Հայերն ամբողջ աշխարհում տարբեր ոլորտներում միշտ կարողանում են աչքի ընկնել, և նորաձևությունը ևս բացառություն չէ: Հայազգի դիզայներ, ոճաբան Իրինա Երիցյանը Միլանում ստեղծել է լյուքս դասի պայուսակների սահմանափակ արտադրության «Yerishi» բրենդը, որն արդեն հայտնի և սիրելի է դարձել պայուսակի որակն ու տեսքը գնահատող յուրօրինակ կանանց շրջանում:
Դիզայները նաև ոճաբան է, աշխատում է տարբեր ոլորտի կանանց հետ՝ նրանց արտաքինը դարձնելով ավելի ներկայանալի և համապատասխան միջավայրին:
«Մինչև բրենդիս՝ Yerishi-ի, ստեղծելը երկար և բարդ ճանապարհ եմ անցել, որն էլ ինձ օգնել է որակյալ և օրիգինալ բրենդ (արտադրանք) ստեղծել: Ի դեպ, կա մի հետաքրքիր պատմություն, որն իմ կյանքում շատ մեծ դեր ունեցավ. մի օր, երբ ես և ընկերուհիներս դասերից հետո որոշեցինք սուրճ խմել, այդ պահին պատահաբար հանդիպեցինք հանրահայտ Դոնաթելա Վերսաչեին, ով հետաքրքրությամբ երկար զրուցեց բոլորիս հետ: Շատ երկար չպատմեմ, բայց տպավորիչը այն էր, որ ինձ առանձնացնելով ասաց, որ ես հետաքրքիր մտքեր ունեմ, որոնք անպայման պետք է կյանքի կոչել բրենդի տեսքով: Ասեմ, որ շատ անսպասելի էր նման լեգենդից այդպիսի խոսքեր լսել իմ հասցեին»,- պատմում է դիզայները և հավելում, որ բրենդի անվան ստեղծումը ևս հետաքրքիր պատմություն է:
Yerishi—ն Երիցյան Իրինայի միքսած հապավումն է, բացի այդ ունի շատ հետաքրքիր և դիզայների համար ինչ-որ չափ միստիկ պատմություն, որի մասին կխոսվի հետագայում, կամ գուցե հենց հավաքածուի միջոցով կներկայացվի հետաքրքիր պատմությունը:
«Yerishi» բրենդի պայուսակները պատրաստվում են Միլանում միայն բարձր որակի հումքից: Դիզայները 2 տարի անընդմեջ մանրակրկտորեն և բծախնդրորեն նախագծել է պայուսակները ամեն մանրուքի մեջ դնելով մեծ սեր: Բրենդի յուրաքանչյուր շարքն ունի յուրահատուկ նշանակություն և իմաստ:
Առաջիկայում «Yerishi» բրենդը նախատեսում է կրեատիվ կանանց համար պայուսակների նոր շարք ստեղծել, որից հետո շարքը կհամալրվի կոշիկներով, ինչպես նաև տղամարդկանց համար նախատեսված շատ հետաքրքիր հավաքածու է սպասվում, որտեղ կլինեն նաև աքսեսուարներ:
Միլանում և եվրոպական այլ երկրներում մոտ ապագայում սպասվում են տարբեր միջոցառումներ, որտեղ «Yerishi»-ն մասնակցություն կունենա և իր պայուսակաները կներկայացնի մուլտի բրենդ խանութներում:
ardi.am
No Comments