Թատրոն Կարինե Ռաֆայելյան

Նարինե Գրիգորյանի արվեստանոցը

Նարինե Գրիգորյանի արվեստանոցը

Ardi.am-ը զրուցել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Նարինե Գրիգորյանի հետ:

-Նարինե՛, կինոն և թատրոնը շաղկապված են դերասանի կյանքում: Դուք դրա լավագույն վկայությունն եք: Ինչո՞վ են նման և տարբեր այս երկու վիճակները:

-Շատ են տարբեր: Թատրոնում, կախված բեմի չափից, խաղալուդ մասշտաբներն ես փոխում: Իսկ կինոյում մի տեսախցիկ է, և էն, ինչ մտածում ես անել, կարող ես հաճախ միայն դիմախաղով ցույց տալ: Ներքին խաղ է գնում, և քեզ ընդամենը մի տեսախցիկ է տեսնում: Երբեմն նույնիսկ խաղընկերդ չկա: Դու խոսում ես նրա հետ, բայց ինքը չկա, ուղղակի պիտի պատկերացնես նրա դեմքը, ներկայությունը: Իսկ թատրոնում մտնում ես բեմ ու երկու ժամ տանում ես դերդ մինչև վերջ: Չկա ստոպ վիճակ: Թատրոնը անընդհատ շարժում է: Իսկ կինոյում խաղդ սկսվում է «Матор» բառը լսելուն պես: Ըստ որում՝ «Матор»-ից առաջ լինում են այլ պահեր՝ սպասե՛ք, ճակատը փայլում է, սպասե՛ք՝ շորը ուղղենք, սպասե՛ք, լույսը գնաց, արևը թեքվեց… Ու ամեն անգամ էս պահերից հետո դու պիտի նորից մտնես համապատասխան հոգեվիճակի մեջ, ճիշտ հուզականություն ապահովես: Այսինքն՝ կինոյում խաղդ ընդհատումներով է, և դու պիտի կարողանաս այդ ընդհատումներից հետո շարունակել ճիշտ տեղից, ճիշտ դրսևորվել հերթական դուբլում: Կինոյում պիտի սովորես սպասել: Կինոյում էներգիադ ընդհատ է: Բայց պիտի գիծդ պահես. խաղացիր 53-րդ տեսարանը, հետո՝ 1-ինը, հետո՝ 27-րդը, հետո՝ ֆինալը: Պիտի ճիշտ բաշխես խաղդ, ճիշտ համակարգես, ճիշտ հոգեբանությամբ նկարվես ցանկացած տեսարանում: Ես միշտ ասում եմ, որ ուղեղի երկու կիսագնդերը շատ ակտիվ են գործում կինոյում: Պիտի գաս, կանգնես ճիշտ լույսի տակ, ճիշտ կողմնորոշվես տեխնիկայի հարցերում և ճիշտ էմոցիա պիտի տաս: Իսկ թատրոնում, երբ մտնում ես բեմ, էդ պահից սկսած քեզ տարերքը տանում է, ու էդ տարերքը միջիցդ չպիտի դուրս գա մինչև վերջին պահը: Էդ տարերքով հանդիսատեսին պիտի վերցնես, թափ տաս ու պահես մինչև վերջ: Ու թատրոնում էդ էմոցիան հետևողական է. սկիզբը, ընթացքը, զարգացումը, կուլմինացիան, հանգուցալուծումը հետողականորեն ընթանում են ամբողջ ներկայացման ընթացքում:       

-Անահիտ Աբադն ասում էր, որ Եվայի դերի համար Ձեզ ընտրել է ընդամենը տեսնելով Ձեր լուսանկարը: Փաստորեն, լուսանկարը կարող է այդքան խոսո՞ւն լինել:

-Դե՜, այդ հարցին ռեժիսորը կարող է ավելի ճիշտ պատասխանել: «Եվան» իմ առաջին մեծ կինոդերն էր: Երեխաս՝ իմ Եվան, նոր էր ծնվել, ու ես պիտի խաղայի Եվա Անահիտ Աբադի ֆիլմում:

