Ծնվել եմ Լոռվա Արդվի գյուղում։ Գեղեցիկ դիրք ու բնություն ունեցող գյուղ է՝ ժամանակի հնամենի խորքերը գնացող, դեռևս վիճահարույց մնացած շատ հարցեր պարունակող պատմությամբ։ Իմ մանկության օրերից հիշում եմ. մի անգամ մեծ ջրհեղեղ եղավ, և հենց գյուղի կենտրոնում սելավը մի ամբողջ շարք մարդկային կմախքներ բացեց- ի՞նչ էր դա, «սուզյալ», հին գերեզմանո՞ց, թե՞… ճակատամարտի վայր… Սուրբ Հովհաննու վանքի մերձակա հին գերեզմանատանը գրեթե բոլոր հին խաչքարերի վրա դաշույններ են քանդակված, որքան գիտեմ ՝ հնագետները դրա բացատրությունն էլ չունեն։ Սուրբ Հովհաննու վանքը՝ Սրբանեսը, նշանավոր է նրանով, որ ամենայն հայոց կաթողիկոսության գահից հրաժարվելուց հետո այն հիմնադրել ու մինչև իր կյանքի վերջը այնտեղ ճգնել է մեր երևելի, բազմաշնորհ կաթողիկոսներից Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը, որը հենց իր կենդանության օրոք սրբադասվել է ու հուղարկավորված է իր կառուցած վանքի ներսում։ Այս գյուղի ծնունդ կամ շառավիղ են Լոռիս Մելիք ազնվական տոհմը, ազնվական Քալանթարյանները, որոնցից հայտնի դեմքեր են հնագետ Աշխարհբեկ Քալանթարը, հողագետ միկրոկենսաբան Պապա Քալանթարյանը, Ռուբեն Մամուլյանը, Ավան և Թարխան հարյուրապետները, …Սայաթ-Նովայի մայրը՝ ըստ սայաթնովագետ Հենրիկ Բախչինյանի տվյալների, ներկայումս՝ ձեր «նվաստ ծառան» ՝ ես, Հայաստանի վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյանը և հանիրավի ոչ այնքան հայտնի ֆիզիկոս Գևորգ Կիրակոսյանը։
Ես ծնվել եմ «տոհմիկ» հովիվների ընտանիքում։ Եթե ոմանք հպարտանում են իրենց «ինտելիգենտական» ծագմամբ՝ ժառանգական արվեստագետ և այլն, ես միշտ «հպարտացել» եմ իմ «հովվական» ծագմամբ։ Թող համեմատությունը մեղք չհամարվի, հովիվներն էին, որ պատսպարեցին ու հովանավորեցին մեր Տիրոջով հղի Սուրբ Աստվածամորը մինչև մոգերի՝ երեք արևելից արքաների տեղ հասնելը… Մերոնք բնիկ արդվեցի չեն եղել, ինչպես և, զարմանալիորեն, գյուղի մնացած բոլոր տոհմերը։ Երևում է՝ այս հնամենի գյուղը ժամանակին ամայացել է ինչ-որ պատճառներով և հետագայում, ժամանակի ընթացքում վերաբնակեցվել։ Ունեմ կարճառոտ , չափածո մի տոհմածառի տարբերակ.
ԾՆՆԴՈՑ
Պապիս պապ Աղաբեկը,
ըստ էթնիկ ավանդության,
գաղթել է Նոյեմբերյանի Բերդավան գյուղից։
Մի տերտերի հետ կապված
մութ պատմություն է ունեցել,
մոտավորապես այսպիսին՝
ըստ ժողովրդական ասացվածքի.
