Հայտնի ռեժիսոր Ջեյմս Գրեյի վերջին գործը ներկայացնում է մի տիեզերագնացի, որի տիեզերական առաքելությունը վերածվում է ինքնաճանաչման փորձի:
Խիզախության և առնականության մասին պատմող Ad Astra (Անվանումը ծագում է հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսի per aspera ad astra տողերից, որոնք թարգմանաբար նշանակում են «փշերի միջով դեպի աստղեր»: Անվանման մեջ օգտագործվել է ասույթի միայն «դեպի աստղերը» մասը: -Դ.Մ.) ֆիլմում Բրեդ Փիթը կատարում է տիեզերագնացի դեր: Ֆիլմը չքնաղ է, անկեղծ, քննում է հայրերի և որդիների հարաբերությունները, որոնք լի են սիրով և փոխադարձ անձնազոհություններով:
Շատ տիեզերական արշավախմբերի նման՝ ֆիլմում ներկայացվածը ևս չի կարողանում մեծ բարձունքներ նվաճել:Պետք է կորչել՝ գտնվելու համար. ահա այսպիսի հոգեբանությամբ են ընթանում Լուսնի հակառակ՝ մութ մասի հետազոտությունները:
Տեսողական առումով ֆիլմը ասկետիկ է: Ad Astra-ն կարող է հավակնել դառնալու լավագույն իզոլացված ֆիլմը: Բայց այս ամենի հետ մեկտեղ այն լուսավոր է, կինոնկարում օգտագործված են երկրաչափական պատկերներ, որոնք էլ ցույց են տալիս տիեզերական բնության ներդաշնակությունը:
Աշխատելով կինոգործիչ Հոյտե վան Հոյտեմայի և դիզայներ Քեվին Թոմսոնի հետ՝ Գրեյը կարողացել է ստեղծել մի այնպիսի տարածք, որը միաժամանակ և՛ իրական է, և՛ խորհրդապաշտական:
Բրեդ Փիթի հոգեբանական մանրակրկիտ խաղը, որը ավելի է զարգանում ֆիլմի ընթացքում, կարողանում է հանդիսատեսին պահել լարվածության մեջ, մանավանդ այն ժամանակ, երբ պատռվում է հերոսի կեղծ դիմակը: Մըք Բրայդը (Բրեդ Փիթի մարմնավորած կերպարը) ժամանակի մեծ մասը մենակ է անցկացնում: Նա տիեզերագնացի հանդերձանքով՝ սկաֆանդրով է, ինչն էլ շատ հաճախ ծածկում է նրա դեմքը կամ ոսկեգույն ստվեր գցում վրան: Մըք Բրայդի ձայնը հնչում է կադրից դուրս: Սա ևս որոշակի հմայք է տալիս դերասանի խաղին: Կինոնկարում կան շատ ուժեղ և հուզիչ պահեր, որոնք դիտողներին հստակ հաղորդագրություններ են ուղարկում:
Գրեյը տաղանդավոր ռեժիսոր է. շատ հաճախ նա կարողանում է կենդանացնել կադրը այնպես, որ դրդում է հանդիսատեսին թռչել նստած տեղում:
Եվ ինչքան էլ նա դասվի այն ռեժիսորների շարքին, որոնք խոսում, բայց չեն լսվում, միևնույնն է… նա շարունակելու է խոսել:
Նյութի աղբյուր՝ https://www.nytimes.com/2019/09/19/movies/ad-astra-review-brad-pitt.html?searchResultPosition=3
Անգլերենից փոխադրեց Դավիթ Մովսիսյանը
No Comments