Եվա

Արցախում էին նկարահանումները: Երկու ամիս Արցախում պիտի գտնվեինք բոլորս, որպեսզի լինեինք միևնույն մթնոլորտի մեջ: Ամենածիծաղելին այն էր, որ ես արցախցի եմ և տիրապետում եմ Արցախի բարբառին, բայց խաղում էի հայաստանցու կերպար, իսկ մյուսները, որ արցախցի չէին և չէին տիրապետում բարբառին, խաղում էին արցախցիների կերպարներ: Անահիտն ինձ ասում էր, որ մեկ-մեկ վերահսկեմ նրանց, որպեսզի ճիշտ խոսեն արցախյան բարբառով: Իհարկե, ինչքան էլ ճիշտ խոսեն, եթե բարբառի կրողը չեն, դա զգացվում է: Բայց միևնույն է, բոլորն էլ շատ լավ խաղացին իրենց դերերը: Եվ շատ մեծ դեր ունեցավ Արցախի բնակչությունը, որոնց ներգրավվածության շնորհիվ ֆիլմում մթնոլորտը շատ արցախյան ստացվեց: Սովորաբար, արցախցիները քննադատաբար են վերաբերվել իրենց մասին նկարված ֆիլմերին, բայց երբ այնտեղ ցուցադրվեց «Եվան», նրանք ընդունեցին ֆիլմը, հավատացին, որ ֆիլմում իսկապես իրենք են, որովհետև ֆիլմը ներծծված էր Արցախով: Ւնձ համար շատ թանկ է այդ ֆիլմը, որովհետև Քարինտակում ենք նկարել, Շուշիում ենք նկարել: «Եվան» կենդանի վկա է, փաստ, որ մենք Արցախում արվեստ ենք ստեղծել, որ էդ ֆիլմը մեր մշակույթն է՝ ստեղծված Արցախում:  

-Դերասանի խաղը երբեմն նաև առանց խոսքի միջամտության է շատ բան փոխանցում հանդիսատեսին: Օրինակ՝ 2018-ին նկարահանված Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշերում» Դուք մարմնավորել եք Հաճի մարին՝ Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքից: Այս կերպարը չափազանց քիչ է խոսում, սակայն նրա դեմքը խոսում է բոլոր բառերի փոխարեն: Հեշտ չէ, հավանաբար, նման դեր խաղալը:

-Երբ ինձ հրավիրեցին նկարվելու այդ ֆիլմում, նախապես մտածված էր, որ պիտի խաղամ հաշմանդամի դերը: Ես էնքան երջանիկ էի, էնպես էի ուզում Սրբուն խաղալ: Ասում էին, որ ինձ էնպես կկերպարանափոխեն, որ չի հասկացվի, թե Նարինե Գրիգորյանն է Սրբունը: Ու ես շա՜տ-շատ անհամբեր էի սպասում էդ դերին:

Էրկեն կիշեր

Հետո Էդգար Բաղդասարյանն անսպասելի փոխեց իր մտադրությունն ու ինձ տվեց Հաճի մարի դերը: Դե՜, ռեժիսորն է որոշողը: Մի խոսքով, ոգևորված էի, որ Էդգար Բաղդասարյանի ֆիլմում եմ խաղալու, բայց ոգևորված չէի, որ էդ դերն եմ խաղալու: Ինչևէ: Մի տեսրան կար, երբ պիտի ոսկեղենը հավաքեի: Ինձ համար շատ բարդ էր էդ խուճապի տեսարանում նկարվելը: Դե, ես հարուստ կին էի, պիտի վրաս զարդեր լինեին, բայց ոչ մի զարդ չունեինք: Նկարահանող խմբում մի կին կար, որ շատ շքեղ զարդեր էր կրում: Խնդրեցի իր մատանիներից տալ՝ տեսարանում նկարվելու համար: Ասաց. «Ես չեմ կարող այս մատանիները հանել, որովհետև առանց դրանց ինձ մերկ եմ զգում»: Մի կերպ համոզեցի, ու նա ընդամենը մի մատանի տվեց: Էդ մի մատանիով էլ նկարվեցի:

-«Պարոն Ազնավուր» ֆիլմում Շառլ Ազնավուրի մայրիկին եք մարմնավորել բոլոր տարիքներում: Մի հարցազրույցում պատմեցիք, որ միայն գրիմի վրա չորս ժամ է ծախսվել, որպեսզի Ձեր դեմքը դառնա ծեր կնոջ դեմք: Փաստորեն, էլի դեմքն է դարձել որոշիչ գործոնը:

