Հայ նանոտեխնոլոգները հայտնագործել են նյութի գոյության մի այնպիսի տարբերակ, երբ նյութը տարածության մեջ գոյություն ունի գրեթե երկչափ ձևով, եռաչափի փոխարեն՝ ինչպես որ բնականոնն է։ Այսինքն՝ պատկերացնենք մի թաղանթ, որը հաստություն չունի։ Իրականում ունի, բայց այդ հաստության չափը․․․ ատոմի չափով է, բացարձակապես հնարավոր չէ, որ գոնե այդքանով չլիներ, այլապես նյութը կվերանար․․․
Ֆիզիկայից բերված այս օրինակով ես հիմա մի քիչ ուզում եմ խորհրդածել Ձևի և Բովանդակության հարաբերության, փոխկապակցվածության մասին՝ մասնավորապես արվեստում, «կոնկրետ մասնավորապես»՝ պոեզիայի մեջ։ Բանաստեղծության «ծանրության կենտրոնը» կարող է շարժվել Բովանդակությունից դեպի Ձև այնքան, որ․․․ Բովանդակությունը՝ բանաստեղծության նյութի «հաստությունը», չվերանալով հանդերձ, գրեթե անհետանա, և ընդհակառակն` կարող է շարժվել դեպի Բովանդակություն այնքան, որ Ձևը գրեթե անհետանա ու «փոխարինվի» Բովանդակությամբ։
Բանաստեղծության մի տեսակ կա, որ շեշտված, զտարյուն, «ինքնագո և․․․ ինքնագոհ» Ձև է, կարծես Բովանդակություն գոյություն չունի։ Տվյալ դեպքում` Ձև ասելով հանգում ենք Գեղեցիկի գաղափարին։ Ֆրանսիացի Վեռլենինը, օրինակ, մեզանում՝ «մեր Վեռլենինը»՝ Վահան Տերյանինը։ Տերյանին թարգմանել են ռուսերեն, ես չեմ կարդացել, բայց ասում են այդ թարգմանությունը․․․ոնց որ թե արդեն Տերյան չէ, որովհետև Տերյանի տեքստը Գեղեցիկի բառեղեն մարմնավորում է, թարգմանելիս այլ լեզվով դա հնարավոր չէ պահել, իսկ մնացածը՝ բովանդակությունը, թարգմանվում է, բայց մեծն Տերյանից այդ դեպքում մնում է միջակ բանաստեղծին վայել մի սովորական դատողություն․․․ Նույնը՝ Մեծարենցի դեպքում։ Գեղեցիկը հնարավոր չէ փոխադրել այլ լեզվի, երբ այն միայն հենց տվյալ՝ թարգմանվող լեզվի բառաշերտի մեջ է։ Սա այն դեպքն է, երբ բանաստեղծության բովանդակությունը հենց իր ձևն է։ Այստեղ հիշենք Հ․ Թումանյանի խոսքն այն մասին, թե բանաստեղծության թարգմանությունն ապակու տակ դրված վարդ է- գեղեցիկ է, բայց․․․բույր չունի։
Մի զվարճալի դեպք հիշելով՝ պատմեմ։ Բանաստեղծ ընկերոջս հետ սրճարանում վիճեցինք։ Ես ասացի, որ Փարաջանովն իր ֆիլմերով հսկայական ազդեցություն է ունեցել իմ բանաստեղծությունների վրա։ Բանաստեղծ ընկերս, որ աշխարհում շատ քիչ մեծությունների է հավանում, ասաց, թե Փարաջանովը շա՜տ մակերեսային արվեստագետ է, թեև իր կինոլեզվի խորհրդանշանները շատ քչերն են հասկանում։ Ասացի՝ այո, այդպես է, որովհետև Փարաջանովի նպատակը միայն Գեղեցիկն է, նա նկարիչ ռեժիսոր է, միայն նրա դեպքում է կինոյի անվանումը համապատասխանում իր բովանդակությանը- ՇԱՐԺԱՆԿԱՐ։ Հետո ընկերոջս «հայացքը հրավիրեցի» սրճարանում գտնվող մի գեղեցիկ տիկնոջ վրա և ասացի՝ արդյոք կնոջ բովանդակությունը․․․իր ձևը չէ՞։ Արդյոք մենք՝ տղամարդիկս, երազո՞ւմ ենք շփվել, օրինակ, գիտությունների թեկնածու կամ դոկտոր կանանց հետ, մի՞թե մեզ միայն գեղեցիկ կանայք չեն հետաքրքրում (առաջին հերթին՝ գեղեցիկ)։ Իհարկե, ամեն կին էլ կնեղանա, եթե ասես, որ իր բովանդակությունն իր ձևի մեջ է, բայց իսկույն էլ ներողամիտ կդառնա, եթե հասկանա, որ խոսքն իր գեղեցկությանը նախապատվություն տալու մասին է․․․
Խոսեցինք Տերյանի մասին և չնշեցինք, որ նա սիմվոլիստ բանաստեղծ է, իսկ սիմվոլիզմն առանց գաղափարների չէ, անբովանդակ չէ։ Սիմվոլիզմը տեսնում է նշաններ, որոնց հետևում աշխարհի խորիմաստ գաղտնիքներն են։ Ռուդոլֆ Շտայներն ասում է՝ մեր երազներն ԱՅՆԿՈՂՄՆԱՅԻՆԻ հղումներն են, ԱՅՆԿՈՂՄՆԱՅԻՆԻ՝ մեզ ուղղված ասելիքը, բայց քանի որ ԱՅՆԿՈՂՄՆԱՅԻՆԸ դա չի կարող մեզ հայտնել մեզ համար անմատչելի «Իր լեզվով», մեզ հղում է անում նշաններով (ինչպես որ Հիսուսը Իր գաղափարները՝ առակների միջոցով)։ Դրա համար էլ մենք հարկադրված ենք լինում երազները մեկնաբանելու, երազահաններում ամեն նշան իր մեկնաբանությունն ունի։ Սա է սիմվոլիզմի գաղտնիքը։
Բանաստեղծության մի այլ տեսակի դեպքում էլ բանաստեղծության «ծանրության կենտրոնը» Ձևից «հոսում» է դեպի Բովանդակություն։ Այս դեպքում բանաստեղծությունը գրեթե համակ Բովանդակություն է- բանաստեղծի կողմից Գեղեցիկը արարելու ո՛չ մի մտահոգություն․․․Այդ տեսակի պոետներ են, օրինակ, Պոլ Վալերին, Ռիլկեն (թեև վերջինս այդ «սկզբունքը» որոշ չափով խախտում է իր «Սոնետներ Օրփեոսին» շարքում)։ Կամ արձակի մեջ՝ Դոստոևսկին։ Դոստոևսկին «անխնամ» տեքստ է, գրեթե ամբողջովին Բովանդակությամբ համակված․․․
Բայց արդյո՞ք ոչ գեղեցիկ գրված, բայց խորիմաստ գրական գործը նույնպես ու նույնքան ․․․ գեղեցիկ չէ։
Մեզանում այդպիսին է Հ․ Էդոյանի պոեզիան։ Պայմանականորեն ասած՝ գեղեցիկ են նրա վաղ շրջանի բանաստեղծությունները («Ֆլամենկո», «Ծիածան», «Ապոլլոն» և այլն), իսկ հետագայում արդեն նրա բանաստեղծական տեքստում «տիրություն է անում» խոհափիլիսոփայությունը, և Ձևն այնքան է հեռանում Գեղեցիկից, որ գրեթե մոտենում է․․․տրակտատային շարադրանքի։ Հ․ Էդոյանը մտահոգված չէ բանաստեղծության բառապաշարով, որպես արվեստի ատրիբուտ միայն մետաֆորն է, որ գոյություն ունի․․․Ձևն իր «տրակտատայնությունից» դեպի «կենդանի» տեքստի գնացող սկսում է նորից երևալ Հ․ Էդոյանի վերջին շրջանի ժողովածուներում՝ սկսած «Հենման կետ» ժողովածուից։ Ես այստեղ առավելություն չեմ տալիս կամ չեմ թերագնահատում բանաստեղծի որևէ շրջանի արգասիքը մի այլ շրջանի համեմատ- ամեն ստեղծագործական շրջան յուրովի հետաքրքիր ու արժեքավոր է։
Նարեկացու դեպքում, օրինակ, գործ ունենք բանաստեղծությունների երկու տեսակների հետ էլ- «Մատյանի» Նարեկացին իմաստասեր, «տրակտատային» Նարեկացին է, իսկ «Տաղերի» Նարեկացին՝ Գեղեցիկի քուրմ Նարեկացին․․․
Զավեն Բեկյան
No Comments