Երեք տարվա պատմություն ունի Գյումրու մտորումների թատրոնը: Ի հեճուկս դժվար ժամանակների, երբ մշակույթը ոմանց համար դարձել է ժամանակավրեպ, խաղից դուրս մնացած երևույթ, Գյումրիում բացվել է նոր թատրոն:
Գյումրվա կոլորիտին բնահատուկ շինության մեջ, 50 նստատեղ ունեցող դահլիճում, հնաոճ կահավորանքով նախասրահում հանդիսատեսը հենց առաջին պահից իրեն զգում է մշակութային միջավայրում, իսկ ներկայացման ընթացքում և դրանից հետո դառնում թատերական իրադարձության անմիջական մասնակիցը:
Ի դեպ, Գյումրու հումորին առնչվելու առաջին ազդակը ստանում ես դեռ թատրոն չմտած՝ տեսնելով կարմիր տառերով պաստառ-հորդորը, որ կանչում է թատրոն:
Թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը պատմում է. «Թատրոնը բացեցինք, ու սկսվեց համավարակը: Մեր բակում՝ բացօթյա էինք խաղում ներկայացումները: Չէինք հասցրել մեկ ներկայացում խաղալ, պատերազմը սկսվեց»:
Թատրոնը բացելիս Հ. Հովհաննիսյանը նաև նպատակ է ունեցել վերածնելու ստվերների թատրոն երևույթը: Բեմադրել է «Գյումրվա գույները» ներկայացումը ստվերների թատրոնի ժանրում՝ գյումրեցի հայտնի զվարճաբաններ Պոլոզ Մուկուչի ու Ծիտրո Ալեքի մասին:
Գյումրիում գտնվելուս օրերին հնարավորություն ունեցա դիտելու երկու ներկայացում՝ Դերենիկ Դեմիրճյանի պատմվածքի հենքով բեմադրված «Ավելորդը» (բեմադրությունը՝ Հովհաննես Հովհաննիսյանի) և Հովհաննես Թումանյանի պոեմի հենքով բեմադրված «Լոռեցի Սաքոն» (բեմադրությունը՝ Սերգեյ Եղիկյանի):
«Երկու գործ էինք սկսել բեմադրել, բայց պատերազն ինձ մղեց դեպի Դեմիրճյանի «Ավելորդը»: Մի պահ ես մոլորակի վրա ավելորդ զգացի ինձ, հայ ժողովրդին: Բավականին մեծ աշխատանք կատարեցինք, մինչև ստացանք այս ներկայացումը: Մի քանի տարբերակ ենք փորձել՝ Դեմիրճյանի տեքստով, ժամանակակից գրական հայերենով: Բայց վերջում մտածեցի, որ այս պատմությունը ճիշտ նույնությամբ տեղի է ունեցել Գյումրիում, 1920 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամսիներին, երբ մերոնք մինչև Ղարաքիլիսա են փախել թուրք բարբարոսներից: Ինչո՞ւ չտեղայնացնել նյութը հենց Գյումրվա կոլորիտում: Ուստի և, «Ավելորդը» դարձավ պատմություն գյումրեցի ընտանիքի մասին: Թեև ստեղծագործական խումբը սկզբում դեմ էր դրան, ես համոզեցի բոլորին, և ունեցանք այս ներկայացումը, որը դիտելու են գալիս Հայաստանի տարբեր մարզերից՝ դասարաններով, մեծ խմբերով»,- պատմում է Հովհաննես Հովհաննիսյանը:
Թատրոնի խաղացանկում նաև ժամանակակից կյանքին վերաբերող ներկայացումներ կան: Գյումրեցի վարպետների մասին է պատմում «Մայլից մայլա» ներկայացումը՝ ըստ Լիլիթ Մկրտչյանի պիեսի: Հովհաննես Հովհաննիսյանի «Անտերերը» պիեսն է խաղացանկում, որի թեման արտագաղթն է՝ մեր այսօրվա մեծագույն դժբախտություններից մեկը: Հանդիսատեսի կողմից սիրված է «Վայրի ձիերը ցորենի արտում» քնարական ներկայացումը՝ ըստ Հայկ Հակոբյանի պիեսի:
Բնական է, որ թատրոնի կյանքում համատարած տոն չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Թատրոն պահելը, տնտեսական-կենցաղային բազմաբնույթ ծախսերը հոգալը հեշտ չէ: Փոքրիկ մասնավոր այս կառույցը, անշուշտ, զերծ չի մնում կնճռոտ խնդիրներից, բայց գեղարվեստական ղեկավարը հավաստիացնում է, որ իրենք կարողանում են գոյատևել ու պիտի շարունակեն աշխատել՝ առանց հանձնվելու. «Չնայած ծանր ժամանակներին՝ գյումրեցին մնում է թատերասեր, արվեստասեր: Մեր դահլիճը եթե ամբողջովին լցված չի էլ լինում, այնուամենայնիվ 30-40 նստատեղ հաստատ զբաղեցվում են»:
Մեր այն հարցին, թե ինչպիսի փոխհարաբերությունների մեջ է մտորումների թատրոնը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հետ, Հ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես աճեմյանցի եմ, այդ թատրոնում եմ ծնվել, մկրտություն ստացել՝ որպես դերասան: Մտորումների թատրոնը երբեք չի մտածում մրցակցել դրամատիկական թատրոնի հետ: Ես պարզապես ցանկացել եմ այլընտրանքային թատրոն ստեղծել, որը նախ և առաջ կարևոր է հանդիստեսի համար: Մենք դուրս ենք եկել դասական թատրոնի սկզբունքներից, այստեղ մինիմալի է հասցված հանդիսատես-դերասան փոխշփան պայմանականությունը: Դերասանները քայլում են հանդիսատեստի կողքով, նրան ներգրավում խաղի մեջ որևէ հարցով կամ ռեպլիկով, իսկ ներկայացումից հետո ուղղակի զրույց-քննարկում է ծավալվում, և հանդիսատեսն իրեն զգում է ոչ թե թատրոնից դուրս, այլ թատրոնի ներսում: Նա ևս մասնակից է թատրոնում կատարվողին»:
Հ. Հովհաննիսյանը պատմում է, որ մտորումների թատրոնի շուրջ է հավաքել այն տարիների շրջանավարտներին, որոնք թափառումների, աշխատանքի որոնումների մեջ էին: «Դրամատիկական թատրոնը միակն է Գյումրիում, բոլորին չի կարող աշխատաքով բավարարել: Ես կանչել եմ այդ երիտասարդներին մտորումների թատրոն, և մենք միասին փորձում ենք արարել, ինչ-որ բան ստեղծել: Բոլորն իմ ուսանողներն են եղել, որ տարիներ շարունակ մասնագիտական աշխատանք չեն ունեցել: Հիմա ես դռները բացել եմ նրանց առաջ: Առհասարակ, բոլոր երիտասարդ ստեղծագործողների առաջ են բաց մեր դռները: Ես բոլորին հնարավորություն եմ տալիս բեմադրություն անել: Եթե լավ են անում գործը, հետաքրքրում է այն հանդիսատեսին, շատ ուրախալի է: Իսկ եթե չեն կարողանում հետաքրքրել, ես ոչնչով չեմ կարող օգնել»: Ասվածի խոսուն վկայությունը «Լոռեցի Սաքոն» ներկայացումն է, որի բեմադրիչ Սերգեյ Եղիկյանը Հովհաննես Հովհաննիսյանի նախկին սանն է:
Դասական երկի սեփական մեկնաբանությամբ երիտասարդ բեմադրիչը կարողացել է թե՛ պահպանել թումանյանական շունչը, թե՛ արդիականացնել դասական նյութի մատուցման էսթետիկան:
Եթե թատրոնը ծնվել ու ապրում է այսքան դժվար ժամանակներում, չենք էլ կասկածում, որ այն հաջողություններ կգրանցի, երբ խաղաղ, բնականոն հունի մեջ ընկնի նրանց և մեր բոլորի կյանքը:
Կարինե Ռաֆայելյան
Լուսանկարները՝ հեղինակի
No Comments