Հայաստանի կամերային նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանը մեկն էր այն սփյուռքահայերից, որոնք Հայաստանն առաջին անգամ տեսան և ճանաչեցին խորհրդային կայսրության փլուզումից հետո միայն և, ի հեճուկս բոլոր դժվարությունների, հաստատակամորեն բռնեցին դեպի բաղձալի բնօրրան բերող ճամփան: Հայաստանում աշխատած տարիներին նա նորարարական շնչով նվաճեց հայաստանյան երաժշտասերների սիրտը՝ հանդես գալով բազմաթիվ համերգներով հայրենիքում և արտերկրում։
2014 թվականին նրա մահը իսկական ցնցում էր բոլորիս համար․աշխարհից պակասել էր մի տաղանդավոր հայորդի, որը ոչ միայն ճանաչված ու սիրելի երաժիշտ էր, այլև մեծ հայրենասեր՝ հայրենիքին կապված ամնմացորդ, սթափ սիրով ու անհանգստություններով։
2008-ին նրա հետ ունեցած հարցազրույցը այդ սիրո ու անհանգստության արձանագրումներից մեկն է, որում հնչեցրած մտքերն առավել քան հասկանալի ու արդիական են նաև այսօր։
«Մենք ՝ հայերս, մի հզոր forte ունենք՝ մարդը»,- ասում է նա այդ հարցազրույցում, որը ներկայացնում ենք ստորև։
-Մեաստրո, ի՞նչ արժեքներով է դաստիարակվում հայ երեխան սփյուռքում:
-Սփյուռքում ապրող հայը, որ ծնվել և մեծացել է օտար երկրում ու միշտ երազել Հայաստանի մասին, բոլորովին ուրիշ արժեքներ է կրում իր մեջ: Ես և քույրս մեծացել ենք շատ ազգային մթնոլորտում: Մեր ընտանիքում կարևոր էր արդար դատողությունը: Մանկուց սովորել ենք, որ երբեք չես կարող որևէ հարցում վերջնական եզրակացություն անել՝ լսելով միայն մեկ կողմին: Պետք է լսես նաև երկրորդին, լսես անաչառ կերպով, ապա նոր եզրակացություն անես: Այսինքն՝ լինել արդար, լինել հանդուրժողական ինձ սովորեցրել են դեռ մանկուց: Հայրս՝ Վաչիկ Ղարաբեկյանը, ով մեկն է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնադիր անդամներից, շատ էր հավատում համահայկականի գաղափարին և մտածում, որ մենք վերջապես կհամախմբվենք մեկ նպատակի շուրջ: Սփյուռքում ծնված, մեծացած յուրաքանչյուր հայի համար Հայաստանը իդեալ է, անհասանելի երազանք: Մենք մտածել ենք, որ հայը իդեալական է, որ Հայաստանում գործում են ամենաբարձր չափանիշները: Այդպես ենք դաստիարակվել: Ուսումնասիրում էինք հայոց պատմությունը, փորձում հայթայթել հայրենիքին վերաբերող ինչ-որ տեղեկություն, ինչ-որ մասունք (չէ՞ որ Խորհրդային Միության պայմաններում ամեն ինչ փակ էր, գաղտնի): Եթե հանկարծ մի ձայնասկավառակ էինք գտնում ու լսում, ասենք, Հովհաննես Բադալյանի «Ես իմ անուշ Հայստանի»-ն, դա ուղղակի հայտնություն էր: Այդպիսի խորհրդանիշներով ենք ճանաչել Հայաստանը: Ինձ նման մարդիկ, որ ծնվել են արտերկրում և այսօր արդեն ընտանիքներով ապրում են Հայաստանում (այդպիսիք բավական շատ են), իրենց մեջ կրած հայրենասիրությամբ էապես տարբերվում են հայաստանցիներից: Անձնվեր լինելը՝ և ամեն օր, և ամեն րոպե, և ոչ միայն արտակարգ իրավիճակներում, մեզ համար եղել է խորհրդանիշ, դավանանք: Ես անձնազոհության մասին չեմ խոսում: Խոսքը անձնվիրության մասին է, երբ պատրաստ ես քո ցանկությունները, քո կարիքները մղել