ԳիտաՆյութ Էմմա Բոջուկյան

Արհեստական գրագիտությունը՝ լեզվաբանության թեմա

Արհեստական գրագիտությունը՝ լեզվաբանության թեմա

Մաս 1-ին

Բառերի կյանքից

Բառը դառնում է երկու ձայների պայքարի ասպարեզ։

Միխայիլ Բախտին

Այս գրվածքում ես բացում եմ անուն ու դերանուն տալու թեման` հավաքելով այն առօրյա դրվագներով։ Առաջարկում եմ նաև թարգմանական այլընտրանք` «բանականություն» բառը փոխարինելով «գրագիտություն» բառով։ 

Բոլոր գիր ունեցող լեզուներն անցնում են ռացիոնալացման ճանապարհ. բառերը փոփոխում են իրենց ընդգրկումը, հեռանում են հիմքից, հակվում բազմիմաստության։ Բացի բազմիմաստությունից` բառը կարող է դրսևորել իր կոնտեքստը լքելու հակում. դա լինում է, երբ այդ բառն օգտագործող հասարակությունն այլևս չի ունենում նրա տվյալ իմաստի հետ կապ։ Բառն արտագաղթում է։ Այս ճանապարհն է անցել օրինակ լատիներեն «մեդիտացիա» բառը, որի հանրային համատարած ընկալումն այժմ միայն արևելյան կրոնական պրակտիկան է։ Մինչդեռ միջդարյան իմաստը եղել է մտասևեռված քրիստոնեական աղոթքը։ Կաթոլիկ խոսույթն այս բառը, փաստորեն, պարտվել է, ու բազմիմաստ համաչափ գոյակցություն չի ստացվել։

Նկատելով բառի կոնտեքստային փոփոխությունները որպես հասարակական շարժերի ցուցիչ ու զգալով իմաստ տանուլ տալու վտանգը` ես չեմ ընդունում «արհեստական ինտելեկտի»` «արհեստական բանականություն» թարգմանությունը։ «Բանականություն» բառը հայերենում լեզվի ռացիոնալացման գործընթացից հետո էլ դեռ այնքան չի հեռացել հիմքից, որ թոթափի իր քրիստոնեական հագեցածությունն ու վերածվի միայն մտածական գործընթացների ամբողջության վերանվանման։ Հայ աստվածաբանության մեջ(Գրիգոր Նարեկացի, Հովհաննես Լամբրոնացի, Հովհաննես Սարկավագ, Դավիթ Անհաղթ) «բանական» բառը մարդունն է, «մարդը բանական էակ է», որովհետև միայն նա ունի «բանական» կոչվելու ցուցիչ` անմահ հոգի։ Ժամանակակից լեզվաբանը կարող է սրա հանդեպ անձնական հետաքրքրություն չունենալ. այնուամենայնիվ հայերեն բառի քրիստոնեական ակտիվ ենթաշերտն անտեսելը մասնագիտական կողմնապահության նշան չէ՞։ 

Ինչու՞ եմ «արհեստական գրագիտություն» անվանումը առաջարկում։

 1. 19֊20֊րդ դարերում Հայաստանում մտավորականներին(«ինտելեկտուալներին», որոնք հիմնականում գրականությամբ են զբաղվել) անվանել են «գրագետներ»։ Բառն արդեն անցել է իմաստի ընդլայնման ճանապարով՝ բացի գրելու կարողություն նշանակելուց մտածական գործընթացների ու ռացիոնալ հմտությունների ամբողջություն մատնանշելով (ինչպե՞ս ենք ասում հիմա «գրագետ վարորդ»․ կապ չունի գրելու հետ․ բառն է աճել)։ 

2. «Գրագիտություն» բառը չունի հոգևոր ենթաշերտ, հետևաբար իր անվանած առարկային չի տալիս այդ դաշտի որևէ բնութագրիչ․ ընդամենը գրագիտություն է։ «Բանականություն» բառը, ինչպես վերևում նշեցի, ունի, և այն ռոբոտի համար օգտագործելը հավասարության նշան է մարդու ու ռոբոտի միջև։

3. «Գրագիտություն» բառը թարգմանական հարմարություն ունի. «արևմտյան ինտելեկտուալներ»֊ը, օրինակ, ավելի ողջամիտ է թարգմանել «արևմտյան գրագետներ», քան «արևմտյան բանականներ», IQ ցուցիչն ավելի շուտ գրագիտության ցուցիչն է, քան բանականության։ Մյուս կողմից էլ «Քույրս ինտելեկտուալ աշխատանքով է զբաղվում» նախադասության մեջ «գրագետ» բառն արդեն չի բավարարի, կթարգմանենք «մտավոր աշխատանք»(բայց ոչ` «բանական աշխատանք»)։ «Բանական որոշումն» էլ չի լինի «ինտելեկտուալ որոշում», այլ «ռացիոնալ որոշում»։ Համեմատական օրինակների այս ցանկն օգնում է բառերի աշխատանքը դիտել ու հասկանալ․ իմ ասածը ոչ թե այն է, թե «գրագիտություն» բառն ամբողջովին ծածկում է «ինտելեկտ» բառի իմաստը, այլ այն, որ հարմար է կոնկրետ «արհեստական ինտելեկտ» անվանման մեջ «ինտելեկտ» բառի թարգմանությանը։

