Ազդագիր

Անդրանիկ Բերբերյանի երաժշտությունը՝ Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բացմանը

08.05.2025

Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողության երաժշտությունը հեղինակել է կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Անդրանիկ Բերբերյանը։ Կարատեի Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան  մարզահամերգային համալիրում մայիսի 7-11-ը։ Առաջնությանը մասնակցելու են մոտ 1000 մարզիկներ՝ 54 երկրից։ Առաջնությանը մասնակցելու նպատակով Երևան կժամանեն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և պատվավոր հյուրեր աշխարհի տարբեր երկրներից։

«Ուրախ եմ, որ Berberyan Studios-ի և Background production-ի համագործակցությունը՝ հանձինս Վազգեն Պողոսյանի, շարունակվում է։ Իսկ ստեղծագործական թիմի հետ համագործակցելը՝ հանձինս ռեժիսոր Նաիրե Ստեփանյանի, բեմադրիչ-խորեոգրաֆ Հովհաննես Սարգսյանի և վիզուալ կոնտենտի պրոդյուսեր Վահան Հովհաննիսյանի հետ միշտ անցնում է ամենահետաքրքիր հույզերով։ Հետաքրքիր էր այս անգամ էլ անդրադառնալ կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, քանի որ այն կարևոր իրադարձություն է՝ թե՛ իր մասշտաբով, թե՛ խորհրդանշական նշանակությամբ։ Ինձ համար կարևոր էր, որ երաժշտությունը արտացոլի այդ մարզաձևի հոգեբանական լարվածությունն ու հանդիսավորությունը։ Այս նախագիծը ևս թույլ է տալիս ստեղծել յուրօրինակ երաժշտական մոտեցում, որը կարտացոլի տվյալ նախագծի էությունը, կունենա անմիջական կապ բեմադրության բոլոր տարրերի հետ»,- նշում է Անդրանիկ Բերբերյանը։

Հավելենք նաև, որ Անդրանիկ Բերբերյանն առաջին անգամ չէ երաժշտություն հեղինակում մասշտաբային նախագծի համար․ 2021 թվականին նա գրել է ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման համար հատուկ գրված երգը, իսկ 2022 թվականին՝ Դուբայի էքսպոյի Հայաստանի մասնակցության վիզուալացված նյութի երաժշտությունը, 2023-ին՝ Եվրոպայի ծանրամարտի առաջնության բացման արարողության երաժշտությունը։ 2024-ին Բերբերյանը հեղինակել է ՎԶԵԲ-ի 33-րդ Տարեկան հանդիպման ու Գործարար համաժողովի գալա համերգի երաժշտությունը, «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության բացման արարողության երաժշտությունը և գրել է ստեղծագործություն, որը մրցանակաբաշխության երաժշտական գլխավոր թեման է և ֆանֆարը։ Նշենք նաև, որ Բերբերյանն օրերս պարգևատրվել է «Տարվա կոմպոզիտոր» մրցանակով՝ «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ։