ardi.am Կերպարվեստ

Կյանքից հեռացել է լոնդոնաբնակ հայ նկարիչ Էդման Այվազյանը

26.03.2020

Մարտի 25-ին՝ առավոտյան, Լոնդոնի Սուրբ Գևորգ հիվանդանոցում կյանքից հեռացել է Իրանում ծնված, Լոնդոնում բնակվող հայ նկարիչ, ճարտարապետ և դիզայներ Էդման Այվազյանը (ծնվ.՝ 1932 թ.): Անվանի նկարչի ընկերոջ՝ լոնդոնաբնակ բարերար, գրող Ասատուր Գյուզելյանի փոխանցմամբ՝ Էդման Այվազյանը սրտի հետազոտության համար ընդունվել է հիվանդանոց, որտեղ և վարակվել է կորոնավիրուսով:

Էդման Այվազյանը՝ Ասատուր Գյուզելյանի հետ

Էդման Այվազյանը Ծովանկարիչների թագավորական միության, նաև Լոնդոնի գեղանկարիչների թագավորական ինստիտուտի անդամ է: Աշխատել է նաև ճարտարապետության բնագավառում: Ստեղծել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցու սրբապատկերները: 1973-ին տեղափոխվել է Լոնդոն: 1980 թվականին գծագրել է Աբդուլազիզ թագավորի անվան օդանավակայանի Մեծ մզկիթի ներհարդարանքը (Ռիադ):

Էդման Այվազյանն անդրադարձել է «Սասունցի Դավիթ» էպոսին, նկարազարդել Հովհաննես Թումանյանի երկերը, ստեղծել դիմանկարներ, ծովանկարներ։ Այվազյանի ստեղծագործությունները գտնվում են տարբեր եկեղեցիներում, թանգարաններում՝ Լազար պատկերասրահ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան:

Էդման Այվազյանի աշատանքները՝ ՀԱՊ-ի կայք-էջից

2015-ին  Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել էր Էդման Այվազյանի «Հայրենիքի գույները» անհատական ցուցահանդեսը: 2016-ին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում  ներկայացվեցին նրա  արևելյան և հայկական մշակույթն ու բնաշխարհն արտացոլող կտավները: «Հանդիպում ընկերոջս՝ Սարգիս Մուրադյանի հետ». այս խորագիրն էր կրում Էդման Այվազյանի 3-րդ և վերջին ցուցահանդեսը հայրենիքում:
ardi.am

No Comments

Leave a Reply