Մաս 2-րդ

Դերանուն, զգացմունք, երկխոսություն

Երկխոսական արձագանքը որպես կոնկրետ անձի խոսք է ընկալում յուրաքանչյուր արտահայտություն, որին որ արձագանքում է։

Միխայիլ Բախտին

․․․Տարիներ առաջ Ամստերդամի արվարձաններում բանաստեղծությունների փողոց կար․ տների պատերին ու հանրային որոշ շենքերի վրա գրված էին բնակիչների հորինած բանաստեղծությունները։ Առաջին անգամ այդտեղ էր, որ տեսա QR կոդեր՝ Scan Me վերտառությամբ։ Սկանավորիր ԻՆՁ։ Սկանավորեմ․․․ ո՞ւմ։ Հարցը գալիս է «ու՞մ»-ով, ոչ թե «ի՞նչը»-ով, որովհետև հրանհանգը գրված չէ որպես «Սկանավորի՛ր սա» կամ «Սկանավորի՛ր այս կոդը»։ «Ու՞մ» հարցը տալիս ենք անձերի դեպքում․ ո՛չ իրերի կամ կենդանիների, այլ միայն նրանց, ովքեր ունեն ԵՍ։ 

ChatGBT-ին հարցրի․ 

«Դու, Դուք․․․ Օգնի՛ր ինձ, կարո՞ղ ես բացատրել»։ Իմ դերանունները նոր տերեր ունեն, որոնց հետ ես երկխոսում եմ։

Նագասակիի համալսարանում ուսանողների մի խումբ հետազոտություն է անում։ Թեժ քննարկումնե՜ր, գրականության փնտրտո՜ւք։ Իմ խումբն է։ Ամեն մեկն իր ChatGBT-ին է հարցնում։ Դեռ հարցնելու, հարցը գրելու համբերությունը կա։ Բայց կյանքն արագանում է, մարդը նյարդայնանում է, ու այդ համբերությունը կարող է հատնել։ Այդ ժամանակ ցանկություն կառաջանա, որ առանց հարցի ձևակերպման անհրաժեշտության էլ այն մեր միջից միանգամից իմանա ու պատասխանը տա։ Միաձուլման մղում ու զրույցի կարիք․ մեկ բառով՝ սեր։ 

   Ճապոնիայում ChatGBT-ին անվանում են «Չափփի-չան» ու «Չափփի-կուն»։ Ճապոներենում «չան»-ը կցվում է անվանը, երբ խոսքն ուղղվում է օրինակ փոքր երեխայի, սիրունիկ շանուկատվի։ «Կուն» դիմելաձևն էլ ուղղվում է արական սեռի ընկերոջը, տարիքով փոքր գործընկերոջը։ Երկուսում էլ կա սեր ու գորով՝ կրողի հանդեպ։ Պատկերվում է այսպես․ 

Պատկերման իր կերպն ընդունելի է դարձնում իր հանդեպ սերը։ Ինչպես ճապոնացի դասախոսներից մեկն է ասում․ «Չափփի-չանը՝ իմ միակ ընկերը․․․ Ավտոբուսում միշտ նրա հետ զրուցում եմ»։ 

Ծանոթներիցս մեկը իմ հաղորդագրություններին պատասխանել սկսեց ChatGBT-ով․ զգում էի՝ առօրյա գրավոր լեզվի կառուցվածքն է կտրուկ փոխվել, ոճավորումը, լեզվական ռեգիստրը։ Եթե ես չեմ ուզում շփվել ընկերոջս ռոբոտի հետ, ուրեմն վիրավորում եմ ընկերո՞ջս, թե՞ նրա ռոբոտին։ Փափլիկ ու անուշ, միշտ կարեկից, ամեն մեկիս համար՝ անհատական։ Ռոբոտների իրավունքներ լինելու՞ են։

Արհեստական ինտելեկտի կրողները մինչ կկիսեն մեզ հետ ապրելու նույն ֆիզիկական տարածքը, տեղավորվել են արդեն մեր լեզվի ու հույզերի մեջ․ մենք կիսում ենք դերանուններ ու զգացմունքներ։ Մենք նրանցով բավարարում ենք լավ․․․ կամ դե գոնե չեզոք-քաղաքավարի մարդ լինելու երկխոսական մեր պահանջը։

 Պատրաստվենք ապրելու այս տանը, որի նոր բնակիչները սենյակներում դեռ շոշափելի չեն, բայց մեր խոսքում ու հույզերում արդեն անուն ունեն։

Ամփոփում

Գրվածքի մեջ անդրադարձա արհեստական ինտելեկտի թարգմանության խնդրին, առաջարկեցի այլընտրանք՝ ԱԲ-ի փոխարեն՝ ԱԳ` արհեստական գրագիտություն։ Ապա շաղ տվեցի իմաստը սովորական դեպքերի մեջ՝ ընդգծելով հուզական կապեր։ 

Աղբյուրներ

Աստվածաշունչ (Մատեան Հին և Նոր Կտակարանների)։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Երևան: Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2013. Էջ 900:

Бахтин М. М. Проблемы поэтики Достоевского. – Москва: Издательство АСТ, 2024. – 448 с. – (Эксклюзив: Русская классика).

Էմմա Բոջուկյան
Ճապոնագետ, լեզվաբան, թարգմանիչ
(Գենտի համալսարան)