Ատոնալ ողբերգություն կամ՝ տասներեքերորդը
Գլխիցս թռել էր էս պատմությունը, ու վստահ եմ` չէի հիշի, եթե չհանդիպեի կորած ընկերոջս՝ Ռուբենին:
Ռուբենը ոչ տուն ունի, ոչ կին, ոչ աշխատանք։ Չի հարմարվում տեխնոլոգիական նոր դարին, տանել չի կարողանում սմարթֆոնները, պարբերաբար կորցնում է սովորական հեռախոսները։ Նրա միակ տաղանդը հիշելն է․ մենք ապրում ենք, իսկ նա հիշում է…
Հիշում է իր հանդիպած բոլոր մարդկանց, նրանց կյանքի պատմությունները էնպիսի մանրամասներով, որ ցնդել կարելի է, եթե մի օր հիշողության թանգարան բացեն, Ռուբենի ուղեղը հավանաբար ցուցափեղկում կհայտնվի, չէ՞ որ նա արխիվացրել է մեր կորուսյալ սերնդի կյանքը՝ բոլոր հավատալի և անհավատալի պատմություններով։
Փորձեմ վերապատմել էս պատմությունը Ռուբենի ձայնով՝ չկորցնելով նաև իմ գրողական ձայնը։ Տեսնենք կհաջողվի՞։ Սկսեցի, կարող ես մի բաժակ սուրճ վերցնել ու կարդալ, մեղմ երաժշտությունն էլ չի խանգարի, մանավանդ որ սա երաժշտական պատմվածք է։
Ինչ-որ շնորհանդես էր, կարծես թե, «Բաբաջանյան» տոթ համերգասրահում։ Համերգից շատ բան չեմ հիշում, մեջս տպավորվել են միայն պաթոսահայուհիների ասմունք- տնքոցները և դրանց հաջորդող դաշնամուրա***ը։
-Հերի՜ք ա, ա՛յ ուլ,- չդիմանալով տեղից վեր թռավ մի ճաղատ մարդ,- հերիք ա դաշնամուր տանջես, հայվա՛ն։- Բոլորը վրդովվեցին, մեր անտաղանդ դաշնակահարը՝ որին պայմանականորեն Շոպենիկ անունը տվի, ձեռքով խփեց դաշնամուրին ու լքեց դահլիճը։
-Ծա՛փ տվեք,- գոռաց մի հիպի ախպերիկ։
-Ինչի՞ համար,- գռմռացին դիմացի պարտերում թիկնած երկու փարթամ, ասմունքից հուզված կնիկ ու բեղավոր տղամարդ։
-Ո՞նց ինչի համար, մեր ազատագրված ականջների ու էս սիրուն լռության համար,- անվրդով հավելեց հիպի ախպերիկը։
Էդ պահին մեկը՝ մի անհասկանալի էակ, որ մարդու, սատանայի և, եթե լավ հիշեմ՝ խոզի հիբրիդ էր հիշեցնում, հրեց ուսս ու ասաց ականջիս. ճամփա տուր՝ տակս արի։
Նա վազեց, բայց մեզի վտակը ավելի արագ էր շարժվում…
Դուրս եկա, մեր պստիկ ապաշնորհ Շոպենիկը դրսում լաց էր լինում։ Մոտեցա՝ մխիթարության մի քանի բառ ասացի։
Գոտեպնդվեց ու անկեղծացավ.
-Սաղ էդ համբալ Շոմբերգն ա մեղավոր, քաքմեջ է արել իր տաղանդը։ Դրա սաղ դիսկերը կջարդեմ, Շոպենի հետ զուգահեռ չպիտի դրան նվագեի։
Շոպենիկին ու Ռուբենին չտեսա մի քանի տարի։ Բայց պատահական հանդիպումը անխուսափելի էր։
Նոր էի ավարտել Ռոմանոս Մելիքյանի քոլեջը և աշխատում էի մի գիշերային ակումբում, Ռուբենի ընկերները ծննդյան նվեր էին արել, բերել էին ստրիպտիզ նայելու։ Ինձ տեսավ՝ մոռացավ տկլոր կանանց։ Գոռում-գոչում էր՝ էն ո՞ւմ ընկերն ա երգում, ջա՜ն, մի հատ էլ։ Մոտեցա ու հիշեցրի՝ ինչի համար է եկել, մեկ էլ մեր Շոպենիկը արանքը ճղեց ու իր նկարած ժպիտով դեմս կտրեց. լուռ նստել էր Ռուբենի ու մյուս տղերքի հետ, հետո խիստ գրգռվել ու մի անկյունում թաքնվել, որ խայտառակ չլիներ։ Գրկախառնվեցինք, մեծացել էր ահագին, ավաղ միայն հասակով։) Ահագին շփվեցինք, փոխանակվեցինք համարներով։
Երկու տարի հետո ես ու արդեն բոյ-բուսաթով Շոպենիկս հանդիպեցինք նույն համերգասրահի առաջ, նստեցինք «Ջազվե» սրճարանում, սուրճ, թեյ, գինի ու մի երկու շիշ «Կիլիկիա» գարեջուր խմեցինք։
Ես ցույց տվի նոր տեքստերս, նա՝ իր հոգնատանջ դաշնամուրային գործը, փռթկացինք։
-Էս ինչ ատոնալ տեքստեր են,- ասաց։
-Բա, էլ ասո՞ւմ ես, Շոպենիկ ջան։
-Ֆուցն Շոմբերգն է մեղավոր,- վրա բերեցինք երկուսով ու խմեցինք մեր կենացները։
Էլ չտեսա Շոպենիկին։ Համացանցում էինք կապ պահում։
Լոսում մի թարգմանչուհու հետ էր ամուսնացել։ Դինջ ապրում էր, անգլերեն էր չրթում լավ ու գործակալ էր աշխատում մի դժվարհիշելի ապահովագրական ընկերությունում։ Երբեմն գրում էի Ֆեյսբուքով։
-Լա՞վ ես, Շոպենիկ։
-Հա, դո՞ւ, հլը սաղ ես, անճար-հանճար պոետ, գիրք տպե՞լ ես, Լիլիդ լավ ա՞։
-Լսի, Շոմբերգի արև, ես էլ եմ սկսել վախենալ 13 թվից , էդ շան տղու պես։
-Տրիսկաիդեկաֆոբիա է, Շոպենիկ ջան, մի մտածիր էդ անտեր 13 թվի մասին։
-Չեմ կարում, Վա՜րդ, չեմ կարողանում չմտածել, գիտե՞ս՝ քանի տեղից եմ փախել էդ անասուն թվի պատճառով։ Գրանտ էի ստանալու, 13 -րդն էի՝ մերժեցի։ Պիտի Լաս Վեգաս թռնեի անցած ամիս՝ 13-ին, լուրջ առաջարկ էի ստացել որպես գործակալ, մերժեցի։ Հեսա կասես՝ յանս տարել ա, բայց ինձ թվում ա՝ էդ թիվը ինձ հետևում ա։ Աչքիս Շոմբերգը էն աշխարհից եկել ա հետ ու գլխիս մեջ ա ապրում: Սրճարանում էի, սթեյք էի ուտում կնոջս հետ, մի բոզի տղա նեգր սկսեց կրակել ու փողերը հավաքել սաղիցս։ Սեղանի տակ էինք մտել, ու գիտե՞ս, որ սեղանից էր կրակում։ 13, 13, ես դրա մերը․․․
-Հանգստացի մի հատ,- բարկանում էի ես,- էդ վնուշկից ա, ու պատահականություն ա, Շոպենիկ ջան։
2014-ի ձմեռն էր։ «Օպերա» ակումբում էի, փակ երեկո էր, մի քանի երգ կատարեցի, իջա բեմից, ներսումս սուրացող, ծակող բան զգացի, սիրտս պողպատի պես կարծրացավ, ինտուիտիվ տաղանդս հուշեց՝ մի բան եղել է, մի փիս բան։ Միացրի հեռախոսը։ Կարմիր տեքստերը վազեցին աչքերիս առաջ ու բռնեցին ինձ, ընենց բռնեցին, որ աշխատակազմը ու հյուրերը թափվեցին գլխիս։
-Շոպենի՜կը,- գոռում էի ես,- Շոպենի՜կը…
Տնօրենս ձեռքը գցեց ուսիս՝ու ականջիս փսփսաց.
-Ի՞նչ ա եղել, այ Վարդան ջան, ի՞նչ Շոպենիկ։ Գժվե՞լ ես։
-Խփել են, ընկերներոջս, խփել են։ Աֆրոամերիկացիների բարերից մեկում Շոպենիկը նվագել էր իր ջազային գործը, հրաշալի էր նվագել, էնքան լավ, որ ծափերը չէին դադարել տասնհինգ րոպե, ոգևորված դուրս էր եկել հետնամուտքի մոտ ծխելու։
Անհայտ սևամորթ մի տղա՝ դիմակավորված, տասներեք մահացու հնչյուններ էր արձակել ինքնաձիգից, սպանել Շոպենիկին…
Ոստիկաններին հաջողվել էր բռնել սևամորթ մարդասպանին։ Տասը օր լուռ էր մնացել։ Ոստիկանները ստիպված էին հոգեբանի դիմել․ մարդասպանը քնած ժամանակ գոռում էր, ինչ-որ ատոնալ ձայներ, հնչյուններ-ակորդներ էր երգում ու վեր էր թռչում։
Հոգեբանը՝ Էնջելը, որին մեղավորների աստվածուհի էին անվանել, որովհետև մի քանի տասնյակ սերիական մարդասպանների էր խոսեցրել ու «դարձի բերել», մի կերպ գործը գլուխ բերեց։ Նա խնդրեց ձայնագրել երազում ճչացող, երգող մարդասպանին։
Եվ իր կոմպոզիտոր ու հոգեթերապևտ ընկերների հետ լսեցին ձայնագրությունները։ Մի քանի օրից մարդսպանը վերջապես խոսեց. մահը կակազեց նրա մեծ ու գարշելի բերանում. Ասես՝ հսկա, ճերմակ ատամներով հոշոտում էր բառերը… Մեկ առ մեկ;
Հոգեբանը ձայնագրեց մարդասպանի խոստովանությունը։
-Նա նվագում էր Շոմբերգին նման, նրան Շոմբերգ էին կոչում, իմ երաժշտական խմբի դաշնակահար-ջազմենն էր, իմ մանկության ընկերը, որը սպանել է կնոջս և փախել՝ տանելով իմ ամբողջ ունեցվածքը։ Նա ճիշտ և ճիշտ նույն կերպ էր նվագում, գլխարկով էր, ես մտածեցի՝ նա է հաստատ։ Էլ ո՞վ է էս քաղաքում ճանաչում- նմանակում Շոմբերգի պես ատոնալ անասո՜ւնին։
-Ի՞նչ էր նրա անունը,- հարցրել էր հոգեբանը;
-Ջորջ,- հստակորեն ասել էր մարդասպանը։
-Դուք այլ մարդու եք սպանել։ Նա հայ էր, վիրտուոզ դաշնակահար Արմեն Չատինյանն էր…
-Սուտ ես ասում, քո՛ մերը, սո՛ւտ,- մարդասպանը սկսել էր գոռալ, բռուցնքներով գետնին էր տապալել հոգեբանին ու հեծկլտացել էնքան մինչև բանտի հսկիչն ու ողջ անձակազմը ներս էին թափվել։
-Չի կաող պատահել, հնարավոր չէ, ես սպանել եմ Շոմբերգի՛ն, լսո՞ւմ եք, ես սպանել եմ Շոմբերգին…
Վարդան Սմբատյան