«Մարդ կա՝ տերտերին է սիրում,
մարդ էլ կա՝ իրիցկնոջը»։ Ի՞նչ արած…-
Բայց համարենք, որ, այնուամենայնիվ,
գաղթել է, ոչ թե… փախել…
Ու եկել-հաստատվել է ի գյուղն Արդվի՝
անհայտ է, թե որ յամի Տեառն…
Աղաբեկ ծնավ Գրիգոլ։ Սա հյուսն էր
ու գեղջուկ փիլիսոփա։ Ամիսը մի ոսկի էր
տալիս գյուղի տերհորը, որ կարդացնի
Ավետիք որդուն։ Բայց պապս գրի հետ սեր չուներ։
Գիրքը հանդում պահում էր սալ քարի տակ, իրիկունը
հետ բերում տուն։ Ոչինչ էլ չսովորեց։ Ոչխարները հաշվում էր՝
մահակի վրա խազեր քաշելով – այսքան խազ՝ այսքան ոչխար»…
Ավետիք ծնավ Մարտիրոս։ Էլի տառատյաց էր,
կածանգնա հովիվ դարձավ։ Սիրում էր կին և գինի։
Շաբաթներով լուռ էր։ Խոսում էր օղուց հետո։
Երբ քեֆը լավ էր՝ ինքնաշեն երգեր էր դնդնում ՝
վասն աշխարհի և մարդու…
Մարտիրոս ծնավ մեղավորիս։ Ինձ գրքից պոկել չէր լինում։
«Խելքդ կմաղվի, այ որդի, էդքան կարդալ չի լինի…»,-
հորդորում էին ինձ ահով։ Դարձա բառերի հովիվ։
Բայց հովիվ նախնիներիս տեսածը՝ մասրենի, ամպ,
ժայռ, դրանցից էլ վեր՝ սարերի վրա՝ Աստված…,-
չեմ զորում առնել գրի, մեծ մասամբ լռում եմ սաստված…
Իմ գրքերից մեկի մեջ այս բանաստեղծության սկիզբն այլ «տեղեկություն» ունի, գրել եմ, որ Աղաբեկը փախել է… մի տերտերի սպանած լինելու պատճառով — այդ մասին ինձ ասել է իմ տոհմի տարեցներից մեկը, բայց հետո դա փոխել եմ ՝ հասկանալի պատճառներով և տեքստ մտցրել իմ «վարկածը», ենթադրելով, որ այդ ողբերգությունը տեղի ունեցած կլինի սիրային խնդիրների պատճառով…
Գրիգոլը չորս տղա է ունեցել՝ Ավետիք, Երվանդ, Աղաբեկ, Սարգիս, և երեք դուստր՝ Իսկուհի, Փեփել և Էլեն։ Իսկուհին ամուսնացել է հարևան Օձուն գյուղում և ունեցել երեք «կագեբեիստ» կամ միլպետ որդիներ, որոնցից մեկի՝ Գևորգի դուստրն է հանրահայտ սիրված դերասանուհի Վիոլետա Գևորգյանը։ Իսկուհուն չեմ տեսել, իսկ պապիս մյուս «քույրիկների» համբույրները դեռ զգում եմ այտերիս վրա -պապս ասում էր՝ դրանք շատ են սիրում պաչպչել, դրանք «փելդար» են բոլորը, մի բառ, որի իմաստը չգիտեմ, երևի՝ կեղծավոր։ Բայց չէ, լավ տատիկներ էին, պապս սխալվում էր անշուշտ…
Մայրս՝ Մարոն, դյուրահավատ, միամիտ կին էր։ Հորս ու մորս մասին մի բանաստեղծություն ունեմ.
ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
Եվ հիմա, երբ այսպես կոչված՝ ներհայեցողական
մի հայացքով, կյանքիս տեսադաշտն եմ զննում ՝
արյանս գետի ակունքը որոնելով,
սրտիս զարկերին համընթաց թիավարելով
մակույկս — ի՞նչ եմ տեսնում հորիզոնում, այնտեղ…-
Ահա մայրս՝ մեկն այն գետի վտակներից —
միամիտ ու շվար, աշխարհի ամեն ինչից՝
նույնիսկ չնչիններից, բերանբաց զարմացած,
շառավիղը Վերանի՝ Բրդաձորից եկած
(գուցե Բրուտաձո՞ր — վայրի, անհայտ մի տեղ,
ծմակներում կորած…)։ Անհմուտ՝ առտնինում,
սերը՝ սար ու ձորին, մի … հանդապաշտ իսկը-
ասես գեորգիկներից մեկը Վերգիլիոսի՝
անբաժան ուղեկիցն իր հովիվ կողակցի…
Եվ վտակներից մյուսը՝ հայրս, հեռավոր
Բերդավանից մի օր գաղթած, աստ՝ Արդվի
չքնաղ այս գյուղակում իր տոհմը հաստատած
իմ ապուպապ Աղաբեկի շառավիղը ահա…-
Գինու և ասքերի սիրահար, թախծոտ
մի սիրով, «ներս գցած» մի վշտով՝ աշխարհից…
Եվ այս զույգ վտակների խառնատեղում էլ՝ ես,-
ու Տերը այսուհետ թող բարին կատարի…
«Ձայնաշար կամար» ժողովածու, 2015 թ.
Մորական կողմից պապս՝ Խեչոն, «կարդացվոր» մարդ էր, կարդացել-սպառել էր գյուղի գրադարանը և իր ամեն մի բաժակաճառում անպայման մեջբերումներ էր անում հայոց պատմությունից։ 1941 թ. ռուս-գերմանական պատերազմում գերի էր ընկել, ապա 1949 թ. ընտանիքով աքսորվել Ալթայի երկրամաս։ Թոռներով երբ մենք՝ պիոներ, «պավլիկմորոզովականներս» հանդիմանում էինք նրան գերի ընկնելու համար, տխուր հայացքով նայում էր մեզ ու ասում. «Բա հիմի վա՞տ ա, որ կողքներիդ եմ…»։
Երկու եղբայր եմ ունեցել՝ Վաղինակ և Վաչագան։ Ձայնեղ էին, լավ էին երգում։ Ես ձայն չունեմ, իմ երգերը գրավոր ստացվեցին…