ԳրաԴաշտ Կարինե Ռաֆայելյան

   «Բանաստեղծի հոգին միշտ էլ փակ է մնում»    

25.09.2022

Բանաստեղծ Արտակ Համբարձումյանը, ապրելով ընդամենը 32 տարի, թողել է արժեքավոր, ինքնատիպ գրական ժառանգություն, որի մասին խոսել ու խոսում են բազմաթիվ գրականագետներ, գրողներ: Այս հրապարակումը նպատակ ունի ևս մեկ անգամ ընթերցողին հիշեցնել տաղանդավոր բանաստեղծի մասին, ևս մեկ հայացք նետել նրա խոհական, զգացմունքային, խորախորհուրդ պոեզիային:

2001 թվականին՝ երեսուներկու տարեկան հասակում, Արտակը դարձել է ավտովթարի զոհ՝ մինչ այդ ընթերցողին ու գրական աշխարհին հասցնելով ներկայանալ «… ու արտասվել մազերիդ մեջ» (1996թ.), «Երկնքից այն կողմ» (1998թ.) բանաստեղծական ժողովածուներով և արժանանալ ՀԳՄ Պարույր Սևակի անվան մրցանակին (1999 թ.):

Բանաստեղծի երկերի լիակատար ժողովածուն՝ «Սպասիր ինձ, Տե՛ր» վերնագրով, Արտակի մահից հետո՝ 2009թ., կազմել և ծանոթագրել է բանաստեղծի եղբայրը՝ մասնագիտությամբ բժիշկ Գարիկ Համբարձումյանը:

Կարճ, բայց բովանդակալից կյանքը առլեցուն է եղել գրական շփումներով, սկսնակ բանաստեղծը նկատվել ու գնահատվել է իր ժամանակի մեծերի կողմից:

«Էս տղային չշեղեք, նրա ուղին պոեզիան է»,- հորդորել է Համո Սահյանը, երբ Արտակի հայրենի գյուղի դպրոցում կազմակերպված հանդիպման ժամանակ լսել է նրա ասմունքն ու արժևորել պոեզիայի զգացողությունը:   

1992-ին Վահագն Դավթյանը «Գրական թերթում» տպագրել է «Բարով եկար, սիրելի Արտակ» վերնագրով մի հոդված, որում այս կերպ են բնութագրված երիտասարդ բանաստեղծի գործերը. «Արտակ Համբարձումյանի բանաստեղծություններում դժվար է որոնել ու գտնել մեր այս դրամատիկ, ավելին` ողբերգական օրերի արտաքին նշանները, բայց նրանց մեջ ապրող դրամատիզմը գալիս է հուշելու, որ բանաստեղծությունները հենց մեր օրերի ծնունդն են, մարդկային հոգու խախտված ներդաշնակության, ծվատող կասկածանքների, հուսախաբությունների, անպատասխան հարցերի ծնունդ»:

Արտակ Համբարձումյանի պոեզիայի անկյունաքարը սիրերգությունն է: Սիրո քնարի բոլոր լարերին թրթռում է միևնույն նվիրական անունը՝ Գայանե: Այս կինն աստվածանում ու վեհանում է Արտակ Համբարձումյանի սիրային քնարերգության բազմաշերտ մոտիվներում, սիրո անօրինակ խոստովանություններում. «…ես խոնարհվում եմ քո հմայքի առաջ, /Իբրև զորեղ ստրուկ, բայց ոչ թույլ տեր»: Թվում է, թե աննյութեղեն, վերերկրային է այս էակը, արտասովոր՝ իր բնորոշումներով, սիրվելու կերպով. «Ես փնտրում եմ բայե՛ր, /Որոնք քեզ կբերեն իմ ցանկության լուրը», «Ես սիրում եմ ցավով քեզ մասնատել /Ու քեզ սիրել հերթո՛վ»:

Բանաստեղծի վերաբերմունքն իր քնարական հերոսուհու նկատմամբ ստեղծում է տպավարություն, թե մենք գործ ունենք ոչ սովորական, ոչ իրական, ոչ հողեղեն մահկանացուի հետ.     

«Հիշողության նման գիշերահամ,

Կասկածների նման իրիկնաբույր,

Քո տեսիլքներն անվերջ ինձ մոտ կգան,

Դու իմ բախտի շուրթին մեռա՛ծ համբույր»:

Բայց նույնքան բանաստեղծական ու ռոմանտիկ է սիրելիի նկարագիրը հասարակ հայ կնոջ ընտանեկան, կենցաղային միջավայրում: Հաճախ Արտակ Համբարձումյանն իր երգերում բանաստեղծացնում է հենց այդպիսի կնոջը՝ առօրյա հոգսի, տառապանքի, չհասկացվածության և վիրավորանքների համապատկերում: Այսինքն՝ չի վախենում երևան հանել սիրո իրական պատկերը, չի փորձում քողարկել սիրո փշերը.

«Եվ ուշ գիշերով՝ հարբա՛ծ, հոխորտո՛ւն,

Շվշվացնելով մի երգ անհեթեթ՝

Դուռը կոտրեի ու մտնեի տուն

Ինձանից խելառ ընկերներիս հետ:                

Ու քե՛զ տեսնեի, իմ հավերժահա՜րս,

Անսահման սիրուց ապտակեի քեզ,

Ընկերներիս հետ բռնեի գրազ,

Որ տանն ինչ ունենք՝ հիմա կբերես»:

Այսօրինակ առտնին խելահեղությունները, քնարական հերոսուհու անգունազարդ, շքեղ պաճուճանքներից զերծ նկարագրություններն ավելի համոզիչ ու իրական են դարձնում սերը: Ամենակոպիտ պրոզայից ծնվում է ամենապոետիկ տրամադրությունն ու պատկերը.

«Ինձ հետ վերցրի հոգիդ և դագաղը հոգուդ,

Չցանկացա արդեն իմ ուզածին հասնել,

Եվ դառնաղի հույսով՝ մռայլ ու անօգուտ,

Քեզ կամեցա հավերժ չսանրված տեսնել:

Ցանկացա քեզ տեսնել անզարդ ու անարև՝

Նման իրիկնային թափվող տերևների,

Դու փայլեցիր՝ իբրև աշնան անփայլ տերև,

Եվ բարձրացար… ներքև… վերևներից»: 

Արտակ Համբարձումյանի քնարերգության մեջ գերիշխող են անդրադարձները մահվան թեմային, նրա առեղծվածային ու միաժամանակ գաղտնազերծված խորհրդին: Զարմանալիորեն սթափ, խոհական ու անլաց է Արտակ Համբարձումյանի «մահերգությունը»: Այո՛, անբացատրելի մի զգացողությամբ նա կանխատեսել է մոտալուտ մահը և հորինել նրա բանաստեղծական դիմանկարը:

«Ես կավանդեմ հոգիս, և աշխարհի վրա մի նոր լույս կբացվի,

Կհավաքվեն ծերեր, կհավաքվեն կանայք, ու հանճարներ կգան,

Եվ մութ անտառներից կգան սև թռչուններ, ու ձայն կգա լացի,

Եվ բիլ ջրվեժ հագած՝ փխրուն ճանապարհով իմ Գայանեն կգա:

Նա մեն-մենակ կգա, կգա իբրև արցունք՝ աշխարհի դեմքն այրող,

Նա հուսահա՜տ, նվա՜ղ կորոնի մորս ու ցած կիջնի ծունկի,

Եվ դառնության խայթից մարդիկ՝ շանթահարված ու ամենակարող,

Ներկա կգտնվեն ուրախ հանդիպմանը ողբի ու արցունքի:

Կիջնի՜, կնվաղի՜, մորս գրկում կայրվի իմ Գայանեն դալուկ,

Ու ցավալին այն է, որ չեմ կարողանա գեթ սփոփել նրան,   

Մարդիկ կհեկեկան, հանճարները կասեն, որ անձրև է գալու…

Ես կավանդեմ հոգիս, և նո՛ր լույս կբացվի մութ աշխարհի վրա»:

Մահվան թեման այսպես փիլիսոփայորեն ծանրութեթև անող բանաստեղծը ողբերգական ապրումների հորձանուտում է հայտնվում, երբ անդրադառնում է բանաստեղծի հոգու, ստեղծագործող մարդու ես-ի վերլուծությանը:  

«Բանաստեղծի հոգին միշտ էլ փակ է մնում,

Նրան ծերացնում է հարազատ մայրն անգամ,

 Նա մեռնում է, ինչպես շախմատում է լինում,

 Թագուհուն են խոցում, բայց զոհվում է արքան»:

Հայրենասիրությունն ու հայրենիքը բանաստեղծի համար կոնկրետանում են, դառնում որոշակի անուններ՝ Եղիշե Չարենց, Վահագն Դավթյան, Համո Սահյան, Վահան Թամարյան, ազատամարտիկներ Մովսես Գորգիսյան, Վահե Բաղդասարյան, ծնողներ, ընտանիք: Բայց և աշխարհը չի սահմանափակվում հայրենի եզերքի թանկ անուններով. վերջիններիս կողքին, իրենց բնութագրող «ներհարդարանքով», պատկերաշարը լրացնում են Վիվիեն Լին, Լոուրենս Օլիվիեն, Քլարկ Գեյբլը, Լուի Արմսթրոնգը, Վան Գոգը, Մոցարտը, այլք:

Արտակ Համբարձումյանը «նկարում է» բանաստեղծական պատկերներ՝ բնորոշ ամենագունեղ կախարդական հեքիաթներին: Բայց պատկերի հեքիաթայնությունը չի ստեղծում անբնականության, արհեստականության զգացողություն: Բանաստեղծական տողերից կարծես հառնում է նրա ստեղծած դյութական նկարը ու, թվում է, կարելի է ոչ միայն տեսնել, այլև շոշափել այն:

«Մի հոգնած արև ուսապարկն ուսին գնում էր տուն,

Մի դեղնած տերև հենված իմ հույսին մտնում էր քուն»:

Համբարձումյանի պոեզիայում հանդիպում ենք պարադոքսների յուրատեսակ ներդաշնակության: Այստեղ կողք կողքի բառեր և հասկացություններ են, որոնք, թվում է, ոչ մի կերպ չպիտի հայտնվեին միևնույն հարթության վրա. «բիրտ նազանք», «անգույն աստղ», «սիրո դառն համբույրի մեղեդի», «որբ թախիծ», «թախծի լույսեր», «խարդախ աչքերի մեղմություն», «անուշահամ դառը», «սիրո բութ նողկանք», «ջերմորեն խայթել», «սպիտակ սուգ» և այլն: Նրա պոեզիայում բանաստեղծական են անգամ մասնագիտական տերմիններն ու ձևակերպումները (Արտակը մասնագիտությամբ բժիշկ էր). բժշկագիտական անծանոթ, խրթին բառապաշարը բնականորեն ձուլվում է պոետիկ բառաշերտին:

Արտակ Համբարձումյանը խստապահանջ է իր բառի ու տողի նկատմամբ, ամեն մանրամասն մտածված ու կշռված է նրա խոսքում.

«Մի կտոր ոգեղեն հաց ունեմ,

Կներեք, ուտելու եմ մենակ,

Այսինքն, կարող եք չներել,

Ես արդեն ուտում եմ այն…»:

Կյանքի վերջին տարիներին գրված բանաստեղծություններում զգացվում են  քաղաքացիական հնչերանգի դրսևորումներ, փիլիսոփայական, հայրենասիրական խոհեր: Սիրային քնարը կարծես դառնում է նամականի, ու հաճախ անորոշ է մնում հասցեատերը: Նույն տրամադրություններն են նաև հատուկենտ արձակ ստեղծագործություններում:

«Արտակ Համբարձումյանի պոեզիան իրական արժեք է, այն բանաստեղծական որակն է, որի կարիքն իսկապես ունենք: Նրան պետք է դիտել իբրև Տերյանի, Չարենցի, մասամբ` Սևակի գծի շարունակող: Նա ավելի շատ դասականության կրողն է, քան այլ հակումների տեր, բայց այդուհանդերձ, շատ ինքնուրույն, կազմակերպված բանաստեղծ է, և մեծ ցավ է նրա վաղաժամ կորուստը: Նա դեռ պիտի բացվեր, պիտի արթնանար ու պիտի գրեր: Այն, ինչ արել է մինչ մահը, պիտի լիներ նախանվագ, նախաբան մի մեծ գործի, որը պիտի գար, բայց դժբախտաբար, չեկավ: Նրա գրականությունը շատ տարողունակ է և լուրջ տեղ ունի մեր այսօրվա երիտասարդական պոեզիայի մեջ»,- գրել է գրականագետ Դավիթ Գասպարյանը:

2019թ.՝ Արտակ Համբարձումյանի 50-ամյակի առթիվ, Գարիկ Համբարձումյանի նախաձեռնությամբ վաղամեռիկ պոետի բանաստեղծությունները լույս են տեսել Դավիթ Գասպարյանի կազմած և խմբագրած՝ «Ոսկե շղթա. Հայ քնարերգության ընտրանի» մատենաշարում:

Ստորև ներկայացնում ենք Արտակ Համբարձումյանի բանաստեղծություններից:

Կարինե Ռաֆայելյան

Արտակ Համբարձումյան, բանաստեղծություններ

***

Թափառե՜լ, թափառե՜լ շարունակ,

Համբուրել ձայները շորերիդ,

Լինել դուռ և լինել պատուհան

Եվ ոգին՝ հեռացած օրերի,

Դառնալ քար՝ ձեռքերում որբերի,

Փոշոտվել, շպրտվել ու դիպչել,

Եվ կորչել ծալքերում շորերիդ,

Արթնանալ… ափսոսալ… հառաչել…

***

Չխնդրեցի մեկից ես փրկագին

Իմ միայնակ, տխուր հոգու համար,

Ես տրվեցի Աստծո՛ւն, արեգակի՛ն,

Եվ կարծես ապրեցի լոկ մեռնելու համար:

***

Ու արտասվե՜լ, ու արտասվե՜լ մազերիդ մեջ,
Մարգարիտներ լցնել այտիդ փոսիկներին,
Ուղղել երկար զգեստներիդ փեշերը պերճ
Եվ վայելել սոսափյունը սոսիների:
Նկարե՜լ քեզ, քո հայացքի կաթի՛լն ամեն՝
Լուսավորված մեռելային մոմի լույսով,
Ջրվեժներից կապույտ վարդի թերթեր հանել՝
Նվիրելո՜ւ… նվիրվելու երկչոտ հույսով:
Քեզ նվիրել փափկությունը երազների,
Ձյան մեջ թաղված ելակների գույնի նման,
Քեզ նկարել սավաններին ու թասերին՝
Հնադարյա՜ն, չնաշխարհի՜կ ու աննմա՜ն…

***

Ես հարբած էի այն գիշեր ու շնչում էի հազիվ,

Ցնդող բենզինի պես երերում էր օդը ու վերանում,

Ծխախոտը բերնին՝ Չարենցը գրում էր գազել,

Եվ Տերյանն էր ուռենու տակ նստած անմեղանում:

Ես հավատում էի, որ լեռներում Հրաչյայի սիրտն է,

Որ անտառից եկողը շրխկոց չէր, այլ ապտակի ձայն,

Այդ Մետաքսյան էր ապտակում Ռագոժինին, որ բիրտ էր,

Եվ Սկոֆիլդն ասում էր, որ ուրվականներ շա՜տ կան:

Ու ես չգիտեմ՝ ում, բայց անվե՜րջ կարոտում էի,

Ու նորից երազի աճուրդում բարձրանում էր գինը,

Ես զգում էի, թե ինչքան նման եմ Ռեթ Բաթլերին,

Որին հավատում էր միայն սֆինքսի տեսքով Մերիլինը:

***
Ծորում է աչքերիս սիրափայլ երազը.
Ես հարբած ընկել եմ գինետուն,
Նստել են իմ կողքին Չարե՛նցը, Մինա՛սը,
Հարբում ենք, նկարում ու կարդում:

Տառապա՜ծ, փո՜ս ընկած աչքերս շաղվում են,
Գինեբույր ծխի մեջ հիշո՜ւմ եմ…
Թվում է, թե օդը դռան մոտ մաղվում է,
Թվում է՝ իմ սանձը քաշո՜ւմ են:

Դռան մոտ՝ ա՜յ այնտե՜ղ, իմ սերը եկել է,
Մաշում է իմ քնքուշ երազը,
Տանջանքը գլուխս փայփայե՜լ, թեքե՜լ է,
Ինձ հետ են Չարե՜նցը, Մինա՜սը:

Ու հետո գիշեր էր, ու հետո լուսաբաց,
Ու հետո տնքում էր երազը,
Ինձ սիրո՜ւմ, շոյո՜ւմ էր իմ սերը կիսաբաց,
Ո՞ւր էին Չարենցը, Մինասը…

* * *
Կուզեի մեռնել, այն էլ ինչպիսի, ինչպիսի մահով,
Երբ ողջ աշխարհը քնած կլիներ գիշերների մեջ,
Իսկ ես կիսարթուն, սիրո հանցանքի քաղցրադող ահով՝
Քո և մթության երկչոտ խոնջանքին կդնեի վերջ:
Բոլորից գաղտնի, իմ պատուհանի կիսաբաց կանչով՝
Կլողայի դուրս, գիշերվա խաղաղ ջրերի մեջ սև,
Քեզ չարթնացնելու, չխանգարելու անմեղ անուրջով
Քայլերս պիտի անձայն մեղմությամբ փորձեի հյուսել:
Կուզեի մեռնել, երբ արձագանքներն՝ արյան պես կաթող,
Շքեղ սենյակիդ վարագույրներին քսվեին լացով,
Կուզեի մեռնել, միայն չտեսնել աչքերդ թարթող
Եվ խուճապը քո՝ թույլ լուսավորված մոմերի բոցով:
Այն էլ ինչպիսի, ինչպիսի մահով կուզեի մեռնել…
Երբ սրբագործված թաղված լինեիր սավանների մեջ,
Երբ ինձ թվայիր սպիտակ վարդի թերթերում գունեղ
Նկարչի մեղքով նկարված լույսի մուգ փլվածքը խեղճ:
Ու հանցագործի նման վրդովված, նրա պես քնատ,
Երբ կփորձեի դիպչել քո ձյունե անկողնու ծայրին,
Դեռ բաց չթողած կանաչ շուրթերս այտերիդ գունատ,
Կուզեի մեռնել, ինձ հետ տանելով տենչանքն այդ վայրի:
Կուզեի մեռնել, կուզեի մեռնել երազիդ խորքում՝
Քո թափանցելի վերմակը մարմնիդ երկայնքով փռած,
Վերմակիդ փարթամ ու ձյունափթիթ ամեն մի ծալքում՝
Նորածին սիրո երկչոտ քնքշության սառույցներ դրած:

* * *

Թե հուշ դառնամ ես, ու իմ լեգենդի ճրագը մարի,
Թե երազներիս ճամփին գալիքս թաղվի անկատար,
Թող աշխարհն հիշի, որ վախվորած ու թաց աչքերի
Թաշկինակն էի քամու ձեռքն ընկած, որին չգտար:
Թե ուրվականս՝ հոգնած կիթառից ու խարույկներից,
Մթին ձորերում իր առասպելի խարույկը վառի,
Թող հիշեն, որ ես հեքիաթներ ծնող քո համբույրներից
Աստղեր եմ պոկել, ու նրանց ճիչը երբեք չի մարի:
Թե ալեկոծվի երկնքից այն կողմ ղողանջը երգիս,
Ու արցունքներդ թրջեն ծարաված շուրթերն աշխարհի,
Թող հիշեն, որ քո աղոթքը բացեց դուռը երկնքի.
Ու հանձնեց փառքս ծիածաններին հարևան դարի:

* * *

Երբ քնքուշ, բայց տխուր իջնում է ամռան պերճ գիշերը,
Երբ հեռվում մայր է մտնում արևը՝ սև ամպեր ուսին,
Տառապած իմ հոգին տեսնում է իր գալիք հուշերը,
Ուր փառքիս գահի մոտ երգում են Խայամն ու Ֆիրդուսին:
Ուր անթիվ կարապներ են լողում արծաթե ու ոսկե ջրերում՝
Շպրտելով իրենց փետուրները կաթե՝ մութ պատմության դարին,
Եվ խորին ցասումով Շեքսպիրյան թափորն ընծաներ է բերում
Բոլորից շատ խաչված, տառապանքից սերված ի՛մ հանճարին:
Ես խոնարհվում եմ երկար, որ… չտեսնեն նրանք արցունքն իմ աչքերի,
Որ գոյացել են ազգիս կարոտախտի անջուր վտակների խորքից,
Բայց հրեշտակ դարձած՝ ցած է իջնում տխուր ոգին իմ երգերի,
Ու լսվում են փառքի անձայն աղաղակներ հանճարների զորքից:
Ես խոնարհաբար քայլում եմ անհայտ սմբակների թողած արահետով,
Եվ աշխարհի լանջին իմ պատկերն են վրձնում Պիկասոն ու Դալին,
Բայց ես հեռանում եմ թափառական հոգով ու կարոտով
Ու սրբելով աչքս՝ նվիրվում եմ կյանքի Տիրակալին:

***

…Ահա այսպես անցա պատանության միջով,

Այսպես անցա, ու ես շուտ կպառկեմ հողին,

Ես կդյութվեմ միայն ոգիների կանչով

Եվ սիրալույս փայլով իմ ամեն մի տողի

* * *

Ո՞ւմ են սփոփելու այս երգերս մռայլ,
Իմ տառապանքն ո՞վ է սիրով ամոքելու,
Ո՞վ է տառապելուց եղել այսքան շռայլ,
Այսքան ժլատ եղել բողոքելուց:

Եվ նույնիսկ դո՛ւ, ի՛մ սեր, որ ի՛մն էլ չես կարծես,
Կփայփայե՞ս արդյոք բանաստեղծի սերը,
Որ դառնահամ կյանքից նա սիրում է և՛ քեզ,
Ե՛վ քո սիրուց ծնված տանջանքները:

Բանաստեղծի հոգին միշտ էլ փակ է մնում,
Նրան ծերացնում է հարազատ մայրն անգամ,
Նա մեռնում է, ինչպես շախմատում է լինում՝
Թագուհուն են խոցում, բայց զոհվում է արքան:

***

…Իսկ դու լուռ կննջես, և քո նկարներին

Համբույրները անվե՜րջ հոգիները կտան,

Մարդիկ կվերհիշեն ղողանջն անցյալների

Քո մեծությանը… կհավատա՛ն…

Եվ այս անգամ արդեն քո սերերն էլ կգան,

Կերազեն, որ դու իրենց սիրես կրկի՛ն,

Իսկ դու չես արթնանա, իսկ դու արդեն չկաս,

Եվ օրերը կանցնե՜ն, դու կդառնաս… անգի՛ն:

No Comments

Leave a Reply