Այս տարի Դերենիկ Դեմիրճյանի տուն-թագարանը Թանգարանների գիշերի միջոցառումների շարքում ներառել էր ժամանակակից հայ գրականությանն անդրադառնալու հերթական նախագիծը․ դասականի տանը հյուրընկալել էին գրող, հրապարակախոս, թարգմանիչ Տիգրան Նիկողոսյանին, որի ծննդյան 70-ամյակն է լրանում այս տարի։
Տուն-թանգարանում հավաքված մտավորականները, արվեստագետները խոսեցին Տիգրան Նիկողոսյանի ստեղծագործական կյանքի, հասարակական գործունեության մասին, ներկայացրին նրա կյանքից կարևոր դրվագներ։
Թանգարանային գիշերի շրջանակներում կազմակերպվել էին նաև ժամանակավոր ցուցադրություններ։ Մեկ ցուցանմուշի ցուցադրության ձևաչափով ներկայացված էր ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի 1975 թ․ հրատարակած «Ներսիսյանցիներ» ալբոմը։
Ալբոմ «Ներսիսյանցիներ»

Թվային ցուցադրությամբ առաջին անգամ ներկայացվեցին Դերենիկ Դեմիրճյանի կերպարվեստի անհայտ նմուշներ։
Դերենիկ Դեմիրճյան, բնանկարներ


Թանգարանային տոնը շարունակվեց նաև հաջորդ օրը․ նշվում էր Թանգարանների միջազգային օրը։
Դեմիրճյանական ընթերցումներ

Տուն-թանգարանում կազմակերպվել էին դեմիրճյանական ընթերցումներ։ Մասնակիցները՝ Երևանի 174 հիմնական դպրոցի սաները, Դերենիկ Դեմիրճյանի երկերի թեմաներով բացիկներ էին պատրաստել, որոնք նվիրեցին տուն-թանգարանին։
Դեմիրճյանական բացիկներ

Ստորև հրապարակում ենք Տիգրան Նիկողոսյանի գրական վաստակի մասին Կարինե Ռաֆայելյանի խոսքը։
Ardi.am
Տիգրան Նիկողոսյանի ստեղծագործության մասին
Տիգրան Նիկողոսյանի գրքերը

2024-ին հրատարակվել են Տիգրան Նիկողոսյանի երկու գրքերը՝ «Սիրո գինը սերն է» հայերեն և ռուսերեն երկլեզու ժողավածուն և «Կյանքը բաց նամակներում» ծավալուն հատորը, որում ամփոփված են գրողի տարբեր տարիներին գրված բազմաժանր գործերը։
«Սիրո գինը սերն է» ժողովածուն ներառում է Տ․ Նիկողոսյանի բանաստեղծությունները՝ գրված պատանեկան հուզականությամբ, ռոմանտիկ շնչով։ Դրանց համար ասես բնաբան են ծառայում Բլոկի, Չարենցի, Մեծարենցի, Թումանյանի խոսքերը։ Հանգավոր տողերի ենք հանդիպում նաև արձակ երկերում, որոնք այս ժանրում էլ են ապահովում հուզականության, ներանձնական ապրումնի շերտը։ Նիկողոսյանի մոտ յուրովի են իմաստավորվում բնությունն ու բնաշխարհի ներկայացուցիչները․ օրինակ՝ թռչունը մարդու խորհրդանիշ-կերպարի արժեք է ձեռք բերում, արևի, ծաղիկների խորհրդանշական կերպարներում, թվում է, տարրալուծվում է մարդը, բայց մյուս կողմից դրանք ինքնօրինակորեն իմաստավորում են մարդուն՝ անուղղակի հավաստիացումը դառնալով գրողի հետևյալ դիտարկման․ «Սերը ե՞րգ է, թե՞ երգն է սեր»։
Տիգրան Նկիողոսյանի մասին գրել են մեր ժամանակի շատ անվանի մարդիկ՝ Աելիտա Դոլուխանյանը, Լյուդվիգ Կարապետյանը, Դավիթ Մուրադյանը, այլք։
Ինքն իր հավատամքը ձևակերպել է այսպես․ «Ես հավատում եմ Արարատ լեռան հավերժությանը, ծաղկած ծիրանենու կատարելությանը, հող հայրենին, ոսկեդեղին հասկը, նորածնին և գիրը որպես բարձրագույն արժեքներ դիտող, Մհերի դուռը մի օր բացված տեսնելու, մարդուն Աստծո նմանությամբ երբևէ հանդիպելու հավատով ապրող մարդուն»։
Տիգրան Նիկողոսյանի ստեղծագործությունների շարքում առանձնանում է «Մարիամ իշխանուհի» պատմավավերագրական (ըստ Վարդան Դևրիկյանի բնորոշման՝ գեղարվեստավավերագրական) էսսեն, որն ընդգրկված է «Կյանքը բաց նամակներում» ժողովածուում։ Այս ստեղծագործության մեջ ներհյուսված են պատմությունը, առասպելը, երևակայությունը, գեղարվեստական տեսիլքը, քնարական տրամադրությունները։ Սա ասք է հայ կնոջ բացառիկության, արժանապատիվ վարքի, վաղամեռիկ սիրելի կողակցի թանկ հիշատակը հոգևոր կոթողների տեսքով հավերժացնելու, առհասարակ մարդկային բարձր արժանիքների մասին։ Բուն Մարիամ իշխանուհու կերպարին և կենսագրությանն անդրադառնալուց զատ, Տիգրան Նիկողոսյանը այս ստեղծագործությամբ մեզ փոխանցել է մեկը մեկից ուշագրավ փաստեր, դիցապատումներ, անցյալից ներկա ձգվող սիրային հովվերգության բազում դրվագներ։ Մենք հանդիպում ենք սիրահարված Այվազովսկուն, Ռոդենին, Տրիստանին և Իզոլդային, Հազախաչի, Հարսնաքարի մասին վկայությունների հերոսներին։ Ասքը հետաքրքիր մանրամասներ է պարունակում Րաֆֆու, Աբովյանի, մեր կաթողիկոսների, հոգևոր պատվարժան հայրերի, Հենրիխ Շլիմանի, այլ հանրահայտ դեմքերի մասին։
Տիգրան Նկիողոսյանը վեր է հանում պատմական փաստեր, որոնք լույս են սփռում Աշոտ Բագրատունու դուստր Մարիամ իշխանուհու երևելի վարքի վրա։ Նա իր երիտասարդ կողակցի՝ Վասակ Սյունեցու մահից հետո ստանձնում է Գեղամա աշխարհում նրա հիշատակին քառասուն եկեղեցի կառուցելու առաքելությունը։ Այս մասին վկայություններ են բերված Ստեփանոս Օրբելյանից,Ղևոնդ Ալիշանից, հայ մատենագիտական հարուստ գանձարանի տարբեր վավերագրերից։
Մարիմամի եկեղացաշինության աշխարհագրությունը հասնում է Սևանա կղզի, որտեղ գործում էր բավական համբավավոր հոգևոր դպրանոց՝ երանելի Մաշտոց վանահոր առաջնորդությամբ։ Վերջինիս հետ հանդիպումների, համագործակցության արդյունքում են 874 թ․ վեր հառնում Սևանա կղզու երկու եկեղեցիները՝ Ս․ Առաքելոցը և Ս․ Կարապետը։ Այսինքն՝ Տիգրան Նիկողոսյանի ուսումնասիրությունը նորովի է լուսաբանում Լևոն Շանթի «Հին աստվածները» դրամայից մեզ հայտնի Վանահայր-իշխանուհի առնչությունը և բացառում հոգևարականի ու իշխանուհու՝ ավանդապաշտական կերպարներին վերագրվող դրվագները, որ ընկած են Լևոն Շանթի թատերգության հիմքում։
Փափկասուն հայ տիկնանց մեծագործությունները չեն սահմանափակվում միայն Մարիամ իշխանուհու կատարածի մասին տեղեկություններով։ Հեղինակը թվարկում և բացահայտում է այլ հայուհիների՝ իրենց բարձր առաքինություններով։
«Քարտեզի վրա ճանապարհ ու բնակավայր գտնելը հեշտ է, դժվարն այն տունը գտնելն է, որի պատերից ներս տոհմի արյան կանչը դեռ խուլ արձագանքվում է ու հենց դրանից է երևի առաջին հերթին, որ առօրյա խոսք ու գործերի արանքում մեկ էլ արթնանում է անցյալը, ավագների ու ընտանեկան պատմություններից ծանոթ ու այլևս հարազատ դարձած դեպքեր ու երբևէ անգամ չտեսած անձինք են դառնում քեզ ուղեկից, մարդիկ, ովքեր նախնյաց թանկ ծննդավայրի զինվոր ու մշակ են եղել, ովքեր ժամանակի դժվար քառուղիներում հող ու երկիր են պահել, պատմություն կերտել, որ սերնդեսերունդ եկել ու հասել է մինչև մեր օրերը․․․»,- գրում է հեղինակը։
Տ․ Նիկողոսյանի գիրը հենց այդ տան որոնումներից է ծնվում և որոնումների է կոչում նաև ընթերցողներին։
Այս բոլոր պատմությունների գլխավոր ուղերձը հետևյալն է․ «Երեք բան անհնար է խլել մարդուց՝ հայրանունը, հիշողությունը, սերը»։ Ինքնին հասկանալի է, որ այս համոզմունքի կրողն առաջին հերթին հենց ինքը՝ Տիգրան Նիկողոսյանն է։
Կարինե Ռաֆայելյան