երկրորդական պլան և անել մի բան, որը բոլորին է հարկավոր: Դրսում ես և իմ շրջապատը ապրել ենք միութենական կյանքով: Մենք թիմային աշխատանք ենք կատարել: Եղել ենք սկաուտներ, զբաղվել տարբեր կազմակերպչական հարցերով: Թիմ լինելով՝ պահել ենք ազգայինը, ազգապահպանության գործում փոքրիկ կորիզն ենք եղել: Հետևաբար, մեր մեջ շատ խորը նստած է այն մոտեցումը, որ իմ ցանկություններից, իմ կարիքներից ավելի կարևոր են մեր բոլորի ցանկություններն ու կարիքները: Եթե բոլորի համար լավ լինի, նաև ինձ համար լավ կլինի: Ոչ թե՝ ես դեռ իմ հարցերը լուծեմ, հետո եթե տակն ինչ-որ բան մնաց, կտամ նաև քեզ:
—Սփյուռքում ծնված և երկար տարիներ ապրած մարդն ի՞նչ է զգում՝ առաջին անգամ Հայաստան գալով:
-Առաջին անգամ եկա Հայաստան 1992 թվին: Մինչ այդ չէի եղել այստեղ: Ինչպես որ սփյուռքում ծնված, մեծացած յուրաքանչյուր հայի համար, առաջին այցելությունը շատ մեծ իրադարձություն էր: Երբ գալիս ես այստեղ, նախ քո մեջ կրած կուռքերն են կոտրվում, որը շատ բարդ պրոցես է: Շոշափում ես իրականությունը և այնպիսի բաներ ես զգում, տեսնում, ապրում, մի այնպիսի արտառոց իրավիճակում ես հայտնվում՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, որ դժվարանում ես այդ բոլորն ի մի բերել:
-«Իրականությունը շոշափելիս» Ձեզ չսարսափեցրի՞ն հայաստանյան անհաշիվ պրոբլեմները:
-Բնական է, որ ցանկացած պարագայում պրոբլեմը խանգարում է: Ու ես ոչ թե անտեսում եմ, չեմ ուզում նկատել իրականությունը, այլ մտածում եմ, որ պետք է դրա հետ հարմարվելու եզրեր գտնել, որովհետև պրոբլեմ ասվածը վերջ չունի աշխարհում: Մեկն այնքան շատ պրոբլեմ ունի, որ չգիտի՝ ինչպես ազատվի, մեկ ուրիշն էլ այնքան անհոգ է, որ չգիտի՝ ինչպես իր համար պրոբլեմ ստեղծի: Այնպես որ, պրոբլեմը վերջ չունի: Պարզապես դու պիտի կարողանաս մի ներքին հոգեբանական դիսցիպլինով, մեդիտացիայի սկզբունքով քեզ անջատել ամեն ինչից ու տրվել քո գործին, իմ դեպքում՝ երաժշտությանը:
-Մենք ինչո՞վ ենք օտարներին գրավում, ո՞րն է մեր յուրահատուկ արժանիքը նրանց աչքում:
-Աշխատանքի բերումով՝ արտասահմանից հաճախ եմ հյուրեր ընդունում և ոչ միայն՝ երաժիշտների: Շատերը գաղափար չունեն, թե ուր են գալիս, որովհետև մենք աշխարհի քարտեզի վրա գրեթե չկանք: Երկու-երեք օր այստեղ մնալուց հետո ապշած, տպավորված մեկնում են: Իսկ ապշելու պատճառը մարդիկ են: Մենք՝ հայերս, մի հզոր forte ունենք՝ մարդը: Բայց դա երբեք չենք տեսնում, որովհետև ընկել ենք ուրիշ արժեքների հետևից: Մարդը՝ որպես իր մեջ արժեքներ կրող անձ, ինքնըստինքյան և ենթագիտակցորեն շատ ուժեղ կառուցվածք ունի: Բայց նա տրվում է ուրիշ գայթակղությունների, գնում ուրիշ ընդօրինակությունների: Հետո սկսում ենք կորցնել այդ մարդու կորիզը, հետզհետե դա պակասում է, քողարկվում: Այսքան շնորհք, այսքան տաղանդ այսքան փոքր ժողովրդի մե՞ջ. սա անհատի ֆենոմենն է: Ու դեռ շարունակվում է մեր երեխաների, մեր երիտասարդների մեջ: Եվ ցավալի է, որ մենք դրան նպաստող որևէ գիտակցական, կազմակերպչական ջանք չենք թափում, որպես պետություն՝ ոչնչով չենք աջակցում:
-Գլոբալիզացիան չի՞ սպառնում ազգային մեր տեսակի պահպանմանը:
-Գլոբալիզացիան դրական երևույթ չէ: Ես սա ասում եմ՝ որպես երկիր մոլորակի վրա ապրող մի էակ: Գլոբալիզացիան միայն շուկա է: Այսինքն՝ ես, դու, մյուսը, մեր մերձավորները, բոլորս պիտի նույնանման դառնանք, նույն ցանկություններն ունենանք, նույն կարիքներն ունենանք: Եթե մեկը պահի իր լեզուն, մյուսը՝ իր տարազը, երրորդը՝ իր խոհանոցը… սա դեմ է գլոբալիզացիային: Հետևաբար, գլոբալիզացիան արժեքների ոչնչացում է: Ազգային հարցը գլաբալիզացիայի մեջ դուրեկան չափանիշ չէ: Ինչու ենք խոսում համամարդկայինի, դեմոկրատիայի մասին, եթե գիտենք, որ դրանք գոյություն չունեցող բաներ են, դիվանագիտական երկակիություն պարունակող երևույթներ են: Որոշ հարցերում դեմոկրատիան գործում է, որոշ հարցերում՝ ոչ: Մի դեպքում ԱՄՆ-ը կարող է շատ մեծ չարիքի դեմ աչք փակել, այլ դեպքում՝ մի մանրուքից մեծ խնդիր սարքել: Այսինքն՝ մենք այսօր գտնվում ենք բավական ակտիվ և բարդ աշխարհում, և չգիտակցել, թե ինչ է կատարվում մեզ հետ, իրավունք չունենք: Չի կարելի մատնվել ինքնահոսի: Շատ բան ենք արդեն կորցրել: Պետականության կարևորության հասկացողությունն ենք կորցրել: Ամուր լինելու հենարանն ենք կորցնում: Երբեմն մարդիկ հայտարարություն են անում, ու չեն հասկանում, թե ում դեմ են անում: Մենք գտնվում ենք շատ վտանգավոր տեղում՝ անընդհատ կորցնելու տեղում: Այո՛, անցյալից ժառանգել ենք շատ լավ բաներ՝ լուրջ ուսումնական հաստատություններ, լավ կոնսերվատորիա: Բայց այդ բաները գործում են իներցիայով: Եթե այսօր ոչինչ չարվի մեր կրթօջախների, երաժշտական դպրոցների, կոնսերվատորիայի համար, իներցիան ավարտվելու է: Ի՞նչ է լինելու երեք-չորս տարի հետո, ի՞նչ սերունդ է գալու: Մենք, իրոք, կանգնած ենք չունենալու եզրին:
-Գուցե նոր արժեհամակա՞րգ է ձևավորվում:
-Մենք մեր խորհրդանիշերը և արժեքներն այլևս չգիտենք: Առաջնահերթությունները, մարդկային արժեքները շատ քողարկված են: Այսօր մեզանում սարսափելի արհավիրք է, արժեքների խորտակում: Զարմանում ենք, թե մեր երեխաները, մեր երիտասարդներն ինչո՞ւ ուղղություն չունեն կյանքում: Որովհետև անընդհատ քարոզում ենք այնպիսի արժեքներ, որոնք ուղղակի որակազրկում են մարդկային բարոյականությունը: Այսօր մեր հեռուստատեսությունը քարոզում է անընդունելի վարքագիծ, ի ցույց դնում արժեքների շատ բացասական համակարգ ու դարձնում այն ընդօրինակելի չափանիշ բոլորի համար: Ես հեռուստացույց չունեմ, չեմ դիտում, բայց երբեմն աչքովս են ընկնում հայկական արտադրության հեռուստասերիալներ, որոնք հինգ րոպե նայելով՝ ապշում ես, թե ինչ բարոյական որակ ենք այսօր մատնանշում. ատելություն, խաբեություն, ժողովրդական լեզվով՝ «իրար քցել», մեջքից հարվածել, ընկերոջը վիրավորել, տգեղ խոսել, իրար չհարգել… Այդ չափանիշներով են ապրում մեր երիտասարդները, մեր բոլոր, այսպես կոչված, աստղերը: (Ի դեպ, աստղերը միայն երկնքում են: Չգիտեմ՝ Հայաստանում ինչպե՞ս են կարողացել իջնել հարթակի վրա): Հետևաբար, չպիտի զարմանանք, որ փողոցում քայլողը թքում է, գետնին է թափում արևածաղկի կեղևը, անհարգալից է վերաբերվում դիմացինին: Տարրական հասարակական նորմերը խաթարված են: Սա բերում է ոչ թե վատառողջ հասարակության, այլ ուղղակի լուրջ հիվանդության ախտանշաններ ունեցող հասարակության: Եվ սա անում ենք մենք՝ ինքներս՝ մեր ձեռքով: Ապշելու բան է: Այսինքն՝ սա մեզ պարտադրված չէ: Ոչ ոք խնդիր չի դրել, որ մենք այդպիսին լինենք: Այդպիսի բաներ անողներն այսօր մեր հասարակության մեջ դառնում են հեղինակություններ, ձեռք բերում շատ բարձր վարկանիշ: Իհարկե, դրանք ոչ թե վաստակած, այլ սուտ վարակնիշներ են: Եվ նրանք, դառնալով հասարակության դեմքը, երիտասարդության համար ընդօրինակելի են դառնում: Վերջերս կատարված մի ուսումնասիրություն լուրջ մտահոգության առիթ է տալիս. երիտասարդության մեջ, նախորդ տարիների համեմատ, պակասել է հետաքրքրությունը բարձրագույն կրթության նկատմամբ: Ինձ համար դրա պատճառները պարզ են: Եթե հայ երիտասարդի չափանիշը մեր հասարակության մեջ այսօր հաջողության հասած մարդն է, նա ինչո՞ւ պիտի ձգտի գնալ և տարիներով կրթություն ստանալ: Այդ կրթությունը դառնում է անիմաստ ժամավաճառություն, որովհետև կարելի է, մերօրյա հեղինակությունների վարքագիծը շարունակելով, նրանց միջավայրի մեջ մտնելով, նրանց ընդօրինակելով (նույնիսկ եթե չունես այդպիսի ընտանեկան դաստիարակություն), գտնել հաջողության գրավականը: Այսօր մեր հասարակությունը չի գնահատում կրթությունը, քարոզում է այլ արժեքներ՝ սկսած Հանրային հեռուստատեսությունից: Իմ կարծիքով Հանրային հեռուստատեսությունն ամենամեծ վնասն է հասցնում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Փաստորեն, այսօր մեր դիմագիծը աշխարհին ներկայանում է Հանրային հեռուստատեսությամբ: Սփյուռքահայ օջախներում սարսափահար են մարդիկ, խոստովանում են, որ ամաչում են Հանրային հեռուստատեսություն դիտելուց: Եվ զարմանալի է, որ Հանրային հեռուստատեսությունը շարունակում է գոյատևել նույն այդ որակով, նույն մակարդակով, նույն ոճով: Շատ հետաքրքիր է, որ սա արգելված թեմա է, ոչ ոք չի համարձակվում այդ մասին խոսել: Չնայած որ յուրաքանչյուր հայ իրավունք ունի այդ մասին խոսելու, որովհետև հեռուստատեսությունը հանրային է: Եվ եթե մայր հեռուստատեսությունն է այդպիսի բաներ իրեն թույլ տալիս, ի՞նչ սպասել մյուսներից:
-Խրարուսո՞ւմ եք անցյալի փառքին ապավինելու երևույթը:
-Անցյալով ապրելն ամենահեշտ բանն է: Այսօր եթե ես պատմեմ, թե որ բեմերի վրա եմ եղել, ովքեր են ինձ լսել ու ծափահարել, ինչ դիպլոմների և շքանշանների եմ արժանացել, դա, անշուշտ, լավ է: Բայց ամենից կարևորն այն է, թե այս պահին ես ով եմ և ինչ եմ անում: Եթե բոլոր հաջողություններից հետո վայրեջք եմ կատարում, անցյալի հաղթանակներն արժեզրկվում են: Այնինչ դրանք պիտի պատճառ լինեն, որ կարողանաս ավելի բարձրանալ ու մշտապես բարձրացնել քո նշաձողը՝ որպես երաժիշտ, որպես արվեստագետ, որպես մարդ, որպես ժողովուրդ:
Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի