ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

«Կոշկավաճառը». Ձեզ հիշում են ձեր խախտած կանոնների շնորհիվ

05.02.2020

«Նյու Յորք Թայմս»-ի «Կոշկավաճառը» բեսթսելերը ներկայացնում է «Նայք» ընկերության հիմնադրի անցած ուղին: «Նայք»-ն ամենաճանաչված համաշխարհային բրենդն է: Հիմնադիր Ֆիլ Նայթն աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, երիտասարդ տարիքում չէր կարող անգամ իրեն թույլ տալ «Ադիդաս» գնել: Կես դար առաջ Նայթը 50 դոլար է վերցնում հորից ու սկսում է Ճապոնիայից ներկրված մարզակոշիկներ վերավաճառել: Նրա անցած ճանապարհը լի էր փորձություններով ու դժվարություններով, սակայն Նայթը կարողացավ այդ բոլոր փորձությունները պատվով հաղթահարել: Այսօր նրա ստեղծած ընկերության տարեկան շրջանառությունը 30 միլիարդ դոլար է:
Գիրքը լույս է ընծայել «Է­դիթ Պրինտ» հրա­տա­րակ­չու­թյու­նը՝ Ռո­զա Գրի­գո­րյա­նի թարգմանությամբ:
Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ «Կոշկավաճառը» գրքից:

****

Երբեմն դուք պետք է հանձնվեք: Երբեմն ճիշտ ժամանակին հանձնվելը, նոր ինչ-որ բան սկսելը հանճարի արտահայտություն է: Հանձնվել չի նշանակում դադարել: Երբեք կանգ մի՛ առեք:

Մտածում էի «ուղղակի բիզնես է» արտահայտության մասին: Երբեք «ուղղակի բիզնես» չի լինում: Երբեք չի լինի: Եթե ամեն ինչ «ուղղակի բիզնես» լինի, կնշանակի, որ բիզնեսը շատ վատն է:

Վախկոտները երբեք չէին կարողանում ինչ-որ բան սկսել, իսկ թույլերն ընթացքում հանձնվում էին: Նշանակում է՝ մնացել ենք մենք, տիկնա՛յք և պարոնա՛յք: Մենք:

… եթե չհաշվենք, որ դու մահվան հերթի մեջ ես, կյանքը հիասքանչ է:

…եթե թուլություն, ինչ-որ զգացմունքայնություն ցույց տաս, մեռած ես:

Ձեզ հիշում են ձեր խախտած կանոնների շնորհիվ:

… բիզնեսը պատերազմի հետ զուգահեռներ ունի: Ինչ-որ մեկը ինչ-որ տեղ ասել էր՝ բիզնեսը պատերազմ է առանց փամփուշտների, և ես հակված էի համաձայնել այդ մտքին:

Երջանիկ էի, իսկապես երջանիկ էի, հնարավոր է՝ երբևէ այդքան երջանիկ չեմ եղել, բայց երջանկությունը կարող է վտանգավոր լինել: Այն բթացնում է զգացողությունները:

Մի՛ ասեք, թե ինչպես պետք է մարդ անի ինչ-որ բան: Ասե՛ք, թե ինչ պետք է անի, և նա կզարմացնի ձեզ իր հնարամտությամբ:

…ամենից առավել ցանկանում էի տարբերվել բոլորից: Ուզում էի իմ հետքը թողնել այս աշխարհում: Ցանկանում էի հաղթել: Չէ՛, սխալ եմ ասում: Պարզապես չէի ցանկանում պարտվել:

Ուզենք թե չուզենք՝ կյանքը խաղ է: Եվ ով էլ ասում է՝ այդպես չէ, պարզապես չի ցանկացել խաղալ, լքված է եղել ինչ-որ անկյունում, իսկ ես նման բան չէի ուզում: Ինչ էլ որ լիներ՝ չէի ուզում…

No Comments

Leave a Reply