Արմինե Սարգսյան ԳրաԴաշտ

«Չորրորդ փողոց»․ վավերագրելով ժամանակն ու գրողի անցած ճանապարհը

04.10.2022

Ընթերցողի սեղանին է Դավիթ Սամվելյանի «Չորրորդ փողոց»  գիրքը։ Այն արդեն առկա է երևանյան գրախանութներում, Գրքի երևանյան փառատոնի օրերին ներկայացվել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության տաղավարում։ «Չորրորդ փողոցը» արձակագրի 8-րդ գիրքն է։

— Դավիթ, ի՞նչ սկզբունքով է  կազմվել ժողովածուն։

— «Չորրորդ փողոցը» ընտրանի է։ Ընդգրկված են 14 պատմվածք ու 4 էսսե՝ «Ռոդենի ձմեռը», «ՀակաՔԱՂԱՔական», «Արտագաղթած կարոտ», «Նա և նրա» գրքերից։ Նախկինում հրատարակված գործերն այս գրքում խմբագրված են ներկայանում, կան նաև նոր գործեր։

Ժողովածուն կազմելու սկզբունքը մեկն է եղել․ ներառել պատմվածքներ և էսսեներ, որոնք ամբողջապես կտան պատկերն այն թեմայի, որ ես շոշափել եմ գրեթե իմ բոլոր գրքերում՝ քաղաքը, քաղաքի մարդիկ, կարելի է ասել՝ քաղաքի ժամանակագրությունը՝ 90-ականներից մինչև մեր օրեր։

— Ինչո՞ւ «Չորրորդ փողոց»։

— Ինչպես միշտ ընտրել եմ ժողովածուում ընդգրկված գործերից մեկի վերնագիրը։ Իսկ «Չորրորդ փողոցը» վերնագրով պատմվածքը դեռևս  2017-ին լույս տեսած «Ռոդենի ձմեռը» պատմվածքների ժողովածուից է։

— Ինչո՞ւ դեղին։

— Ինչու դեղին․․․  Ճիշտ եք նկատել, նախորդ ժողովածուներս փիրուզականաչագույն էին։ Այդ գրքերից ոչ մեկը վաճառքում այլևս չկա, տպաքանակները վերջացել են, և  օբյեկտիվ պատճառներով որոշել եմ չվերահրատարակել։ Պատճառներից մեկը համացանցում անօրինական ձևով դրանց տարածումն է, նաև այն, որ որոշակի փոփոխություններ էի ուզում անել իմ գործերում։ Թեկուզ երեք գրքերը առանձին են, բայց երբ կարդում ես, զգում ես՝ կարմիր գիծ կար, որ անցնում է բոլորի միջով։ Դա առիթ դարձավ, որ մի համահավաք ժողովածու լինի, դիզայներ Արաբո Սարգսյանն էլ, ըստ այդմ, որոշեց  կտրուկ փոփոխություն անել։ Շապիկին կան հուշումներ, որ նախորդ գրքերից են, օրինակ՝ Ռոդենի «Դժոխքի դարպասը» քանդակի կերպարներից մեկը,  որը առկա էր «Ռոդենի ձմեռը» գրքի կազմի վրա, կամ չորս թվի մեջ  պատուհաններ են պատկերված, որոնք խորհրդանշում են «ՀակաՔԱՂԱՔական» գիրքը։

— Ձեռագիրդ փոխվե՞լ է ժամանակի ընթացքում,  դա նկատվու՞մ է գրքում։

 — Ձեռագիրը, անկասկած, փոխվել է, ես դա  զգում եմ տարիների ընթացքում։ Պարզապես չեմ նշել գործերի ժամանակագրությունը։ Պատմվածքների մեջ կան տողեր, որ, օրինակ, գրվել են մինչև 2020 թվականը, բայց հետո համընկնումներ են եղել։  Չգիտեմ, գուցե ներքին զգացողության արդյունքում են ծնվել այդ տողերն ու երկխոսությունները, բայց կուզեի, որ դրանք երբեք իրականություն չդառնային։



— Նոր փուլի ու նոր գրքի սպասե՞նք։

— Իրականում այս գիրքը ոչ թե նոր փուլի սկիզբ է ազդարարում, այլ, կարելի է ասել, հին փուլի ավարտ կամ ամբողջացում, իսկ նոր վեպի վրա արդեն երկար ժամանակ է՝ աշխատում եմ, որը տարբեր պատճառներով  չի հաջողվում ավարտել։ Հուսով եմ՝ կլինի խաղաղություն, ներքին ներդաշնակություն ու կկարողանամ շարունակել աշխատանքս։ Այո, փորձում եմ փակել հին փուլը, որովհետև վերջին գրած պատմվածքս՝ «Վերջին Նեսասալարը», լրիվ ուրիշ թեմա, միջավայր ու հարցեր է բարձրացնում։

— Շնորհանդես նախատեսվո՞ւմ է։

— Ի սկզբանե ցանկություն չկար շնորհանդես անելու՝ հաշվի առնելով երկրի վիճակը, բայց քննարկումների արդյունքում որոշեցինք «հանդիպում- քննարկում» ձևաչափով «շնորհանդես» անել, քանի որ գրքի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, կան մարդիկ, որ ընթերցել են նախկին գրքերը, ուզում են տեսնել՝ ինչ նորություն կա, հարցեր ունեն, որ կուզեին հղել հեղինակին։ Տեղը որոշված է՝ «Ֆրենդզ Հաուս» հակասրճարան (Իսահակյան 14), օրն ու ժամը կհայտարարենք։

— Ի՞նչ կասեք վերջում։

— Շատերը հարցնում են՝ վերահրատարակվելո՞ւ են գրքերս, հատկապես՝ «Արտագաղթած կարոտը»։ Այս գրքում ընդգրկված են «Արտագաղթած կարոտ» պատմվածքը (նոր խմբագրությամբ) և այն փոքր նովելատիպ էսսեները, որոնք սիրվել են։ Վերջնական խմբագրման արդյունքում «Արտագաղթած կարոտը» կարող եք գտնել նոր գրքում, բայց արդեն տարրալուծված սյուժեի մեջ։ Ո՞նց եք հավաքում փազլի մասերը, այդպես շատ էսսեներ թե՛ թեմայի առումով, թե՛ ներաշխարհի, պատկանում էին ինչ-որ պատմվածքի, այնպես որ՝ այդ գիրքը փնտրողները կարող են այս գիրքն ունենալ։ Իրականում ստացվեց, որ ունենում եմ 4 գիրք, կիսով չափ «կրճատեցի». կմնան «Լուսե երազը» (երբևէ չի եղել վաճառքում), «Զգուշացեք, դռները չեն փակվում», «Հայելապատում» և «Չորրորդ փողոց» գրքերը։

Զրուցեց Արմինե Սարգսյանը

No Comments

Leave a Reply