Երաժշտություն Իսրայել Ասրյան

Բոչելիի համերգը դատարկ դահլիճում՝ ամբողջ աշխարհի համար

Բոչելիի համերգը դատարկ դահլիճում՝ ամբողջ աշխարհի համար

Երաժշտություն՝ հանուն հույսի. այս խորագրով իտալացի հանրահայտ տենոր Անդրեա Բոչելին Սուրբ Զատկին հոգևոր համերգ կտա: Ապրիլի 12-ին ամբողջ աշխարհի կաթոլիկները նշում են Սուրբ Զատիկը: Համավարակի պատճառով նրանց մեծ մասը չի կարողացել մասնակցել ժամերգությանը:
Անդրեա Բոչելին ելույթ կունենա Միլանի Դուոմո գոթական դատարկ տաճարում: Համերգը հեռարձակվելու է համացանցում՝ երգչի YouTube-յան պաշտոնական տեսաալիքով: Բոչելիին նվագակցելու է հայտնի երգեհոնահար Էմանուելե Վիանելին։ Ծրագրում՝ «Ավե Մարիա» և «Սանտա Մարիա» (Պիետրո Մասկանի):
Համերգը տեղի կունենա ապրիլի 12-ին, Իտալիայի ժամանակով՝ 19:00-ին: Համերգի կազմակերպիչները՝ Միլանի քաղաքային իշխանությունները, մասնավորապես՝  քաղաքապետ Ջուզեպե Սալան  հայտնել են, որ Բոչելին ելույթ է ունենալու առանց հոնորարի:
Երգիչը առցանց համերգի հրավերը ստացել է Սուրբ եկեղեցու առաջնորդներից ու Միլանի քաղաքապետից: Նա ասել է, որ երջանիկ է այդ հնարավորության համար, քանի որ դա պարզապես հանդիսություն չէ,  համերգ չէ, դա աղոթք է, և ինքը հույս ունի, որ  բոլոր ունկնդիրները կաղոթեն իր հետ:
Միլանի քաղաքապետի խոսքով՝ տաճարը դատարկ կլինի, սակայն համացանցային հեռարձակման միջոցով նրա ձայնը կնվիրեն ամբողջ աշխարհին:

Ի դեպ, 61-ամյա տենորը աջակցում է Իտալիային՝ համավարկի դեմ պայքարում:  Նրա հիմնադրամը (The Andrea Bocelli Foundation, ABF) իտալիայի բժշկական անձնակազմին օգնել է անհրաժեշտ գործիքների և սարքավորումների ձեռքբերման հարցում:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշով առաջինն է ԱՄՆ-ն, իսկ վտանգավոր վարակից մահվան ելքերի քանակով՝ Իտալիան։ Ողջ երկրում վարակակիրների ընդհանուր թիվը գերազանցել է 143 հազարը: Մահացել է 18 279 մարդ, ապաքինվել՝ 28 470-ը:

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված կարանտինը երկարաձգվում է առնվազն մինչև մայիսի 3-ը:

Աղբյուրը՝ vogue.ua
Ռուսերենից փոխադրեց՝ Իսրայել Ասրյանը