Երաժշտություն

Ալթունյանցիների հոբելյանական հյուրախաղերը Թբիլիսիում

11.12.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը հոբելյանական 85-րդ համերգաշրջանին ընդառաջ` դեկտեմբերի 2-ին և 3-ին հյուրախաղերով հանդես եկավ Թբիլիսիում:

Դեկտեմբերի 2-ին Վիրահայոց թեմի Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի սրահում տեղի ունեցավ ստեղծագործական հանդիպում Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր համույթի անձնակազմի հետ: Ներկայացվեց Հովհ. Թումանյանի «Անուշ» պոեմի և Կոմիտասի մեղեդիների հիման վրա գրված «Անուշ» երաժշտական դրաման (հատվածաբար):

Ստեղծագործական հանդիսությունը վարեց անսամբլի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր-երգիչ, պրոֆեսոր Արզաս Ոսկանյանը: Նա հանդիսանում է նաև երաժշտական ներկայացման հեղինակը: Լիբրետոն` օպերային սիմֆոնիկ դիրիժոր, դոցենտ Գրիգոր Ոսկանյանի Ռեժիսոր` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյան Բեմադրող բալետմայստեր` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյան։ Գլխավոր բալետմայստեր` Գարիկ Խաչիկյան Անսամբլի տնօրեն և գեղ. մասի պատասխանատու` Գրիգոր Ոսկանյան։



Ի դեպ, դեռևս կես դար առաջ «Անուշի» կոմիտասյան մասունքները հայտնաբերել և հրապարակել է երաժշտագետ, արվեստի վաստակավոր գործիչ՝ Ռոբերտ Աթայանը։ Վերջինիս կողմից հայտնաբերված կոմիտասյան Անուշի մասունքները 1970-ական թվականներին հնչել են Հայաստանի պետական հեռուստատեսությամբ՝ հենց Արզաս Ոսկանյանի մասնակցությամբ, ով հանդես է եկել Սարոյի դերերգով:

Մառնեուլի շրջանի հոգևոր հովիվ Զավեն վարդապետ Յազիչյանն իր խոսքում մեծապես կարևորեց երկարատև դադարից հետո Ալթունյանի անվան անսամբլի ելույթները Վրաստանում և հատկապես այն հանգամանքը, որ «Անուշ» երաժշտական դրաման Թբիլիսիում ներկայացվեց կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանի ներկայությամբ։

Զավեն վարդապետ Յազիչյանը շնորհավորեց Արզաս Ոսկանյանին հոբելյանի առթիվ՝ ցանկանալով ստեղծագործական անսպառ եռանդ։ Անսամբլի անձնակազմն այցելեց նաև Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան։
Ալթունյանցիները թանգարանում ներկայացրին հատվածներ «Անուշ» երաժշտական դրամայից։
Կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանն իր խոսքում կարևորեց երկու բարեկամ երկրների միջև այսօրինակ մշակութային իրադարձությունների պարբերական կազմակերպումը։



Դեկտեմբերի 3-ին Վախթանգ Սալարիձեի անվան համերգային դահլիճում Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը ներկայացավ համերգային նոր հավաքական ծրագրով` կազմված անսամբլի տարբեր տարիների լավագույն ստեղծագործություններից: Բացման խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով մեծապես կարևորեց Ալթունյանի անվան անսամբլի 85-ամյա փառահեղ ուղին հայկական երաժշտական մշակույթը աշխարհին ներկայացնելու գործում։ Ողջույնի խոսքով հանդես եկավ հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ջատագով Կարեն Եղիազարյանը՝ մեծապես կարևորելով հատկապես այս հյուրախաղերը, որոնք իրականացվին անսամբլի մեծ հոբելյանին ընդառաջ։ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի վաստակավոր ամսամբլի ելույթները Թբիլիսիում արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու բարձր գնահատականին։

No Comments

Leave a Reply