Ցուցահանդես ՀՆՄ-ում
Ս.թ. մայիսի 14-ին` ժամը 19:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում (2-րդ հարկի ցուցասրահ) տեղի կունենա նկարչուհի էլիդա Սարգսյանի անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը:
Ժամանակակից հայ արվեստի նոր բացահայտումներից են Էլիդա Սարգսյանի կտավները: Նկարչուհին ստեղծում է մանրակրկիտ մշակված հորինվածքներ` ուսումնասիրելով տեսանելիի և թաքնվածի միջև սահմանները։ Աշխատանքները խտացված են կենսական էներգիայով և դինամիկ գունային համադրություններով, ինչը բնորոշ է բնության ու էության համապարփակ գեղեցկությունը փոխանցել ձգտող արվեստագետին:
Կտավները դիտողին փոխադրում են իրականության և երևակայության միջև ընկած տարածություն, ցույց տալիս այն ճանապարհը, որով անցնում է մեզնից յուրաքանչյուրը փորձառության, կասկածի և ժամանակի շերտերի միջով:
Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մայիսի 14- 21-ը` 11:00-16:00:
Մուտքն ազատ է:






