Առերևույթ փխրուն, բանաստեղծության չափ աննյութական թվացող կերպարի տակ գրող, հրապարակախոս Նանեն ուժեղ, կամային, համարձակորեն հեռատես անհատականություն է, որը բոլորից առաջ է նկատում և ահազանգում իր ազգին, հայրենիքին, աշխարհին, մարդկությանն սպառնացող վտանգի մասին: Նրա հրապարակախոսությունն այնպիսի շեշտադրումներ է երևան հանում, որ դավադրապաշտական ուսմունքի հեղինակներին անգամ կարող է զարմացնել, թե որքա՜ն իմաստուն ու զգոն է մանկամարդ, երազող, բանաստեղծական այս հայուհին:
Այսքան խորաթափանց մարդու համար չափազանց դժվար պիտի լիներ բանաստեղծելը, որովհետև իր ու մեր ապրած ժամանակը հեռու է ու օր օրի ավելի է հեռանում բանաստեղծությունից: Բայց Նանեն, ինչպես երևում է, կարողանում է իր անձնական տարածությունը սահմանազատել վայրի, դիվային համընդհանրությունից ու այդ տարածության մեջ մնալ բանաստեծության հետ մենակ:
Հասկանալի է, որ տրամադրությունները թելադրվում են կյանքից, և դրանք միշտ չէ, որ լիրիկական են, ներանձնական: Բայց ինչի մասին էլ որ գրում է Նանեն, մնում է ինքն իրեն, իր ներշնչանքին հավատարիմ: Վկա՝ «Անցում կյանքով» ժողովածուն:
Ու ես… նորից-նոր՝
Ասես գտած իմ կորցրած հունը –
Ամեն Աստծո օր ու ամեն գիշեր
Վերադառնում եմ,
Վերադառնում եմ… (էջ 10):
Սա գրվել է 2017-ին: Սա Նանեի վերադարձն է Էրգիր, որում կորցրածի ցավն է տրոփում՝ մեծ ու նոր կորցնումից առաջ, որ հետո պիտի գար. վերադարձը չի առարկայանում, բայց գրողի ուղերձը հստակ է, լի հավատավորի վստահությամբ, որովհետև գրողը մարգարե է:
Ցած սահեց
Երկնափեշը կապույտ,
Ու բիլ մշուշ է օրորվում
Լեռների պարին միահյուս.
Անջատեմ հեռախոսս,
Համացանցային
կապերը բոլոր,
Բաց չթողնեմ
պահն այս այգաբացի՝
Անբիծ ու երկնաշունչ: (էջ 14):
Բնապատկերը Նանեի մոտ ներքին խոհը բացելու բանալի է, ոչ թե սոսկ բանաստեղծական պատկեր: Ու հեղինակը մերժում է այդ խոհի խաթարումին սպառնացող առօրյա խառնաղմուկը: Նա բնության հետ միահյուսվելու, թեկուզ և նրա քմայքներին հակադրվելու պահանջն ունի: Եվ անգամ մարտահրավեր է նետում բնությանը՝ բանաստեղծի ինքնաբավության դիրքերից.
Ձյունում է՝ ձյունի –
Ճերմակ մելամաղձ բերած անհունից…
Ես անթեղել եմ ամառվա հուրը
Ու տանս ներսում
Ե՛ս եմ իմ հյուրը… (էջ 18):
Նանեին ու բոլորիս ծվատած 44-օրյա պատերազմը, որ դեռ չի ավարտվել, դարձել է օրագրություն: 21.10.20 թվագրված, «Օր 25-րդ դեպի հաղթություն» ենթավերնագրված բանաստեղծության մեջ գրողի միամիտ, բայց լուսավոր հավատն է.
Հաղթության գինին հասել է, տղեեեեե՜րք,
Ձե՛զ է սպասում… (էջ 35):
Այո՛, միամիտ: Բայց չմոռանանք՝ գրողը մարգարե է: Երբ Նանեն գրում էր «Լավագույն տղերքը մենք ենք» հուշապատումը, առաջին հանդիպումը, ի վերուստ սահմանված նախախնամությամբ, մեր հերոս նահատակներից մեկի նորածին եղբոր օրորոցից սկսվեց. կյանքի շարունակականության ու վերածննդի անժխտելի փաստարկ: Ուրեմն, ինչպե՞ս չհավատալ հաղթության հեռանկարին:
2020-ից առաջ և հետո գրված գործերը ներհյուսված են, փոխլրացնող, որքան էլ որ տարբեր են հոգեվիճակները:
Հետպատերազմյան շրջանի (թեև ասացինք՝ պատերազմը դեռ չի ավարտվել) բանաստեղծությունները ինքնակեղեքումի շեշտով, փակուղին բացող բանալի-բանաձևերի փնտրտուքով են շնչում: Եվ Նանեն նոր օրերին համահունչ վերաձևակերպում է թումանյանական «Ապրե՛ք, երեխեք, բայց մեզ պես չապրեք» իմաստաբանությունը.
«Լաո՛, զարթնի՛ր»,
Բայց ոչ երբեք մեզ պես անմիտ –
Հույսդ՝ «հայի խելքին վերջին»… (էջ 41):
Տրամադրության, պատկերի արտահայտչամիջոցների ընտրության մեջ Նանեն դիպուկ է, նրբաճաշակ, հնարամիտ: Նրա հորինած-չհորինած բառ-եզրույթները ներդաշնակ համադրության մեջ են՝ նրբաթույր, ծաղկածուփ, կանաչահեղձ, երկնաշունչ…
«Կապույտ հեռուներ» շարքը, հատկապես՝ 2010-2013 թթ. գրված գործերը կնոջ անձնական ապրումի, սիրո խոստովանության, սիրային բախումների տրամադրության արտահայտություններ են հիմանականում: Եվ որքա՜ն ցավալի է, որ կյանքը Նանեին զրկել է անմնացորդ դրանց տրվելու, իր միջի կնոջ, բացառապե՛ս կնոջ բարդ ու դյուրին սեթևեթումները բանաստեղծելու բարեբախտությունից:
Ինձ հանձնում եմ Քո
Փրկարար Լույսին.
Մաքրիր ինձ, իմ Տե՛ր,
Մաքրիր ինձ ի վե՜րջ…(էջ 195):
Այս տողերը գրքի վերջին բանաստեղծությունից են՝ գրված 2023-ի հուլիս ամսին: Այսպես ամփոփվում է բանաստեղծի հավատն ու վստահությունն առ Երկնավորը: Նանեն այս հավատի ու վստահության մեջ անմրցելի է, որքան էլ բիրտ իրականությունը հակադրվում է իր աստվածախույս ծամածռությամբ: Ասվածի մի վկայություն էլ տարիներ առաջ իմ արած հարցազրույցի վերնագիր դարձած տողն է. «Վերջին խոսքը Բարձրյալինն է»: Չհամաձայնել չես կարող:
Ես շա՜տ կցանկանայի, որ Նանեի հաջորդ բոլոր գրքերը ծնվեին ցավի բացառումի, թանկ վերագտնումների, հաղթության գինու արբեցումի դողով, բայց ես երազող լինելուց առաջ, հետո և մշտապես իրատես եմ: Ու այդ իրատեսությունը, ցավոք, դեռ մեծ հույսեր չի ներշնչում:
Կարինե Ռաֆայելյան
No Comments