Երաժշտություն Թատրոն Կարինե Ռաֆայելյան

Հասմիկ Պապյանի «Հենզել ու Գրետելը»

Հասմիկ Պապյանի «Հենզել ու Գրետելը»

Էնգելբերտ Հումպերդինգի «Հենզել ու Գրետել» օպերան առաջին անգամ բեմադրվել է Հայաստանում: Այս բարդ երաժշտական ստեղծագործությունը որոշիչ նշաձող է աշխարհի առաջատար օպերային թատրոնների համար, և այդ նշաձողը կարողացել են հաղթահարել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի սաները՝ իրենց պրոֆեսիոնալ, բարձրարվեստ, բարձրաճաշակ գեղարվեստական ղեկավարի՝ համաշխարհային բեմերի շքեղափայլ սոպրանո Հասմիկ Պապյանի նախաձեռնությամբ:

Անսպասելի ոչինչ չկա Հասմիկ Պապյանին և Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի շնորհալի երտասարդ երաժիշտներին ճանաչողներիս համար. նրանք միշտ են կարողանում անհնարինը դարձնել հնարավոր ու հիացնել հանդիսատեսին իրենց տաղանդով, նվիրումով, նրբագեղությամբ:

Բեմի և հագուստների ձևավորումից, լուսավորությունից, արտիստիզմից մինչև անթերի վոկալ՝ սահուն մի թել է ձգվում դահլիճում նստած հանդիսատեսի և բեմում ընթացող հանդիսանքի միջև:

Տեսարան ներկայացումից

Ուզում ես հասկանալ, թե ի՞նչ հնարով է Հասմիկ Պապյանի ղեկավարած ստեղծագործական խումբը կարողանում վերցնել քեզ իր երաժշտա-թատերական խոյանքի թևերին ու հանել լուսավոր մի եզերք, որտեղ մոռացվում է մանկությանդ տարիներին քեզ անսահմանորեն դառնացրած ու չգիտակցված անմխիթարության, տագնապի զգացումներ ներշնչած հեքիաթը: (Ես, իհարկե, խոսում եմ իմ անունից ու իմ ունեցած ապրումների մասին. սկսած այն տարիքից, երբ գիտակցել եմ, որ ունեմ ընտրության հնարավորություն, ես հրաժարվել եմ լսել այդ ցավոտ, տխուր «Հենզել ու Գրետել» հեքիաթը): Օպերային ստուդիայի ներկայացրած «Հենզել ու Գրետելի» շնորհիվ կարողանում ես վերացարկվել հեքիաթի ճնշող սյուժեից ու տրվել գեղեցիկի վայելքին, երաժշտության ու թատերական պատկերի շլացնող տարերքին՝ չնայած դրանցում շեշտադրված դրամատիզմին: Ա՛յս  «Հենզել ու Գրետելի» դեպքում գերակա չէ ցավեցնող թեմատիկան, սա բարձր արվեստին հաղորդակցվելու գերագույն հաճույք է:

Տեսարան ներկայացումից

Ներկայացումը բաղկացած է երեք գործողությունից, լեզուն գերմաներեն է, ենթագրերը՝ հայերեն: Այն կայացել է «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի հովանավորությամբ և Հարությունյան ընտանիքի աջակցությամբ: Ստեղծագործական կազմը բազմանդամ է և ոչ բացառապես հայկական. դիրիժոր՝ Իվան Շչեպանովիչ /Խորվաթիա/, ռեժիսոր՝ Նորայր Հերգնյան, բեմադրող նկարիչ՝ Եկատերինա Ջագարովա, զգեստների հեղինակ՝ Անի Չոփուրյան, խմբավար՝ Գայանե Սահակյան, մասնակից երաժշտախմբեր՝ Երևանի երիտասարդական նվագախումբ,  «Գագարին» նախագծի երաժշտական ծրագրի սաների երգչախումբ, դերերում՝ Ալվարդ Ազատյան, Սիրանուշ Օվսիյան, Դոնարա Ադամյան (Հենզել), Տատյանա Հմայակյան, Լիանա Սիմոնյան, Աննա Կարագյոզյան (Գրետել), Արտակ Այվազյան, Հայկ Մկրտչյան (Պետեր), Անի Ղազարյան, Էլեոնորա Հարությունյան (Գերտրուդա), Աննա Տեր-Հովհաննիսյան, Արփինե Գրիգորյան (Կախարդ), Մագա Օկրոյան, Լուիզա Պողոսյան (Ավազի մարդուկ), Աննա Կարագյոզյան, Լուիզա Պողոսյան (Ցողի մարդուկ), մասնակիցներ՝ Նարե Ղազարյան, Լիլիթ Խերունց, Դիանա Սուքիասյան, Աննա Սարգսյան: 

Երկու ներկայացում արդեն կայացել է, առջևում կան ևս երկուսը՝ նոյեմբերի 14-ին և 16-ին. հասցրեք օգտվել դրանք վայելելու բացառիկ հնարավորությունից: Այս ներկայացումը համակում է հույսով, լավատեսությամբ, հավատով, որ բոլոր մղձավանջներին հաջորդելու է բաղձալի լուսաբացը, և չարի հետ պայքարում անխուսափելիորեն հաղթելու է Բարին:

Իսկ մենք՝ «Հենզել ու Գրետել» ներկայացումն արդեն վայելածներս արձնագրենք, որ Հասմիկ Պապյանը գործել է հերթական մշակութային սխրանքը:

Կարինե Ռաֆայելյան