ չկար։

            — Բազի ծառ է,- ասաց այգեպանը, բայց երեխան, վեր կենալով արկղից, այնքան բարձր ճչաց, որ անսարք փոցխը դղրդոցով ընկավ հատակին։

            — Առաջին ծառը։ Առաջին ծառը, որի մասին դու ինձ պատմեցիր։ Սկզբում ծառ կար, դու ասացիր։ Ես լսել եմ,- ճչում էր երեխան։

            — Բազին մյուսներից վատը չէ,- ասաց այգեպանը՝ ձայնն իջեցնելով, որպեսզի երեխային զվարճացնի։

            — Ամենաառաջինը բոլորից,- շշնջաց երեխան։

            Այգեպանի ձայնից նորից հանգստացած՝ նա պատուհանից ժպտաց ծառին, իսկ մետաղալարը կրկին փաթաթվեց փոցխի կոտրված ատամների շուրջը։

            -Աստված աճում է տարօրինակ ծառերի մեջ,- ասաց ծերունին։- Նրա ծառերը հանգիստ են գտնում տարօրինակ վայրերում։

            Մինչ նա պատմում էր խաչի ճանապարհի տասներկու կանգառների մասին, ծառը իր ճյուղերով ողջունում էր երեխային։ Առաքյալի ձայնը բարձրանում էր խեժապատ թոքերի խորքերից։

            Եվ նրանք նրան բարձրացրին ծառի վրա ու մեխերով ծակեցին նրա որովայնն ու ոտքերը։

            Բազի ծառի բունը ողողվում էր կեսօրվա արևի արյունով՝ ներկելով կեղևը։

Ապուշը կանգնած էր Ջարվիսի բլուրների վրա՝ վար նայելով անթերի հովտին, որի ջրերից ու խոտերից բարձրանում և ցրվում էին առավոտյան մշուշները։ Նա տեսնում էր, թե ինչպես է ցողը գոլորշանում, ինչպես են կովերը նայում առվակի մեջ, և ինչպես են մութ ամպերը հեռանում՝ լսելով արևի օրհներգը։ Արևը քայլում էր գունատ, ջրիկ երկնքի եզրով՝ ասես սառնաշաքար լիներ ջրի բաժակի մակերեսին։ Նա լույսի ծարավ էր, երբ գրեթե անտեսանելի անձրևի առաջին կաթիլներն ընկան նրա շուրթերին․ նա պոկեց խոտ և, ծամելով այն, լեզվի վրա զգաց կանաչ համը։ Այդպես նրա բերանում լույս էր տարածվում․ լույսը հնչում էր նաև նրա ականջներում, և ամբողջ հովիտը, այդքան հրաշալի անունով, լույսի տիրույթն էր։ Նա գիտեր Ջարվիսի բլուրների մասին․ դրանց շարքը բարձրանում էր կոմսության ձորակներից վերև և տեսանելի էր շուրջը շատ մղոնների վրա, բայց ոչ ոք նրան չէր պատմել բլուրների ստորոտում ընկած հովտի մասին։

            — Բեթղեհեմ,- ասաց ապուշը՝ դիմելով հովտին, գլորելով բառի հնչյունները և դրան հաղորդելով ուելսյան առավոտի ողջ շքեղությունը։ Նա եղբայրանում էր իրեն շրջապատող աշխարհի հետ՝ օդը համտեսելով այնպես, ինչպես համտեսում էր լույսը, միանալով նրան՝ նորածին երեխայի պես։ Խոտերի ու ծառերի այս ամբողջ առատությունից և գետի երկար թևից գոլորշացող՝ հովտի կյանքը նոր արյուն էր լցնում նրա մեջ։ Գիշերը չորացրել էր ապուշի երակները, իսկ հովտի լուսաբացը նորից լցրեց դրանք։

            — Բեթղեհեմ,- ասաց ապուշը՝ դիմելով հովտին։

            Այգեպանը երեխայի համար նվեր չուներ, ուստի գրպանից հանեց մի բանալի և ասաց.

            — Սա աշտարակի բանալին է։ Սուրբ ծննդյան նախօրեին ես քեզ համար կբացեմ այդ դուռը։

            Մինչև մութն ընկնելը նա ու երեխան աստիճաններով բարձրացան աշտարակ։ Բանալին պտտվեց կողպեքում, և դուռը, ինչպես գաղտնի գանձատուփի կափարիչ, բացվեց ու նրանց ներս թողեց։ Սենյակը դատարկ էր։

            — Իսկ որտե՞ղ են գաղտնիքները,- հարցրեց երեխան՝ ուշադիր զննելով փոշով ծածկված գերաններն ու սարդոստայնով պատված անկյունները, պատուհանի կապարե շրջանակները։

            — Բավական է, որ ես քեզ բանալին տվեցի,- ասաց այգեպանը, որը կարծում էր, թե իր գրպանում, թռչունների փետուրների ու ծաղիկների սերմերի հետ, պահում է տիեզերքի բանալին։

            Գաղտնիքներ չկային, և երեխան լաց եղավ։ Նա նորից ու նորից ուսումնասիրում էր դատարկ սենյակը՝ փոշի բարձրացնելով, փնտրելով իր գույնը չունեցող գաղտնի դուռը, մերկ պատերին թակելով՝ սպասելով աշտարակում թաքնված սենյակի խուլ ձայնին։ Նա պատուհանից մաքրեց սարդոստայնը և փոշու միջով նայեց ձյունոտ Սուրբ ծննդյան նախօրեին։ Բլուրների աշխարհը հեռանում էր դեպի փակ երկինքը, և բլուրների գագաթները, որոնք նա երբեք չէր տեսել, մագլցում էին վեր՝ ընդառաջ թափվող ձյան փաթիլներին։ Նրա առջև տարածվում էին անտառներն ու ժայռերը, մերկ հողի անծայրածիր ծովերը և լեռնային երկնքի նոր մակընթացությունը, որը վազում էր սև լողափերի վրայով։ Արևելքում ուրվագծվում էին անանուն լեռնային արարածների կերպարները և ծառերով պատված ձորը։

            — Ո՞վ է սա։ Ո՞վ է սա։

            — Սրանք Ջարվիսի բլուրներն են,- ասաց այգեպանը,- որոնք կանգնած են ի սկզբանե։

            Նա բռնեց երեխայի ձեռքը և հեռացրեց պատուհանից։ Բանալին պտտվեց կողպեքում։

            Այդ գիշեր երեխան լավ քնեց․ ձյան ու խավարի մեջ ուժ կար․ աստղերի լռության մեջչդադրող երաժշտություն կար․ լռություն՝ սրընթաց քամու մեջ։ Եվ Բեթղեհեմն ավելի մոտ էր, քան նա սպասում էր։

            Սուրբ ծննդյան առավոտյան ապուշը մտավ այգի։ Նրա մազերը թաց էին, իսկ ձյան փաթիլներով ծածկված պատառոտված կոշիկները՝ցեխապատ։ Ջարվիսի բլուրներից երկար ճանապարհ անցնելուց հոգնած և սովից թուլացած՝ նա նստեց շամբուկիտակ, որտեղ այգեպանը մի գերան էր գլորել։ Ձեռքերը սեղմելով ու առաջ պարզելով՝ նա տեսավ ավերված ծաղկանոցներն ու արահետների եզրերին կատաղի աճած մոլախոտերը։ Կարմիր բաղեղի վերևում, ապակուց ու քարից պատրաստված ծառի պես, վեր էր խոյանում աշտարակը։ Թարմ քամի փչեց ու նետվեց ծառի վրա,ապուշը բաճկոնի օձիքը փաթաթեց պարանոցի շուրջը, նայեց իր ձեռքերին և տեսավ, որ դրանք աղոթքի մեջ են միացված։ Հետո նրան պատեց այգու հանդեպ վախը․ թփերը նրա թշնամիներն էին, իսկ ծառերը, որոնք կազմել էին դեպի դարպասները իջնող ծառուղին, սարսափած վեր էին բարձրացրել իրենց ձեռքերը։ Տեղը չափազանց բարձր էր՝ վերից վար նայելով բարձր բլուրներին․ տեղը չափազանց ցածր էր՝ նա դողում էր նոր լեռան փետրավոր ուսերին։ Լռությունից կատաղած՝ քամին այստեղ մոլեգնում էր՝ բազի ծառի ճյուղերի մեջ արթնացնելով հրեական ձայնը․ լռությունն այստեղ բաբախում էր մարդու սրտի պես։ Եվ նստած այդ ահեղ բլուրների տակ՝ նա լսեց, թե ինչպես իր ներսում մի ձայն բացականչեց.

            — Ինչո՞ւ ինձ այստեղ բերեցիր։

            Նա չէր կարող ասել, թե ինչու էր այստեղ եկել․ ինչ-որ բան նրան ստիպել էր գալ և առաջնորդում էր նրան, բայց նա չգիտեր, թե ով էր դա։ Մարդկային խոսակցություն էր բարձրանում այգու մահճակալներից, իսկ երկնքից անձրև էր թափվում։

            — Ինձ հանգիստ թողեք,- ասաց ապուշը՝ ձեռքով թեթևակի հեռացնելով երկինքը։- Անձրևը հարվածում է դեմքիս, քամին հարվածում է այտերիս։

            Նա եղբայրացավ անձրևի հետ։

            Այդպես էլ երեխան գտավ նրան․ ծառի տակ պատսպարված՝ նա աստվածային համբերությամբ դիմանում էր վատ եղանակի տանջանքին, մազերը բոլոր կողմերից քամուց ծածանվում էին, իսկ շուրթերին պաղել էր տխուր ժպիտը։

            Ո՞վ էր այս անծանոթը։ Նրա աչքերում կրակներ էին բոցավառվում, փակված բաճկոնից մերկ պարանոցն էր դուրս ցցվում։ Եվ այնուամենայնիվ նա ժպտում էր՝ Սուրբ ծննդյան օրը ծառի տակ, լաթերի մեջ նստած։

            — Որտեղի՞ց եք դուք,- հարցրեց երեխան։

            — Արևելքից,- պատասխանեց ապուշը։

            Այգեպանը չէր ստել, և աշտարակի գաղտնիքն իսկական գաղտնիք էր․ այդ մութ, խղճուկ ծառը, որը միայն գիշերներն էր փայլում, բոլոր ծառերից առաջինն էր։

            Նա կրկին հարցրեց.

            — Որտեղի՞ց եք դուք։

            — Ջարվիսի բլուրներից։

            — Կանգնեք ծառի մոտ։

            Դեռևս ժպտալով՝ ապուշը կանգնեց թանթրվենու ծառին մեջքով։

            — Ձեռքերը տարածեք, այսպես։

            Ապուշը տարածեց ձեռքերը։

            Երեխան ամբողջ ուժով վազեց այգեպանի տնակը և, ջրով ողողված մարգագետնով վերադառնալով, տեսավ, որ ապուշը տեղից չէր շարժվել և ձգված կանգնած էր՝ մեջքով դեպի ծառը և ժպտալով։

            — Եկեք, ես ձեր ձեռքերը կկապեմ։

            Ապուշը զգաց, թե ինչպես փոցխը ամրացնել չկարողացած մետաղալարը սեղմվեց իր դաստակների շուրջը։ Այն մխրճվեց նրա մարմնի մեջ, և կտրվածքներից դեպի ծառը շառագունելով արյուն էր կաթում։

            —Եղբայր,- ասաց նա։

            Երեխայի ափի մեջ նա տեսավ արծաթե մեխեր։

Անգլերենից թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը