«Տաղարան» համույթը նշում է հիմնադրման 45-ամյակը
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին տեղի կունենա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի հիմնադրման 45-ամյակին նվիրված հոբելյանական համերգը։ Երեկոն մեկ բեմում կհամախմբի համույթի երաժիշտներին, մենակատարներին և տարբեր տարիներին «Տաղարան»-ի հետ համագործակցած անվանի արտիստներին։
Հոբելյանական համերգի ծրագիրը կներկայացնի համույթի 45-ամյա ստեղծագործական ուղին՝ ընդգրկելով նրա երկացանկի սիրված ստեղծագործությունները։ Կհնչեն Անտոնիո Վիվալդիի, Հենրի Փըրսելի, Գերոնիմո Խիմենեսի և Լուիջի Արդիտիի երկերը, ինչպես նաև Բարսեղ Կանաչյանի, Խաչատուր Ավետիսյանի, Համբարձում Բերբերյանի և Գուսան Շահենի ստեղծագործությունները։ Ծրագրում տեղ կգտնեն նաև հայկական ժողովրդական երգերի ու նվագների մշակումներ՝ «Հովվի կանչ», «Վայոց Ձորի հորովել», «Ինջինար յար», «Պարերգ Մուսալեռան» և «Վզնոցդ ես եմ նախշել»։
Հոբելյանական երեկոյի հատուկ հյուրերն են Միացյալ Թագավորությունից սոպրանո Անուշ Հովհաննիսյանը, սոպրանո Իրինա Զաքյանը և անվանի ջութակահար Նիկոլայ Մադոյանը։
Համերգին հանդես կգան նաև «Տաղարան» համույթի մենակատարներ՝ սոպրանոներ Գայանե Ղամբարյանը և Գալինա Ցոլակյանը, մեցցո-սոպրանո Լուսինե Մարկոսյանը, բարիտոն Հովսեփ Նշանյանը, բլուլահար Հասմիկ Հարությունյանը, դուդուկահար Արտակ Ասատրյանը և երգեհոնահար Թերեզա Ոսկանյանը։
Համույթի մասին
1981 թվականին հիմնադրված համույթը սկզբնապես գործել է «Շարական» անվամբ, իսկ 1985 թվականից վերանվանվել է «Տաղարան»։ Համույթի հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարը եղել է Գրիգոր Դանիելյանը (Դանիել Երաժիշտ)։ 1987 թվականին գեղարվեստական ղեկավարությունը ստանձնել է կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, որի ղեկավարությամբ զգալիորեն հարստացել է համույթի երկացանկը։ 1988 թվականին «Տաղարան»-ը ստացել է պետական կարգավիճակ, իսկ 1994 թվականից համույթի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը։
Գործունեության 45 տարիների ընթացքում «Տաղարան»-ը կարևոր դեր է ունեցել հայ միջնադարյան հոգևոր երաժշտության և ազգային երաժշտական ժառանգության պահպանման ու հանրահռչակման գործում։ Համույթի հարուստ երկացանկն ընդգրկում է հայ հոգևոր, ժողովրդական և ազգային-հայրենասիրական երգերի ու նվագների ավելի քան 350 մշակում, ինչպես նաև եվրոպական վաղ շրջանի, մասնավորապես՝ բարոկկո դարաշրջանի երաժշտական ստեղծագործություններ։ Հայկական ավանդական և եվրոպական դասական նվագարանների համադրությունը ձևավորել է համույթի ինքնատիպ հնչողությունը։ Տարիների ընթացքում «Տաղարան»-ը համերգներով հանդես է եկել նաև միջազգային բեմերում՝ հայկական երաժշտարվեստը ներկայացնելով աշխարհի տարբեր երկրներում։






