Ահնիձորի հուշարձանները
Ահնիձորը չքնաղ բնության ու գաղափարական անսահմանության անչափելի հորիզոն է, այո՛, բայց և Ահնիձորը հուշարձանների հարուստ աշխարհ է: Հուշակոթողների ու խաչքարերի, որոնց երկրորդը չկա աշխարհում:
-Որտեղի՞ց է առաջացել Ահնիձոր անվանումը։
-Ահնիձորը Ահնիզորավարի, Ահնիզորավորի հնչյունափոխված ձևն է: 19-րդ դարի քարտեզում Ահնիզորավոր է գրանցված: Ռուսիո ցարի և թեմական խորհրդի առաջին ընտանիքների, առաջին գերդաստանների տեղափոխվելու հրամանագրով Մաթևոսյաններին և մի քանի այլ ընտանիքների թույլ են տալիս Հաղպատից և Լոռվա տարբեր գյուղերից գալ և վերաբնակեցնել, վերահիմնադրել Ահնիձորը: Ինչո՞ւ Ահնիզորավոր, որովհետև տեղում եղել է եկեղեցի՝ Հովհաննես Զորավար, այսինքն՝ Սուրբ Հովհաննես, Ահնիզորավոր եկեղեցի է եղել: Դրա համար մեր մատուռն էլ է Զորավոր: Նախկին Ահնիզորավորը դատարկվել է թուրք-սելջուկների հետ ընդհարման ընթացքում, այդ ժամանակ բոլոր բնակավայրերը վերացել են: Իմ կարծիքով վերջին մարդկային շունչը այդտեղից հեռացել է Շահ Աբասի գաղթի ժամանակ՝ 1600-ականների սկիզբին՝ 17-րդ դար: Գյուղի վերաբնակեցումը 1874, 1860-70-ական թվականներին է տեղի ունեցել,- ասում է Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը:

Ահնիձորի հուշարձանները, հուշակոթողներն ու խաչքարերը փորձել ենք բացահայտել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայության տարածքային համակարգող Արփինե Առաքելյանի հետ:
— Ինչո՞վ են առանձնանում Ահնիձորի քարեղեն արժեքները:
-Ահնիձորի խաչքարերը գյուղի պատմության վկաներն են։ Դրանք միայն խաչքարեր չեն, յուրաքանչյուր խաչքար, յուրաքանչյուր զարդանախշ ու յուրաքանչյուր պահպանված վիմագիր մի պատառիկ է այն ժամանակներից, երբ այս տարածքում ձևավորվում էր հոգևոր և մշակութային կյանք։ Ահնիձորի պատմական ժառանգության պահպանությունը նշանակում է պահպանել գյուղի պատմությունը։
-Ունե՞ք խաչքարերի պահպանման խնդիր, և ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այդ ուղղությամբ:
-Այո՛, պահպանության խնդիրներ ունենք։ Ահնիձորի խաչքարերը ունեն պատմական և գեղարվեստական արժեք, ինչպես բաց երկնքի տակ գտնվող բոլոր հուշարձանները, դրանք ևս ենթարկվում են բնական քայքայման, եղանակային պայմանների և ժամանակի ազդեցությանը։ Սակայն մեր առաջնահերթ խնդիրը ոչ միայն պահպանելն է, այլև արժևորելն ու հանրահռչակելը այդ ժառանգությունը, որպեսզի այն չկորցնի իր պատմական միջավայրը և փոխանցվի հաջորդ սերունդներին։

Պարբերաբար կատարում ենք շրջայցեր, որոնց ժամանակ իրականացնում ենք մաքրման աշխատանքներ։ Հանրահռչակում ենք սոցիալական հարթակներում։ Դպրոցականների հետ, թանգարաններում, գրադարաններում իրականացնում ենք համագործակցային տարաբնույթ միջոցառումներ, որոնք միտված են առհասարակ հուշարձանների արժևորմանն ու հանրահռչակմանը։
Գյուղի հենց սկզբնամասում է գտնվում Զորավոր մատուռը, որը թվագրվում է 13-14-րդ դարեր:
Ահնիձորում կան բազմաթիվ ինքնատիպ խաչքարեր, որոնք 12-13-րդ դարերի թվագրության են:
Ամենաառեղծվածայինը, սակայն, գյուղից 3 կմ հարավ գտնվող Ք.ա. 2-1 հազարամյակների բնակատեղին է: Նույն տարեթվերի վկայություն է նաև դամբարանադաշտը:

Գյուղի մեջ դեռևս պահպանվում է 11-14-րդ դարերի գերեզմանոցը, որտեղ կան նույն ժամանակաշրջանի խաչքարեր կամ խաչքարերի մնացորդներ:
Հին գերեզմանոցին կից պահպանվում են նաև 13-րդ դարի եկեղեցու ավերակները:
Իսկ գյուղից 2 կմ արևմուտք՝ գյուղ տանող ճանապարհի ձախ կողմում, գետակի աջ ափին անտառապատ ձորալանջին հենված է 13-14-րդ դարերի Սուրբ Կիրակոս կամ Թևավոր խաչը: Սա դասական խաչքար չէ, այլ թևավոր խաչ-կոթող:

Վերջերս՝ 2025-ին, տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ ստացավ Հրանտ Մաթևոսյանի հայրական տունը:
Մարինե Թաթոյան






