Մայիսի 6-ին «Արմ Մոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում Հայաստանի թատերական գործիչների միությունում տեղի ունեցավ «Անտեսանելի զրուցակիցը» մոնոդրամայի առաջնախաղը, բեմադրիչ՝ Ռուբիկ Կարապետյան, դերակատար՝ Աննա Պողոսյան։ Ներկայացումը ստեղծվել է 20-րդ դարի ֆրանսիացի նշանավոր գրող, դրամատուրգ և դերասան Ժան Կոկտոյի «Մարդկային ձայն» և «Անտարբեր գեղեցիկը» պիեսների հիման վրա։ Նշենք, որ «Անտարբեր գեղեցիկը» պիեսը դրամատուրգը գրել է Էդիթ Պիաֆի համար։
Դահլիճ մտնող հանդիսատեսին դիմավորում է մի մութ, խորհրդավոր սենյակ, որում, չնայած որոշ իրերի առկայությանը, տիրում էին սառնություն ու անտարբերություն։ Դահլիճի լույսերն անջատվում են, տիրում է լիակատար մթություն, որի միջով անցնում է որոշակի ժամանակ։ Դուռը դանդաղորեն բացվում է, և հետզհետե լուսավորվող բեմ-սենյակում հայտնվում է գեղեցկուհի երգչուհին՝ փոքր-ինչ անտարբեր, մելանխոլիկ, միևնույն ժամանակ սպասման մեջ համբերությունը կորցրած և պատրաստակամ ներսից դուրս բերելու այն ամենը, ասելու, խոստովանելու և անգամ պահանջելու այն, ինչի մասին լռել է, երբեք չի բարձրաձայնել, հանդուրժել է և պարզապես սպասել, սպասել այն օրվան, երբ ինչ-որ բան անպատճառ կփոխվի, իսկ կփոխվի՞ արդյոք։ Ներկայացման ամբողջ ընթացքում մենք ականատես ենք լինում հերոսուհու ներսում և շուրջը կատարվող ներքին և արտաքին բախումներին, որոնք մերթ սրվում են, մերթ հասնում ամենապասիվ աստիճանի՝ հերոսուհու անտարբերությանը։ Հերոսուհին, որը, ի դեպ, այստեղ էլ անանուն է, ինչպես և պիեսներում, խոսում է, զրուցում մեզ համար անտեսանելի, իսկ իր համար տեսանելի անձնավորության հետ: Եվ զրույցից հետզհետե ակնառու է դառնում վերջինիս ներքին ապրումները՝ զգացմունքային և հուզական դաշտի անկայունությունն ու փխրունությունը։

Հերոսուհին երգչուհի է, ամեն երեկո ելույթ է ունենում, իր իսկ բնորոշմամբ, «էժանագին» պանդոկներում և մի հույս ունի միայն՝ վերադառնալ տուն ու հայտնվել այնտեղ իրեն սպասող գեղեցիկ մթնոլորտում, լինել իր սիրելիի կողքին, նրա գրկում՝ մոռանալով իր շուրջն ու աշխարհում կատարվող յուրաքանչյուր երևույթի մասին, բայց… Բայց հույսերն այդպես էլ չեն արդարանում։ Գալով տուն, նա գտնում է միայն մութ ու դատարկ սենյակ, որն իր անմիջական ներգործությունն է ունենում հերոսուհու ներքին աշխարհի փլուզման վրա։ Մութ սենյակում ժամանակը հոսում է։ Այն դրսևորվում է մթության մեջ ժամացույցի սլաքների բարձր ու դանդաղ ընթացքով, ինչպես նաև զրույցի ժամանակ շարֆերի փոփոխմամբ։ «Մենք որոշել էինք անկեղծ լինել միմյանց հետ»։ Հերոսուհու արտահայտած այս միտքը որոշակի պատկերացում է տալիս նրա և անտեսանելի զրուցակցի միջև եղած հարաբերությունների մասին։ Կարող ենք ենթադրել, որ նրանց հարաբերությունները վաղուց փլուզման եզրին են եղել, ինչն էլ ի վերջո հասել է իր տրամաբանական, միևնույն ժամանակ ոչ տրամաբանական ավարտին։ Ներկայացման առաջին րոպեներին թվում է, թե հերոսուհին պարզապես խոսում է հեռախոսով, իսկ նրան պատասխանում են։ Այդ ընթացքում