-Երբ հոգնած ես լինում, էնքան հեշտ է ծեր կնոջ դեր խաղալ: Բայց և դերասանն էնպիսի նյութ է, որ ինչ կերպար պետք է խաղալ, ըստ այդ կերպարի էլ փոփոխվում է, մտնում անհրաժեշտ վիճակի մեջ: Պետք է աշխույժ, թռվռան կերպար խաղալ, այդպիսին ես դառնում, պետք է ծեր, էներգիան սպառված կնոջ դեր խաղալ, այդպիսին ես դառնում: «Պարոն Ազնավուր» ֆիլմը պարի տեսարանով է սկսվում: Սկզբում էդպես չէր մտածված: Բայց հետո որոշեցին, որ Ազնավուրը էդտեղից է սկսվում՝ ազգի պարից, և պարի տեսրանը բերվեց ֆիլմի սկիզբ:

«Պարոն Ազնավուր» ֆիլմի ստեղծագործական խումբը

Ֆրանսիացիները շատ էին հետաքրքված, թե ինչպիսին կլինի իմ արձագանքը: Ես կարծես կատալիզատոր էի նրանց համար: Նրանք ուզում էին հասկանալ, թե որքանով է հաճելի հայերի համար իրենց արած ֆիլմը: Ես անհանգիստ էի ֆիլմի համար, որովհետև Շառլը մեզ համար շատ է հերոս, և մեր արժեհամակարգը շատ պոետիկ է: Եվրոպացին մի քիչ ավելի նյութեղեն է: Նրանք Ազնավուրին ներկայացրել էին այլ կերպ: Եվ այն, ինչ եվրոպացու համար կարևոր ու դրական հատկանիշ էր, մեզ համար բոլորովին էլ այդպես չէր: Ես վախենում էի, որ Հայաստանում չեն ընդունի էդ տեսակ Ազնավուրին: Բայց երբ գնացի մոնտաժի ու նայեցի էդ պարի տեսարանը, շատ հուզվեցի: Գաղթի կադրերն էին ու էդ պարը: Դու տեսնում էիր, որ էս մարդիկ վերապրեցին, իրենց պարը պարեցին: Էդ պարը ցույց տվեց, որ ոտքի կանգնեցին: Ինձ համար ամենակարևոր կետը դա էր: Ծերացնելու պահը նաև ամուսնուս դերակատարի դեպքում էր շատ բարդ. ծերացնում էին ականջներից, պարանոցից սկսած մինչև դեմք: Մեր արձաններն էին պատրաստել, ծերացումի պրոցեսը նախ արձանների վրա էին փորձում, հետո՝ մեզ վրա: Ազնավուրի քթի սապատի վրա ինչպե՜ս էին աշխատում, այն քթի, որ ունեցել էր մինչև վիրահատությունը: Ամեն ինչ շատ հետաքրքիր էր, շատ գրավիչ էր ու չափազանց պրոֆեսիոնալ: Դիմահարդարների աշխատանքը իսկապես ահռելի էր:

-Եվ այնուամենայնիվ, թատրոնի բեմն է ապահովում դերասան-հանդիսատես անմիջական շփումը: Առավել ևս, երբ խոսում ենք մենաներկայացումների մասին:  «Գոմեշը», «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» ներկայացումները տարբեր են ոչ միայն թեմատիկ առումով, այլև բեմադրական հատկանիշներով, հոգեբանական անցումներով, ասելիքի շեշտադրումներով, և Դուք եք այս բոլորի առանցքում: Ինչպե՞ս եք տեղավորվում տարբեր իրավիճակների մեջ, հատկապես, երբ մենակ եք բեմում՝ դեմ առ դեմ հանդիսատեսի հետ, կասեի՝ անպաշտպան ու խոցելի:

-Այդ առումով շատ շնորհակալ եմ իմ վարպետին: Ես Ալեքսանդր Գրիգորյանի կուրսում եմ սովորել: Առաջին կուրսում նա մեզ հանձնարարում էր խաղալ մեկ հոգանոց էտյուդներում: Թեման տալիս էր ու ասում, որ մենակ պիտի խաղանք: Բացատրում էր, որ եթե մենակ, որպես մեկ անհատ կարողանանք հաղթահարել դերը, հետո արդեն կհաջողվի դա անել նաև խաղընկերոջ հետ: Նրա պատկերացմամբ՝  ինքնաճանաչողությունից էր սկսվում արվեստը: Եվ ես այդ ժամանակվանից եմ սովորել մենակ պատմել պատմությունը: Ինչ վերաբերում է Ձեր նշած մենաներկայացումներին, ասեմ, որ «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է»-ի մեջ Նարինկան է խաղում: Այսինքն՝ ես իմ մասին եմ պատմում: Եվ պարզ է, որ մանկությունս հիշելիս մանուկ եմ դառնում: Բայց նաև մեծանում եմ ներկայացման ժամանակ, որովհետև կյանքը ստիպում է մեծանալ: Ես հիշում եմ, որ տասներկու տարեկանում միանգամից մեծացա. ամենադառը հարվածն ստացա, երբ ինձ փախստական անվանեցին իմ երկրում: Ուրիշ բան է, երբ թուրքերի մեջ ես, գիտես, որ գալու են քեզ մորթեն: Բայց ուրիշ բան է, երբ քոնոնք են շուրջդ, ու քեզ ասում են փախստական:

Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 100

Ուզում եմ ասել, որ «Ճամպրուկում» խաղալու խնդիր չկա: Դա և՛ շատ հեշտ է, և՛ շատ դժվար: Ես կերպար չեմ խաղում, ինքս ինձ եմ խաղում ու անմաշկ եմ: Ես այն եմ, ինչ կամ: Սկզբում շատ էի լարվում խաղալիս: Առաջին օրը ուղղակի վախենում էի բեմ դուրս գալ: Ընդ որում՝ ասեմ, որ «Ճամպրուկի» տեքստը տպագրված չէ: Կենդանի տեքստ է, ես անընդհատ փոփոխում եմ այն: Հատուկ չեմ տպել, որ կարողանամ միշտ կենդանի պահել: Բայց կգա ժամանակ, որ էլ չեմ խաղա, և անպայման կտպագրեմ տեքստը: Շատերն են ցանկացել ունենալ գիրքը, և ոչ միայն հայերը, այլև օտարազգիները: Կգա էդ պահը, և կտպագրվի ու կթարգմանվի պիեսը: Ինչ վերաբերում է «Գոմեշը» ներկայացմանը, ինձ համար ամեն ինչ շատ անսպասելի է եղել, շատ բան ինտուիտիվ եմ արել: Եվ հիմա շատ ավելի խորն եմ ընկալում էդ գործը:

Գոմեշը

Գոմեշը դիցաբանական կերպար է, արխայիկ բան կա նրանում: Ինքը հողի ուժ ունի իր մեջ: Էդտեղ ես կերպար եմ խաղում: Երևի տեքստերն են, որ ինձ ֆիզիոլոգիական վիճակներ են թելադրում: Եթե ես տրամադրություն էլ չունենամ խաղալու, Հրանտի տեքստն ինձ խաղացնում է: Էդ տեքստը ռիթմ ունի, երաժշտության պես է: Եթե մի նոտա սխալ ես խփում, ֆալշը լսվում է: Եթե տեքստում, օրինակ, «և» է, բայց ես սխալմամբ «ու» եմ ասում, էնպե՜ս է փչանում տեքստը, չեք պատկերացնի: Կարծես մեղեդին խախտվում է: Ա՛յ էդպիսի տեքստ է: Ու միալար, միապաղաղ չէ: Էդ տեքստում թխկոց կա, աղմուկ, գոլորշի, շունչ, ասֆալտի շչոց… Այո՛, տեքստը ինձ խաղացնում է: Իմ ֆիզիոլոգիան է փոխվում էդ տեքստի հետ: Ինձ թվում է՝ Հրանտն իր տեքստով անպարտելի է: Նրա տեքստը քեզ վերցնում-տանում է:

-Դերասանուհո՞ւ, թե՞ բեմադրիչի գործառույթն է առավել մոտ Ձեր էությանը: Փորձենք դիտարկել հարցս Ձեր բեմադրած «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացման և  Սիմոն Աբգարյանի բեմադրած «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման մեջ Ձեր խաղացած Պենելոպեի կերպարի զուգահեռներում:

-Շատ տարբեր աշխարհներ են դրանք: Ռեժիսորի դեպքում դու էդ փոքրիկ աշխարհի արարիչն ես, ու դու ես որոշում էդ աշխարհի ճարտարապետությունը, էդ աշխարհի մարդկանց ինչպիսին լինելը: Դրանում արարչագործության պես բան կա: Ոնց որ ուզում ես Աստծուն նմանվել: Ուզում ես զգալ՝ էդ ոնց է արարել Աստված: Շատ խոր աստվածային բան կա էդ վիճակի մեջ:

Սուրբ Անտոնիոսի հրաշքը

Գուցե գրողն ավելի՞ խորն է զգում դա գրելիս: Ի վերջո, ռեժիսորի աշխատանքում ի՞նչն է ամենակարևորը՝ շատ ուժեղ զգալ գրողին: Գրողն է տալիս էդ մթնոլորտը: Եթե դու էն ռեժիսորներից չես, որոնք արհամարհում են գրողին, որոնց համար գրվածն ընդամենը բեմադրության առիթ է, ուրեմն գիտակցում ես գրողի առաջնայնությունը: Կան ռեժիսորներ, որոնք էնպես են աղճատում գրողի ստեղծագործությունը, որ չես հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Էդպիսի ռեժիսորները Չեխով էլ են նույն կերպ բեմադրում, Շեքսպիր էլ, Դեմիրճյան էլ: Բոլոր հեղինակները նույնանման են էդ ռեժիսորների մոտ, որովհետև նա մենակ ինքն իրեն է տեսնում ամեն ինչի մեջ: Բայց հենց էն է հետաքրքիր, որ էս աշխարհը կարողանաս բացահայտել Չեխովի միջոցով, հետո մտնես Շեքսպիրի աշխարհ, հետո՝ Դեմիրճյանի: Յուրաքանչյուր աշխարհ իր մասշտաբն ունի, իր ձայնը, իր ձևը: Գրողը քեզ փոխում է, և արարիչն ինքն է: Իրենից է սկսվում ամենը: Իսկ դերասանը տարերք է: Գիտե՞ք ոնց է՝ ոնց որ սերը: Ո՞նց է, որ սերը չես կարող բացատրել: Դերասանությունն էլ է էդ տեսակ բան: Նետվում ես ջուրն, ու ինքը քեզ տանում է: Ճիշտ է՝ ուղեղդ աշխատում է, դու կողքից տեսնում ես՝ ինչ ես անում: Բայց էդ ամենում մի քիչ շիզոֆրենիայի պես բան կա: Դու խաղում ես, լաց ես լինում, տառապում ես, իսկ կողքից նայում ես էդ ամենին և անչափ ուրախ ես, որ լավ ես խաղում: Եթե ռեժիսուրայի մասին ես կարող եմ բառերով արտահայտվել, բացատրել ինչ-որ բաներ, դերասանության մասին չեմ կարող: Եվ էդ տարերքն է հոյակապ ու հիասքանչ: Ուզում եմ ասել, որ դրանք շատ տարբեր բաներ են, բայց երկուսն էլ իմ առանձին մասնիկներն են բացահայտում: Ու չեմ կարող ասել, որ մեկը մյուսից ավելի կամ պակաս եմ սիրում: Դերասանության մեջ դու ռեսժիսորի ներկն ես: Օրինակ՝ Պենելոպեի դեպքում Սիմոնն է որոշել՝ ինչ ձայնով պիտի խոսեմ, ինչ պիտի անեմ, ինչպես պիտի անեմ, ինչպես պիտի հագնվեմ, կենցաղային տեսք պիտի ունենամ, հատակ պիտի լվանամ ու բանաստեղծական տեքստեր ասեմ: Դա արդեն իր հեքիաթն է:

Պենելոպե, օ՜, Պենելոպե

Ես՝ որպես բեմադրիչ, լրիվ ուրիշ ձևով էի տեսնում էդ ներկայացումը, բայց ինձ երբեք թույլ չեմ տալիս շփոթելու բեմադրիչի ու դերասանի գործառույթները, երբեք չեմ խառնվում ուրիշ բեմադրիչի հեքիաթի մեջ: Որպես դերասան՝ աշխատում եմ զգալ իր ասածները:  

-Համազգային թատրոնի խաղացանը բազմազան է, բոլոր ճաշակները բավարարող: Ինձ գրավեց Նաբոկով բեմադրելու փաստը, որը խաղում եք փոքր դահլիճում: Ի՞նչ սկզբունքով եք դասակարգում, թե որ ներկայացումը որ դահլիճում պիտի խաղալ:  

-Նաբոկովի «Է»-ի դեպքում որոշիչը տիկնիկն էր: Տիկնիկը փոքր է, այն մեծ բեմում կկորչեր: Շատ նյուանսներ կան էս ներկայացման մեջ: Քիչ թվով հանդիսատեսի դեպքում ավելի լավ են երևում էդ նյուանսները: Նույն է նաև «Գոմեշը» մենաներկայացման դեպքում: Ես Ամերիկայում այն խաղացել եմ մեծ դահլիճում, և մարդկի շատ նրբություներ չկարողացան տեսնել իմ խաղում: Չէ՞ որ թատրոնը կինոյի նման չէ, որ խոշոր պլան լինի: Իսկ փոքր դահլիճում կարողանում ես էդ խոշոր պլանը ստեղծել: Մեծ բեմում անընդհատ ընդհարնուր կադր է: Փորք բեմում ենք խաղում նաև Սարոյանի «Թրեյսիի վագրը», որ մեր վերջին պրեմիերաներից է: Ամեն ինչ ընթանում է սուրճի շուրջ, և ես ուզում էի հանդիսատեսին սուրճ հյուրասիրել, որ մարդիկ հերոսի հետ համտեսեն էդ սուրճը: Հետո ուզում էի, որ թատերային մեծ էֆեկտներ չլինեն, որ մենակ դերասանը լինի մեր առաջ՝ բաց հոգով, որ բոլորը նայեն նրան, ինչպես վիրահատական սեղանի վրա պառկած մարդուն: Ու դրա համար բոլորը կրկեսի նման դերասանի շուրջ նստած են, ու դերասանը կարծես խաղում է արենայում: Ինչ վերաբերում է մեր խաղացանկի բազմազանությանը, դա գալիս է թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանից: Մեր թատրոնում միշտ էլ տարբեր բեմադրիչներ են աշխատել: Դա անընդհատ նոր բաներ է բերում, հարստացնում է դերասաններին, նորովի ներկայացնում՝ իբրև ստեղծագործողների, նոր մթնոլորտ է ստեղծում, նոր տեսարաններ է բացում: Ես էլ, բնականաբար, պիտի շարունակեի այս գիծը: Ինքս էլ շատ եմ սիրում տեսնել այն աշխարհը, որ ստեղծել են ուրիշները: Երևի մեր մասնագիտության մեջ սովորում ես սիրել մարդուն: Իսկ երբ մարդուն սիրում ես, իր մտածածն էլ ես սիրում, իր զգացածն էլ ես սիրում: Տեսնում ես, որ ինքը քեզ պես չի զգացել, բայց այն, ինչ զգացել է, էնքա՜ն սիրուն է: Սովորաբար, գալիս են, նայում ներկայացումն ու ասում՝ էդպես չէ, սխալ է ներկայացված… Բանն այն է, որ ամեն մեկն ունի իր տեսլականը, և յուրաքանչյուրի տեսլականը տարբեր է ուրիշներինից: Միևնույն երևույթը դու տեսնում ես ուրիշի հայացքով ու ասում. «Վա՜հ, էս ի՜նչ սիրուն է տեսել, էս ի՜նչ լավն է»: Ես շատ շնորհակալ եմ Սոս Սարգսյանին, որ այդ հատկանիշը փոխանցել է ինձ, սովորեցրել է սիրել ուրիշի աշխարհը, ուրիշի մտածածը: Եվ երբ մեր թատրոն ուրիշ բեմադրիչ է գալիս, մենք էդ մարդով հարստանում ենք:

Հարցազրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի

Լուսանկարները՝ համացանցից

Նախորդ գրառումը