նա հարդարվում է, կարգի բերում սենյակը։ Հետզհետե այդ տպավորությունը մղվում է երկրորդ պլան, քանի որ հերոսուհին սկսում է խոսել այնպես, ասես զրուցակիցն իր կողքին է, լսում, հասկանում ու պատասխանում է իրեն, ինչպես և ինքը։ Հերոսուհին աչքի է ընկնում իր հակասականությամբ: Նա սիրում, միևնույն ժամանակ ատում է իր զրուցակցին, ուզում է նրա կողքին լինել, ապա մեկընդմիշտ մոռանալ նրան ու բաց թողնել, որոշում է սպանել, իսկ վայրկյաններ անց մտափոխվում է և… այսպես շարունակ։ Մթության մեջ ժամանակը շարունակում է հոսել։ Երբեմն նա թողնում է խենթի տպավորություն։ Թվում է, թե նրա հույզերը, մտքերն ու ասելիքը միահյուսվել են՝ ստեղծելով խառնաշփոթ իրավիճակ։ Հաջորդ պահին այս տպավորությունից հետք անգամ չի մնում։ Հերոսուհու ներքին աշխարհը կայունանում է, և նա շարունակում է իր զրույցը անտեսանելի սիրո հետ։ Հերոսուհու խաղը օրգանական է։ Իր խաղի միջոցով նա կարողացել է հասնել նրան, որ մենք, ինչպես և ինքը՝ հերոսուհին, կարողանում ենք տեսնել այդ զրուցակցին, զգալ նրա էմոցիաները, լսել նրա պատասխանները։ Կար նաև հակառակ պատկերը։ Անտեսանելի զրուցակցի միջոցով մենք կարողանում ենք զգալ, տեսնել ու հասկանալ նաև հերոսուհու ապրումները, անտարբեր դառնալու պատճառները, որոնք հաճախ արտահայտվում էին նաև հերոսուհու փոքր-ինչ հումորային տարրերով նշմարված ժեստիկուլյացիայի և միմիկաների դրսևորումներով, երբեմն ժպտալու առիթ տալով հանդիսատեսին։ Հերոսուհու խոսքը հնչեղ է, հստակ, մաքուր, առանց որևէ աղավաղման։ Մինիմալիստական ոճով կահավորված բեմը ստեղծում է սառը մթնոլորտ, հուշումներ տալիս հերոսուհու այդ րոպեի տրամադրության և ապրումների մասին։ Նվազագույնի է հասցված նաև միզանսցենը, որը ոչ միայն չի թուլացնում ներկայացման ռիթմը, այլև համահունչ ընթացքի մեջ է խոսքի և երաժշտության հետ։ Բեմադրիչը բավականին մեծ աշխատանք է կատարել՝ փորձելով միայն մեկ հերոսուհու մեջ կենտրոնացնել պատմություն, որն առավել հեշտ կլիներ ներկայացնել մի քանի հերոսներով։ Պետք է փաստել, որ բեմադրիչ Ռուբիկ Կարապետյանին հաջողվել է ներկայացնել մի հերոսուհու դրամա, որն իսկապես մտածելու տեղիք է տալիս։

Եվ, ի վերջո, ո՞րն էր հերոսուհու ցանկությունը, ի՞նչն էր վերջինիս մղել նման զրույց իրականացնելու։ Թվում է՝ պատասխանը շատ պարզ է՝ լքված ու միայնակ լինելու հանգամանքը։ Բայց իրականում նրա դրաման չափազանց անձնական է։ Այն իրականությունը, որում գտնվում է նա, այն անվերջանալի սպասումը, կարոտը, անտարբերությունն ու սառնությունը, որոնք շրջապատում են նրան, անտանելի են և քայքայող։ Ժամանակը հոսում է, շարֆերը փոփոխվում, բայց հերոսուհու կյանքում որևէ բան այդպես էլ չի փոխվում, և պարզ չէ, հետագայում կփոխվի՞, հերոսուհին կհասնի՞ ներքին ներդաշնակության, կհաշտվի՞ ինքն իր հետ, իր անտեսանելի զրուցակցի հետ, թե՞ ոչ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կարող է գտնել ներկայացումը դիտած հանդիսատեսից յուրաքանչյուրը, և, ո՞վ գիտե, միգուցե գտնվեն նաև հիմնավորված պատասխաններ։
Հասմիկ Ավետիսյան